HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Պըլտյան. «Իմ կարծիքով, մենք մշակութային ազգ չենք»

սկիզբը

-Անշուշտ, ձեր ստեղծագործություններում նույնպես կան ձեր հայացքները. երբւէ օտարումի զգացում չեք ունենու՞մ թե սփյուռքում եւ թե խորհրդային կապանքներից դեռ մասամբ ազատագրված Հայաստանում:

-Այո, շատ տեղերում, անունները չեմ տա, բայց այդտեղ նորի հայտնությունն ու ինքնատիպ մտածողությունը, անհատական ըմբռնումը տեղ չունեն:

Ընդհանուր կարծրացած մտայնություն է տիրում, եւ որեւէ հնարավորություն չկա, որ նորի մուտք գործելով վերափոխվի, որովհետեւ սա ամենակարեւոր գործընթացն է, որ նորը մտնում է հնի կաղապարների մեջ եւ այն վերափոխում է: Այս գործընթացը մեզանում տեղի չի ունենում։ Ինչը նոր է՝ մենք դուրս ենք նետում: Բայց սա երկար չի կարող տեւել: Մարդը 30 տարի անընդմեջ չի կարող հեղափոխական մնալ: Մեր գործն այն է, որ այսօր կարողանանք Օշականի, Սարաֆյանի, Կոստանդյանի բանաստեղծությունները ներկայացնել իբրեւ 20-րդ դարի բանաստեղծություն, քանի որ մինչեւ օրս նրանք փականքի տակ են: Կամ փորձենք վերարժեւորել Չարենցին, Տերյանին եւ այլոց։ Պետք է կարողանանք վերամեկնաբանել այն, բերել այսօրվան: Իմ աշխատանքը բանասիրական նպատակներ չի հետապնդում, ես ինձ բանասեր չեմ համարում: Գրականության պատմության մեր ունեցած պատկերացուները ճիշտ չեն, հիմնված են պարզ, կաղապարված սխեմաների վրա: Մենք շատ ենք սանձում մեզ, այնքան, մինչեւ մեռնում ենք վերջնականապես. սա գավառամտություն է եւ իր դրամատիկ կողմն ունի, անշուշտ: Մենք հիմա լճացած մթնոլորտի մեջ ենք ապրում եւ այդքանով հանդերձ՝ հաճոյանում ենք ու սիրում այն:

-Ժամանակներին չենք վստահում. ոչ անցյալում, ոչ այսօր` լինելով ավանդապահ եւ ամփոփված մեր մեջ, այդպես մեզ ավելի ապահով ենք զգում, քանի որ միշտ կասկածներ ունենք, թե կարող է վտանգվել մեր վաղվա օրը:

-Այս վտանգվածության զգացումը հիմնավորված չէ: Պաշտպանվելու լավագույն ձեւը հարձակվելն է. մտածել, որ դու կարող ես 20-րդ դարի կամ 21-րդ դարի շարժումներն ու գաղափարները հասկանալ, դարձնել քոնը այնպես, ինչպես դու ես ապրում։ Աշխարհում հիմա ինքնատիպ բան չկա, օրիգինալությունն աշխարհում շատ սահմանափակ է: Կարեւորը նյութը չէ, որ դու ստեղծել ես, այլ այն, թե ինչպես կօգտագործես։ Ինչպես Չարենցն է ասում՝ նյութը չէ կարեւորը, այլ վերաբերմունքը դեպի առարկան: Ինչպիսին է մեր վերաբերմունքն աշխարհի հանդեպ. վախկոտությու՞նը։ Նստել եւ սպասել, որ ուրիշներն իրենց դերերը կատարեն, մենք էլ մնանք դիտողի դիրքերու՞մ, եւ մանավանդ` զոհի՞ դիրքերում։ Սա ընդունելի չէ այլեւս, մենք չափահաս ենք այլեւս, հերիք է զոհ լինենք։ Այժմ պիտի լինել ուրիշ, եւ հենց սա է, որ այսօր շատ դժվար է, որովհետեւ կան քարացած մտայնություններ: Երբ մի երիտասարդ արվեստագետ նոր գործեր է ներկայացնում, շատերն ասում են՝ գիտեք, մեր ժողովուրդը շատ բարդ է, չի սիրում արկածախնդրական արվեստ, բայց արվեստն արկածախնդրություն է, այլապես չի կարող արվեստ լինել:

-Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա, ժամանակակից հայ գրականության մասին, ինչպիսի՞ն է այն ձեր գնահատմամբ:

-Ժամանակակցի մասին խոսելը մի քիչ դժվար է: Կան երիտասարդներ, որոնք փորձում են նոր թեմաներով, նոր ձեւերով, մի քիչ էլ աղմկարար կերպով ներկայանալ` էրոտիկ, ոչ էրոտիկ... Հետաքրքիր է, միայն կարելի է քաջալերել: Մարդիկ չեն կարող նույն բանն անել 10 տարի անընդմեջ, պետք է հոլովվի, նորոգվի, խորանա: Հայաստանյան իրականության մեջ բեկում եղավ անկախությունից հետո, երբ գրականությունն ու արվեստները պետական հովանավորություն չգտան: Այո, այսօր գրքեր հրատարակվում են, բայց կազմակերպված չէ այդ աշխատանքը։ Երեւանում երեք գրախանութ կա, գրքեր շատ կան, բայց չկա նրանց միավորող ինչ-որ բան, միտք, գաղափար։ Գրքերի մասին քիչ է խոսվում, գրախոսություններ գրեթե չկան: Գրքի երկրորդ կյանքը գրախոսությունն է, նորմալ չէ, որ նոր հրատարակված գրքերի մասին ոչ մի գրախոսություն չկա. գրախոսությունը կարեւոր է, քննադատությունը` նույնպես, վեճերը` նույնպես: Մեր մամուլը ինքն իրեն ազատություն չի տալիս, շատ վախկոտ է: Ամեն բան չպետք է վերագրել ուրիշ ճնշումներին, մարդիկ իրենք են իրենց ճնշում: Կան լավ գրողներ, ես առիթ ունեցել եմ ծանոթանալու, օրինակ, Վահագն Գրիգորյանի վերջին վեպերին՝ «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ժամանակի գետը» եւ «Ոստանի վերջին ճամփորդությունը»։ Շատ հետաքրքիր է, միեւնույն ժամանակ հայ վեպի մեջ փոփոխություններ են: Սերում են ավանդական աղբյուրներից, միեւնույն ժամանակ մեր ժամանակների մասին են:

-Շատ կուզենայի մի քիչ խոսեինք ձեր մասին. ձեր հայացքների ձեւավորման, կրթության, ձեր կյանքի փիլիսոփայության մասին:

-Ծնվել եմ Լիբանանում, հետո 1967-ին տեղափոխվել եմ Փարիզ, ուսանել եմ փիլիսոփայություն:

-Կարծում եմ` 67-ը շատ կարեւոր թվական է:

-Այո, հետո 68-ի հեղափողությունը եղավ, որի ժամանակակիցն էի, կարելի է ասել։ Իմ կյանքի մեջ կարեւոր շրջադարձ էր դա, գաղափարների եւ ամեն ինչի փոթորիկ, որից հետո նաեւ ապրեցի այն տեղատվությունը, որ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո, 70- ականների անապատը, Ցեղասպանության հարցի հայտնվելը, թուրք հյուպատոսների սպանության ժամանակաշրջանը:

-Դուք եւ փիլիսոփայության, եւ գրականության դոկտոր եք: Կա՞ն փիլիսոփաներ, ում կառանձնացնեիք, ովքեր շատ կարեւոր դեր են ունեցել ձեր կայացման մեջ եւ այսօր էլ շարունակում են եւ միշտ մնում են արդիական ձեզ համար:

-Անշուշտ, այն փիլիսոփաները, որ ժամանակին Ֆրանսիայում կազմեցին փիլիսոփաների մի ամբողջ սերունդ` Միշել Ֆուկոյից մինչեւ Ժակ Դերրիդա, Ժիլ Դելյոզ եւ այլք եղել են իմ ուսուցիչները, ես նրանց դասընթացներին ներկա եմ եղել, եւ այդ մարդիկ իմ մտածելակերպի, հասկացողության կամ նույնիսկ մեկնաբանության եղանակի վրա կարեւոր ազդեցություն են ունեցել։ Նրանք իմ ուսուցիչներն են ճիշտ այնպես, ինչպես Մեծարենցը, Ինտրան, Մուշեղ Իշխանը: Իմ կրթությունը երկու լեզվով է եղել. ֆրանսերեն, ֆրանսիական մշակույթ, հայերեն եւ հայ մշակույթ:

-Իսկ այլ երկրների մշակույթնե՞րը:

-Անշուշտ, գերմաներեն եմ սովորել, ծանոթացել եմ անտիկ գրականությանն ու փիլիսոփայությանը, անգլիական մշակույթին նույնպես:

-Ինչպե՞ս եք վերաբերվում արեւելյան մշակույթին եւ փիլիսոփայությանը:

-Հնդկական փիլիսոփայությամբ տարվեցի, հիմա գրեթե ամեն տարի ճամփորդում եմ Հնդկաստան: Ինձ համար Հնդկաստանը նշանակում է գնալ դեպի Արեւելքի խորքը: Մեծ աշխատություն ունեմ, որ մյուս տարի պիտի լույս տեսնի, կոչվում է «Մանտրաներ»: Արեւելքն ինձ համար Արեւմուտքի հակակշիռն է: Այս բոլորն ինձ համար, կարելի է ասել, պատվաստումներ են: Ինքնությունդ է փոխվում, նույն մարդը չեմ 1967-ին եւ հիմա:

-Մտայնություն կա, որ աշխարհում ստեղծագործական ճգնաժամ կա, դուք այդ ճգնաժամը զգու՞մ եք:

-Արվեստի գործն ավարտված է, արվեստ այլեւս հնարավոր չէ: Ճգնաժամի տնտեսական կողմն էլ կա, չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց մարդկությունն արդյոք միշտ այդպես չի՞ եղել, հարցնում եմ ինձ։ Մարդկությունը երբեւէ չի իմացել, թե ուր է գնում, հետեւաբար, ոչ ոք, ոչ իսկ փիլիսոփաները չեն կարող այդ հարցին պատասխանել: Առհասարակ, մենք մեր հարցերի պատասխանը փորձում ենք գտնել՝ ուսումնասիրելով անցյալը: Ինձ համար ամենակարեւորն է` պահել միտքն ու ուղեղը պայծառ, հասկանալ երեւույթները հնարավորինս հստակ, առանց խաբվելու, որովհետեւ ներկա աշխարհը տեղեկատվական է, սուտն ու ճիշտը հաճախ խառնվում են իրար: Ամենադժվարը ապրողի կամ ստեղծագործողի համար այն է, թե ինչ կարող է դուրս բերել ստեղծված իրավիճակից: Ինձ համար ամենակարեւորը ստեղծագործելն է` անկախ տագնապներից եւ ճգնաժամերից, ես չեմ կարող ճգնաժամը մոռանալ, այն իմ առօրյայի մեջ է, երբ համակարգչի առջեւ եմ՝ տարբեր կողմերից նամակներ են գալիս, եւ այդ աշխարհն անմիջապես ներկա է կյանքիդ մեջ։ Քո գրածն այդ ամենից անկախ չի կարող լինել. ես սենյակային գրող չեմ, Փարիզը կամ դրսի աշխարհը ինձ համար մշտապես ներկա իրականություն է: Իմ անձնական զգացումներն անմիջապես տեղափոխվում են նկարագրություններիս մեջ: Գրություն ունեմ, որ հուսով եմ շուտով տպելու եմ։ Փարիզյան ամբողջ հետհեղափոխական շրջանի պատմությունն է: «68-ից հետո»-ի տեղատվությունն է եւ նոր աշխարհը` 80- ականները:

-Ճի՞շտ է, որ 68-ից հետո Փարիզը կորցրեց իր դեմքն ու նախկին հմայքը:

-Գիտե՞ք, Փարիզը Ֆրանսիայի համար հատկանշական չէ: Այն միջազգային, մեծ քաղաք է: Հիմա, թերեւս, մի քիչ տարբեր է իմ իմացած նախկին Փարիզի համեմատ: Բայց նա ունի բազմաթիվ երեսներ, մեկը Փարիզում չի կարող ասել, որ նա այնտեղի մշակութային կյանքին կարող է մասնակցել: Պետք է ասել, որ մեծ փիլիսոփաների ժամանակաշրջանը Ֆրանսիայում նույնպես վերջացել է:

-Միգուցե փիլիսոփաների՞ ժամանակն է ավարտված:

-Այո, այդպես ասում էին Սարտրից հետո, բայց նրանից հետո փիլիսոփաների մի ամբողջ սերունդ եկավ, ոչ ոք չէր սպասի դրան, մեծ արվեստագետներ էլ չկան հիմա:

-Վերջին հարցը: Վերադառնալով մեր իրականություն՝ ի՞նչ անել, որպեսզի մեր կյանքում նույնպես սկսվի ակտիվ մշակութային կյանք, ի հայտ գան գրական-գեղարվեստական շարժումներ, հոսանքներ: Ի վերջո, մենք շատ ենք սիրում ամենուր կրկնել մեր մշակութային ազգ լինելու մասին:

-Իմ կարծիքով, մենք մշակութային ազգ չենք: Մի պարզ պատճառով. քչերն են այսօր Երեւանում եւ սփյուռքում գիրք կարդում: Աշխարհում էլ քիչ են կարդում, բայց մենք գիտենք, որ իսլանդացիները, որոնք 650.000 են, այսօր մեծ թվով գրականություն են սպառում։ Իսկ հայե՞րը, շատ գրքեր են հրատարակվում, բայց չեն կարդում: Իբր թե դրամ չունեն, բայց երբ տեսնում ես Երեւանի ճոխ կյանքը, զարմանում ես: Առաջինը՝ մենք մշակութային քաղաքականություն չունենք, դա նշանակում է ծրագրավորում եւ դեպի դուրս ներկայություն: Հայաստանը որպես պետական միավոր հնարավորություն ունի շատ տեղերում ներկա լինել, բայց ներկա չէ: Բիենալե, ֆիլմերի փառատոններ՝ սրանք փոքր բաներ են, եւ եթե մի քիչ քրքրենք, կտեսնենք, որ դրանց մեկնակետն ավելի անհատական է, քան պետական։ Երկրորդ` Հայաստանը պետք եղածի չափով չի օգտվում սփյուռքից։ Քիչ ազգեր կան, որ ունեն սփյուռք եւ հին սփյուռք: Մեր պետական այրերը չեն մտածում, որ հայությունը ոչ թե 3մլն է, այլ 10 միլիոն: Երբ մենք այդպես մտածենք, ոչ միայն թվով կավելանանք, այլ նաեւ որակով ու տեսակով: Նաեւ տեսականի է պետք: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը սահմանների մեջ չէ, այլ սահմաններից անդին է, եթե ընդունենք միայն իր սահմանները, մենք կխեղճանանք:

Նազելի Օհանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter