HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ռոբերտ Ֆալետա. «Երեք ամիս անց չեմ կարող ասել` ինչ կլինի, բայց եթե իրավիճակը չփոխվի, կրճատումներ անելու ենք»

Նոյեմբերի առաջին շաբաթներին աշխատողների հետ իր հանդիպումների ժամանակ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարել էր, որ միջազգային տնտեսական անկումն անխուսափելիորեն իր արձագանքները կունենա ընկերության գործունեության վրա:

Ֆալետան նշել էր, որ «Դինո»-ի արտադրանքի (ոսկու, պղնձի, ցինկի) գները զգալիորեն եւ արագ իջել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Չնայած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության սեփականատեր կանադական «Դենդի Փրեշզ Մեթլզի» (Dandee Precious Metals) կողմից միլիոնավոր դոլարների ներդրմանը 2006 թվականին` ընկերության ձեռքբերման օրից սկսած, առ այսօր կոմբինատը շահույթ չի ունեցել:  

«Իրավիճակը շարունակում է վատթարանալ, անցյալ տարի հունվար-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 5,001 տոննա ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումից մենք ստացանք ընդհանուր առմամբ 23,473,000 դոլար: Այս տարի նույն ժամանակահատվածում մենք բարձրացրել ենք խտանյութի արտադրողականությունը, այն է` 7,548 տոննա, սակայն կտրուկ գնանկման հետեւանքով մեր հասույթը կազմեց 12,728,000 դոլար` գրեթե երկու անգամ պակաս, ընդ որում` խտանյութի արտադրությունը 50% բարձրացնելու դեպքում»,- ասաց Ֆալետան` ավելացնելով, որ ինքը հանքարդյունաբերությունում է աշխատում ավելի քան 30 տարի եւ «այս տարիների ընթացքում երբեւիցե ականատես չի եղել նման կտրուկ եւ արագ գնանկման»: 

Իսկ արդեն նոյեմբերի 8-ին` միջազգային ճգնաժամի հետեւանքով ձեռնարկությունում սպասվող կրճատումների (աշխատակիցների 60%-ին) ու 40%-ով աշխատավարձի նվազեցման մասին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հայտարարությունից հետո, աշխատակիցները սկսեցին անժամկետ գործադուլ: Հանքագործների միասնական ու ծայրահեղ պայքարը` գործադուլը, թերեւս, իր նպատակին հասավ: Հիշեցնենք, որ հնգօրյա գործադուլը դադարեցվեց միայն ՀՀ վարչապետի որոշմամբ կառավարության անդամների` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի` Սյունիք կատարած այցից հետո: Կառավարության անդամների հետ համաձայնության գալով` ընկերության սեփականատերերը խոստացել էին նվազեցնել կրճատվողների թիվն ու հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի սոցիալապես չտուժեն կապանցիները: 

Մեկնաբանելով կառավարության անդամների հանդիպումը` ձեռնարկության սեփականատեր կանադական «Dandee Precious Metals»-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանն ասել էր. «Մեր տնօրինության թիմը կօգտագործի կառավարության հետ հանդիպումները` ունկնդրելու եւ որոշելու, թե ինչ ողջամիտ միջոցներ կարող են ձեռնարկվել` մեղմացնելու այս ծանր ժամանակների ազդեցությունն աշխատողների եւ համայնքի վրա»:

ՀՀ  կառավարության անդամների հետ հանդիպմանը ընկերության նախագահ  Ջերեմի Կուպերը ներկայացրեց վիճակագրական տվյալներ աշխարհի մյուս հանքերի իրավիճակի մասին. վերջին 5 ամիսներին մոտ 43 հանք (17 ցինկի հանքերը ներառյալ) կամ փակվել են, կամ նվազեցրել են գործունեության ծավալները, կամ էլ անորոշ ժամկետով հետաձգել են իրենց գործունեությունը: 

«Բոլոր այն պաշտոնյաները, ում հետ մենք հանդիպել ենք, քաջ գիտակցում են այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է հանքարդյունաբերությունը, եւ նրանք մեզ հետ միասին կփորձեն ելք գտնել` մեղմացնելու նախատեսված կրճատումների հետևանքով ստեղծված իրադրությունը»,- հանդիպումներից հետո հայտարարեց Կուպերը:
 
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացած հանդիպումների ընթացքում նախ համաձայնություն ձեռք բերվեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի ղեկավարների եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի միջեւ: Իսկ արդեն նոյեմբերի 18-ին կնքված երկկողմանի հուշագիր-համաձայնագրով «Դինո Գոլդը Մայնիգ Քամփնի»-ն համաձայնում է պահպանել աշխատողների ներկայիս թիվը երեք ամսով` սկսած հուշագիր-համաձայնագրի կնքման պահից: 

Այն աշխատակիցները, ովքեր վերջին մի քանի շաբաթներին արդեն ստացել են կրճատման ծանուցագրերը, հետ կկանչվեն աշխատանքի: Նաեւ համաձայնություն է ձեռք բերվել աշխատողների մի  մասին օրենքով սահմանված կարգով ուղարկել  հարկադիր պարապուրդի: Ի դեպ, հարկադիր պարապուրդի ուղարկվածները կաշխատեն փոխարինաբար: Այսինքն` եթե նույն մասնագիտությամբ մեկ աշխատակից ուղարկվել է մեկ ամիս հարկադիր պարապուրդի, իսկ նրա գործընկերը աշխատում է, հաջորդ ամիս աշխատողին է տրվելու հարկադիր պարապուրդ:  Այս մասին աշխատակիցներին ասաց գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան` նշելով, որ կառավարությունը նույնպես կատարել է խոստումն ու ավելացրած արժեքի հարկը (մոտ 800 մլն դրամ) փոխանցել է ձեռնարկությանը: Գլխավոր տնօրենը պատասխանեց նաև աշխատակիցների հարցերին: Աշխատողների մեծ մասին հետաքրքրում էր այն հարցը, որ հարկադիր պարապուրդի դեպքում նրանց վճարվելու է աշխատավարձի 2/3-րդը: 

«Հնարավո՞ր է դրանով եւ վարկ փակել, եւ վարձավճարները տալ, եւ գոյատևել»,-հարցրին տնօրենին: Տնօրենն ասաց, որ հասկանում է մարդկանց ու այնպես կանի, որ հարկադիր պարապուրդի ուղարկվածները, ովքեր կվարձատրվեն աշխատավարձի 2/3-րդի չափով, 45 հազար դրամից ցածր աշխատավարձ չստանան: 

Հավաքվածներին դիմեց նաև ձեռնարկության արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանը, ով շնորհակալություն հայտնեց ընկերության սեփականատերերին եւ տնօրինությանը: Սուրիկ Թումանյանի խոսքը զայրույթ ու տարակուսանք առաջացրեց աշխատակիցների մոտ, ու վերջիններս նույնիսկ ընդվզեցին: Մանավանդ, որ մինչ այդ Ռոբերտ Ֆալետան հայտարարել էր, թե գործադուլն անօրինական էր, ու ովքեր այդ օրերին աշխատանքի չեկան, չեն վարձատրվելու: 

Աշխատելու պատրաստակամություն հայտնածները, ովքեր, սակայն, աշխատելու հնարավորություն չունեցան, կվարձատրվեն բացակա օրերի  համար: Նշենք, որ այդ օրերին ստեղծվել էր գործադուլային կոմիտե, Սուրիկ Թումանյանն ու անգամ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանն ասել էին, որ գործադուլն օրինական է, ու մինչև վերջ պայքարելու են օրենքի սահմաններում: Ըստ Սուրիկ Թումանյանի`  «Աշխատանքային օրենսգրքով» առնվազն յոթ օր առաջ պետք է ձեռնարկության տնօրինությունը տեղեկացվի գործադուլի մասին: «Բայց գործադուլը նախատեսված չէր. ինքնաբուխ էր, ու նախազգուշական գործադուլը սկսվեց տնօրենի` կրճատումների ու աշխատավարձի նվազեցման հայտարարությունից հետո: Ինչպե՞ս կարելի է հանք մտնող բանվորին հերթափոխից 5-10 րոպե առաջ ասել, որ ինքը այլեւս չի աշխատելու, ես Աստաված էլ դառնայի, չէի կարա ամբոխին պահել»,- ասում է Ս. Թումանյանը` հավելելով, որ եթե այդ տրամաբանությամբ մտածենք, պրն Ֆալետան էլ է խախտել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը` նախապես կրճատումների մասին չտեղեկացնելով արհկոմին ու զբաղվածության կենտրոնին: 

Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ գործալքության պատճառով ձեռնարկության տնօրենը ազատի որոշ մարդկանց: Սա արհկոմի նախագահը բացառում է: 
Թե ի՞նչ է տալու առաջիկա 3 ամիսը ձեռնարկությանը կամ կառավարությանը, դժվար է ասել: Վերլուծաբանների կարծիքով` միջազգային ճգնաժամը դեռ շարունակվելու է մինչեւ եկող տարվա վերջը: Ձեռնարկության աշխատակիցներից մեկի հարցին պատասխանելով` Ռ. Ֆալետան նշեց, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ձմռանը մարդիկ անգործ մնան ու տանը նստեն: «Մենք էլ մարդ ենք, ուստի ընդառաջեցինք: Երեք ամիս անց չեմ կարող ասել` ինչ կլինի, բայց եթե իրավիճակը չփոխվի, կրճատումներ անելու ենք»,- ասաց տնօրենը: 

Հ.Գ. Այն աշխատակիցներին, ում ձեռնարկության տնօրինությունը ծանուցել էր դեկտեմբերի 13-ից կրճատվելու մասին, նրանց ծանուցագրերը հետ են վերցվել ու բաժանվել նորերը: Վերջին ծանուցագրերով` 148 աշխատակցի տեղեկացվում է, որ նրանք անորոշ ժամկետով մեկնում են հարկադիր պարապուրդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter