HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկ. «Ժամանակն է, որ «Հին Էրիվան հոլդինգի» տնօրինությունն ընկալի պարզ ճշմարտությունը»

Յունիբանկ ՓԲԸ-ն կոչ է անում «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությանը դադարեցնել ստահոդ տեղեկատվության տարածումը և փոխարենը կատարել վարկային պայմանագրերով ամրագրված իր պարտավորությունները:

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ բանկից ստացված վարկային միջոցներն անվերապահորեն ենթակա են վերադարձման, և փաստերի խեղաթյուրման ապարդյուն փորձերն ու բանկի գործունեության վարկաբեկումը որևէ կերպ չեն կարող ազատել նրան վարկի մարման գործընթացից, առավել ևս երբ սպառվել են հնարավոր զիջումների բոլոր տարբերակները:

Յունիբանկի միակ նպատակը վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների վերադարձն է, ինչին էլ բանկը հետամուտ է լինելու օրենքի շրջանակներում:

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինության հայտարարությունների առնչությամբ պարզաբանում ենք, որ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ն իրոք Յունիբանկ ՓԲԸ-ի վարկառու է: Ընկերության և բանկի միջև վարկային պայմանագրեր կնքվել են 2007 և 2008թթ.:

Սակայն 2009թ. մայիսին Մանվել Տեր-Առաքելյանը, պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել «Հին Էրիվան հոլդինգ» ընկերության գործունեության վրա, դիմել է բանկին՝ խնդրելով փոփոխել վարկերի մարման ժամանակացույցերը:

Յունիբանկը, իր սկզբունքներին համաձայն, ընդառաջ է գնացել վարկառուի՝ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի խնդրանքին: Բանակցությունների արդյունքում բանկը «Հին Էրիվան հոլդինգ» ընկերությանն առաջարկել է վարկերի մարման արտոնյալ պայմաններ՝ 2 տարով տարաժամկետելով վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումների գործընթացը և 2 տարով երկարաձգելով վարկերի մարման պայմանագրային ժամկետները:

Համաձայնագրերի կնքված և ստորագրված երկու օրինակները բանկը ներկայացրել է «Հին Էրիվան հոլդինգին», սակայն ընկերության տնօրինությունն իր հաստատած օրինակները չի վերադարձրել բանկ: Ավելին, այդ համաձայնագրերի ստորագրման օրը Մանվել Տեր-Առաքելյանը մտափոխվել է և խնդրել բանկին պատրաստել համաձայնագրերի երկրորդ տարբերակը, ըստ որի՝ բանկն իրականացնելու է միայն վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման 2 տարով տարաժամկետում:

Այն փաստը, որ Բանկը որոշում է կայացրել հօգուտ «Հին Էրիվան հոլդինգ» ընկերության և հնարավորություն է ընձեռել վարկառուին ընտրելու իր համար առավել նպաստավոր տարբերակը, հաստատում է նաև ընկերության տնօրինությունը: Սակայն համաձայնագրերի առկայությունը չխանգարեց «Հին Էրիվան հոլդինգին» հրաժարվել սահմանված ժամկետներում վարկային պարտավորությունները կատարելուց:

Համաձայնագիրը ստորագրելուց երկու տարի անց՝ 2011թ. մայիսին, Մանվել Տեր-Առաքելյանը հիշեց Յունիբանկին այդպես էլ չտրամադրած առաջին համաձայնագրերի գոյության մասին, որոնցով նախատեսված էր նաև վարկի մարման ժամկետների երկարաձգում, և որոշեց առաջնորդվել այդ տարբերակով:

Յունիբանկը հերթական անգամ զիջեց վարկառուի խնդրանքին և առաջարկեց հիմք ընդունել համաձայնագրերի առաջին տարբերակը՝ պայմանով, որ ընկերությունը այդ համաձայնագրերի ստորագրված և կնքված բնօրինակը կներկայացնի բանկ:

Միաժամանակ, «Հին Էրիվան հոլդինգ» ընկերությունը խնդրեց Յունիբանկին իրեն տրամադրել հաջորդող գրավի թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա Յունիբանկում գրավադրված գույքը՝ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը որպես հաջորդող գրավի առարկա ձևակերպել նաև այլ բանկում՝ նոր վարկ ստանալու և Յունիբանկի վարկերը մարելու համար:

Յունիբանկը նման թույլտվություն վարկառուին տրամադրեց, սակայն մինչ օրս վարկի մարումները կատարված չեն: «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ն նաև հրաժարվեց բանկ ներկայացնել առաջին համաձայնագրի բնօրինակը՝ հայտարարելով, որ պատրաստ է մարել միայն վարկերի մայր գումարները՝ առանց կուտակված տոկոսագումարների:

Սահմանված կարգի համաձայն, Յունիբանկը վարկառուին է ներկայացրել համապատասխան ծանուցում, որով պահանջել է սահմանված ժամկետներում մարել ժամկետանց վարկի մայր գումարները և տոկոսագումարները: Դրան ի պատասխան՝ Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է դատարան՝ պահանջելով սահմանափակել Յունիբանկում գրավադրված գույքի արտադատական բռնագանձման իրավունքը:

Վարկային պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով՝ Մանվել Տեր-Առաքելյանը ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում Յունիբանկին մեղադրել էր նաև փաստաթղթերի կեղծման մեջ, մինչդեռ ինքն է հրաժարվում փաստաթղթերի բնօրինակը բանկ ներկայացնելուց:

Բնականաբար, այդ առնչությամբ Յունիբանկը դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել ստուգել Մանվել Տեր-Առաքելյանի մոտ առկա փաստաթղթերի իսկությունը: Այս պարագայում անհասկանալի է «Հին Էրիվան հոլդինգի» տնօրինության դժգոհությունը ՀՀ ոստիկանության միջամտությունից: Չէ՞ որ հենց Մանվել Տեր-Առաքելյանն է դրսևորում գործարարին ոչ վայել պահվածք՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով բանկին և փորձելով խուսափել վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ամրագրված իր պարտավորությունների կատարումից:

Հիշեցնենք նաև, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ս.թ. հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին՝ բանկի գործարար համբավը արատավորելու և զրպարտության համար:

«Յունիբանկ» ՓԲԸ

Մեկնաբանություններ (2)

Հայ մարդ
Շատ ծիծաղելի կռիվ է: Ոչ ոքի մտքով չի անցնում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկն է ուզում Մանվելի ձեռքից շենքը վերցնի ու ինքն է հրահրում Յունիբանկին: Յունիբանկը երբեք չի հաշտվելու ու Մանվելի գույքն էլ հայտնվելու է Սաշիկի հավաքածուի մեջ:
Arsen
Es inch ster eq pchum mardy ydqan mec biznesa stexcel u inqn el lav grageta u chi haskanum ha vor bankic vercrac varkery petqa et veradardzvi, amot banki amot

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter