HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քույր ու եղբայր վիճում են տան համար. գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է

Վճռաբեկ դատարանը փետրվարի 28-ին վարույթ է ընդունել եղբոր եւ քրոջ միջեւ ժառանգական գույք վերաբերյալ բողոքը: Ռիտա եւ Շավիղ Մնացականյանները չեն կարողանում որոշել, թե իրականում ում է պատկանում հայրական տունը: Գործի մեջ ներքաշվել են նաեւ Շ. Մնացականյանի զավակները՝ Գեւորգ եւ Լուսինե Մնացականյանները: Գեւորգը դիմել է դատարան մի դեպքում հորաքրոջը տնից վտարելու, մյուս դեպքում՝ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու եւ ըստ օրենքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով, որտեղ պատասխանող կողմը հայրն է:

Ռիտա Մնացականյանը 2013թ. ապրիլի 23-ին դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացրած ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը եւ դրա հիման վրա սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն իր կողմից ընդունած համարելու պահանջով: Հենց այս հայցի հիմքով Գեւորգ Մնացականյանի՝ տնից վտարելու հայցի քննությունը կասեցվել է, իսկ ժառանգություն ընդունելու հայցադիմումի քննությունը դատարանի որոշմամբ միացվել է Ռիտա Մնացականյանի գործին եւ քննվում է մեկ վարույթով:

Ռ. Մնացականյանը «Հետքին» պատմեց, որ եղբայրը 1972թ. հեռացել է Արագյուղի իրենց հայրական տնից, մշտապես իր ընտանիքով բնակվել է Երեւանում, վարել է առանձին տնտեսություն եւ մինչ օրս աշխատում է Երեւանում: Իսկ ինքը մշտապես բնակվել է ծնողների հետ իր հայրական տանը`Արագյուղ համայնքում:  Նրանց հայրը՝ Օնիկ Մնացականյանը 1997թ. ապրիլին մահացել է, իսկ մայրն ավելի վաղ էր մահացել: Ռիտա Մնացականյանի ասելով՝ հոր մահից հետո առ այսօր ինքն իր տղայի հետ անընդմեջ բնակվել է նշված տանը, որը պատկանել է հանգուցյալ հորը: Տղան 2003-2012թթ. հաճախել է Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց, որի մասին դպրոցի տնօրենը տեղեկանք է տվել: Ռ. Մնացականյանն ասում է, որ հոր մահից հետո ինքը փաստացի տիրապետում է նրա թողած ամբողջ անշարժ գույքին, մինչ օրս բնակվում է նույն տանը, մշակում է հողամասը, իր հաշվին կատարել է գույքի պահպանման ծախսերը, վճարել գույքահարկը եւ բոլոր կոմունալ ծախսերը: Նշված վճարումները նա կատարել է հանգուցյալ հոր անվամբ, քանի որ ժառանգությունը իր անվամբ պետական գրանցում չի ստացել: Ըստ նրա՝ ինքն է եղբորը լավություն արել եւ թույլատրել, որ հողամասի մյուս ծայրում վերջինս տուն կառուցի, ինչից հետո էլ եղբայրը տիրացել է ամբողջ գույքին:

Ռ. Մնացականյանն ասում է, որ 2013թ. ապրիլի 12-ին Գեւորգ Մնացականյանի դիմումի կապակցությամբ իր տուն է այցելել ոստիկանության Նաիրիի բաժնի տեղամասային տեսուչ Ա. Մարտիրոսյանը` իրենից պահանջելով ազատել բնակելի տարածքը, քանի որ այդտեղ բնակվելու իրավունք չունի. տունը պատկանում է Գեւորգ Մնացականյանին: Ռ. Մնացականյանը ոստիկանության աշխատակցին ներկայացրել է համայնքապետի տրամադրած տեղեկանք, որ նա բնակվում է այդ տանը եւ հոր մահից հետո ինքն է փաստացի տիրապետում նշված գույքին: Ոստիկանության աշխատակիցը կազմել է համապատասխան արձանագրություն եւ հեռացել: Այն, որ այդ տանը մշտապես ապրում է Ռ. Մնացականյանը, իրենց բացատրագրերով հաստատում են նաեւ հարեւանները եւ վիճող ազգականների քույրերը:

Ռիտա Մնացականյանը նշում է, որ իր համար ոստիկանի այցն ու տունը եղբորորդուն սեփականության իրավունքով պատկանելը մեծ անակնկալ է եղել: Սկսել է հետաքրքրվել տան ճակատագրով եւ փաստաբանի հարցման միջոցով պարզել է, որ եղբայրը՝ Շավիղ Մնացականյանը, իրենից գաղտնի, հոր մահից շուրջ 6 տարի անց, ինչ-ինչ ճանապարհներով, առանց ձեռքի տակ ունենալու հոր անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը (Ռ. Մնացականյանի ասելով՝ այն մշտապես գտնվել է իր մոտ), հոր անվամբ կատարել է սեփականության պետական գրանցում, այնուհետեւ 2006թ., Աշտարակի նոտարական տարածքի նոտարի վավերացմամբ ձեռք է բերել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր եւ դրա հիման վրա ժառանգական գույքը որպես սեփականություն կադաստրում գրանցել է իր անվամբ: Ռ. Մնացականյանի համար խիստ կասկածելի է, թե գործարքն ինչու է արվել Աշտարակի նոտարական գրասենյակում, երբ իրենց տարածքը Նաիրին է:

Ռ. Մնացականյանը պարզել է, որ  Շավիղ Մնացականյանը 2010թ. վիճելի անշարժ գույքի մի մասը վաճառել է դստերը՝ Լուսինե Մնացականյանին, մի մասն էլ նվիրել է իր որդուն՝ Գեւորգ Մնացականյանին: Ըստ նրա՝ հենց այստեղ է թաքնված կասկածելի գործարքի մյուս կողմը: Լուսինե Մնացականյանի ամուսինը «Վի-Էլ-Վի էլեկտրոնիքս» կենցաղային էլեկտրոնիկայի խանութի սեփականատերն է: Ռ. Մնացականյանն ասում է, որ հենց վերջինս է իր լծակներն օգտագործում, որպեսզի իր հարազատ եղբայրը տունը իր ձեռքից խլի:

Ռիտա Մնացականյանը նշում է, որ եղբայրը անօրինական կերպով է ժառանգորդ ճանաչվել եւ ամբողջ ժառանգական զանգվածը գրանցել իր անվամբ որպես սեփականություն, այնուհետեւ մի մասը վաճառել, մի մասն էլ նվիրել է զավակներին:

Տիկնոջ ասելով, հոր ժառանգներից ոչ մեկը (հինգ երեխա են-հեղ.), այդ թվում Շ. Մնացականյանը, օրենքով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին դիմում չեն ներկայացրել, ինչը օրենքի պահանջ է: «Դա պատահականություն չէ, քանի որ նրանք քաջ տեղյակ են եղել, որ ես եմ բնակվում հայրական տանը, փաստացի տիրապետում եւ կառավարում գույքը, նրանք ժառանգական գույքից փայաբաժին պահանջելու որեւէ հավակնություն չեն ունեցել»,-ասում է Ռ. Մնացականյանը:

Նրա խոսքերով՝ դատական կարգով նույնպես չէր կարող ժառանգության ընդունման ժամկետի բաց թողումը հարգելի ճանաչվել, քանի որ Շավիղ Մնացականյանը քաջ տեղյակ է եղել հոր մահվան մասին, մասնակցել է նրա հուղարկավորմանը եւ մնացած արարողություններին, հետեւաբար նա իմացել է թե ժառանգական գույքի, թե ժառանգության բացման մասին:

Շավիղ Մնացականյանն առարկություն է ներկայացրել քրոջ հայցի դեմ: Ըստ նրա՝ ինքը 1972թ. հետո ապրել է հայրական տանը, ավելին, ամուսնանալուց հետո շարունակել է ապրել այդ տանը արդեն կնոջ ու երեխաների հետ: Իրենք տեղափոխվել են Երեւան 1986թ., սակայն մշտապես կապ են պահպանել գյուղի, մասնավորապես, Օնիկ Մնացականյանի հետ: Ըստ Շ. Մնացականյանի իր ընտանիքի հետ պարբերաբար այցելել է հորը եւ գիշերել հայրական տանը, իսկ երեխաները ամառային արձակուրդներն անցկացրել են գյուղում: Նա վստահեցնում է, որ հոր մահից տեւական ժամանակ քույրը հայրական տանը չի բնակվել՝ ամուսնացած է եղել: Նա միայն 2003թ-ից է դարձյալ բնակվել հայրական տանը: Շ. Մնացականյանն ասում է, որ հոր մահից հետո մնացած ժառանգական գույքը փաստացի տիրապետման եւ կառավարման եղանակով ընդունել է միայն ինքը, առկա են նաեւ կտրոններ, որ ինքն է երբեմն հարկերի վճարումները կատարել, իսկ մյուս ժառանգները տեղյակ են եղել այդ մասին, բայց օրենքով սահմանված ժամկետի ընթացքում որեւէ գործողություն չեն կատարել ժառանգական գույքն ընդունելու ուղղությամբ:

Ռիտա Մնացականյանը հակադարձում է, որ գյուղից բացակայել է ընդամենը երեք տարի, իսկ հոր մահից հետո մինչ օրս մշտապես բնակվել է վիճարկվող տանը: Ըստ նրա, եղբորորդին սկզբում հայցադիմում է ներկայացրել դատարան իրեն եւ տղային վտարելու պահանջով, սակայն հոր անմիջական ուղղորդմամբ, գործի իրական հանգամանքները խճճելու եւ ձգձգելու նպատակով, մեկ ամիս անց, այս անգամ հոր դեմ է հայց ներկայացրել` դատարանից խնդրելով ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել իրեն եւ հարգելի համարել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները:

Գեւորգ Մնացականյանը հայցադիմումում նշել է, որ պապը մինչեւ մահանալը  ապրել է նաեւ Երեւանի իրենց տանը, քանի որ վատառողջ է եղել եւ խնամքի կարիք է ունեցել: Ըստ Գեւորգի՝ իրենք պապի մահանալուց հետո են պարզել, որ վերջինս իրենց տանն առանձին արկղ է ունեցել, որի մեջ պահել է փաստաթղթերի մի մասը: 

Նա դատարանին տեղեկացրել է, որ 2013թ. ապրիլ-մայիս ամիսներին իրենց տանը կատարվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, փոխվել է տան հին կահույքը այդ ընթացքում էլ ի հայտ է եկել պապի կտակը: «Վերանորոգման ընթացքում իմ կողմից պապիս ննջասենյակի հին կահույքի մեջ պատահաբար հայտնաբերվել է մի թղթապանակ, որի մեջ ես հայտնաբերել եմ կտակ՝ Օնիկ Սարիբեկի Մնացականյանի կողմից, որով վերջինս կարգադրել է իր ողջ գույքը կտակել իր թոռ Գեւորգ Շավիղի Մնացականյանին»,-գրված է Գ. Մնացականյանի հայցադիմումում: Նշված կտակը կատարվել եւ հաստատվել է 1994թ. օգոստոսի 8-ին՝ Արագյուղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

Ռիտա Մնացականյանն ասում է, որ նախ, եղբորորդին տունը վերանորոգել է 2012թ. եւ հենց այդ ժամանակ է տան հին կահույքը բերել գյուղ, ուստի կտակի մասին պետք է իմանար հենց այդ պահից: Բացի այդ, այդ կտակի մասին բոլորն էլ իմացել են ավելի վաղ, այդ թվում իր քույրերը, եղբայրն ու եղբորորդին, քանի որ այն կազմվել է ձեւական՝ հոր քաղաքացիական կնոջը հասկացնելու նպատակով, որպեսզի գույքային հավակնություններ չունենա: Եթե նույնիսկ Գեւորգը կտակի մասին իմացել է 2012թ-ին, ապա դարձյան բաց է թողել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը: Ըստ Ռ. Մնացականյանի՝ եղբորորդու կողմից ներկայացված կտակը չի  կարող ճանաչվել օրինական, քանի որ այն չի համապատասխանում օրենքի պահանջներին:

Նրա խոսքերով՝ Նաիրիի նախկին շրջանում 1985թ-ից գոյություն է ունեցել նոտարական գրասենյակ եւ հենց նոտարը պետք է վավերացներ կտակը, քանի որ հայրը անկողնային չի եղել եւ կարող էր ինքնուրույն հասնել նոտարական գրասենյակ: Կտակում գրված է, որ այն կազմված է 3 օրինակից, որոնցից առաջինը պահվում է  Արագյուղի գյուղխորհրդի գործկոմում, երկրորդը տրվում է Նաիրիի շրջանի նոտարական գրասենյակին, իսկ երրորդը՝ կտակարար Օնիկ Մնացականյանին: Ռիտա Մնացականյանը դիմում է ներկայացրել Նաիրիի նոտարական տարածքի նոտար Հ. Հովհաննիսյանին, վերջինս 2013թ. հուլիսի 1-ին գրավոր պատասխանել է, որ  Օնիկ Մնացականյանը  իրենց նոտարական գրասենյակում մինչեւ մահը կտակ չի կազմել, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Արագյուղի  գյուղապետարանի գյուղապետարանի կողմից վավերացված եւ Նաիրիի նոտարական գրասենյակ ուղարկված եւ հաշվառված կտակ չկա:

Արագյուղի համայնքապետ Արայիկ Իսպիրյանը նույն թվականի հուլիսի 3-ին գրությամբ տեղեկացրել է, որ Օնիկ Մնացականյանի կողմից 1994թ. օգոստոսի 8-ի կտակի մասին որեւէ տեղեկություն չեն կարող հաղորդել, քանի որ չունեն տվյալներ ու կտակի մասին արխիվային փաստաթղթեր: Ռիտա Մնացականյանն ասում է, որ հիշյալ տեղեկանքները եւս ապացուցում են, որ կտակն իրականում վավերացված չի եղել  օրենքի պահանջներին համապատասխան, որի համար էլ այն պատշաճ ձեւակերպում չի ստացել ու չի պահպանվել ոչ գյուղխորհրդի գործկոմում, ոչ էլ նոտարական գրասենյակում, թեեւ կտակում նշված է սեղանամատյանի համարը՝ «նո. 2»:

Ռիտա Մնացականյանը փաստում է, որ եթե կտակը օրինական է եղել, ապա Արագյուղի նախկին համայնքապետ Ս. Բաբայանը, ով Շ. Մնացականյանին 2006թ. տեղեկանք է տվել նոտարական գրասենյակ ներկայացնելու եւ ժառանգություն ստանալու համար, պետք է կտակի մասին տեղյակ պահեր եղբորը, քանի որ կտակի կազմման ժամանակ՝ 1994թ-ին, հենց նա է եղել գյուղապետը: Ավելին, Ռիտա եւ Շավիղ Մնացականյանները, որպես վկա հարցաքննված նրանց քույրեր Ռուզաննա Մանուկյանը, Ալվարդ Հակոբյանը, կտակի կազմման ժամանակ գյուղխորհրդի գործադիր կոմիտեի քարտուղար Հրանտ Ավետիսյանը, գյուղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Սամվել Բաբայանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնել են, որ տեղյակ են եղել կտակի մասին: Այս դեպքում անհասկանալի են Շավիղ Մնացականյանի գործողությունները, իմանալով կտակի գոյության մասին ինչու է ընդունել ըստ օրենքի ժառանգություն ու այդ գույքը նվիրել, ըստ կտակի ժառանգին: Այս հանգամանքի վրա դատարանը աչք է փակել:

«Եթե օրինական լիներ այդ կտակը, Շավիղ Մնացականյանը ավելորդ ծախսեր չէր անի՝ իր անունով ժառանգություն ստանալու եւ հետագայում այն որդուն նվիրելու համար, այլ ամբողջ գույքը մինգամից կընդուներ Գեւորգ Մնացականյանը»,-ասում է Ռիտա Մնացականյանը եւ ցավում, որ իր ներդրումը հայրական տանը վրա եւ իր նվիրվածությունը հարազատներին այսօր այս ձեւով է հատուցվում, որում «ներդրում» ունեն նաեւ դատական ատյանները:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Հեբոյանի նախագահությամբ, մերժել է Ռիտա Մնացականյանի հայցը եւ բավարարել վերջինիս եղբորորդու հայցը: Դատարանը հարգելի է համարել Գևորգ Մնացականյանի կողմից ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները եւ նրան ճանաչել է Օնիկ Մնացականյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Անվավեր է ճանաչվել Շավիղ Մնացականյանին Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 10.08.2010թ.-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը եւ որպես հետեւանք Լուսինե Մնացականյանի անվամբ Արագյուղի X հասցեի հողամասի վերաբերյալ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 17.08.2012-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը եւ որպես հետեւանք Գեւորգ Մնացականյանի անվամբ Արագյուղի X հասցեի հողամասի վերաբերյալ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Ուշագրավն այն է, որ դատաքննության ընթացքում Արագյուղի համայնքապետ Արայիկ Իսպիրյանը դատարան է ներկայացրել գրություն, որով հրաժարվել է իր իսկ տված տեղեկանքներից՝ Օնիկ Մնացականյանի մահից հետո վիճելի գույքը Ռիտա եւ Շավիղ Մնացականյանների կողմից տիրապետելու եւ օգտագործելու վերաբերյալ: Համայնքապետը պատճառաբանել է, որ դրանք տրվել են իրեն դիմած անձանց խոսքերից, ինքն անձամբ դրանցում պարունակվող տեղեկատվությունը հաստատել կամ հերքել չի կարող, ուստի խնդրել է դրանք հիմք չնդունել: Դատարանը համայնքապետի տված տեղեկանքները ապացույց չի ճանաչել: Ստացվել է այնպես, որ Ռիտա Մնացականյանի օգտին տրված գրեթե բոլոր ապացույցները, որ նա է հոր մահից հետո վիճելի գույքը տիրապետել եւ կառավարել, չեն ընդունվել: Դատարանը ապացույց չի դիտել նաեւ վկաների ցուցմունքները, որոնց մի մասը հօգուտ Ռ. Մնացականյանի օգտին է վկայություն տվել: Սա էլ պատճառաբանվել է վկաների ցուցմունքներում հակասություն լինելով:

Դատարանը օրինական է համարել կտակը, իսկ ինչ վերաբերվում է կտակի մեկ օրինակը գյուղխորհրդում չպահվելուն, իսկ մյուս օրինակը նոտարին չուղարկելուն, ապա այն, ըստ դատարանի՝ չի ազդում կտակի օրինական եւ վավեր լինելու հանգամանքի վրա: Բացի այդ, դատարանը հաստատված է համարել Գեւորգ Մնացականյանի կողմից կտակի մասին դատարան դիմելուց առաջ վեցամսյա ժամկետում իմանալու հանգամանքը, քանի որ նա չի եղել առաջին հերթի ժառանգ, ուստի չէր կարող իր համար ժառանգական գուքի գոյությունը կապել պապի մահվան հետ: Եղել են առաջին հերթի ժառանգներ, իսկ ինքը պապի մահվան պահին եղել է անչափահաս:

Ռիտա Մնացականյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, սակայն վերջինս առաջին ատյանի վճիռը  թողել է անփոփոխ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter