Զորակում ՀՀԿ վստահված անձինք զբաղված են մարդկանց ընտրատեղամասեր բերելով
Արարատի մարզի Զորակ համայնքում համայնքապետի եւ ավագանու ընտրություններ են: Գյուղում առավոտից դրությունը լարված է: Ընտրատեղամասի հարեւանությամբ՝ փողոցի երկու կողմերում մեծ թվով ավտոմեքենաներ են շարված: Իսկ տեղամասի բակում հավաքվել են հիմնականում «ջիփավորները»: Լարվածության պատճառն այն է, որ թեկնածուները ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից են եւ երկու կուսակցություններն էլ քվեներ հավաքելու խնդիր ունեն:
Համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ անդամ, գործող համայնքապետ Մանուկ Մալոյանը եւ ԲՀԿ-ական Էդուարդ Հարությունյանը: Իսկ ավագանու 7 տեղի համար պայքարում է ավագանու 11 թեկնածու: Նրանցից 8-ը ՀՀԿ-ական է:
Զորակի ընտրատեղամասը գտնվում է համայնքապետարանի հարեւանությամբ՝ մշակույթի տան շենքում: Դրսում հավաքվել են մեծաքանակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ: Ակտիվ են հատկապես համայնքապետի թեկնածու Մանուկ Մալոյանի եւ ՀՀԿ-ական ավագանու թեկնածուների վստահված անձինք: Նրանք ազատ մուտք ու ելք են անում ընտրատեղամաս՝ իրենց հետ բերելով ընտրողների:
Ուշագրավն այն է, որ «բերման ենթարկված» ընտրոողների գերակշիռ մասը օգնության կարիք ունեն եւ նրանց հետ քվեախուց են մտնում այլ մարդիկ:
Ընտրողների հոսքը մեծ է եղել հատկապես առավոտյան ժամերին: Այստեղ ընտրողներից մեկը փորձել է քվեարկել այլ անձնագրով, սակայն հանձնաժողովի անդամը կանխել է, իսկ մի ընտրող քվեարկել է այլ քաղաքացու փոխարեն: Վերջինս եկել է ընտրատեղամաս եւ պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եւ առանց քվեարկելու հետ է գնացել: Այս դեպքերի արձանագրված չեն:
Ցուցակներում կան նաեւ անճշտություններ: 10 ընտրողի գրություն է տրվել՝ ընտրելու իրավունքը վերականգնելու: 10-ից 5-ը հետ է վերադարձել եւ լրացուցիչ ցուցակներով մասնակցել ընտրությանը, իսկ մյուսները չեն վերադարձել:
Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում էր, որ Զորակում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի եւ լարվածության: Ըստ նրա՝ 1361 ընտրողից ժամը 16-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 640-ը:
Նշենք, որ Զորակի ընտրատեղամասում ՀՀԿ-ական թեկնածուների վստահված անձինք չեն փակցնում վկայականները: Ընտրական հանձնաժողովի նախագահ Վարուժան Խուդեդանյանը աչք է փակում ՀՀԿ-ականների գործողությունների վրա: Երբ անծանոթները հետաքրքրվում են վստահված անձանց ով լինելով, մեծ դժկամությամբ են ցույց տալիս վկայականները պատճառաբանելով՝ «մատերս արդեն մազոլ եղավ թուղթը հանել-դնելով»:
Երբ հերթական անգամ երիտասարդ վստահված անձանցից պահանջում են ներկայանալ, իրավիճակը շտկելու համար հանձնաժողովի նախագահը տեղից բղավում է. «արա, արդեն իրիկուն ա, թղթերը կորցրե՞լ եք»: Հետո պատճառաբանում է, որ բոլորին դեմքով ճանաչում է եւ վկայականը չէ, որ նրանց ճանաչել պիտի տա:
Վարուժան Խուդեդանյանը մոտ 5 րոպե ժապավեններ էր փնտրում, որպեսզի վստահված անձինք վկայականները փակցնեն, սակայն ոչ մի ժապավեն չգտավ:
Մեկնաբանել