
ԿԳՆ-ն՝ «որպես ՀՀ քաղաքացիներ», անհանգստացած է օմբուդսմենի արհեստավարժությամբ
ԿԳՆ մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ կապված ՄԻՊ գրասենյակի այսօր տարածած հայտարարության հետ, որով օմբուդսմենը նախարարությանն առաջարկում էր անվավեր ճանաչել հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի արդյունքները: Նախարարության պատասխանում մասնավորապես ասվում է.
«Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը՝ ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ:
Կրկին տեղեկացնում ենք` «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Просвещение» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը:
Հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին, բնականաբար, չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ:
Որպես ՀՀ քաղաքացիներ՝ անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք՝ նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը և զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:
Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի և մակարդակի բարձրացնելու հարցում:
Օգտվելով առիթից, հայտնում ենք` ողջ հանրապետությունում ընթանում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել