HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը

Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ «Ու՞մ գրպանն են մտնում» ավազահանքի փողերը» հոդվածը հրապարակելուց հետո Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը մայիսի 21-ին հանձնարարական է տվել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Սամվել Գալստյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Ժորա Սահաբալյանին եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին` համատեղ մասնագիտական հանձնաժողով ստեղծել հոդվածում նշված փաստերը ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար:

Դրանց արդյունքում կպարզվեն մեղավոր անձինք, պետությանը պատճառված վնասի չափը, եւ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության դեպքում կհարուցվի քրեական գործ: Դատախազ Աննա Մանթաշյանը հայտնեց, որ սովորաբար փաստերը ստուգելու համար 10 օրը բավարար է, սակայն, կախված ուսումնասիրվող նյութի ծավալից, գործընթացը կարող է ավելի երկար տեւել: 

«Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածում ներկայացված փաստերի կապակցությամբ հանձնաժողով է ստեղծել նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Ժորա Սահաբալյանը համոզված է, որ Իջեւանի լճից ավազն ապօրինի է արդյունահանվում:

Նրա խոսքերով` Իջեւանի քաղաքապետարանի պայմանագիրը 3 անձանց հետ` վերջիններիս կողմից լիճը «մաքրելու» վերաբերյալ անօրինական է, քանի որ բնապահպանության նախարարությունը ջրամբարում պաշարների ուսումնասիրություն չի կատարել եւ նման թույլտվություն չի տվել: Չէ՞ որ գետն ավազի եւ տիղմի հետ կարող է նաեւ վտանգավոր թափոններ բերել, ինչն առանց բնապահպանական համապատասխան եզրակացության օգտագործելը կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Հարց է ծագում` եթե լիճը մաքրվում է, որտե՞ղ է թափվում հարյուր հազարավոր տոննա տիղմը, չէ՞ որ այն հեռացնելու համար բնապահպանական տեսչությունը պիտի համաձայնություն տար, կամ էլ ապօրինի ավազ արդյունահանողներին վաղուց համայնքը բարեգործի կոչում պիտի տար, որ իրենց փողերով մաքրում են լիճը: Փաստորեն, «մաքրման» անվան տակ արդեն 4-5 տարի մեծ ծավալով ավազի արդյունահանում է կատարվում:

Հունիսի 13-ին վերստին եղանք Իջեւանի ջրամբարի տարածքում, զրուցեցինք ավազի արդյունահանմամբ զբաղվող մեխանիզատոր Օնիկ Օհանյանի հետ: Նա լճից վերեւ վագոն-տնակ ունի, էքսկավատորն էլ հենց գետի հունի մեջ էր կանգնած: Օնիկը ցույց տվեց վարարած Աղստեւը եւ ասաց, որ նման պայմաններում չի կարող ավազ հանել: Նրա վկայությամբ` ինքը երկու տարի առաջ կաթված է տարել, ուստի այդ գործով ակտիվորեն չի զբաղվում: Օնիկն ասաց նաեւ, որ ավազի արդյունահանման համար հարկային մուծումներ է կատարել, սակայն ընդունեց, որ դրա թույլտվությունը չունի: Օնիկը ավազ է հանում հենց գետի հունից, լճից մոտ 100 մ վերեւ: Նույն օրը, ինչպես ականատես եղանք, ջրամբարից շարունակվում էր ավազի արդյունահանումը:

Ավազաբլուրների մոտ մարդկանց եւ տեխնիկայի կուտակում կար: Իջեւանում վերոհիշյալ հոդվածը մեծ արձագանք է գտել, ավազ հանողներն էլ դրան լավատեղյակ են, ուստի նրանց շատ մոտենալը վտանգ էր պարունակում: Որոշեցինք ավազով բեռնված «Զիլ» մեքենային սպասել ջրամբարի ամբարտակի վրա: Նկատելով, որ բեռնատարը լուսանկարում եմ, վարորդն արգելակեց: Խցիկից ելած մարդը խնդրեց ներկայանալ: Տեսնելով լրագրողի վկայականը` արտաքինից 55-60 տարեկան անձն ասաց, որ իրենք ոչ թե ավազ, այլ տիղմ են տանում: Հարցրինք` կարելի՞ է տեսնել:

Չստանալով պատասխան` բարձրացանք բեռնախցիկ եւ համոզվեցինք, որ այնտեղ ավազ էր: Իմացանք, որ այդ մարդն ավազի արդյունահանմամբ զբաղվող Կարեն Աթաբեկյանի հայրն է: Կարեն Աթաբեկյանը լճից ավազի ապօրինի արդյունահանման համար 2007 թ. օգոստոսի 3-ին Իջեւանի տարածքային հարկային տեսչության կողմից 120 հազար դրամ տուգանքի է ենթարկվել եւ դրանից հետո ստիպված է եղել հարկայինում գրանցվել որպես «հանքանյութի խտանյութ արտադրող»:

Նրա եղբայր Արմեն Աթաբեկյանը դեռեւս 2005 թ. նոյեմբերի 16-ին հարկայինի կողմից 68 հազար դրամ տուգանվել է եւ հիմա նույնպես հարկատու է համարվում: Ի՞նչ հիմունքներով են այս մարդիկ ավազ արդյունահանում, եթե թույլտվություն չունեն, եւ պաշարների ուսումնասիրություն չի կատարվել:

Լճից ավազ արդյունահանող Անդրանիկ Խոջումյանը, ինչպես իջեւանցիներն են կոչում` «Խադավիկ Անդոն», ով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմն է, մեր հոդվածի հրապարակումից հետո ավազ արդյունահանող տեխնիկան լճից հանելով` դրանք տեղակայել է լճափին` Իջեւան քաղաքի մուտքի մոտ գտնվող, իրեն պատկանող հսկայական օբյեկտի մուտքի առաջ: Ի դեպ, այդ օբյեկտն էլ նա լճի ավազով է կառուցել:

Ո՞վ է հաշվում, թե օրական որքա՞ն ավազ է հանվում լճից: Ներկայումս Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններում շինարարական մեծ բում է: Այս տարածքներում օրինական հիմունքներով ավազ վաճառող կազմակերպության կամ անհատի մենք չկարողացանք գտնել: Սակայն իմացանք, թե այս տարածաշրջանում մեծածավալ շինարարության համար ավազը որտեղից են բերում: Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում էինք. այստեղ. ի թիվս այլ օբյեկտների, ամֆիթատրոն է կառուցվում: Հարցրինք աշխղեկին` ավազը որտեղի՞ց եք բերում, պատասխանեց` Իջեւանի լճից: Ավազի ապօրինի արդյունահանումը նոր չի սկսվել: Դեռ 2 տարի առաջ Տավուշի մարզի դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է, որ 2005 թ. ապօրինի կարգով ավազակոպճային խառնուրդ արդյունահանելու համար Իջեւան քաղաքի 3 բնակիչ ենթարկվել է վարչական տուգանքի` երկուսը` 80 հազարական, մեկը` 150 հազար դրամի չափով:

ՀՀ կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Իջեւանի ջրամբարը հանձնված է Իջեւան համայնքին: Մի՞թե տնից, օրը ցերեկով, տանտիրոջ եւ բոլորի աչքի առաջ, կարող են գողություն անել, եթե տանտերը համաձայն չլինի:

Տեղական ինքնակառավարման բնագավառում «ունեցած վաստակի» համար 2003 թ. նոյեմբերի 10-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրին արժանացած, 2000 թ. Եվրախորհրդի տեղական եւ տարածքային կառավարման կոնգրեսում ՀՀ ներկայացուցիչ հանդիսացած, 2001 թ. մայիսին Քեմբրիջի Հարվարդի համալսարանում ԱՄՆ գիտությունների զարգացման ակադեմիայի «Առաջնորդություն» ծրագիրն ուսանած Վարուժան Ներսիսյանն այնքան էլ չի սիրում եվրոպական, թափանցիկ աշխատաոճը: Նա դեռեւս չի պատասխանել այս տարվա ապրիլի 16-ին առաքված մեր նամակին, որով հարցրել էինք` որեւէ կազմակերպության կամ ֆիզիկական անձի տրվա՞ծ է այդ ջրամբարի ավազն օգտագործելու իրավունք, եւ արդյոք այդ օգտագործման համար հարկեր մուծվո՞ւմ են պետական բյուջե: Որքան նա պասիվ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները կատարելիս, նույնքան ակտիվ է իր վարկանիշը փրկելու համար համայնքի բյուջեն օգտագործելու գործում:

Մայիսի 23-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու նիստ, որտեղ ավագանին «Զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայություն մատուցելու մասին» որոշում է ընդունել: Որոշման նախագծում գրված է. «գհաշվի առնելով քաղաքապետի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում էգ հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայությանը հատկացնել 930 հազար դրամ»: Նիստում ավագանու անդամներից Վահե Ղալումյանը հարցրել է, թե ինչու՞ քաղաքապետը չի օգտվում քաղաքապետարանի իրավաբան Գայլիկյանի ծառայություններից, եւ արդյոք ճի՞շտ է համայնքի բյուջեից նման նպատակով 930 հազար դրամ ծախսելը: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պատասխանել է, թե այս գործի համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան է անհրաժեշտ եւ վստահեցրել, որ այդ գումարը վերադառնալու է համայնքային բյուջե:

Որքանո՞վ է օրինական կամ նպատակահարմար համայնքի սուղ բյուջեից ավելի քան 3 հազար դոլար ծախսել քաղաքապետի «արդարացման» համար, երբ քաղաքում հազար չլուծված հարցեր կան: Օրինակ` քաղաքապետ Ներսիսյանն այդ գումարը կարող էր ծախսել իր առանձնատուն տանող անբարեկարգ ճանապարհը նորոգելու նպատակով: Իջեւանցի տասնյակ տաքսիստներ ամեն օր անցնելով մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով` «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին:

Ավելին` մայիսի 27-ին Երեւանում, կառավարության շենքի առաջ ցույց էին անում Իջեւան քաղաքի Սարիբեկ Օհանյան 64 եւ Ղարագյոզյան 50 հասցեներում գտնվող, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 2 հանրակացարանների բնակիչները, ովքեր բողոքում էին, որ արդեն մի քանի տարի ապրում են անմարդկային պայմաններում, առանց զուգարանի եւ կոյուղու: Հունիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում: Իջեւանում, քաղաքի 64 բնակիչների ստորագրությամբ, նրան նամակ է հանձնվել` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին:

Դիմումի մեջ 2 հանրակացարանների բնակիչները, բողոքելով քաղաքապետի բազմաթիվ արարքների դեմ, Իջեւանի լճից ավազի ապօրինի արդյունահանման մասին հոդվածի հեղինակի դեմ Իջեւանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ նշում են. «Այդ հոդվածում քաղաքապետարանի գործունեության եւ համայնքի վերաբերյալ նյութ չկա: Հոդվածում ուղղակի նշվում է քաղաքապետի կողմից ավազահանքի ուղղակի թալանի մասին: Որտե՞ղ է գրված, որ համայնքային բյուջեն օգտագործվի համայնքի ղեկավարի անձնական կարիքների համար: 930 հազար դրամ գումարով կարելի էր մի փոքր մեղմել մեր երկու շենքերի անբավարար սանիտարական վիճակը` վերանորոգելով կամ կառուցելով զուգարաններ: Այսինքն` քաղաքապետը միայնակ 930 հազար դրամ է օգտագործում տեղական բյուջեից, իսկ շուրջ 70 ընտանիքների կենցաղային խնդիրները լուծելու համար ոչ մի լումա չկա»:

Նույն դիմումի մեջ մարդիկ բողոքում են, որ քաղաքապետի տուրիստական կենտրոն հռչակած Իջեւան քաղաքում հասարակական զուգարան չկա:

Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ Սարիբեկ Օհանյան փողոցի, նախկին գորգագործական գործարանի սանիտարական անմխիթար վիճակի վերաբերյալ մամուլի հրապարակումների կապակցությամբ հանձնարարել է նյութեր նախապատրաստել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter