HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ ծնվել է»

Սրանք Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Համլետ Միքայելյանի խոսքերն եմ, ում բնանկարների անհատական ցուցահանդեսը բացվեց փետրվարի 16-ին Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում: Համլետ Միքայելյանը հեղինակ է հանրահաշիվ առարկայի մի շարք ձեռնարկների. հեղինակել է մաթեմատկայի` 7-8-րդ դասարանների դասագրքերը, մեթոդական ձեռնարկներ, բարձրագույն հանրահաշվի` բուհական ձեռնարկներ եւ այլն: Նրա գրչին է պատկանում նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի, ինչպես նրա ուսանողներն են ասում, «մատչելի թարգմանությունը»: Հրատարակվել է նաեւ նրա գրական ստեղծագործությունների ժողովածուն: Համլետ Միքայելյանի նկարները հիմնականում 2006-2009 թթ. աշխատանքներ են: Վահագն Միքայելյանը` Համլետ Միքայելյանի որդին, ասում է, որ հայրը ուշ է սկսել նկարել, մեկ անգամ նկարել է, հետո նորից, ու երբ աշխատանքները հավանության են արժանացել տարբեր մարդկանց կողմից, դրանք հետզհետե շատացել են: Թե ինչպես է սկսել նկարել, պրոֆեսորը ինքն էլ դժվարացավ պատասխանել. «Չգիտեմ` ինչպես է ստացվել, երեւի կարոտն է ստիպել` դեպի հարազատ մարդկանց, որոնց մի մասը կա, մի մասը չկա»,-ասում է Համլետ Միքայելյանը: Կարոտի փարատման յուրօրինակ ձեւ են նաեւ նկարներում արտացոլված հայրենի Ծալկայի բնապատկերները: Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը Համլետ Միքայելյանին ճանաչում է երկար տարիներ: Բայց ցուցահանդեսին առիթ ունեցավ բացահայտել նրան նաեւ որպես նկարիչ. «Տեսել եմ, երբ վրձնով առաջին աշխատանքներն էր կատարում, ամբոնի իր անկյունում միշտ նստած աշխատում էր, բայց դա չի խանգարել նրա` մաթեմատիկայի ոլորտում ծավալած գործունեությանը»,- ասում է Նաիրա Սաֆարյանը: Մաթեմատիկայի ֆակուլտետի աշխատակից Սուսաննա Գեւորգյանը նկարների մեծ մասը դեռ ամբիոնում, նախնական տարբերակով է տեսել: «Մենք իրեն որպես մաթեմատիկոս էինք պատկերացնում, բայց երբ տեսնում էինք ներկերի մեջ, տպավորիչ էր»,- ասում է նա: Սուսաննա Գեւորգյանը չի մոռանում հավելել, որ Համլետ Միքայելյանը խորը եւ բարդ անձնավորություն է: Բայց «բարդ» ասելով` նկատի ունի այն, որ սկզբնական շփումն է դժվար, իսկ «շփվելուց հետո արդեն հասկանում ես նրա խորությունը»: Նաիրա Սաֆարյանը նույնիսկ անձնական հարցեր է քննարկել նրա հետ, ճիշտ ուղղություն եւ ճիշտ խորհուրդներ ստացել պրոֆեսորից: Ինչպես ինքն է նշում` պրոֆեսորը նաեւ լավ ընկեր է: «Ես միշտ ապշել եմ նրա բազմաշնորհության վրա, երեք դասագրքերը որ գրեց, ամեն դասը կարդալուց միշտ ապշում էի, որ այսքան նոր ձեւով կարող է մատուցել հանրահաշիվը»,- ասում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդվարդ Այվազյանը: Վերջինս էլ է ականատես եղել, թե ինչպես է Համլետ Միքայելյանի «տաղանդը թեքվել դեպի արձակ», ստեղծել պատմվածքների ժողովածուն: Բայց պատահական մի օր էլ մտել է Համլետ Միքայելյանի գրասենյակ եւ տեսել նրան նկարելիս: «Ոչինչ արած էլ չլիներ, մենակ նրա ստեղծած տրամաբանական հանրահաշիվը, պատկերների հանրահաշիվը, գույների հանրահաշիվը լիարժեք բավականացնում է երջանիկ ապրելու համար»,- ասում է Է. Այվազյանը: Նա համաձայն չէ այն կարծիքին, որ Հ. Միքայելյանը բարդ մարդ է: «Նա մաթեմատիկոս է, բայց չոր մարդ չէ: Ավելին` հրաշալի գրականություն գիտի, նույնիսկ փորձեր է արել պիեսներ գրել»,- ասում է նա եւ նշում, որ ուսանողական տարիներին դասավանդել է իրեն, իսկ նրա հետ շփման ձեւը անմիջականությունն է: Էդվարդ Այվազյանը եւս մի գաղտնիք բացեց` Համլետ Միքայելյանը հրաշալի մարզիկ է. «Նա ամեն ինչից ուժեղ է, լավ խաղում է հատկապես շախմատ: Վոլեյբոլ, ֆուտբոլ նույնպես լավ է խաղում»: «Ընկեր Միքայելյանը այն մարդկանցից է, որ այս կյանքին հարցեր է տալիս ու անսահման բարի հոգով փորձում է հասնել ճշմարտության, ինքը փորձում է այդ ճշմարտությունը մարդկանց տալ»,- շարունակում է Համլետ Միքայելյանի ուսանող Էդիկ Գուլյանը: Մաթեմատիկայի ֆակուլտետի եւ ինֆորմատիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուսի ուսանողները եւս ներկա էին իրենց դասախոսի ցուցահանդեսին: Արդեն 6 տարի Համլետ Միքայելյանը նրանց դասավանդում է, բայց ուսանողները խոստովանում են, որ այդպես էլ մինչեւ վերջ չեն բացահայտել պրոֆեսորին: «Նրան պետք է անընդհատ բացահայտես, ինքը չի բացահայտում իրեն անմիջապես. խորհրդավոր, հետաքրքիր մարդ է»,- ասաց ուսանողներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter