HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ 365 օրվանից երեքն ես ապրում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Սարսափելի է, երբ մարդ տարվա մեջ լիաթոք ապրում է ընդամենը 3 օր: Հենց այդքան է այստեղ՝ բանտում, երջանիկ լինելու չափը, հարազատներին տեսնելու հնարավորություն-ակնթարթը: Իսկ մնացած օրերը պայքարի օրեր են, պայքար՝ հանուն ցմահ ազատության: Կար ժամանակ, երբ այդ 3 օրն էլ չկար: Ես, օրինակ, բանտարկությանս առաջին 7 տարիներին հարազատներիս գրկելու հնարավորություն չեմ ունեցել: Հետո, երբ Հայաստանը ԵԽ անդամ-պետություն դարձավ, մեզ թույլատրվեց տարեկան մեկ անգամ 3 օրով հանդիպել ընտանիքի անդամներին:    

Մեզ մոտ ցմահ բանտարկյալին, անկախ նրանից՝ մեկ տարի է բանտում, թե 20 տարի, հատկացվում է անփոփոխ թվով տեսակցություն (տարեկան 1 անգամ երկարատև՝ 3-օրյա և 3 անգամ կարճատև՝ 1-ժամյա) ու Հայաստանում ամենաթանկ րոպեավճարով հեռախոսազանգի (ամսական 2 անգամ խոսելու թույլտվությամբ) հնարավորություն: Հարկաբաժնի տաքսոֆոնից զանգեր կատարելու քարտերը բերում են դատապարտյալների հարազատները:

Եթե հաշվի առնենք, որ ներկայիս 104 ցմահ դատապարտյալների 1/3-ը 1991-ից մինչև 2003-ը զրկված է եղել ընտանիքի անդամներին երկարատև տեսակցելու, հեռախոսազանգից օգտվելու հնարավորությունից, ապա պատկերն առավել գորշ կդառնա: Մինչ օրս էլ չեմ հասկանում. եթե պետությունը դատապարտյալին մեկուսացնում է հասարակությունից, ապա ինչո՞ւ է մեկուսացնում նաև ընտանիքից: Նման հազվադեպ հանդիպումներով ընտանեկան կապերը թուլանում են, ծնողները մեծանում են, դատապարտյալները շատ հաճախ մնում են մենակ:

Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգերը հին ու քարացած են. տպավորություն է, թե դրանք կես դար չեն վերանայվել: Իսկ կյանքն առաջ է շարժվում, տեխնոլոգիաներ են զարգանում: Օրինակ՝ երկու տարի առաջ ԱԺ պատգամավորներից մի քանիսը եկան այստեղ՝ բանտ, հետո սկսեցին շրջանառել կարևոր մի գաղափար, որ իրենց էին հուշել հենց ցմահ դատապարտյալները. ինտերնետով հնարավորություն ստեղծել, որպեսզի այն ցմահ դատապարտյալները, ում հարազատները Հայաստանում չեն, գոնե ինտերնետ կապի միջոցով տեսնեն իրար ու խոսեն: Խնդիր չէ, կարծում եմ, բանտապահների աշխատասենյակներում ինտերնետ կապով մեկ-երկու համակարգիչ ապահովելը: Հարցեր կան, որ, իրոք, ֆինանսական լուրջ խնդիրների հետ կապված չեն: Միայն թե կամք լինի…

Առաջարկում եմ քրեակատարողական օրենսգրքում վերանայել ցմահ դատապարտյալներին տրվող տեսակցությունները, հեռախոսազանգերը, յուրաքանչյուր 5 տարին մեկ ավելացնել դրանց թիվը 10 տարի պատիժը կրելուց  հետո: Այսօր անգամ օրենսդրորեն ամրագրված դրույթ կա, ըստ որի` խրախուսելով դատապարտյալին՝ կարելի է հավելյալ տեսակցություն տալ, կարելի է անգամ պահման ռեժիմ փոխել: Բայց այս նորմերը չեն կիրառվում փակ ռեժիմում:

Բուհում սովորելու ընթացքում, քննական առարկաներին ծանոթանալով, սովորում եմ օրենսդրություն: Տեսնում եմ, որ մեր օրենքներում այնքան մարդասիրություն կա, սակայն այդ դրույթները, չգիտես ինչու, անտեսվում են: Օրենքներն ու դրանց կիրառումը այնքան հեռու են իրարից: Օրինակ՝ Սահմանադրության հոդված 17-ում, նաև Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածում գրված է մարդասիրական սկզբունքների մասին. «Ոչ ոք չպետք է ենթարկվի անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժի»: ՔՕ հոդված 10-ի 1-ին մասում, նաև 48-րդ հոդվածում գրված է. «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը պետք է անհրաժեշտ և բավարար լինի նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»: Եվ, վերջապես, ՔՕ 61-րդ հոդվածի 3-րդ կետում ասված է. «Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

Չկա արդարություն մեր երկրում. սա բոլորին է պարզ, իսկ մարդասիրությո՞ւնը… չէ՞ որ Սահմանադրության 20-րդ հոդվածում գրված է. «Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու իրավունք»: 

Խցում նստած` ուսումնասիրում եմ նաև առաջադեմ երկրների օրենսդրական փորձը պատժի առավելագույն չափի նշանակման ու կրման վերաբերյալ: Ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում գործում է պայմանական վաղակետ ազատումն ու պահման ռեժիմների փոփոխությունը՝ դրանով մոտիվացիա ստեղծելով ցմահ դատապարտված մարդու համար: Բացի այդ, տրվում է աշխատանքի, վերականգնման հնարավորություն, ապահովվում է կապ արտաքին աշխարհի ու ընտանիքի հետ:

Մեզ մոտ վերը նշված կետերի մեծ մասը չի գործում, փոխարենը՝ 20 տարուց ավելի այստեղ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում պատիժ են կրում մարդիկ՝ առանց վերականգնման, առանց գործերի վերանայման, առանց աշխատանքի, առանց մոտիվացիայի, առանց հույսի… 

Մեկնաբանություններ (2)

Angela
Mher jan, uxxaki hiacac em qeznov. Iskakan hancagorcner@ drsum en, bant@ qo tex@ che. Yerani karoxanai ognel.
Noonik
Քրիստոնէութիւնը որպէս պետաքան կրօն որդեգրած ազգը չափազանց մեծահոգի եւ ներելու մեծ սէր ու հետաքրքրութիւն ցուցաբերի ՝ յատկաբէս այն անձնաւորութիւնների նկատմամբ,որոնք յայտնւում են դժուար պայմաններում եւ կացութեան մէջ.վերջիվերջոյ յիշենք,որ յիսուսը մոլորեալ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ էր փնտրում,որպէսզի նրանց սովորեցնի ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀ-ը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter