HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:

Իրականություն. Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար,  կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է: Եթե Պաշտպանը (ինչպես և որևէ այլ անձ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ներգրավվի կարգապահական վարույթին, ապա այդ պարագայում արդեն գաղտնիության դրույթները կտարածվեն նաև իր վրա: Պաշտպանն իր գործունեությունն իրականացնում է հրապարակային, բաց և թափանցիկ բոլոր այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն ու հստակ չի արգելում Պաշտպանին այդպես գործել:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից.  Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:

Իրականություն. Պաշտպանի հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ»  թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Քանի դեռ ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ նման գնահատականներ տալ:

Իրականություն. Պաշտպանն իր դիմումատուներից ստացված յուրաքանչյուր գործով ուսումնասիրում է դիմումները և գնահատում ներկայացված հիմնավորումները: Հակառակ տրամաբանության դեպքում օրենսդրական փոփոխությունը, որով Պաշտպանին տրվել է նման լիազորություն, պարզապես անիմաստ կդառնար, քանի որ անհատ անձինք առանց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության էլ կարող էին և հիմա էլ կարող են անձամբ դիմել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին: Իսկ երբ անհատ անձինք որոշում են օրենքով սահմանված իրենց իրավունքն, այդուհանդերձ, իրացնել Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, ապա վերջինս միայն դրանք գնահատելուց հետո կարող է հանդես գալ հաղորդմամբ:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:

Իրականություն. ՀՀ արդարադատության խորհուրդը ոչ թե հանդես է գալիս որպես դատարան, այլ ըստ օրենքի գործում է որպես դատարան: Օրենսդիրն այս դրույթը սահմանելիս հնարավորություն է տվել ՀՀ արդարադատության խորհրդին իր ընթացակարգային գործողություններում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսդրության կարգավորումները: Այս մասին վկայում է ՀՀ դատական օրենսգրքի 158 հոդվածը, որի կիսատ և աղավաղված մեջբերումը վերածվել է ապատեղեկատվության: Նույնիսկ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով «հանդես գար»  որպես դատարան, և թույլատրված չլինեին գնահատականները,  ապա այդ դեպքում ապատեղեկատվության հեղինակները առաջարկում են ընդհանրապես արգելել խոսել բոլոր դատարաններում բոլոր ընթացիկ գործերի մասին:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:

Իրականություն. Առանց մեր փաստարկները լատիներեն արտահայտություններով ծանրաբեռնելու արդեն իրապես տեղին մեջբերում անենք նույն աղբյուրից. «Թեպետ դատական իշխանությունը կարիք ունի հատուկ պաշտպանության, սակայն այն չի գործում վակուումի մեջ, և արդարադատության իրականացմանը վերաբերող հարցերը կարող են լինել հանրային քննարկման առարկա: Թեև դատարանները վեճերի լուծման ֆորումն են, սա չի նշանակում, որ այլ վայրերում չեն կարող լինել այդ վեճերի նախնական քննարկումներ...»  /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սանդի Թայմզն»  ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով/:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:

Իրականություն. Մեր վերոհիշյալ փաստարկները հիմնավորում են, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է հավելել միայն, որ իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում:

Որպես հետգրություն.  ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է: Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»  կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան

Մեկնաբանություններ (1)

pit
vat cher yev xostumnalic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter