HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրակացարանում ապրողներին «SOS» բղավելուց բացի այլ բան չի մնում

15_07-hanrakacaran Նախկինում բրդյա գործվածքների գործարանն իր աշխատողների համար նախատեսված հանրակացարան է ունեցել: Հանրակացարանը գտնվում է Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի 56/1 հասցեում: 1988 թ. այստեղ ապրողներից շատերը պետք է բնակարան ստանային ու դուրս գային, բայց քանի որ Շարժումը սկսվեց, կառուցված շենքն իրական տերերին չհասավ, ու նրանք այդպես էլ չիմացան, թե ինչ եղավ իրենց համար կառուցված շենքը: Նախկինում գործարանում աշխատող եւ մինչ օրս հանրակացարանում բնակվողները «Հետքին» պատմում էին, որ գործարանում աշխատելու տարիներին տնօրենն իրենց խիստ հրահանգել էր, որ հանրակացարանում ընտանիք չկազմեն, քանի որ սենյակները ընտանիքով ապրելու համար չեն: Արդեն մի քանի տարի է` հանրակացարանի սենյակները սեփականության իրավունքով հատկացվել են այդտեղ ապրողներին, սակայն կենցաղային պայմանները չեն բարելավվել: Երբ գործարանը դադարել է աշխատել, շենքը մատնվել է անտերության: Շատերն իրենց սենյակները վաճառել ու հեռացել են, եւ նախկին հանրակացարանում այժմ ապրում է այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այլ տեղ տեղափոխվելու: Ներկայումս շենքում ապրում է մոտ 250 ընտանիք եւ մոտ այդքան էլ երեխա: Յուրաքանչյուր սենյակի մակերեսը 18 քմ է: Ընտանիք ունեցողներից շատերը գնել են նաեւ հարեւան սենյակներն ու միացրել իրար, քանի որ 18 քմ վրա հնարավոր չէ ապրել, մանավանդ որ չկա առանձին սանհանգույց եւ բաղնիք: Սենյակների պատերն այնքան բարակ են, որ բնակիչներն իրավունք չունենք նույնիսկ մուրճով մեխ խփել, բայց մարդիկ ճարահատյալ փոփոխություններ են անում, որ ապրեն` թուլացնելով առանց այդ էլ խարխուլ շենքի պատերը: Կոմունալ հարմարություններից զուրկ հանրակացարանաբնակները լողանալու համար գնում են բարեկամների տուն կամ էլ օգտվում են ընդհանուր բաղնիքից, որն իրական սպառնալիք է նրանց առողջությանը: Սարգսյան Սվետլանան այս շենքում ապրում է արդեն 30 տարի: Նա վիրավորված է պետության անտարբերությունից եւ շենքի բնակիչների հետ նախաձեռնում է բողոքի ակցիաներ կազմակերպել: «Եթե շուն բնակեցնեն այստեղ, չի համաձայնվի ապրել այս պայմաններում, որովհետեւ բնակարանի քառակուսին չի հերիքում` սենյակերը 18 քմ են, բայց հարցը միայն սենյակները չեն: Այս շենքը մենք անվանում ենք եղբայրական գերեզման: Շենքի բնակիչների հետ մեծ պաստառի վրա գրելու ենք «SOS» ու կախենք շենքից: Մտածում ենք, որ պաշտոնյաները սպասում են այս շենքը փուլ գա, որ մի բիզնեսմեն այսքան մարդկանց գերեզմանի վրա իրա օբյեկտը սարքի: Ընտրությունից ընտրություն գալիս են, ստից մի խողովակ են փոխում, իրանց կաշառքը բաժանում, թողնում գնում են: Թքել է պետք նման մարդկանց վրա, իրանց հայ կոչել չի կարելի: Այս ինչ վիճակ է, որ մենք ենք ապրում»,- ասաց տիկին Սվետլանան: Նա առաջարկեց իրենց շենքը հատուկ պահել, եւ ով ուզում է դեպուտատ կամ նախագահ դառնալ` ընտանիքով գա այստեղ ապրի, ապացուցի, որ ինքն այնքան հերոս է, որ կարող է այստեղ ապրել, դրանից հետո միայն դառնա նախագահ: 15_07-hanrakacaran.jpg-1 «Իրենք էլ են հայ, մենք էլ, ինչով ենք մեղավոր: Իհարկե, իրենք չակերտավոր հայ են, որ այսպես են վարվում իրենց ժողովրդի հետ: Նույնիսկ Կոշի գաղութում զուգարան-բաղնիք կա, այդ ոնց է` գողը, ավազակը, մարդասպանը զուգարան-բաղնիք ունի, բայց ստեղի ապրողը, որ դեռ մարդ չի սպանել, ո'չ բաղնիք ունի, ո'չ էլ` նորմալ զուգարան: Անձամբ ես վիրավորված եմ, որպես հայ, բռնադատվածի զավակ: Մեր շենքի տեսարանն ուղարկելու եմ արտասահման, հլա տեսնեմ` այդ ոնց է Եվրամիությունն ընդունել այս երկրի ղեկավարներին, որոնց հայությունն է սկսել կասկածել: Իրենք մի օրում իրենց համար թաջմահալներ են կառուցում, մի փոքր շենքի մեջ 500-ից ավել մարդ է ապրում: Ազատ խոսում եմ` առանց որեւէ մեկից վախենալու, թող գան, ինձ էլ բռնեն»,- հայտարարեց Սվետլանան: Շենքի բնակիչների համբերության բաժակը լցվել է, երբ տեղեկացել են, որ բջջային երրորդ օպերատոր «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)»-ն պատրաստվում է ալեհավաք տեղադրել շենքի տանիքին: Բնակիչների մի մասը, առանց իմանալու, թե ինչի տակ է ստորագրում, գրավոր ստորագրություն է տվել ալեհավաքի տեղադրման համար: Սակայն, երբ հասկացել են, թե ինչ ալեհավաք է, եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ իրենց առողջության եւ շենքի վրա, հիմա հրաժարվում են իրենց ստորագրություններից: Ալեհավաքն արդեն տանիքում է եւ, բնակիչների ասելով, արդեն պատրաստվում են տեղադրել: «Առանց էն էլ շենքը մի հալի չի, պադվալը մինչեւ ծնկներդ ջրի մեջ կորել ա, էս շենքը կարա անտեննայի ծանրությանը դիմանա, որ բերել, դրել են գլխներիս: Որ ստեղից-ընդեղից մարդիկ եկել, ստեղ ապրում են, մեզ բանի տեղ չեն դնում, հա: Խի մենակ ստեղ ա 9 հարկը, թող քինան Դավիթաշենումը դնեն իրանց անտեննան, ընդեղ 16 հարկանի շենքեր են, ընդեղ պուզատիներն են ապրում, չեն կարա, չէ, իսկ ստեղ աղքատ, չարքաշ ժողովուրդ են, զոռով իրանց յոլա են տանում, պիրել դրել են ստեղ: Շենքը ավարյոնի շենք ա, ու մարդկանց խաբելով` ստորագրել են տվել, թե որ անտեննան դնեն, ձեր համար լյոխ լավ կլինի: Մարդիկ վախում են Լարիսից, ես բացարձակ եմ ասում` վախում են: Ես էսօր կամ, էգուց` չկամ, իմ համար չիմ ասում, ստեղ ապրող երեխեքի համար եմ դարդ անում: Քաֆթար կնիկ եմ, բայց ուղեղս աշխատում ա, մեզ համոզում են, թե ամիսը 120 հազար դրամ շենքին փող կտանք, որ անտեննան դնենք: 120 հազարն ինչ փող ա, իրանք այդքան փող դնում են պիստոնչիկը, չամիչի նման չրթում են»,- դժգոհեց նաեւ Բաքվից արտագաղթած Լիզա Դանիելյանը: Նշենք, որ մատնանշված Լարիսը համատիրության նախագահն է եւ նույն շենքի բնակիչ, որը շենքի համար ոչինչ չի անում, բացի ընտրությունների ժամանակ իշխանական կուսակցությունների համար ձայներ հավաքելուց: Մենք նույնպես փորձեցինք Լարիսա Սարգսյանից պարզաբանում ստանալ, սակայն երբ լսեց բարձրացված հարցերի մասին, նեղսրտեց. «Ձեզ հեռախոսով ոչ մի բան էլ չեմ ասի, քանի որ չեմ ճանաչում, թե ով եք: Եկեք իմ աշխատասենյակ, քննարկենք»: Այդպես էլ արեցինք, հաջորդ օրն այցելեցինք նրան, սակայն այդպես էլ աշխատասենյակում չգտանք: Մեկ այլ բնակչի` Բադալյան Ջուլիետայի ասելով էլ` շենքը երրորդ կարգի վթարային է: «Իմ սենյակում վերջերս նոր ճաքեր են առաջացել, իսկ անտեննան 1 տոննայի ծանրություն ունի, շենքը թեքված է, կոմունալ հարմարությունները սարսափելի վիճակում է: Նկուղից նեխահոտը փչում է, բացի դա` նկուղ մտնելու համար նավակ է հարկավոր: Արդեն 30 տարի է` մեր շենքն այս վիճակում է: Մեր կարծիքով, շենքը չորրորդ կարգի վթարային է, հիմա էլ բերում անտեննա են դնում, մի փոքր վերանորոգում կանեն, կասեն` ձեր շենքը լավ վիճակում է: Այստեղ 250 ընտանիք է ապրում, երեխաները շատ են: Որպեսզի միամիտ ժողովրդին գայթակղեն, ասել են, թե կբերենք վերանորոգումներ կանենք, մարդիկ էլ ստորագրել են, որ համաձայն են: Հիմա որ ներկայացնում ենք, ստորագրողներն ասում են, որ իրենք դեմ են»,-ավելացրեց տիկին Ջուլիետան: «Մեզ ոչ մի բանով չեն ապահովում, իբր մեր վիճակը մի հալի էր, հիմա էլ անտեննան բերել են, ճառագայթն էլ կապել երեխեքի վրեն: Որ մեզ օգուտ չպիտի տան, մեզ պետք ա իրանց անտեր անտեննան»,- ասաց բնակչուհի Սուսաննա Երանոսյանը: Այն, որ շենքը վթարային է, հաստատում են նաեւ պատկան մարմինները: «Հայսեյսմշին» եւ «ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ մասնագիտական հանձնաժողովի կողմից 08.12.2008 թ. տրված եզրակացության համաձայն` հանրակացարանային բազմաբնակարան շենքի վնասվածության մակարդակը գնահատվել է «3-րդ աստիճան»: Շենքն ընդգրկվել է Երեւանում հաշվառված 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի վերականգնման եւ ամրացման աշխատանքների ցանկում, եւ շինարարական աշխատանքները նախատեսված է իրականացնել, ըստ նախնական ծրագրի, 2013 թվականին: Թե մինչեւ 2013 թվականը այդ շենքից ինչ կմնա` դժվար է ասել, քանի որ տարին 12 ամիս նկուղը ջրով լիքն է: Ընդհանուր օգտագործման զուգարանները գտնվում են անմխիթար եւ հակահիգենիկ վիճակում, հատկապես ձմռանը կոյուղու խողովակաշարերը խցանվում ու պայթում են` տարածքը լցնելով գարշահոտությամբ: Շենքն արդեն ունի թեքվածություն եւ անզեն աչքով էլ նկատելի է, որ պատերը նստում են: Դրա վառ ապացույցը նաեւ վերելակի չաշխատելն է: Երեւանի ավագանու ընտրություններից առաջ զգալի գումարներ էին ներդրվել, ու 9 հարկանի շենքի վերելակը վերանորոգվել էր, սակայն բնակիչները վերելակից օգտվելու հաճույքը վայելել են 2-3 օր, որից հետո այն կրկին չի աշխատել: Բնակիչների ասելով` քանի որ շենքը թեքված է, այդ պայմաններում վերելակը չի կարող աշխատել: Վերջերս Պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչություն էին դիմել հանրակացարանի բնակիչները: Մասնագետները եկել, ուսումնասիրություն են կատարել, եւ այս տարվա մարտի 17-ին տեսչության պետ Ա. Վանյանը գրավոր պատասխանել է, որ շենքի ընդհանուր օգտագործման տարածքները` միջանցքները, նկուղային հարկը, սանհանգույցները վերանորոգման կարիք ունեն: Նկուղային հարկում առկա է կոյուղագծի վթար, որի պատճառով շենքի կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ: Շենքում առկա են նաեւ կրծողների բնանցքեր: «Ստեղծված իրավիճակը վտանգ է սպառնում բնակիչների առողջությանը եւ կարող է հանգեցնել աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրմանը եւ տարածմանը: Առաջարկվում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման համար»,- գրված է «Նժդեհ» համատիրությանն ուղղված Պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի գրությունում: Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության Երեւանի հրդեհային տեսչության պետ Հ. Հակոբյանը 03.03.2009 թվականին շենքի բնակիչներից մեկին պատասխանել է, որ իրենց կողմից կատարված հետազոտությամբ պարզվել է, որ շենքը շահագործվում է հրդեհային անվտանգության նորմերի ու կանոնների կոպիտ խախտումներով: Ըստ տեսչության պետի` ներքին հրշեջ խողովակաշարն ապահովված չէ ջրով, իսկ ծորակներն ապահովված չեն ճկախողովակներով ու փողակներով: Բոլոր հարկերի էլեկտրական հաղորդալարերը եւ մալուխները մոնտաժված չեն էլէկտրակայանքների սարքվածքի կանոններով: Չեն գործում բնակիչների կողմից փակված ծխահեռացման եւ օդափոխության համակարգերը: Շենքն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով` կրակմարիչներով եւ այլն: Այսքանից հետո պատկան մարմինները ոչինչ չեն անում 500-ից ավել բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Վերը նշված նորմերի խախտումն է նաեւ պատճառը, որ շենքում հաճախ մարդկային զոհերով հրդեհներ են լինում: Մոտ 20 օր առաջ էլ երրորդ հարկի միջանցքից վայր է ընկել եւ տեղում մահացել 2-ամյա Անին: Երեխան վայր էր ընկել, քանի որ միջանցքում ճաղավանդակներ տեղադրված չէին, իսկ ապակիները կոտրված են: Դժբախտ պատահարից հետո էլ Շենգավիթի թաղապետարանից ոչ մի մարդ չի եկել` պարզելու, թե ինչ է պատահել: Տեսնելով, որ պաշտոնյաները «թքած ունեն» շենքի բնակիչների վրա, մի քանի բնակիչներ հավաքվել եւ ինքնուրույն ճաղավանդակներ են տեղադրել, որպեսզի հետագայում խուսափեն նոր մարդկային զոհերից: Շենքը նույնիսկ դուռ չունի, եւ թափառող շները հանգիստ ելումուտ են անում բնակելի տարածք: Շենքի բնակիչների բողոքը փոխանցեցինք «Օրանժ Արմենիա» ընկերության պայմանագրերի կնքման պատասխանատուին, որը ներկայացավ Աբել անունով, սակայն հրաժարվեց ազգանունն ասել: «Մինչեւ բնակիչներից ստորագրություն հավաքելը, հանդիպում ենք թաղապետարանի, համատիրության պատասխանատուների հետ` համոզվելու համար, որ շենքի վիճակը բարվոք է: Կոնկրետ այդ շենքի հետ խնդիրներ չեն առաջացել: Պատկերացնում եք, եթե մենք ներդրումներ անենք, անտեննան դնենք ու, Աստված մի արասցե, շենքը փլվի, մենք կկորցնենք 50 հազար եվրո»,- ասաց Աբելը: Երբ նրան փոխանցեցինք, որ բնակիչները չիմանալով են իրենց համաձայնությունը տվել, Աբելն ասաց, որ այս դեպքում համատիրությունը պետք է փոխհատուցի իրենց վնասները: «Ըստ պայմանագրի` եթե կողմերից մեկը հրաժարվում է պայմանագրից, պետք է 6 ամիս առաջ տեղյակ պահի այդ մասին: Եթ հիմա գան, ասեն` պիտի անտեննան հանեք, ուրեմն մեզ պիտի փոխանցեն 6 ամսվա վնասներն ու մեր կատարած բոլոր ծախսերը»,- ավելացրեց Աբելը: Նրա հետ զրույցից անմիջապես հետո մեզ զանգահարեց շենքի համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանի քույրը` Ալիսա Սարգսյանը, ով աշխատում է Շենգավիթի թաղապետարանում: «Այդ որ շենքում է կոմունալ վիճակը լավ, որ այդ շենքում էլ վատ է: Թող այդ շենքի ժողովուրդը գնան մոմ վառեն, որ Լարիսի նման համատիրության նախագահ ունեն: Եթե ինքը չլիներ, հիմա շենքը փլված կլիներ: Լարիսի նման համատիրության նախագահ երեւի ամբողջ Երեւանում չեք գտնի: Մի քանի չկամների ասելով նյութ չեն գրում»,- ավելացրեց Ալիսա Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter