HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի տխրիր, երբ...

Հովհաննես Գրիգորյան

Մի տխրիր, երբ նստած ես սեղանի առաջ

և մի արտասվիր, երբ գինի ես խմում

            կամ Աստված գիտե, թե ինչ,

և մի գրիր բանաստեղծություններ,

երբ հեռու ես քո երկրից:

Փողոցով քայլող այն երեք մարդուց

            դու նա ես, որը չի գնում առաջ,

            և չի օրորում գլուխը

            կամ էլ` չի ճոճվում տեղում.

դու նա ես, որը վճռական ու ողբերգական

                                            շարժումներով        

            խրվում է հողի մեջ`

            անվերադարձ վշտի կնիքը դեմքին:

Իսկ քո մշուշոտ աչքերի առաջ, չափից դուրս հուզված,

ճչում են, թռչկոտում

նավթոտ, կնճռապատ ծովահարսերը…

…Էլի նույն խոսքերի և նույն քամու և ավազի վրա

դու վերջացնում ես քո օրը,

և լուռ նստում ես մութ սենյակի մեջ

և ծերացող տղամարդու հուսահատությամբ

անհեթեթ ժպտում……

Ծննդյան օր 

Ահա, այսպիսի մի կյանք և երեք տասնյակ տարիներ:

Կոտրվող ապակիների միջից, ախ,

                                    ինչ պարզ եմ տեսնում

իմ հեռացող ու կորացած մեջքը`

մի կերպ ամրացրած 

փոշոտ ու հոգնած մի զույգ ոտների վրա:

Ահա, այսպիսի մի կյանք 

          և ցավերի մի չնչին տարեգրություն`

գրանցված երկրորդ կարգի դեղնած ու անպետք թղթի վրա,

և գիսախռիվ ու ցնորված մի ուռենի,

որ երկար ու բարակ մատներն է կոտրատում

թանաքի բաց կապույտ գետակին հակված:

Ճիշտ այսպիսի մի կյանք.- հրեշտակազուրկ, պարզունակ

երկինք` լվացած սպիտակեղենի նման կախ տված ամպերով,

և Աստծո Որդին տրտում ու անփութորեն

կոտրում է մեր սրտի ապակիները: Ա~խ,

ինչ պարզ եմ տեսնում իմ հեռացող ու կորացած մեջքը

կոտրվող ապակիների միջից:

Եվ ընդամենը այսպիսի մի ճիչ,

     և արյան պես ծորացող մի ճիչ`

     կոտրվող ապակիների միջից:

                                                         1975թ. օգոստոսի 7

Հայրերի հող

Ես այս երգը երգում եմ կանգնած,

որովհետև դու նա ես,

ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,

որովհետև դու նա ես.

ում համար կռվի են ելնում առանց հրամանի,

որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,

և  կարոտից արտասվում են օտար սրճարաններում

և  չգիտես թե ուր լողացող նավերի վրա:

Ես այս երգը երգում եմ սկզբից,

որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո

էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,

որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,

լեռները` քարերի կուտակում,

սերը` շքեղություն ավելորդ 

և որդի ծնելը` հանցագործություն:

Ես այս երգը երգում եմ գլխաբաց,

որովհետև դու նա ես,

ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,

երբ մենք ճանապարհ ենք ընկնում, 

երբ մենք սկսում ենք օրը,

երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Փողոցներով անցնում են կույր աղջիկներ

Փողոցներով անցնում են կույր աղջիկներ:

Նրանք գավազան ունեն ձեռքերին

և քայլոգմ են քսվելով պատերին:

   -Եթե դու ինձ սիրեիր,

ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:

Փողոցներում

առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,

նրանք գլուխները խոնարհել են,

իսկ կույր աղջիկները քայլում են

և չեն տեսնում նրանց:

   -Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,

և դու կտեսնեիր ինձ:

Փողոցներում

կամաց - կամաց իջնում են վարագույրները,

և կամաց – կամաց փակվում է բեմը,

և գլուխ տալով կամաց – կամաց 

հեռանում են կույր աղջիկները,

և բանաստեղծներն են հեռանում,

և վարագույրը վերջնականապես իջնում է: 

Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.

վարագույրից այն կողմ

բոլորովին ուրիշ աշուն է:

Գեղարվեստական միջոցառում կանանց գաղութում

Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու

լավագույն ժամանակը: 

Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզգույն

լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…

Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է

հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,

տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան

հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:

Ոգևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,

բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:

Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`

սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ

խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին: 

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես

բաժանման բանաստեղծություններ կարդալու 

                                                           լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև

հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին,

երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես

թեթև հագնված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ

և այլևս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով

կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին

աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը

գլուխները գցած, առանց ամաչելու լալիս են նաև

գույնզգույն լաչակավոր մարդասպանները, գողերը,

ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն

գիտեք` որտեղ կարելի է հանդիպել… 

Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը գլուխը գցած   

լաց լինելու լավագույն ժամանակը: 

Գիշերային թռիչք 

Կոպիտ խոսքերի ժամանակներ են, կոպիտ ու անտաշ

բառերի, թեև հիմա ամեն մի բառ կարող է վերջինը լինել,

ամեն մի պատահական անցորդ` վերջին վկան և վերջին

ձեռք սեղմողը հրաժեշտի պահին: Մաղձոտ երգերի

ժամանակներ են, դառը և տրտում հայացքների…: Բայց

մոտենում է թռիչքի ժամը, շուտով կմթնի բոլորովին, և

վերարկուների փեշերի տակ ճամպրուկները թաքցրած,

գողեգող չորսդին նայելով, արդեն հավաքվում են դեսից-

դենից:   

    Օդակայանի նեղլիկ սպասասրահում դաժան դիմագծերով,

չափազանց նուրբ ակնոցով մի տղամարդ, հանկարծ խոսում է

ֆրանսերեն, այնուհետև, չկարողանալով զսպել իրեն, անցնում է

անգլերենի…: Բայց ոչ ոք չէր լսում նրան, որովհետև, ո՞վ չգիտե,

հիմա լռելու ժամանակներ են և, ո՞վ չգիտե, յուրաքանչյուր

հնչյուն կարող է վերջինը լինել…:

   Հետո բոլորը միանգամից խմբվեցին պատուհանի առաջ` հրմշտում էին իրար, ուզում էին ժամ առաջ տեսնել, ո՞վ գիտե, միգուցե վերջին անգամ, թե ինչպես է գիշերն իր նորածին

լուսնին լողացնում երկնքի անսահման տաշտի մեջ…: Բայց

ի~նչ սքանչելի տեսարան` պատուհանից այն կողմ գալիս էր

անսպասելի ձյունը, որը կարող էր վերջին անձրևը լինել`

կոպիտ ժամանակների, անվերջ լռության, մաղձոտ երգերի

ձյունն ու անձրևը…:

   Եվ խոշոր աչքերով մի գերմանուհի, ոսկրոտ, ինչպես

քերականությունը գերմաներենի, ձգտում էր արտահայտել

ձեռքի շարժումներով` իր անսահման սերն ու համակրանքը փոքրիկ, չափազանց փոքրիկ ժողովրդների նկատմամբ…Թեև,

ամեն մի կրակոց հիմա կարող է վերջինը լինել…:

   Եվ կհավաքվեն հարազատները սգավոր և մեծ չարչարանքով

կկարողանան մի քանի անհրաժեշտ բառ գտնել, կփաթաթեն

այդ մի քանի բառը ծաղկավոր չթի մեջ, կխցկեն վերարկուիդ

գրպանը և արագ-արագ կհեռանան, թողնելով քեզ պատուհանի

առաջ կանգնած` արցունքի կաթիլներով, որոնք մեկ-մեկ

ընկնում էին ջրի մեջ, տաշտակի մեջ, ուր լողացնում էր քեզ

մայրդ, հետո փաթաթում էր ծաղկավոր չթի մեջ, հետո սկսում էր

սրբել ու համբուրել քեզ արագ, արագ, ավելի ու ավելի արագ…

Որովհետև մոտենում էր թռիչքի ժամը, և ամեն մի համբույր

կարող էր վերջինը լինել…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter