HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ զենքը իմ չիմացությունն է»

15_06-karashen1Քարաշեն գյուղի համայնքապետ Գառնիկ Շահնուբարյանին գտանք իր տան առջեւի մայթին նստած: Չնայած օրը նոր էր կիսվել, սակայն մեզ չհաջողվեց նրան համոզել, որ բացի համայնքապետարանի դուռը: «Բանալին մաշինին մեջ ա, տեղակալս դրանով տեղ գնաց»,- ասաց նա:

Մինչ համայնքապետին հանդիպելը փորձում էինք գուշակել, թե գյուղի կենտրոնում կողք-կողքի գտնվող երեք շինություններից ո՞րը կարող է լինել գյուղական իշխանության նստավայրը: Նրանցից ոչ մեկը ՏԻՄ նստավայրի մասին հուշող ոչ մի տարր չուներ` անգամ ցուցանակ կամ հայկական եռագույնը, որի պարտադիր լինելն ամրագրված է ՏԻՄ մասին օրենքով: Համայնքապետը ձեռքով ցույց տվեց գյուղի տեղական իշխանության նստավայրը եւ առաջարկեց զրույցը շարունակել իր տանը: Գ. Շահնուբարյանը չէր կարեւորում իր աշխատանքը եւ իր ղեկավարած կառույցին վերաբերող մեր բոլոր հարցումներին պատասխանելուց առաջ ձանձրույթով ձեռքը թափահարում էր ու կրկնում` «ախր հի՞նչ կա ընդեղ, որ քինաս, փող չկա, որ մի բան անես...»: Գ. Շահնուբարյանը հայտնեց, որ համայնքի 2009 թ. բյուջեն 7 մլն է նախատեսել, որից 4 մլն-ը սեփական եկամուտների հավաքագրմամբ պետք է ապահովվի, իսկ 3 մլն դրամը պետական դոտացիան է: Հարկերի հավաքագրումը տարեկան 60-70 % է կազմում: Հողի հարկը բյուջեում պլանավորված է 2 մլն դրամ: Նրա ասելով` գյուղացիները հողատարածքները գրեթե չեն մշակում, դրանք հիմնականում 4-6-րդ կատեգորիայի հողեր են, որոնք բարձր բերքատվություն չեն ապահովում: Գյուղում նախատեսվում է ներքին ջրագիծ կառուցել, որին 3 մլն 200 հազար դրամ ներդրումով պետք է մասնակցի համայնքը: Համայնքապետը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ջրագիծը կառուցողին գտնելու համար մրցույթ է հայտարարվել, եւ արդեն հայտնի է իրականացնող կազմակերպությունը, բայց իրենց ներդրման հարցը դեռեւս չի լուծվել: Գ. Շահնուբարյանի ասելով` մոտ 1 մլն դրամ կարողացել են խնայել հարկային եկամուտներից, բայց մնացածը փորձում են լրացնել դրսում գտնվող համագյուղացիների բարերարությունն ակնկալելով: «Գումար չկա, որ մի բան անես», - անընդհատ կրկնում էր համայնքապետը: Մեր այն հարցին, թե գումար լինելու դեպքում գյուղում ի՞նչ առաջնահերթ աշխատանք կկատարեր` պատասխանեց, որ կաթի մշակման արտադրամաս կբացեր, որպեսզի մի քանիսը աշխատանք ունենային: Նշենք, որ գյուղի մոտակայքում կաթնամշակման արտադրամաս կար, եւ քարաշենցիներն իրենց արտադրած կաթը հանձնում էին այնտեղ, սակայն գոհ չէին պայմաններից: Կաթը էժան են վերցնում` 1 լ-ը` 85 դրամով: Գյուղամիջում հավաքված տղամարդիկ պնդում էին, որ յուղայնությունը ցածր են գնահատում, որպեսզի կաթը էժան վերցնեն: Նրանք իրենց համոզմունքը հավաստող փաստարկ չունեին, բացի այն, որ երբ խորհրդային տարիներին կաթի տարայում 4 լ ջուր էին ավելացնում, յուղայնությունն ավելի բարձր էր, քան այսօր` մաքուր կաթը հանձնելիս: 15_06-karashen-1«Ինչի՞ վրա եք ծախսում համայնքային բյուջեն» մեր հաջորդ հարցին ի պատասխան` Շահնուբարյանը հայտնեց, որ այն միայն համայնքապետարանի աշխատողների աշխատավարձին է բավարարում: Քարաշենի համայնքապետարանն 8 աշխատող ունի` համայնքի ղեկավար, տեղակալ, հաշվապահ, գանձապահ, գյուղատնտես, մշակույթի տան տնօրեն, հավաքարար: 8-րդ հաստիքը թափուր է` երկու անգամ մրցույթ են հայտարարել աշխատակազմի ղեկավար ընտրելու համար, բայց ցանկացող չի եղել: «Գա հի՞նչ անի»,- ասում է համայնքապետը` պնդելով, որ ամսական 45-50 հազար դրամ աշխատավարձը գյուղի գործազուրկներից ոչ մեկին չի գայթակղել: Չթաքցրինք մեր կարծիքը, որ անելիք չունեցող համայնքապետարանի համար 8 հաստիքը շատ է: Համայնքապետը համակարծիք չէր, սակայն, նրա ասելով, այսպես թե այնպես, շուտով կրճատումներ են արվելու, եւ թողնվելու է 2-3 հաստիք, որովհետեւ փող չկա: «Մի ժամանակ հետո ոչ մեկը գյուղապետ էլ չի առաջադրվելու»,- համոզմունք հայտնեց Գառնիկ Շահնուբարյանը: Ի դեպ, իր անելիքը չպատկերացնող համայնքապետը ամսական 85 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Աշխատավարձը նրան տրվում է ՏԻՄ մասին օրենքով սահմանված որոշակի պարտականությունների դիմաց, օրինակ` մշակութային, կրթական եւ այլ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչդեռ, համայնքապետը բնական էր համարում անգամ գյուղի մշակույթի տան չգործելը, որը չնայած մասնակի վերանորոգվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորումով, սակայն դռները շարունակում են փակ մնալ: Համայնքապետը դրան էլ արդարացում ուներ` «ընդամենը 25.000 դրամ աշխատավարձ է ստանում» մշակույթի տան տնօրենը: Համայնքապետարանի ու գյուղի ավագանու գործունեության մասին մեր հարցադրումներն առավել զարմացրին համայնքապետին: «Ո՞վ է ուզում, ընչի՞ն է պետք, ի՞նչ կա, որ ավագանի ուզի դառնա»,- ասաց նա: 635 բնակիչ ունեցող Քարաշենը 4 ավագանի ունի, 5-րդ տեղը թափուր է` ոչ ոք չի ցանկացել առաջադրվել: «Ոչ մի կտոր հող կա, որ որոշես էս հողը տալ մեկին, ոչ բյուջեում փող կա, որ բաշխես»,- ավագանու գործառույթների վերաբերյալ իր պատկերացումներն է շարադրում համայնքի ղեկավարը: «Հերթապահ որոշումներ են, որ երկու ամիսը մեկ անգամ կայացնում ենք` աղբյուրի ջրի, սելավի վերաբերյալ»,- ասում է նա: Ավագանու որոշումները հրապարակելու մասին մեր հարցադրմանը պատասխանեց, թե դրա համար տեղ ունեն, այն իր «կաբինետում» է դրված, փոքր գյուղ ա, մարդիկ գնում-գալիս են, կարդում: «Գյուղում վիճակ չկա, քյասիբ գյուղ ա»,- ցանկացած գործունեություն անհեռանակար համարելով` արդարանում էր համայնքապետը: Չնայած նրա հոռետեսությանը, գյուղում արտագաղթ չկա: Գյուղի բուժքույրն ու բժիշկն իրենց հերթին հավաստեցին, որ գյուղում 0-18 տարեկան 106 երեխա կա, եւ ծնելիության աճ է նկատվում: Ուրեմն, ամեն ինչ այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչքան համայնքապետն է պատկերացնում: Գ. Շահնուբարյանը հավաստիացնում էր, որ հարեւան գյուղերում էլ նույն վիճակն է: Սակայն Տեղ գյուղի անհամեմատ բարեկեցիկ վիճակը ոչ մի ընդհանրություն չուներ Քարաշենի հետ: Տեղի նորակառույց մշակույթի տունը` իր խնամված այգով, հարակից սրճարանով, հիվանդանոցով եւ գյուղի թաղամասերում տեղակայված երկուական դպրոցով ու մանկապարտեզով բոլորովին այլ բանի մասին են խոսում: Չնայած աշխատանքային ժամին` 15:30 րոպե, Տեղի համայնքապետարանում նույնպես ոչ ոք չկար, սակայն պատերին փակցված տեղեկատվությունը` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մինչեւ մարդկանց սոցիալական, հողային եւ այլ իրավունքների մասին իրազեկում, որը մարզի ՀԿ-ներից մեկի աշխատանքի արդյունքն էր, համայնքապետարանին կենդանություն էին հաղորդում: Սա չի՞ խոսում այն մասին, որ գյուղերում «ճար չլինելը» ավելի շատ վարչարարության բացակայության, նրա ղեկավարումը ստանձնած անձանց անկարողության հետեւանք է, քան` գումար չլինելու:

Սաթենիկ Մակարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter