HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը  

6. Խորհրդակցություն Երեւանում նվիրված Ղարաբաղի հարցին

1919 թ. մարտի 28-ին Երևանում, մինիստր-նախագահ Խատիսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն գեներալ Թոմսոնի մասնակցությամբ` նվիրված Ղարաբաղի հարցին[1]:

Մինիստրը հանգամանորեն բացատրեց գեներալին Հայաստանի կառավարության տեսակետը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, առաջ քաշելով այն բոլոր ծանրակշիռ և անհերքելի հիմքերը, որոնք իրավունք էին տալիս Հայաստանի կառավարությանը հայկական Ղարաբաղը համարելու Հայաստանի անկապտելի սեփականությունը: Այդ առթիվ մինիստր-նախագահը առանձին բացատրագրով գրավոր Թոմսոնին է ներկայացնում Ղարաբաղի վերաբերյալ «Հայաստանի կառավարության դրույթները»[2]:

Խորամանկ անգլիացին իր պատասխանի ժամանակ աշխատում էր իրեն անկեղծ ցույց տալ, բայց իրապես կեղծում էր, ստում: Նա ամեն կերպ աշխատում էր Հայաստանի կառավարությունից թաքցնել Ղարաբաղում գոյություն ունեցող սուր քաղաքական իրադրությունը, որ ստեղծվել էր անգլիացիների խտրական քաղաքականության շնորհիվ:

Թոմսոնը մինչև վերջ ոչինչ չասաց ադրբեջանական զինված ուժերի սանձարձակությունների և այն խոր դժգոհության մասին, որ գոյություն ուներ հայկական Ղարաբաղում անգլիացիների քաղաքականության նկատմամբ: Լպիրշ գեներալը ճգնում էր այնպես ցույց տալ, որ իբրև թե ինքը շահագրգռված է գաղթականության օգնության հարցով, մինչդեռ նա մինչ այդ ոչնչով ցույց չէր տվել, որ, հիրավի, հետաքրքրվում է գաղթականների վիճակով: Անգամ Բաքվում, ուր Թոմսոնը Նուրի-փաշայի հետ գրկախառն անց էր կացնում իր երջանիկ ու անհոգ ժամերը ադրբեջանական կալվածատերերի սարքած օրգիաներում, անգամ այդ քաղաքում կոտորածներից սարսափելի տուժած հայությանը որևէ օգնություն ցույց տալու համար նա մինչև վերջ մատը մատին չխփեց:

Թոմսոնը չքաշվեց բացահայտ կերպով ստել, որ Խոսրով-բեկ Սուլթանովը իբրև թե աշխատանք է կատարում գաղթականության օգնության գծով, ցույց տալու համար Հայաստանի կառավարությանը, որ իրեն կողմից իսկ  իբրև «պանիսլամիստ և Թուրքիայի կողմնակից» ճանաչված Սուլթանովը մի հեզ և խաղաղասեր աղավնի է, որը սկսել է արդեն բարիքներ գործել Ղարաբաղի  հայության համար, նշանակված լինելով իր հավանությամբ գեներալ-նահանգապետ: Մինչդեռ իրապես Սուլթանովը մատնված էր անգործության, որովհետև չէր համարձակվում Շուշու մուսուլմանական մասից մի քայլ անգամ կատարել դեպի հայկական մասը, սպասելով, թե երբ այդ անելու հնարավորություն կտան անգլիացիները:

Գեներալ Թոմսոնը ստում էր նույնպես, հավատացնելով, որ իբրև թե գեներալ Մեհմանդարովը պատասխանատու է կարգված Շուշի-Եվլախ խճուղու ապահովության համար, մինչդեռ խճուղու այդ ուղեմասը, ինչպես օսմանյան թուրքերի ժամանակ, այնպես էլ թոմսոնների օրոք, չէր ապահովված հայերի երթևեկության համար:

Թոմսոնը հավատացնում էր կեղծավորաբար, թե քանի որ Շուշուց դեպի Երևան ճանապարհներ չկան, այդ պատճառով նա չի դիմել հայերին (այսինքն Հայաստանի կառավարությանը), առաջարկելով կառավարել Ղարաբաղը: Թոմսոնը Զանգեզուրը նույնպես կտրված էր համարում Երևանից:

Այդ խոսքերն իրենց` անգլիացիների հակահայ քաղաքականությունը սքողելու ճարպիկ մանյովր էր: Կասկածից դուրս է, որ Հայաստանը միջոց և հնարավորություններ կստեղծեր Ղարաբաղը կառավարելւ համար, եթե միայն անգլիական գիշատիչների Ադրբեջանին հաճոյանալու և ամեն կերպ սիրաշահելու քաղաքականությունն ըստ ամենայնի չնպաստեր անդրկովկասյան այդ փոքրիկ Թյուրքիային` կլանելու հայ ժողովրդի դարավոր սեփականությունը կազմող Արցախը: Անկասկած, Հայաստանի կառավարությունը միշտ էլ Ղարաբաղը կառավարելու ճանապարհ կգտներ, ճիշտ այնպես, ինչպես նա գտավ այդպիսի ճանապարհ Զանգեզուրում վարչություն կազմակերպելու և այդ գավառը Ադրբեջանի նվաճողական ագրեսիայից փալյուն կերպով պաշտպանելու համար:

Ինչպե՞ս է, որ Անգլիան կարողանում է իրեն թշնամաբար տրամադրված և մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող, ճանապարհներից զուրկ և անգլիական մետրոպոլիայից մի քանի անգամ մեծ երկրները բռնությամբ հափշտակել և գաղութների վերածելով «կառավարել», իակ Հայաստանը չէր կարող հայերով հոծ բնակված և միշտ դեպի մայր հայրենիքը ձգտող սեփական երկրամասը, որ հեռու էր Երևանից ոչ ավելի, քան 180-200 կիլոմետր, միջոցներ գտնել կառավարելու:

Անգլիական գեներալի փաստարկման անհեթեթությունն ակներև էր:

«Մուսուլմաններին կառավարելու գործի մեջ քաշելը չի կանխորոշում այդ շրջանների ապագա ճակատագիրը», - ասում էր Թոմսոնը: Եթե հիրավի անկեղծ էին այդ խոսքերը, հապա ինչու նա ոչ մի կերպ չէր համաձայնվում մուսուլմանների փոխարեն իրենց` հայերին «գործի մեջ քաշել»` սեփական երկիրը գեթ ժամանակավորապես կառավարելու համար, մանավանդ, որ Ղարաբաղի հայերը անհամեմատ բարձր էին իրենց կուլտուրական մակարդակով Ադրբեջանի մուսուլմաններից և իրենց երկիրը կառավարելու երկարատև և հաջող փորձ ունեին:

Անգլիական գեներալը աշխատում էր թաքցնել Հայաստանի կառավարությունից նաև ադրբեջանական զորքերի տեղաշարժերի ագրեսիվ նպատակը Ղարաբաղի և Սյունիքի նկատմամբ, հայտարարելով, որ այդ «տեղաշարժերի լուրերը չափազանցրած են», որ ադրբեջանական զինված ուժերը Խանքենդում իբրև թե նպատակ ունեն «խստորեն հետևել Անդրանիկի շարժումներին»:

Երբ Խան-Խոյսկու պահանջով Թոմսոնն արդեն խափանել էր Անդրանիկի մուտքը Ղարաբաղ և Գորիսի անգլիական միսիան ինքն արդեն «հսկում էր» նրա շարժումներին, էլ դրանից հետո Ադրբեջանի ղեկավարներին ի՞նչ վախ կարող էին ունենալ Անդրանիկից, որ կարիք զգային «խստորեն հետևելու» նրա զինված ուժերի շարժումներին: Եթե Անդրանիկը չկատարեր դեկտեմբերի 2-ի (ն. տ.) սխալը և շարունակեր իր հաղթական զորաշարժը դեպի Շուշի, Ադրբեջանը նրա դեմ կռվի ելնելու դեպքում անզոր պիտի լիներ պահելու իր ձեռքում անգամ սեփական գավառները` սկսած Աղդամից դեպի արևելք, հյուսիս և հարավ:

Միայն և միայն անգլիացիների շնորհիվ և նրանց օգնությամբ Ադրբեջանը կարողացավ փրկվել Սյունիքի և Արցախի միացյալ մարտական ուժերի ահեղ գրոհից ...

Այդ խորհրդակցության ժամանակ էր, որ ՏԹմսոնը չքաշվեց հայտնել Նուրի-փաշայի Բաքվում գտնվելու «գաղտնիքը»`  հուսալով,  որ «դրա մասին չի հայտնվի այդ տան պարիսպներից դուրս»: Ալբիոնի այդ նենգ զավակը երևի վախենում էր, որ օսմանյան բարձրաստիճան սպաների ներկայությունը Ադրբեջանում, եթե այն բացահայտվեր, կարող էր խոր դժգոհությունների առիթ ծառայել դաշնակիցների շրջանում անգլիական զինվորականների Անդրկովկասում վարած նողկալի քաղաքականության դեմ...

Կարելի էր սպասել, որ Հայաստանի մինիստր-նախագահն իր ամփոփման խոսքում խստորեն կմերկացներ ու կդատապարտեր անգլիական Բաքվի հրամանատարության և մասնավորապես Թոմսոնի ակնհայտ դիսկրիմինացիոն քաղաքականությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Ղարաբաղում և  կտրուկ կերպով կպահանջեր վերջ տալ Ղարաբաղի հայության վրա գործադրվող բռնություններին և նրա դեմ լարվող անվերջ դավերին: Բայդ արդ չարվեց: Խատիսյանը երևի չուզեց կոռեկտության սահմաններից անցնել և կոպտել «դաշնակից» Անգլիայի ներկայացուցչին: Նա միայն հայտնեց, որ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի կառավարությունը մնում է իր տեսակետին, իսկ Թոմսոնի տեսակետն «ընդունվում է ի գիտություն»:

Հայաստանի կառավարության կազմակերպած այդ հատուկ խորհրդակցությունը Ղարաբաղի վիճակի թեթևացմանը չնպաստեց:

Ապրիլի սկզբին Թոմսոնը նշանակվեց բրիտանական անդրկովկասյան հրամանատարության գլուխ, հակառակ այն բազմաթիվ գրավոր բողոքների, որ հայկական մի շարք կազմակերպություններ ուղղել էին բրիտանական և դաշնակից կառավաություններին ու անգլիական գլխավոր հրամանատարությանը` Թոմսոնի Ադրբեջանում վարած քաղաքականության դեմ:

Իր նոր պաշտոնում Թոմսոնի առաջին գործն այն եղավ, որ կարգադրեց Կարսի ծանր թնդանոթների և ռումբերի մի զգալի մասը տեղափոխել Ադրբեջան, իբրև թե գեներալ Բիչերախովին հանձնելու համար: Գեներալ Սիլիկովի փորձը` այդ թնդանոթներով բարձած գնացքը բռնելու Ալեքպոլում, առաջ բերեց անգլիացիների կատաղի զայրույթը[3]...

Թոմսոնը Բաքվում իր ներկայացուցիչ նշանակեց ոմն գնդապետ Շատելվորտի` իբրև «Բաքվի բրիտանական զորախմբի հրամանատար»[4]: Շատելվորտը ապրիլի 3-ին արձակած իր հրամանում` ուղղված «Շուշու, Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ջիվանշիրիի հայ բնակչությանը», պահանջում էր «առանց այլևայլության» ենթարկվել գեներալ-նահանգապետ Սուլթանովի հրամաններին: Բայց Ղարաբաղի հայ բնակչությունը այս անգամ ևս արհամարհանքով վերաբերվեց անգլիական նոր սալդաֆոնի պահանջին և ոչ մի գնով չուզեց ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի վրա: Իսկ Հայաստանի արտաքին գործերի մինիստրը Շատելվորտի հրամանի առթիվ հայտարարեց, որ «Հայաստանի կառավարության կարծիքը և որոշումը մնում է անփոփոխ, այսինքն` Զանգեզուրի և Ղարաբաղի հայ բնակչությանը չի կարելի ստիպել ենթարկվելու Ադրբեջանին»[5]:

1919 թ. ապրիլի սկզբից Ղարաբաղում խիստ սրված քաղաքական իրադրությունը ստիպեց Ազգային խորհրդին շտապ հրավիրելու համագումար «Իրազեկ դարձնելու Ղարաբաղի հայությանը (անգլիացիների հերտ վարվող) բանակցությունների ընթացքին, նոր ցուցմունքներ ստանալու և ապա անգլիական հրամանատարությանը ծանոթացնելու երկիր տրամադրություններին»[6]:

Որոշվեց համագումար հրավիրել ապրիլի 23-ին (1919 թ.):

Մինչև համագումարը, Շուշում տեղի ունեցավ քաղաքացիների նախաձեռնությամբ համաժողովրդական մեծ ցույց, ուղղված անգլիացիների հակահայ քաղաքականության դեմ: Ապրիլի 19-ին, ցերեկվա ժամը 2-ին, Շուշում փակվեցին բոլոր խանութները, դադարեցին աշխատանքները ամենուրեք և ժողովուրդը հոծ խմբերով հավաքվեց անգլիական միսիայի շենքի առաջ: Քաղաքացիների հետ այդտեղ հավաքվել էին նաև գավառից եկած բազմաթիվ գյուղացիներ:

Ժողովրդի միջից դուրս եկան ճառախոսներ, որոնք խստորեն դատապարտեցին անգլիացիների պրովոկացիոն և խտրական քաղաքականությունը և պահանջեցին անգլիական միսիայից վերջ տալ հայության դեմ ուղղված գործողություններին, հեռացնել Շուշուց Սուլթանովին և Ադրբեջանի մյուս գործակալներին:

Ցույցը, սակայն, վիժեց, շնորհիվ Ազգային խորհրդի ապիկարության, որը չկարողացավ օգտագործել ժողովրդի մեջ ծառացած զայրույթը և կազմակերպված բնույթ տալ ցույցին: Իսկ քաղաքի միլիցիապետ և անգլիական լրտես Միքայելյանի առաջնորդությամբ ցույցի վայրը եկած հնդկացի զինվորների մի ջոկատ պրովոկացիոն հրաձգությամբ ստիպեց անզեն ժողովրդին ցրվել: Այդպիսով այդ բազմամարդ ժողովրդական ցույցը անցավ անհետևանք: 

7. Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը

1919 թ. ապրիլի 23-ին (ն. տ.) Շուշում բացվեց Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը, որին մասնակցում էին 69 պատգամավորներ:

Բաքվի անգլիական զորախմբի հրամանատար Շատելվորտը, հանդես գալով առաջին օրվա ոչ պաշտոնական նիստում, առաջարկեց ընդունել Ադրբեջանի կառավարության մշակած և անգլիական հրամանատարությունից ընդունված և հաստատված ծրագիրը Ղարաբաղի վարչական կազմակերպության մասին: Համագումարին մոլորության մեջ դնելու համար Շատելվորտը չքաշվեց դիմելու խաբեության, հայտարարելով, որ իբրև թե Հայաստանի կառավարությունն արդեն համաձայնություն է հայտնել ճանաչելու Ղարաբաղը իբրև Ադրբեջանի մի մասը: Սակայն նիստին ներկա գտնվող Հայաստանի ներկայացուցիչները` Միքայել Արզումանյանը և Հովսեփ Արղությանը, տեղն ու տեղը հերքեցին այդ սուտը:

Շատելվորտի ներկայացրած ծրագիրը, որ նույնն էր, ինչ որ ներկայացրել էր դրանից առաջ Թոմսոնը Ազգային խորհրդին իբրև «նախագիծ», համագումարը քննեց իր հաջորդ օրվա պաշտոնական նիստում և այդ առթիվ ընդունեց միաձայն հետևյալ բանաձևը.

«Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը, լսելով 1919 թ. ապրիլի 23-ին անգլիական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Շատելվորտի առաջարկություն Ղարաբաղի ժամանակավոր վարչական կազմակերպության մասին և քննելով այդ հարցը ապրիլի 24-ի իր պաշտոնական նիստում` որոշեց.

1. Անպայման կոմնակից լինելով Ղարաբաղում կարգ ու խաղաղություն հաստատելուն և ամեն միջոցով ձգտելով դրան,

2. Անկեղծ կերպով և ամբողջ հոգով ընդառաջ գնալով անգլիական հրամանատարության առաջարկին` հարևան թյուրք ժողովրդի հետ խաղաղ ու բարեկամական հարաբերություններ պահպանելու մասին, մի բան, որ Ղարաբաղի հայությունը մինչև այդ էլ իրագործել է,

3. Նկատի առնելով, որ տերիտորիալ հարցերը, ինչպես և Ղարաբաղի սահմանների վերաբերյալ խնդիրները, համաձայն հենց գնդապետ Շատելվորտի հայտարարության, իրենց վերջնական լուծումը պետք է ստանան Վերսալի կոնֆերանսում, որ այդ հայտարարությունը համապաստախանում է Ղարաբաղի հայության ցանկությանն ու կենսական շահերին, Ղարաբաղի հայության, որ իր պատվիրակներին համագումար է ուղարկել և նրանց գրավոր իմպերատիվ մանդատներ տվել,

նկատի ունենալով այդ ամենը` համագումարն անընդունելի է համարում ամեն մի վարչական ծրագիր, որը որևէ կապ է հաստատում Ադրբեջանի հետ, իսկ այդպիսի ծրագրի բռնի գործադրությունը, համագումարի կարծիքով, լուրջ ազգամիջյան կռիվներ ու արյունահեղություն կառաջացնի, որի համար Ղարաբաղի հայության հինգերորդ համագումարը ոչ մի դեպքում չի կարող պատասխանատու լինել»:

Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու ծրագրի «բռնի գործադրության» փորձը, ինչպես գիտենք, կատարվել և կատարվում էր, առանց, սակայն, լուրջ դիմադրության հանդիպելու Ղարաբաղի հայության կողմից, շնորհիվ ոչ միայն Ազգային խորհրդի երկչոտ ու անվճռական գործելակերպի, այլև գլխավորապես Ղարաբաղի զինված ուժերի այդ ժամանակվա ապիկար ու թուլամորթ ղեկավարների:

Դեռ չենք ասում, որ դավաճաններն էլ իրենց սև գործն էին կատարում սեփական ժողովուրդը թշնամու ձեռքը մատնելու համար:

Երկրի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մատույցներն արդեն Ադրբեջանի ձեռքում էին, և թշնամին գերակշռություն ուներ թե քաղաքում և թե գավառում անցնելու վճռական հարձակման Ղարաբաղը ընկճելու համար, որը և տեղի ունեցավ 5-րդ համագումարից շատ չանցած: Հետևապես համագումարի նպատակը` իր բանաձևի միջոցով երկյուղ ներշնչել հակառակորդին «ծրագրի բռնի գործադրության դեպքում» «լուրջ ազգամիջյան կռիվների» հեռանկարով, Ղարաբաղի Ազգային խորհրդի թղթե բողոքներում բազմիցս արտահայտված դատարկ ու անզոր շաղակրատության մի կրկնություն էր, որ ոչ ոքի վախեցնել չէր կարող և չվախեցրեց:

Ապրիլի 25-ին Սուլթանովը մի գրությամբ առաջարկեց համագումարին միասին քննել մի քանի հարցեր:Համագումարը պատասխանեց մերժումով, նկատի ունենալով, «որ անընդունելի է համագումարի համար Ադրբեջանի կառավարության իշխանությունը, ինչ ձևով էլ նա արտահայտված լինի»[7]...

Համագումարի այդ մերժմանը Սուլթանովը պատասխանեց նրանով, որ 1919 թ. մայիսի 28-ին կազմակերպեց հարձակում 1000-ի չափ թյուրք «կամավորների» (զինված խուժանի) և ասկերների միջոցով Խծաբերդ գյուղի վրա: Մի քանի ժամվա կատաղի մարտից հետո թշնամին թեև պարտություն կրեց, բայց գյուղն էլ զգալի կորուստներ ունեցավ:

Շատելվորտը համագումարի առաջ էր դրել նաև քոչի խնդիրը և պահանջել` առանց որևէ արգելքի բաց թողնել մուսուլման քոչվորներին դեպի հայկական լեռնային արոտավայրերը:

Համագումարը չառարկեց քոչի բարձրացման դեմ: Բայց անցած տարիների դառը փորձը նկատի առնելով, կամեցավ, որ քոչը կատարվի կազմակերպված, որ քոչվորներն իրենց ճանապարհին բարդություններ չառաջացնեն: Իր հատուկ բանաձևում համագումարը ցանկություն հայտնեց, որ քոչվորներն անցնեն յայլաղները «միայն անգլիական հրամանատարության երաշխավորությամբ և բրիտանական զորամասերի հսկողության տակ», որպեսզի քոչվորների և հայերի մեջ ընդհարումներ տեղի չունենան, այլև «այն պայմանով, որ քոչվորներն անպատճառ անզեն անցնեն», որովհետև անցյալի փորձը ցույց է տվել, որ զինված քոչվորները լեռներում հաճախակի հարձակումներ են գործում հայկական գյուղերի վրա, թալանում տները, քշում անասունները և սպանություններ կատարում: Նրանք կտրում են հայկական գյուղերի ճանապարհները և անապահով վիճակ ստեղծում երթևեկության համար:

Քոչը արոտավայրերը բարձրանալիս երկու կողմերին հասած վնասները որոշելու և հատուցելու համար համագումարը առաջարկում էր կազմել ազգամիջյան կոմիտե հայերից և քոչվորներից, որի որոշումները երկու կողմերի կրած վնասների հատուցման վերաբերյալ պետք է գործադրվեին առանց առարկության:

Քոչի մասին համագումարի այդ որոշումից Շատելվոլտը գոհ չմնաց: Նա ցանկանում էր, որ հայերը քոչը բաց թողնեն առանց որևէ նախնական պայմանի, մինչդեռ քոչի ճանապարհների մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչներն իրավացիորեն պահանջում էին, որ հսկողություն սահմանվի և վնասները հատուցվեն, այլապես հրաժարվում էին քոչը բաց թողնել:

8. Անգլիական գազազած «Բուլդոգը»

Համագումարից մի քանի օր հետո Շատելվորտը գրավոր զեկուցում ներկայացրեց Թիֆլիս` Թոմսոնին: Այդ զեկուցումը կարդացվեց մայիսի 3-ին (1919 թ.) Հայաստանի մինիստր-նախագահ Խատիսյանի ներկայությամբ, որ եկել էր Թիֆլիս անգլիական միսիայի հետ բանակցելու Նախիջևանի և Ղարաբաղի վերաբերյալ[8]:

Թոմսոնի նոտ ներկա էին նաև գեներալներ` Բիչ, Բրաֆ, Դեվի, իրենց շտաբերի պետերով:

Շատելվորտի զեկուցումն ամբողջովին ուղղված է Ղարաբաղի հայության և  նրա Ազգային խորհրդի դեմ: Զեկուցման մեջ բերված փաստերը մեծ մասամբ ստահոդ, միտումնավոր ու պրովոկացիոն բնույթի էին և հետապնդում էին մի նպատակ` գրգռել Թոմսոնին ոչ միայն Ղարաբաղի հայության, այլև Հայաստանի հանրապետության դեմ: Շատելվորտը հայտնում էր Թոմսոնին, որ Ղարաբաղի հայկական զինված ուժերի գլուխ են կանգնած Հայաստանից ուղարկված սպաներ, որ` Շահմազյանը զորք կազմակերպում է Ղարաբաղում Հայաստանի կառավարության անունից: Շատելվորտի այդ տեղեկությունները, իհարկե, հերյուրանք էին և չէին համապատասխանում իրականությանը:

Նա ասում էր, որ ազգային խորհուրդը իբրև թե մերժել է քոչը բաց թողնել, որ «քոչվորներին չի կարելի զինաթափ անել, այլապես հայերը նրան կկոտորեն», որ Սուլթանովը հայտնել է իրեն (Շատելվորտին), թե հայերը «ուրախ կլինեն ճանաչել Ադրբեջանի իշխանությունը և ամեն բան խանգարում է Դաշնակցությունը», որ «Սուլթանովի կյանքը վտանգված է (իմա` հայերից)», որ Սոկրատ-բեկ Մելիք- Շահնազարյանն էլ ասել է, թե գործին խանգարում է Ազգային խորհուրդը, որ համագումարի պատգամավորները հայտնել են գրավոր իրենց անհամաձայնությունը` ճանաչելու Ադրբեջանի իշխանությունը և որ նրանք (պատգամավորները) չեն վախենում սպառնալիքներից և այլն:

Թոմսոնը, անգլիական գազազած այդ «բուլդոգը», Շատելվորտի զեկուցումը կարդալուց հետո, հայտնում է. «Զեկուցումից երևում է, որ Հայաստանը իր միջամտությամբ Ղարաբաղի գործերին կարծես պատերազմ է հայտարարում Անգլիային: Սուլթանովն իրեն կոռեկտ է պահում: Բնակչությունը ապրում է խաղաղ և միայն գրգռողը Հայաստանի կառավարության ագենտներն են: Այդ ամենը, - շարունակում է Թոմսոնը, - մեզ ստիպեց դադարեցնել հայկական զորքերի շարժումը փախստականների հետ դեպի Նախիջևան: Այդ շարժումը հնարավոր է միայն հետևյալ պայմանները կատարելու դեպքում:

ա/ Պիտի թռուցիկ բաց թողնվի Հայաստանի կառավարության անունից Ղարաբաղի մասին, որի մեջ պիտի ցույց տրվի, որ ամեն տեսակի ընդդիմություն Ադրբեջանի կառավարությանն անթույլատրելի է և, եթե հայերը շարունակեն ընդդիմանալ, ապա կտուժեն (Նախիջևանի) փախստականները:

բ/ Քոչվորներին պիտի բաց թողնել»:

Թոմսոնը վերջացնում է իր ուլտիմատիվ պահանջները հետևյալ խոսքերով. «Այս պայմանները կատարելուց հետո միայն զորքերը (Հայաստանի) կշարժվեն դեպի Նախիջևան»:

Հայաստանի մինիստր-նախագահը հայտնում է, որ Հայաստանի կառավարությունը Ղարաբաղը համարում է Հայաստանի անբաժան մասը, բայց մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսի վճիռը, անհրաժեշտ է համարում մարզի կառավարություն հանձնել անգլիական գեներալ-նահանգապետի, հայերից և մուսուլմաններից կազմված Ազգային խորհուրդների հետ միասին:

Հայաստանի կառավարությունն ունի պաշտոնական ներկայացուցիչներ` Ղարաբաղում` Արզումանյան և Արղության, իսկ Զանգեզուրում` Խահմազյան:

Մինիստր-նախագահը հայտարարում է, որ անգլիական հրամանատարության ստեղծած պայմաններում Հայաստանի կառավարությունը չի կարող պատասխանատու լինել Ղարաբաղի դեպքերի համար, քանի որ նա այնտեղ չունի վարչական մարմիններ:

«Թույլ չտալ, - ասում է մինիստրը, - Նախիջևանի փախստականներին վերադառնալ Նախիջևան, կապելով հարցը Ղարաբաղի հետ, հավասարազոր է օսմանյան քաղաքականության. մեղավոր ճանաչել անմեղ մարդկանց մի երրորդ կողմի գործողությունների համար, տվյալ դեպքում Հայաստանի կառավարության կարծեցյալ գործողությունների համար, անհեթեթություն է:

Նախիջևանի 18.000 հայ գաղթականներից արդեն մեռել են 8000 ...»:

Մինիստրը կտրականապես մերժում է ստորագրել Ղարաբաղի հայության ուղղված այնպիսի կոչ, ինչպիսին առաջարկում է գեներալ Թոմսոնը: «Մեր արժանապատվությունը թույլ չի տալիս այդ, - ասում է նա: - Այդ պատճառով մենք կենթարկվենք ձեր կարգադրությանը` չշարժվել դեպի Նախիջևան, բայց նման կոչ չենք ստորագրի ...»:

Խատիսյանի խոսքից հետո Թոմսոնը խորհրդակցում է մյուս գեներալների հետ: Այդ խորհրդակցությունից հետո Թոմսոնը հայտնում է Խատիսյանին, որ ինքը, իբրև թե «կշռադատել է ամենը և վճռել, որ Խատիսյանի պատասխանները համապատասխանում են իրականությանը», և իր պահանջը` չշարժել հայկական զորքերը փախստականների հետ դեպի Նախիջևան` «ետ է վերցնում»[9]:

Միանգամայն ակներև էր, որ գազազած կոլեգային խոհեմության և չափավորության էին հաղորդել խորհրդակցության մասնակից գեներալները, այլապես Թոմսոնը այդպես հապճեպ «ետ չէր վերցնի» իր տմարդի որոշումը մահվան ճիրաններում թպրտացող Նախիջևանի հայ փախստականների վերաբերյալ: 

9. Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Շուշում: Երեք հայ գործիչների արտաքսումը Ղարաբաղի սահմաններից 

Ադրբեջանը կամաց-կամաց սեղմում էր օղակը Ղարաբաղի շուրջը: Իր նվաճողական ձեռնարկումների ասպարեզում ամեն օժանդակություն ստանալով Բաքվի անգլիական հրամանատարությունից և Շուշու միսիայից, Ադրբեջանի ղեկավարությունը բանդիտական զինված հորդաներով հեղեղել էր Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջիվանշիրի և Գյուլիստանի սահմանները և ուժեղացրել իր զորամասերը Կարիագինոյում, Ջեբրայիլում և Զաբուղում:

Թոմսոնի պահանջով Հայաստանի կառավարությունը Ղարաբաղից ետ էր կանչել իր ներկայացուցիչներին` Միքայել Արզումանյանին և իշխան Հովսեփ Արղությանին: Հայաստանի կառավարության հսկողությունը և ազդեցությունը Ղարաբաղում բնականաբար ձեռնտու լինել չէր կարող հավասարապես թե Ադրբեջանին և թե թոմսոններին: Չէ՞ որ վերջիններս սովոր էին «ազատ ձեռքերի» քաղաքականության, երբ անհրաժեշտ էր իրագործել անարգել Ալբիոնի հանցավոր մտադրությունները:

Ադրբեջանում վերստին ուժեղ տնտեսական բոյկոտ էր հայտարարված հայերի դեմ: Ոչինչ չէր վաճառվում թե քաղաքում և թե գավառում հայ հարևաններին:

Հայկական Ղարաբաղի հարավ-արևելյան սահմանակից վայրերում հայ գյուղացիները դաշտային աշխատանքի դուրս գալ չէին կարող, որովհետև մուսուլմանական զինված խմբերը շրջում էին սահմանների վրա և ահաբեկում այգիներում ու դաշտերում աշխատող գյուղացիներին:

Խոսրով-բեկ Սուլթանովը ադրբեջանական զինված ուժերի քանակը բավականաչափ մեծացրել էր նաև Շուշում ու Խանքենդում:

Գավառից Շուշի մուտք գործող բոլոր ճանապարհները նա առել էր հսկողության տակ: Քաղաքի մոտակա վայրերում գիշեր-ցերեկ շրջում էին կասկածելի զինված խմբեր, բաղկացած քրդերից, որոնք առաջներում երբեք չեն համարձակվել երևալ հայկական բնակավայրեի մոտակայքում: Իսկ անգլիական Շուշու միսիան հնդիկ զինվորների թիվը հասցրել էր 300-ի` մեծ մասամբ մուսուլմաններ, հավանորեն, դարձյալ հայերի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Մոնկ-Մեզոնը Արզումանյանի և Արղությանի` Ղարաբաղի սահմաններից հեռանալուց հետո փորձեց «հրավիրել» իր մոտ երկու երիտասարդ հայերի` ազգային խորհիդի նախագահ Իշխանյանին և Ղարաբաղի նախկին կառավարության զինվորական գործերի կառավարչին` նպատակ ունենալով նրանցից ստորագրություն առնելու, թե չպիտի խանգարեն Սուլթանովի ձեռնարկումներին և առհասարակ չպիտի զբաղվեն քաղաքականությամբ: Սակայն այդ անել չէր հաջողվել Մոնկ-Մեզոնին: Ներկայացել էր միսիա միայն Իշխանյանը, որը հրաժարվել էր այդպիսի ստորագրություն տալուց:

Լարված իրադրությունը Ղարաբաղում, առանց, սակայն, որևէ աչքի ընկնող բարդությունների, տևեց մինչև 1919թ. հունիսի 3-ը ներառյալ:

***

Հունիսի 4-ին, ցերեկվա ժամը 10-11-ին, Սուլթանովի հրամանով և Մոնկ-Մեզոնի գիտությամբու համաձայնությամբ հանկարծ սկսվեց կատաղի հրացանաձգություն Շուշու թյուրքական քաղաքամասի սահմանի ամբողջ երկարությամբ, ուղղված հայկական քաղաքամասի դեմ: Նպատակ ունենալով ահաբեկել հայ խաղաղ բնակչությանը, թյուրքերը կրակում էին «դում-դում» փամփուշտներից:

Հայկական մասում առաջացավ խուճապ, փակվեցին աղմուկով խանութները, դադարեց ամենուրեք նորմալ կյանքը: Քաղաքի հայության զինված ուժերը անմիջապես բռնեցին հայկական մասի սահմանները և սկսեցին ուժեղ փոխհրաձգությամբ պատասխանել մուսուլմանական մասի կրակին, մի երկու կետում գրոհելով և դուրս մղելով դիրքերից Ադրբեջանի ասկերներին, որոնք խուճապահար փախուստի դիմելով, շրջանցման վտանգ ստեղծեցին մուսուլմանական ճակատի ձախ թևի շրջանում:

Սուլթանովին անմիջապես օգնության հասան անգլիացիները:

Կռվի տաք ժամանակ, երբ սկսել էր ուժեղանալ խուճապը թյուրքական դիրքերում, հնդկական զինվորների շղթաները արագ երթով մոտենալով հայկական պաշտպանական կետերին թիկունքից, ստիպեցին հայ մարտիկներին հեռանալ դիրքերից: Հայերի պաշտպանության ամբողջ գիծը գրավվեց անգլիական զինված ուժերի կողմից: Այդ ժամանակ մուսուլմանական մասից սկսեց սաստկանալ կրակը: Կրակում էին ոչ «սիպահիների» գրաված դիրքերի վրա, այլ հայկական մասի տների վրա բոլոր ուղղություններով: «Դում-դում» գնդակների անախորժ պայթյունները նյարդային ծայրահեղ լարված վիճակ ստեղծեցին հայ բնակչության շրջանում:

Քաղաքի հայկական զինված ուժերը խմբվեցին նախկին զինվորական գործերի կառավարչի շուրջը:

Կարգադրվեց անմիջապես բռնել հայկական քաղաքամասից դեպի գավառ տանող ուղիները, անհրաժեշտության դեպքում քաղաքի հայ բնակչության էվակուացիան ապահովելու նպատակով, որովհետև չկար ոչ մի երաշխիք, որ անգլո-ադրբեջանական «կոալիցիան» քաղաքում հայկական կոտորածներ առաջ չէր բերի, ինչպես այդ տեղու նեցավ հաջորդ օրը գավառում: Մի երկու տասնյակ մարտիկներ ուղարկվեցին քաղաքի մոտակա վայրերում թափառող զինված քրդական հորսակներին հալածելու և ըստ կարելույն իմաց տալու Խաչենի հրամանատարին` բռնելու «Քուրդիաստանի» անցուղինները[10]: Իսկ Ասլանիկի (Մսմնայի հերոսի) միջոցով, որ եկել էր Դիզակից տեղեկություններ տանելու քաղաքի անցուդարձի մասին, նամակ ուղարկվեց Լալայանին, շտապ հավաքելու Դիզակի ու Վարանդայի ընտիր մարտիներից մինչև 2000 մարդ և ամեն կերպ աշխատելու հունիսի 5-ի գիշերը մտնել քաղաք: Գործողության պլանը մանրամասնորեն հայտնվեց Ասլանիկին` Լալայանին բանավոր տեղեկացնելու համար: Հիմնական նպատակն այն էր լինելու, որ անգլիական միսիայի վրա ճնշում պիտի գործադրվեր ընդունել տալու ազգային խորհրդի առաջարկած Ղարաբաղի ավտոնոմիայի ծրագիրը և հարկադրելու Սուլթանովին հեռանալու իր ուժերով Ղարաբաղի սահմաններից: Ընդորում նկատի էր առնված այդ գործողության բոլոր հետևանքները:

Քաղաքում առաջացած սուր ճգնաժամը ստիպեց հայ մտավորականությանը շտապ գումարել ընդհանուր խորհրդակցությունը` ստեղծված դրությունից ելք գտնելու համար:

Կարճ ժամանակամիջոցում ժողովվեց բժիշկ Բահաթրյանի ընդարձակ այգում մի ստվար բազմություն, բաղկացած Շուշու հայկական մասի բոլոր քաղաքական հոսանքներին պատկանող մտավորականներից: Այդտեղ էր նաև Ղարաբաղի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տեր-Գրիգորյանը: Նա տեղեկացրեց խորհրդակցությանը, որ ինքը քիչ առաջ եղել է անգլիական միսիայում, ուր գնացել էր խնդրելու, որպեսզի միջոցներ ձեռք առնվեն վերջ տալու հրացանաձգությանը, այլ մուսուլմանական մասում աշխատող հայ արհեստավորներին տեղափոխելու անգլիական զինվորների միջոցով հայկական մասը[11]: Մոնկ-Մեզոնը ադրբեջանական ագենտ Մասելննիկովի բերանով պատասխանել էր եպիսկոպոսի աղերսանքներին, որ երբեք չի կարող դադարել քաղաքում հրացանաձգությունը և հայերը չեն տեղափոխվի մուսուլմանական մասից այնքան ժամանակ, մինչև չներկայանան անգլիական միսիա հայերի երեք գործիչները` ազգային խորհրդի նախագահ Իշխանյանը, դաշնակցության Ղարաբաղի կոմիտեի նախագահ Ավետիսյանը և զինվորական գործերի նախկին կառավաիչը: Ընդ որում անգլիական միսիայի պետը սպառնացել էր, որ այդ պահանջը չկատարվելու դեպքում, ինքը չի կարող երաշխավորել, որ մուսուլմանական զինված բանդաները չեն ներխուժի հայկական մասը և այնտեղ էքսցեսներ առաջ չեն բերի: Եպիսկոպոսի այն հարցին, թե ինչ է մտադիր անելու անգլիական միսիան այդ երեք գործիչների հետ, Մոնկ-Մեզոնը պատասխանել էր. «Խորհրդակցելու նրանց հետ կարգը երկրում վերականգնելու միջոցների մասին և ապա երեքին էլ ազատ թողնելու...»:

Եպիսկոպոսը, որ չէր կռահել անգլիացիներ դավը, առաջարկեց հավաքված բազմությանը, համոզել պահանջված երեք անձանց ներկայանալ իր ուղեկցությամբ անգլիական միսիա:

Իշխանյանը եւ Ավետիսյանը, որոնք ներկա էին ժողովին, չմերժեցին ներկայանալ, թե- կասկած հայտնեցին անգլիացիների իսկական մտադրության նկատմամբ: Սակայն ժողովին ներկա չէր նախկին կառավարիչը: Երբ նրան կանչեցին, նա մերժեց ներկայանալ ժողովին, ոչինչ լավ բան չսպասելով ահաբեկված մարդկանց հավաքույթից: Բայց ի վերջո ստիպված եղավ տեղի տալ բազմության և մոտիկ անձանց թախանձանքներին:

Եպիսկոպոս Տեր-Գրիգորյանը հայտնեց  նրան անգլիական միսիայի պահանջը: Նախիկի կառավաիչը կտրականապես մերժեց ներկայանալ անգլիական միսիա, հայտնելով, որ անգլիացիները գործում են Սուլթանովի թելադրանքով և իրենց երբեք բաց չեն թողնի, որի հետևանքը կարող է աղետաբեր լինել Ղարաբաղի համար, անգլիացիները դաշնակցած Սուլթանովի հետ դավ են նյութում Ղարաբաղի հայության դեմ: Հավաքվածները, սակայն, սկսեցին աղերսել` «խնայել ժողովրդին, որին սպառնում է կոտորած...»: Նախկին կառավարիչը պատասխանեց, որ այդ կոտորածը կարող է տեղի ունենալ հենց իրենց ձերբակալությունից հետո, որ չպիտի վախենալ էքսցեսներից, որովհետև շուտով շրջաններից քաղաքին օգնության կգան մեծաթիվ զինված ուժեր:

«Անգլիական միսիայի պետը կամենում է միայն երեքիդ հետ խորհրդակցել, - ասում է Տեր-Գրիգորյանը, - ես հավաստիացա, որ նրանք մտադիր չեն ձեզ ձերբակալել կամ վնասել, խնայեցեք ժողովրդին ...»:

«Անգլիացիների հավաստիացումներին երբեք չպիտի հավատալ, - պատասխանում է նախկին կառավարիչը: Այստեղ եպիսկոպոս Վահանը այլևս չկարողանալով իրեն զսպել` հուզմունքից սկսեց արտասվել ու աղերսել ...

«Գնա´նք, ես համաձայն եմ ...»:

Եվ եպիսկոպոսի ու հավաքվածներից մի քանի տասնյակ մարդկանց ուղեկցությամբ երեք երիտասարդները ներկայացան անգլիական միսիա: 

***

Հաջորդ օրը, հունիսի 5-ին, առավոտյան վաղ, հարազատների և հավաքված բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, երեք անգլիական զինվորական «պիկապ» մեքենաների վրա, անգլիացի սպաների և հնդիկ զինվորների ուղեկցությամբ Ղարաբաղից վտարվեցին Իշխանյանը, Թումանյանը և Ավետիսյանը: 

(շարունակելի)


[1] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 1-3:

[2] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 59:

[3] ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, թ. 11:

[4] Անգլիացիները շատ զորքեր չէին բերել Անդրկովկաս: Նրանց զորքերը ընդհանուր քանակը 7-8 գումարտակից ավելի չէր: (Տե´ս նույն տեղում):

[5] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 68:

[6] Նույն տեղում:

[7] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 128:

[8] Դաշնակից պետությունների միսիաները մինչ այդ համաձայնություն էին հայտնել, որ հայկական զորքերի հետ դեպի Նախիջևան շարժվեն Նախիջևանի շրջանի հայ գաղթականները, թվով 18 հազար:

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 77-79:

[10] Դեպի Խաչեն և Ջրաբերդ տանող բոլոր ճանապարհները փակված էին Սուլթանովի բանդաների կողմից:

[11] Սուլթանովի բանդաները հայ արհեստավորներից արդեն սպանել էին 17 մարդու, մինչդեռ հայկական մասում գտնված մուսուլմաններին հայերը հնարավորություն էին տվել ապահովաբար անցնելու մուսուլմանական մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter