HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ի՞նչ էր տեղի ունենում Լեո-Պարոնյան խաչմերուկում մարտի 1-ին

Այդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդան, եւ դուստրը` Գայանեն, ականատեսն ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում:

«Մարտի 1-ին` կեսգիշերին, ես ու դուստրս հանրահավաքից վերադարձանք տուն: Գիշերները վերադառնում էինք, առավոտյան` նորից գնում հրապարակ: Անընդհատ լուրեր էին պտտվում, որ պետք է ցրեն հանրահավաքը: Մարտի 1-ի առավոտյան ինձ զանգահարեց ընկերուհիս եւ ասաց, որ ոստիկանները հարձակվել են հրապարակում գիշերը մնացած մարդկանց վրա եւ ծեծելով ցրել նրանց»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: 


Ժամը 10:00-ին, երբ նա գնացել է հրապարակ, այնտեղ տեսել է միայն ոստիկաններին եւ Մաշտոց փողոցի տարբեր հատվածներում խումբ-խումբ կանգնած շփոթված մարդկանց:

Կեսօրին, երբ մարդիկ սկսել են հավաքվել Ա. Մյասնիկյանի արձանի մոտ` Արգիշտիի հրապարակում, Գրիզելդան եւ Գայանեն գնացել են այնտեղ: Արձանի մոտ հավաքված մարդկանց նրանք մոտեցել են աջ կողմից` Գ. Լուսավորչի փողոցից: Այդ ժամանակ Գ. Լուսավորչի փողոցն արդեն երկու կողմից փակված էր տրոլեյբուսներով եւ ավտոբուսներով:

«Մոտավորապես ժամը 16:00-ին ոստիկանները կանգնեցին քաղաքապետարանի դռան դիմաց, որոշ ժամանակ այդպես կանգնած էին, հետո բոլորը լցվեցին քաղաքապետարան: Ասում են` մարդկանց ճնշումով են լցվել, բայց մենք բախում չենք տեսել, ավելի հեռու էինք, միայն ճչոց եւ գոռոցներ ենք լսել: Դրանից հետո որոշ ժամանակ հանգիստ էր»,- պատմում է 24-ամյա Գայանեն:

Այդ ընթացքում հրապարակ են եկել Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ հասկացան, որ բարձրախոսով նրանց ձայնը չի լսվում, Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջել մարդկանց շարքերով: Նա անընդհատ կրկնում էր, որ մարդիկ հանգիստ մնան, սադրանքի չենթարկվեն, ոստիկանների հետ չխոսեն եւ ոչինչ չպատասխանեն նրանց: Հետո ասում էր, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, ովքեր կդրդեն ինչ-որ գործողությունների, ցույց էր տալիս մի շիշ, որի մեջ դյուրավառ նյութ կար, եւ զգուշացնում, որ եթե որեւէ մեկի մոտ նման բան տեսնեն, անմիջապես հեռացնեն հրապարակից: Մարդիկ ասում էին, որ չեն հեռանա, մինչեւ չազատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- հիշում է Գայանեն:

Ժամը 17:00-ին Նիկոլ Փաշինյանի հորդորով մարդիկ սկսեցին բարիկադներ կառուցել: Այդ ընթացքում էլ էր հանգիստ:

«Երեկոյան մեզ մոտ եկավ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: Նրա հետ մենք վաղուց ենք ծանոթ: Առաջարկեց տաքանալու եւ հանգստանալու համար գնալ իրենց տուն` Պարոնյան 18 հասցեում: Մենք որոշեցինք գնալ եւ նորից վերադառնալ, քանի որ ուզում էինք գիշերը մնալ հրապարակում»,- պատմում է տկն Ղազարյանը: «Մենք գիտակցում էինք, որ ամեն ինչ կարվի մարդկանց ցրելու համար, եւ ամեն մեկի հեռանալը վտանգում էր մյուսի կյանքը»,- ավելացնում է Գայանեն:

Կանայք, որպեսզի ժամանակ չկորցնեն, որոշում են Գ. Լուսավորչի փողոցով ոտքով հասնել Պարոնյան: Արդեն ժամը 20:30-ն էր: «Երբ հասանք Մաշտոցի պողոտա եւ անցնում էինք գետնանցումի վրայով, տեսանք, որ ամբողջ պողոտան լցված է զորքով եւ ոստիկաններով»,- շարունակում է պատմել տկն Գրիզելդան:

Այդ պահին Մաշտոցի պողոտայում կանգնած ոստիկանների շարասյունից մի մեծ խումբ է առանձնանում եւ, բարձրանալով Գ. Լուսավորչի փողոց, վազքով շարժվում դեպի քաղաքապետարան:

«Մայրս մոտենում է մի սպայի, որը հանրահավաքների ժամանակ միշտ եղել է հրապարակում, եւ ասում, որ մարդկանց ձեռք չտան: Ոստիկանը մահակով խփում է մայրիկի փորին»,- պատմում է Գայանեն: Վահան Շիրխանյանի կինը նրանց հետ էր, եւ ոստիկաններից մեկը, ճանաչելով նրան, ետ է քաշում ընկերոջը:

Այդ պահին Մաշտոցի պողոտայից եւս մի խումբ ոստիկաններ են առանձնանում եւ գետնանցումի վրա գտնվող մարդկանց` մոտ 15-20 հոգի, քշում Պարոնյան փողոցի ուղղությամբ: Լեո-Պարոնյան խաչմերուկում ոստիկանները կանգնում են փողոցի մի մասում, քշվածները` մյուս:

«Հանկարծ Գ. Լուսավորչի փողոցի կողմից սկսվեցին կրակոցներ, պայթյուններ, ինչ-որ կայծեր էին վառվում երկնքում: Գոռոցներ էինք լսում, ոնց որ պատերազմ լիներ: Մենք մտածեցինք, թե այնտեղ բոլորին սպանում են: Մենք (եւ ով կար այդ փողոցում) սկսեցինք գոռալ, որ դադարեցնեն կրակը: Մենք գոռում էինք, դիմացի ոստիկանները` մահակներով խփում վահաններին»,- պատմում է Գայանեն:

Մոտ 20 րոպե նրանք շարունակեցին կանգնած մնալ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Շենքի բնակիչները դուրս էին եկել պատշգամբ կամ մուտքի մոտ էին կանգնած:

«Կրակոցներից 30 րոպե անց մի խումբ ոստիկաններ, արագ վազելով, եկան մեզ վրա: Բոլորը վազեցին եւ մտան շենքի մուտքերը: Ոչ ոք դիմադրություն ցույց չտվեց: Ես մոտ էի կանգնած առաջին մուտքին, բայց չվազեցի, որովհետեւ, եթե նույնիսկ հասցնեի հասնել մուտքին, միեւնույն է, այնտեղ այնքան մարդ կար, որ ինձ չէր հաջողվի ներս մտնելգ»,- պատմում է Գայանեն:

«Իմ գլխին խփեցին, երբ ես արդեն մուտքի մեջ էի, ընկա եւ ինձանով ծածկեցի մուտքը: Արդեն ընկած վիճակում` տեսա, որ ինչ-որ մեկը բռնեց աղջկաս շորից եւ քաշեց դեպի փողոցըգ»,- պատմում է տկն Գրիզելդան:

«Երբ հասնում էի մուտքին, ինչ-որ մեկը բռնեց կապիշոնիցս (գլխանոց), ասաց` սրան է պետք ծեծել, եւ քարշ տվեց, գցեց փողոցի մեջտեղը: 5 հոգով սկսեցին ծեծել ինձ, ոտքերով հարվածում էին ուր պատահի: Հետո թողեցին, չէի կարողանում բարձրանալ տեղիցս, միայն դեմքս էի փակել, որ փողոցով վազող ոստիկանները ընթացքի մեջ չխփեն ինձ»,- պատմում է Գայանեն: 

«Երբ ուշքի եմ գալիս, տեսնում եմ ոստիկանները փողոցում ծեծում են աղջկաս: Գոռում եմ` փրկեք աղջկաս: Այդ պահին գլխիս վերեւը կանգնած մի ոստիկան գնում եւ աղջկաս գլխանոցից քարշ տալով` բերում է մուտքի մոտ: Ես շարունակում եմ վիրավորել նրան, նա ռուսերեն հանգիստ պատասխանում է, որ փրկել է մեր կյանքը եւ հեռանում»,- շարունակում է տկն Գրիզելդան


Շենքի բնակիչներից մեկը բացել էր դուռը եւ ներս թողել մուտք մտած մարդկանց: «Փորձեցինք մայրիկի համար շտապօգնություն կանչել: Գլխից արյուն էր հոսում: 4 ժամ շարունակ ոչ մի օգնություն չեկավ: Իմ ծանոթներից երկուսին շտապօգնության աշխատակիցները պատասխանել են, որ նրանք մոտեցել են Լեոյի փողոցին եւ փորձել ներս մտնել շենք, բայց ոստիկաններն արգելել են»,- ասում է Գայանեն:

Այն, ինչ տեղի է ունեցել այդ խաչմերուկում հետո, Գայանեն տեսել է այդ տան պատուհանից: «Մենք լսել ենք նաեւ ոստիկանների ձայնը մուտքերում եւ բակերում, որոնք փնտրում էին փախչող մարդկանց: Այնպիսի տպավորություն էր, որ ամեն գնով պիտի գտնեն եւ ծեծեն, որովհետեւ փողոցներում արդեն մարդ չկար: «Պատուհանից մենք տեսանք նաեւ, թե ինչպես ոստիկաններից մեկը ինչ-որ բան շպրտեց մեկի վրա, այն կպավ վազող մի տղայի գլխին, եւ նա ընկավ: Հետո ինչ-որ մարդիկ եկան եւ, ոտքերից քարշ տալով, տարան տղային, արյան հետքը մնում է ասֆալտին: Տղան չէր շարժվում, երեւի մահացած էր»:

Շտապօգնության մեքենան եկավ կեսգիշերից հետո: «Հանրապետական հիվանդանոցում 8 կար դրեցին գլխիս, աղջկաս մոտ բազմաթիվ սալջարդեր կային: Երբ տեղեկանք պահանջեցինք, ասացին, որ այդ դեպքերի հետ կապված մարդկանց տեղեկանք չեն տալիս»,- պատասխանել են տկն Գրիզելդային:

Այդ օրվա դեպքերի հետ կապված` նա մարտի 5-ին դիմում է գրել դատախազություն, բայց մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Դատախազությունից նրան երկու անգամ զանգել են, բայց ոչ թե նրա դիմումի, այլ` ցուցմունք տալու համար:

Գայանեն հիմա չի աշխատում. փետրվարի 29-ին, հանրահավաքներին մասնակցելու համար, նրան ազատել են աշխատանքից:

Չցանկանալով նշել կազմակերպության անունը, որտեղ աշխատում էր, Գայանեն ասում է. «Աշխատանքից ինձ ազատելը տնօրենի անձնական որոշումն էր: Սկզբում զգուշացնում էր, որ հանրահավաքների չգնամ, հետո էլ ասաց, որ աշխատանքի չգամ: Պարզվում է` մեզ մոտ կամայականություններն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ պարտադիր չէ վերադասից ճնշումներ լինեն, տնօրենն ինքն է որոշում հեռացնել աշխատանքից` հանրահավաքներին մասնակցելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter