HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համոյի ողբերգությունը «Մոսկվիչ 408»-ն է

«Մոսկվիչ, իմ սեր»-ը պետք է նկարահանվի եվրոպական համաարտադրողների հետ

Հարցազրույց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ

-Վերջերս ֆրանսիական Մոնպելյե քաղաքում անցկացվող «Սինեմեդ» 30-րդ կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի սցենարն արժանացել է մրցանակի: Ինչպե՞ս եղավ, որ Միջերկրական ծովին հարող երկրների հետ այդ մրցույթին կարողացավ մասնակցել նաև Հայաստանը: 

-Ես 16 տարի է կարդում եմ այդ մրցույթին մասնակցելու օրենքը: Այնտեղ գրված է, որ մրցույթին կարող են մասնակցել Միջերկրական ծովին հարող երկրները և Հայաստանը: Նույն հաջողությամբ կարող էր գրված լինել և Չիլին: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես:

-Ինչքա՞ն գումար է հատկացվել սցենարի զարգացման համար Մոնպելյեի փառատոնից, և արդյոք այն բավարա՞ր է սցենարն ավարտին հասցնելու համար:

-Ֆիլմը սցենար գրելու դրամաշնորհ է ստացել Մոնպելյե փառատոնում: Մոնպելյեն շատ հետաքրքիր փառատոն է: Այն աջակցում է մասնակցող ֆիլմերին: Այսինքն` մրցանակը հենց աջակցությունն է: Մրցանակ կարող է լինել, օրինակ, 3 000 մետր ժապավեն, կամ` մի լաբորատորիայում 5000 մետր ժապավենի երևակում: Մենք սցենարի զարգացման մրցույթին էինք մասնակցում, շահեցինք արտաքին գործերի նախարարության մրցանակը: Ի դեպ, բավականին վիճաբանություն է եղել, թե հայերին որը տան, բայց որոշել են հայերին փողը տալ: Սցենարի զարգացման համար մեզ 7000 եվրո են հատկացրել: Մենք բավական ծախսեր ենք արել դոսյեները պատրաստելու համար: Այդ ծախսերը փակելու և սցենարը գրելու համար գումարը ծայրը ծայրին կբավականացնի:

-Իսկ ինչու՞ են որոշել հենց փողը տալ:

-Չգիտեմ, բայց սրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Երբ speeching-ից (սցենարի ներկայացման խոսքը) հետո ես շտապում էի դուրս գալ, մեկը ինձ մոտեցավ դռների մոտ ու սկսեց գովաբանել մեր նախագիծը, որ շատ լավն է և այլն: Ես քաղաքավարությամբ շնորհակալություն էի հայտնում ու սպասում, թե երբ պետք է այս մարդը գնա, որ ես էլ կարողանամ գնալ: Մինչև վերջ դիմացա ու այդ մարդուն չասացի, թե` կներեք, ես ուշանում եմ: Հաջորդ օրը, երբ հաղթողին հայտարարեցին, այս նույն մարդը եկավ ու նորից սկսեց նույն կերպ խոսել, ես էլ նորից իմ շնորհակալություններն էի կրկնում: Հետո վերջում հարցրեց` «իսկ դու գիտե՞ս` ես ով եմ»: Ասացի` ոչ: Ասաց` «ես քո փողը տվողն եմ»: Փաստորեն, նա արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն էր:

-Ո՞ր փուլում են այժմ «Մոսկվիչի» աշխատանքները, սցենարն արդեն պատրա՞ստ է:

-Սցենարի առաջին տարբերակը արդեն պատրաստ է: Հենց վաղը (նոյեմբերի 23-ին-Ք. Ա.) այն պետք է տանենք պրոդյուսերին` Հարություն Խաչատրյանին:

-Ի՞նչ նախապատմություն ունի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը:

«Մոսկվիչը» իրական պատմություն է: Լրագրող Էդիկ Բաղդասարյանի հետ մենք մի անգամ գնացել էինք Մարտակերտ` «Հայաստան» հիմնադրամի փոքր ֆիլմերը նկարելու: Գնացել էինք մի բազմազավակ ընտանիքի տունը նկարելու: Ամբողջ ընտանիքը լուռ էր: Մեզ նայում էին այլմոլորակայինների նման, ցանկապատի հետևից յոթ երեխաներ գլուխները դուրս էին հանել ու մեզ էին նայում: Մոտավորապես մեկ ժամ բակում նստած էինք: Էդիկը անընդհատ հարցեր էր տալիս: Մեկ ժամ տանտիրոջ հետ զրուցելուց հետո, ճշգրիտ չեմ հիշում, թե ինչի մասին էր Էդիկը հարցրել, այդ մարդը ասաց` «դրա մասին ես հիշատակել եմ իմ օրագրերից մեկում»: Արևը խփել էր գլխիս, ես այդ ընթացքում լուռ նստած էի: Էդիկը հարցրեց, թե ինչ օրագրի մասին է խոսքը: Հետո պարզվեց` այդ օրագրերը կորցրել էր, ու մեկ ժամ պետք եղավ դրանք գտնելու համար: Դրանք երկու օրագրեր էին, որոնցից մեկը երկհատորանի, հաստ տետրեր էին, որում շատ մանր տառերով մի ռոմանտիկ սիրո պատմություն էր գրված իր նախկին կնոջ մասին: Մյուսն էլ «Մոսկվիչ» մեքենայի մասին գրված պատմությունն էր, թե ինչպես է ինքը փող հավաքում, որպեսզի «Մոսկվիչ» առնի: Ես ու Էդիկը թերթում էինք այդ օրագիրը, Էդիկը մի քանի հատվածներ բարձրաձայն կարդաց «Մոսկվիչից»:

-Այդ ժամանակ ծնվե՞ց «Մոսկվիչի» մասին ֆիլմ նկարելու մտահղացումը:
 
-Այդ ժամանակ ես որոշ կադրեր նկարեցի, ուզում էի դոկումենտալ ֆիլմ նկարել: Իր օրագրից ընթերցումներով «Մոսկվիչն» էլ նկարեցի: Բայց հետո զղջացի: Հասկացա, որ դա ավելի խաղարկային ֆիլմ է, և ոչ թե դոկումենտալ: Օրերից մի օր ընկերներիցս մեկը Հայաստան էր եկել, և ես հանդիպեցի նրան: Գնացինք սրճարան, ու ես որոշեցի նրան այդ նախագծի մասին պատմել: Ասացի իմ մտահղացման մասին ու հարցրեցի, թե չի ուզենա՞, արդյոք, սցենարը գրել: Նրան պատմեցի Էդիկի կարդացած հատվածների մասին, մեջբերումներ արեցի: Երկու ամիս չանցած՝ իմ ընկերն ասաց, որ արդեն սկսել է գրել սցենարը: Առաջին «թրեթմընթը» բավական թույլ էր, իսկական հերոսն ու նրա հերոսը տարբեր էին, տարիքային տարբերություն կար և այլն: Հետո եկավ երկրորդ «թրեթմընթը», որը բավականին ուժեղ էր, որով և սկսեցինք առաջ գնալ: Ի տարբերություն «Չնչիկի» (այս պահին ընթանում են ֆիլմի նկարահանման աշխատանքները), որն ավելի շքերթային էր, «Մոսկվիչը» ունեցավ որոշակի դժվարություններ: Բայց ես «Մոսկվիչի» անհաջողությունների համար թախծելուց բացի, ժամանակ չեմ ունեցել իրենով տառապելու, որովհետև «Չնչիկն» էի նկարում: Այդ հարցերում շատ է օգնում Լևոն Մինասյանը` սցենարիստը, հենց ինքն էլ դիմում է տարբեր ընկերությունների, ֆոնդերի: Շատ է օգնում նաև ֆիլմի պրոդյուսերը` Հարություն Խաչատրյանը, որն ի սկզբանե, «թրեթմընթը» կարդալով՝ որոշել էր ինքը լինել ֆիլմի պրոդյուսերը:  

-Ինչպիսի՞ն է «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի սյուժեն:

-Սա 60-ական թվականների հիշողություններ են և ներկան: Տրակտորիստ Համոն մոտ 65-67 տարեկան է: Նա ադրբեջանական Լենինավան գյուղից է, երիտասարդ ժամանակ մասնակցել է տրակտորիստների համամիութենական համագումարին: Եվ դա հենց այն ժամանակ է լինում, երբ «Մոսկվիչ 408»-ը արտադրվելիս է լինում: Իրենց տանում են գործարան` էքսկուրսիայի: Ցույց են տալիս «Մոսկվիչ 408»-ը, բոլորը ապշած նայում են, գործարանից ատրիբուտներ են նվեր տալիս և այլն: Երեկոյան համագումարի ժամանակ Խրուշչովը ճառ է ասում. «Այ, երբ որ մենք արդեն կառուցենք կոմունիզմը, ամեն մեկդ ձեր նյութական ապահովված բազան կունենաք, ամեն մեկը կունենա իր «Մոսկվիչը», պատկերացնու՞մ եք: Այ, դու՛ (ասում է` նայելով ուղիղ Համոյին), դու կունենաս քո «Մոսկվիչը»»: Բոլորը ծափահարում են, Համոն էլ հասկանում է, թե իրեն է ասում: Էս մարդը 40 տարի սպասում է, որ ունենա իր «Մոսկվիչը»: Պատերազմ է գալիս, Համոն գաղթում է Հայաստան: Հաստատվում է խուլ գյուղերից մեկում: Մի որդի ունի, որը Ռուսաստանում աշխատում է ու ամսական մի քիչ փող է ուղարկում ծնողներին: Ապրում է կնոջ հետ, մի հատ էլ կով ունի: Օրերից մի օր, շրջկենտրոն գնալիս, իմանում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» են վաճառում: Գնում տեսնում է, որ հենց «408»-ն է: Համոն որոշում է ամեն ինչ անել, որպեսզի գնի այդ մեքենան: Այն ժամանակ էլ «Մոսկվիչը» ինչքան էլ էժան լիներ, արժեր 800 դոլար, դա մեծ գումար էր Համոյի համար, բայց նա ամեն ինչ փորձում է անել, որպեսզի կարողանա հավաքել այդ գումարը: Ընկնում է տարբեր ծայրահեղ պատմությունների մեջ: Ու իր օրագրում օր առ օր գրառումներ է անում: Օրինակ` «երեկ տեսա «Մոսկվիչ»: Վրան փոշի էր նստած: Սարգիսը` «Մոսկվիչի» տերը, չէր մաքրել»: Իմ ամենասիրած էպիզոդը այն է, երբ Համոն բազմոցին նստած՝ ափսեով իբր «Մոսկվիչն» է քշում, կինն էլ՝ կողքը: Ամենահետաքրքիրն այն է, որ Համոն, տեսնելով այդ «Մոսկվիչը», հոգեբանորեն իրեն դրա տերն է զգում: Տիրոջ հետ խոսել է գումարի մասին, ասել է, որ չվաճառի, բայց ինքը չի կարող այն գնել, այդքան գումար երբեք էլ չի ունենա, բայց չի էլ թողնում, որ տերն այն վաճառի մեկ այլ մարդու: Գնում է նույնիսկ մեքենայի չափերը վեցնում ու «աբիվկեքի» համար կտոր առնում, գնում նկարվում է «Մոսկվիչի» հետ, որ Ռուսաստան ուղարկի: Մի անգամ էլ ստիպում է տիրոջը «Մոսկվիչը» տանել ու իր կնոջը ցույց տալ: Քշում են այն գյուղից բերում` կնոջը ցույց տալու: Ինքն իրեն այդ «Մոսկվիչի» լիիրավ տերն է զգում ու ոչ մի վայրկյան չի պատկերացնում, որ այդ Մոսկվիչը հանկարծ կարող է իրենը չլինել, կարող է վաճառվել: Ամբողջ ողբերգությունը հետո գալիս է հենց դրանից:

-Ի՞նչ ժանրում է ֆիլմը, և ինչպե՞ս է ավարտվում:

-Ֆիլմը տրագիկոմեդիա է: Իհարկե, Սարգիսը չի ծախում «Մոսկվիչը», մահանում է Համոյի կինը: Համոն ծայրահեղ քայլերի է դիմում, որոշում է վաճառել կովը: Ֆիլմը երևակայական տեսարանով է վերջանում. Համոն տեսնում է, թե ինչպես ինքը կնոջ հետ միասին նստել է այդ «Մոսկվիչը» և գնում են Մոսկվայի պողոտաներով, ու ինքը կնոջը բացատրում է, թե որ տեղերով են անցնում: Ի վերջո, Համոն էլ է մահանում:

Ֆիլմի համար արդեն ընտրվա՞ծ է դերասանական կազմը կամ գլխավոր հերոսը:

Ընդհանրապես, նման բան չի արվում, բայց «Մոսկվիչն» այդ առումով բացառություն է: Ես գոնե որոշել եմ գլխավոր կերպարին: Մոնպելյեի մեր ներկայացրած փաթեթում` նախագծում, եղել են և՛ «Մոսկվիչի», և՛ դերասանի ֆոտոները, նույնիսկ տեղանքի ընտրության և դերասանի որոշ պատկերներով: Օրինակ` մի լուսանկար կա, որտեղ դերասանը համբուրում է «Մոսկվիչը»: Իսկ թե ո՞վ կլինի հերոսը, դեռ գաղտնիք է:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ֆիլմի հետագա ճանապարհը:

-Նկարահանման ճանապարհը պատկերացնում ենք հայ-եվրոպական համատեղ արտադրանք, «Մոսկվիչի» սցենարը դեռ երկար ճանապարհ ունի` տարբեր պրոդյուսերական կենտրոններ գնալու և տարբեր միջազգային ֆոնդերում արտադրության համար կռիվ տալու: Իսկ տարբեր ֆոնդերում հաղթելու հույսերն այնքան էլ շատ չեն, քանի որ ներկայացվում են բազմաթիվ նախագծեր, որոնցից պետք է հաղթեն մոտ 3-ը: Իսկ նախագիծը ներկայացնելու ժամանակը շատ քիչ է, 5-15 րոպե ամենաշատը` նայած խստության:

-Ինչու՞ եք շեշտում, որ ֆիլմը անպատճառ պետք է գտնի եվրոպական համարտադրող, եւ ոչ ամերիկյան:

-Մենք պատրաստված ենք այն շուկայի շրջանակներում, որի անունը Եվրոպա է: Մենք եվրոպական շուկայի մեջ գիտենք այն բոլոր ճանապարհները, որոնցով կարելի է առաջ տանել նախագիծը: Օրինակ՝ «Չնչիկը» եղել է Ռոտերդամի միջազգային շուկայում, ուր գալիս են հազար ու մի տեղից` Կանադայից, Չինաստանից, Թուրքիայից և այլն: «Մոսկվիչը» հուլիս ամսվա մեջ եղել է «Պաղի Պղոժե» (Փարիզյան նածագիծ) շուկայում և ամենաշատ հանդիպման հայտ ունեցող նախագծերից է եղել: «Մոսկվիչը» արդեն բազմաթիվ դիստրիբյուտորների ու պրոդյուսերների մոտ հետաքրքրություն է առաջացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter