
«Գառնի» արգելոցում սրճարան չի կառուցվի
Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ մարտի 1-ին Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ այցելել էր տաճար, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են սրճարան կառուցելու հետ կապված հանրային ընդվզումների հետեւանքով ստեղծված իրավիճակը : Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ ոստիկանությանը հնարավորություն տալ պարզելու կառույցի օրինականության հարցը:
Չնայած դրան, մարտի 2-ին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն ակտիվ գործողությունների դիմեցին եւ տարածքից տեղափոխեցին շինանյութը: Հանրության ընդվզումը Կառավարությանը հարկադրեց քննության առնել սրճարան կառուցելու մշակույթի նախարարության նախաձեռնությունը:
Մարտի 3-ին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ մշակույթի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչների, Գառնիի համայնքապետի եւ այլոց մասնակցությամբ քննարկվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքների հարցը: Քննարկումների արդյունքում որոշվել էր, որ բոլոր գործընթացները կիրականացվեն «Հողային օրենսգրքով» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:
Տաճարի տարածքում սրճարան կառուցելու օրինականության հարցը միեւնույն ժամանակ քննարկվում էր տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ լրատվամիջոցներում եւ իրավաբանները միանշանակ հիմնավորում էին, որ իրավական առումով նախարարությունը պարտված է՝ արգելոցի տարածքում շինարարություն իրականացնելն արգելված է մի շարք օրենքներով: Իրականում սրճարանի շինարարությունը նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն սկսել էր բանավոր համաձայնություններով, եւ երբ հարցը կամայականությունների տիրույթից տեղափոխվեց իրավական հարթություն, մշակույթի նախարարությունն իր սահմանած հինգօրյա ժամկետում հայտարարեց սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել են հենապատը եւ հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել