HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

3 մլն 264 հազար դրամի պահանջ` Իջեւանի հեռուստաընկերությունից եւ լրագրողից

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ ընկերության եւ Կոթի գյուղում հաշվառված, սակայն փաստացի Իջեւան քաղաքում բնակվող, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ:

Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը` հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲ ընկերության` Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել 3 մլն դրամ` որպես փոխհատուցում, եւս 264 հազար դրամ (որպես դատական ծախս), որից 200 հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ 64 հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն իր շահերի պաշտպանության համար «ԷՆ ընդ ԿԷյ քնսալթինգ» ընկերության հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, ըստ որի` որպես «Իջեւանի ՃՇՇ» ընկերության լիազորված անձ հանդես է գալիս փաստաբան Նաիրա Խաչատրյանը:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններ:

Դրանք են` «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված, մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն», «քանդել եւ սալահատակը ծածուկ վաճառել է», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են»,  «մասնագիտական որակի եւ անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ» եւ այլ որակումներ: Ցուցադրված տեսանյութերի ավարտին նշվել է` «Նաիրա Խաչիկյան, Արմեն Ասատրյան, Իջեւանի հեռուստաընկերությունից «Լրաբերի» համար: Դատական այս հայցի նախապատմությունը հետեւյալն է:

Ընթացիկ տարվա գարնանը պետական բյուջեից 117 մլն 954 հազար դրամ էր հատկացվել Իջեւան քաղաքի 3` Իջեւանյան, Երիտասարդական եւ  Մետաղագործների փողոցների հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքների մրցույթում շահել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ընկերությունը 250 աշխատող ունի, այս ոլորտում Տավուշի մարզի ամենամեծ ձեռնարկությունն է:

Այն ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում ոչ միայն Տավուշի, այլեւ` հարեւան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Ապրիլի 18-ին Տավուշի մարզպետարանը եւ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն հիշյալ 3 փողոցների հիմնանորոգման պայմանագիր են կնքել: Ճանապարհաշինական ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանի վկայությամբ` ապրիլի 20-ից մայիսի 5-ը իրենք փողոցների նորոգման աշխատանքներ են կատարել:

Մայիսի 5-ին Բորիս Սարգսյանի անունով ստացվել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նամակը, որով քաղաքապետը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ դրա համար ինքը շինթույլտվություն չի տվել: Հարցի կապակցությամբ 3 անգամ քննարկում է եղել Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության  եւ քաղաքապետարանի մասնակցությամբ:

Սակայն խնդիրը լուծում չի ստացել: Մնացել էին շինաշխատանքների մեկնարկից հետո քարուքանդ եղած փողոցները: Ամիսուկես շարունակ Իջեւանի բնակիչները եւ մարզկենտրոն այցելողները ստիպված էին քայլել սույն փողոցների քարուքանդ  հատվածներով: Իջեւանի կենցաղի տան մոտակա տարածքում ցաքուցրիվ թափված էին մայթեզրի սալերը: Գոյացած մեծ ջրափոսերի պատճառով դժվարացել էր  մեքենաների եւ մարդկանց երթեւեկը:

Իրավաբանական առումով, փաստաթղթերով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի կնոջը` Արմինե Դովլաթբեկյանին պատկանող տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրողուհու պատրաստած եւ հունիսի 21-ին Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակված ռեպորտաժում մեղադրանք էր ներկայացվել, որ «Իջեւան ՃՇՇ»-ն յուրացրել է Իջեւան քաղաքի  փողոցների նորոգման ընթացքում հանված սալիկները եւ հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված գումարները:

Սակայն այդ ժամանակ կատարված աշխատանքների համար «Իջեւանի ՃՇՇ»-ն ոչ կանխավճարի, ոչ էլ կատարված աշխատանքների դիմաց պետբյուջեից գումարներ չէր ստացել: Իսկ փողոցների նորոգման աշխատանքների պատճառով հանված սալիկներն ի պահ են հանձնվել «Իջեւանի ՃՇՇ» ընկերության պահեստ:

Հունիսի 26-ին  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը տվել է վիճահարույց 3 փողոցներից 2-ի` Մետաղագործների եւ Երիտասարդական փողոցների հիմնանորոգման շինթույլտվությունը:

Լավ է, որ տարածքային կառավարման նախարարի միջամտությունից հետո խնդիրը լուծվել է: Սակայն ինչո՞ւ Արմեն Գեւորգյանը ավելի շուտ չէր միջամտում, չէ՞ որ 45 օր հարցը չէր լուծվում: Մեր տեղեկություններով` վերոհիշյալ 3 փողոցներից մեկի` Իջեւանյանի հիմնանորոգումը Իջեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել Իջեւանի «Քարարտ» ընկերության միջոցով:

Ի դեպ, «Իջեւանի ՃՇՇ»-ն այժմ ավարտել է Երիտասարդական փողոցի նորոգման աշխատանքները, ընկերության կողմից Մետաղագործների փողոցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ Իջեւանյան փողոցում  նորոգման աշխատանքները դեռեւս չեն սկսվել:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցով դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 18-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում (դատավոր` Արշակ Շահոյան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter