
2 կտոր քարի՞ վրա ենք «ղժում», թե՞ Հովիկ Աբրահամյանի հողերի
Արարատի մարզի Նարեկ գյուղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով ձեւակերպված է մոտ 90 հա գյուղատնտեսական հողատարածք: Վերջերս, Նարեկի գյուղացիներից մեկը պատմեց, որ ամառվա ամիսներին, բացի Հովիկ Աբրահամյանից, ոչ մի գյուղացի չի կարողանում իր հողակտորը ճիշտ ժամանակին ոռոգել: Զրուցակցիս ասելով՝ գյուղացու ջուրը կտրում են, որպեսզի Հովիկ Աբրահամյանը հանգիստ ոռոգի իր հսկայական տարածքը:
«Ոչ մեկը ոչ մեկի ջուրը չի կտրում ի սեր Աստծո: Մենք չունենք խոշոր հողատեր Հովիկ Աբրահամյան: Ես ունեմ այդ ցանկը, նման անունով մարդ չկա»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը:
Հարցին, միգուցե Հովիկ Աբրահամյանի որդու անունով են ձեւակերպված հողերը, Տիգրան Վիրաբյանն ասաց. «Կարող է, ի՞նչ կա: Մարդն իրավունք չունի՞ հող մշակի: Ախր, ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ջուր կտրելը: Կանալով 10-12 խմ ջուր է գնում, մարդը կարող է 50 հա հող մշակի ու իրեն պետք լինի վայրկյանում 100 լիտր ջուր: 12 խմ-ի մեջ վայրկյանում 100 լիտրը շա՞տ ա: Ինչ-որ մեկի ջուրը կտրե՞ց, իհարկե՝ չէ: Հովիկ Աբրահամյանը չլինի, լինի սովորական մարդ, հող է մշակում, ոչ ոք չի ասի, որ Ոսկետափից Սաքոն 80 հա հող է մշակում, ամենախոշոր հողատերն է: Այդ մարդը, որ իր հողերը մշակում է, ինչ-որ մեկի ջուրը կտրու՞մ է, չէ: Այդ մարդն ունի իր ժամանակացույցը, ըստ դրա էլ իր հողը ոռոգում է»:
Տիգրան Վիրաբյանի ներկայացմամբ, լինի Հովիկ Աբրահամյանը, թե ցանկացած այլ քաղաքացի, հողակտորը ոռոգելուց առաջ իր ջրի պահանջը օրեր առաջ ներկայացնում է ջրային կառույցների ղեկավարներին, եւ կոնկրետ օրը ջրօգտագործողին ոռոգման ջուր է տրամադրվում:
«Հողը պետք է ոռոգվի: Ես պարզապես զարմանում եմ մարդկանց վրա, որ նման բաներ են խոսում: Կարո՞ղ ա այդ մարդը ձկնաբուծարան է սարքել իր համար, ջուրն էլ տանում պտտում ու լցնում է Արաքս գետը: Մենք հողօգտագործող ունենք Աբրահամյան Ջուլիետա: Հա, Հովիկ Աբրահամյանի կինն է, ի՞նչ է եղել: Իրենց մոտ խաղող ու պտուղ է: Տարին 4-5 անգամ պիտի ջրեն, էլի: Այն ժամանակ, որ այդ մարդիկ այդ հողերը կարգի էին բերում, օձանոց էր, այդ խոսացողները պիտի գային տեսնեին, իրենք կգնայի՞ն այդտեղ, հող կմշակեի՞ն: Թող այսօր էլ գնան տեսնեն, թե այդ մարդիկ ինչ հողեր են մշակում: Այդ հողերը նույնիսկ կոլխոզի ժամանակ չի մշակվել: Սարը դզել, քարերը հավաքել սարքել են հող»,-ասում է Տ. Վիրաբյանը:
Վերջում մարզպետարանի վարչության պետն ասաց, թե մեր երկրին գյուղատնտեսությունն է պահելու, քանի որ այլ ռեսուրս չունենք: «Նավթ չունենք, գազ չունենք, մի 2 կտոր քար ունենք, դրանով ենք «ղժում»: Ոչ կարգին արդյունաբերություն ունենք, ոչ էլ… Սա ագրարային երկիր է: Գնանք երկուսով հող մշակենք, եթե ձեռքներիցս կգա, ախր չենք անի»,-ավելացրեց Տիգրան Վիրաբյանը:
Նարեկի գյուղապետ Ռոլանդ Սուսունյանն էլ վիրավորված էր, որ իր գյուղացին ոռոգման ջրի համար առաջին հերթին իրեն չի դիմել, այլ լրագրողի հետ է խոսել:
«Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հողերին, ապա դրանց ոռոգումը մեր գյուղի հետ կապ չունի: Նա առանձին պոմպերով է ջուր բերում, առանձին տեղից է սնվում»,-նշեց գյուղապետը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել