HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը պատասխանել է «Հետքի» խմբագրի բաց նամակին

«ՀՀ վարչապետին ուղղված Ձեր բաց նամակի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 4-ի N 583-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում (այսուհետ` Կենտրոն) կազմակերպած հանրային քննարկման ընթացքում թույլ տրված կազմակերպական թերությունների և իրավական ակտերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկացնում եմ.

Նամակում վկայակոչվում է, որ հանրային քննարկման մասնակիցները տեղեկացվել են հեռախոսային զանգով, միջոցառումից մեկ-երկու օր առաջ: Մինչդեռ Կենտրոնը շահագրգիռ խմբերին հանրային քննարկման մասին տեղեկացրել է էլեկտրոնային փոստով և հեռախոսով միաժամանակ` քննարկումից երկու օր առաջ:

Ըստ նամակի` մասնակիցների խնդրանքներին՝ նախօրոք տրամադրել օրինագիծը[1], Կենտրոնը պատասխանել էր, որ շտապում է և կտրամադրի տեղում: Այս նկատառման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N583-Ն  որոշումը և վերոնշյալ նախագիծը, ինչպես նաև հրավեր նամակը էլեկտրոնային նամակով տրամադրվել է մասնակիցներին, իսկ մասնակիցներից որևէ մեկը որոշման նախագիծը նախապես տրամադրելու պահանջ չի ներկայացրել:

Բաց նամակում նշվում է նաև, որ մասնակիցներին չէին պարզաբանել՝ հրավիրվում են հանրային լսումների՞, թե՞ քննարկման: Սակայն հրավեր նամակում ուղղակիորեն նշվել է, որ կազմակերպվում է իրավական ակտի նախագծի հանրային քննարկում:

Կենտրոնի կողմից կազմակերպվող հանրային քննարկումների ընթացքում նախագծերը ներկայացնում են այն մշակած կառույցների ներկայացուցիչները, տվյալ դեպքում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը և անհասկանալի է, թե  նամակի հեղինակն այս պարագայում ինչն է համարվում ոչ իրավաչափ գործողություն:

Հանրային քննարկմանը հրավիրվել են կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են անտառների օգտագործման և պահպանության ոլորտում, ինչի մասին վկայում է սույն նամակին կցված մասնակիցների ցանկը:

Նամակում նշվում է, որ «Տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի աղդեցության գնահատման մասին» ՀՀ օրենքի[2] , «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշման պահանջների միտումնավոր, կոպիտ խախտում»:

Նախ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում իրավական ակտերի հանրային քննարկման վրա, քանի որ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` այն կարգավորում է շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և հայեցակարգի ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները: Նշված բնորոշումից հետևում է, որ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ  պետք է անցկացվեն հանրային լսումներ սույն օրենքի շրջանակներում միայն այն դեպքերում, երբ ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսվում է հաստատել շրջակա միջավայրի վերաբերյալ հայեցակարգեր:

Ի կատարումն մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2011 թվականի հունիսի 2-ի նիստի N24.11/{76052}-11 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի հանրային քննարկումն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ:

Ընդհանրացնելով վերոշարադրյալը` գտնում ենք, որ այս միջոցառումը անցկացվել է օրենսդրության պահանջների շրջանակներում և ամենակարևորը` ապահովվել է հանրային քննարկման բովանդակային կողմը` հասարակական կարծիքի վերհանումը:

Կից ներկայացվում է հանրային քննարկմանը հրավիրված կազմակերպությունների ցանկը, հանրային քննարկման արձանագրությունը և էլեկտրոնային նամակների համապատասխան էջերի արտապատկերումը»:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյան


[1] ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ հեղինակի օգտագործած եզրույթը սխալ է, քանի որ օրինագիծ հասակցությունը կիրառվում է ՀՀ ԱԺ օրենքի նախագծերի վերաբերյալ: 

[2] Օրենքի վերտառությունը սխալ է գրված հոդվածում, այն կոչվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter