HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազն այդպես էլ չի հասել սահմանային երեք գյուղեր

Երվանդաշատը եւ Բագարանը Երեւանից մոտ 98 կմ հեռավորության վրա` հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող գյուղեր են: Երվանդաշատի ճանապարհին` Վանանդ գյուղ տանող խաչմերուկից գազի խողովակների բաժանումն ու Երվանդաշատ ու Բագարան տանող ճամփաբաժանից հետո հողի մեջ ամրացված սյուներն արդեն հուշում են, որ գյուղերը գազիֆիկացված չեն, այլ դրա պատրաստության փուլում են:

Երվանդաշատի մուտքի հենց առաջին տանն ապրող բնակչուհին` Անուշ Սաֆարյանը, ահազանգեց իրենց գյուղում բոլորին հուզող խնդրի` գազիֆիկացման մասին: Դեռեւս 2007 թ.-ից երվանդաշատցիներն անհամբեր սպասում են, որ այսօր կամ վաղը գազի կմտնի իրենց գյուղ, բայց մինչ օրս այն չի հասել գյուղ:

«Գազի գումարները մուծված են, բայց անհետացան, լափել են դրանք, ու մինչ այսօր ամբողջ ժողովուրդը ախուկարոտով սպասում է: Ամեն համայնք իր բաժին գումարը տվեց: Վանանդը մոտ էր, նրանց գազը հասավ, բախտները բերեց, իսկ մեր երկու գյուղը, որ հեռավոր էր, իրենց լափած խոշոր գումարները թույլ չտվեցին, որ գազը հասնի մեզ»,- ասաց գյուղի մյուս ծայրում` հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող տան բնակիչ Մհեր Հարությունյանը:

Արմավիրի մարզի ծայրամասային 4 գյուղերը` Վանանդը, Կողբավանը, Բագարանը եւ Երվանդաշատը միասին են սկսել գազիֆիկացման աշխատանքները, սակայն արդյունքում գազը մուտք է գործել միայն մեկ գյուղ` Վանանդ:

«Մեր գյուղի բյուջեից էր, մեր հողերի գանձման գումարն էր, որը պետք է մեր գյուղի բարգավաճմանն ուղղվեր: Մեզ հուզող ամենամեծ խնդիրը դա է, որ ժողովուրդն իրեն շատ լքված ու վիրավորված է զգում, որովհետեւ մեր բաժնից գնացել է այդ գումարը` 30 մլն դրամը, որը քիչ գումար չի, մեր հողերի հարկերից կուտակված գումար էր: Իսկ դուք գիտե՞ք, թե այսօր գազն ինչքան կարեւոր բան է»,- շարունակում է Մհեր Հարությունյանը:

Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը պատմում է, որ այս գյուղերում հողերի օտարումից գումարներ է մնացել, իսկ քանի որ գյուղը 40 կմ հեռավորության վրա էր մարզկենտրոնից, միայն ֆոնդային բյուջեից ողջ ծախսերն անելու համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ եղել:

Չորս համայնքապետերը հավաքվել են եւ որոշել գումարը տալ մեկ կազմակերպության, ավելի մեծ չափերով 1 մայր գազատար են բերել մինչեւ Վանանդ, իսկ այդտեղից արդեն բաժանել մնացյալ երեք գյուղերին: Այդ կազմակերպությունը եղել է «Մանշին» ՍՊԸ-ն, որի տնօրենն այն ժամանակ Արմավիրի գազի գրասենյակի պետ Վահան Մկրտչյանն էր: Գումարի 50 տոկոսը` շուրջ 30մլն դրամ, փոխանցվել է, աշխատանքները սկսվել են, սակայն գազը հասցրել են մինչեւ Վանանդ:

«Շինանյութի թանկացում, շինարարի թերացում եւ այլն, չենք կարող կոնկրետ մի բան ասել, բայց դա եղավ արդյունքը, որ մենք հիմա գազ չունենք: Բայց հիմնական պատճառաբանությունը եղել է խողովակների թանկացումը: Բայց որ տեսանք թերանում են, մենք մնացած գումարն այլեւս չտվեցինք»,- ասում է Երվանդաշատի համայնքապետը:
Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանն էլ պատմեց, որ իրենք 46 մլն դրամ են փոխանցել «Մանշին» ՍՊԸ-ին, որից ընդամենը 20 մլն դրամի աշխատանքներ են կատարվել:

Քանի որ գազիֆիկացման աշխատանքները ձգձգվել են, խնդրով սկսել են զբաղվել շատերը, այդ թվում` Արմավիրի մարզպետը: Ստուգումներ են կատարվել, մասնագետները հաշվարկներ են արել, գործին միջամտել է դատախազությունը:

«Մանշին» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հունվարի 12-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Մանշին» ՍՊԸ-ի դեմ քրեական գործի քննությունը:

Համայնքապետերը չգիտեն, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, եւ արդյոք այն որեւէ բանով կօգնի՞ գյուղերի գազիֆիկացման խնդրի լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter