HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Նաիրիտյան» առճակատում

Բարիկադների մի կողմում պետական «Նաիրիտ» ԲԲԸ-ն է, մյուսում` մասնավոր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Արդեն մի քանի տարի է` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) տարբեր հայցերով մտնում է դատարան` պահանջելով, որպեսզի «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերությունն (ԲԲԸ) իրեն հատկացնի որոշակի տարածքներ կամ միլիոնավոր դրամներ: ՓԲԸ-ն հիմնավորում է, թե փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները: Իսկ ԲԲԸ-ի ներկայացուցիչները նշում են, որ գործարանի վարվելակերպը ոչ միայն հարստահարման դասական օրինակ է, այլեւ հակասում է տիրեզերական կանոնին. ստեղծվողը չի կարող պահանջներ ներկայացնել իրեն ստեղծողին: 2000 թ. դեկտեմբերին Կառավարությունը որոշել է «Նաիրիտ» ԲԲԸ-ն, որն այն ժամանակ «Նաիրիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ն էր, բաժանել 3 մասի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել է` ապահովել «Նաիրիտի» կողմից երկու նոր ՓԲԸ-ների` «Նաիրիտ 1»-ի եւ «Նաիրիտ 2»-ի հիմնադրումը: «Մայր» ընկերության` «Նաիրիտ» ԲԲԸ-ի ուսերին են մնացել մինչ այդ կուտակված հսկայական պարտքերը, իսկ նոր ստեղծված ՓԲԸ-ները, ազատվելով դրանցից, հնարավորություն են ստացել նորմալ աշխատել: «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն հետագայում դարձել է հայ-չինական համատեղ ձեռնարկություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսի սեփականատերը Հայաստանն է, մնացածինը` Չինաստանը: Իսկ «Նաիրիտ 1»-ը, որ այսօր անվանափոխվել է «Նաիրիտ գործարան»-ի, 2006 թ. պետության կողմից վաճառվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» անգլիական կազմակերպությանը: «Որ բաժանումը կատարվեց, ԲԲԸ-ին պատկանող շարժական եւ անշարժ գույքը գտնվում էր գործարանի տարածքում: Նոր սեփականատերը` «Ռայնովիլը», առաջ քաշեց ունեցվածքի խնդիր, եւ տնտեսական դատարանը հստակ առանձնացրեց, թե գործարանի տարածքում գտնվող գույքի որ մասն է ԲԲԸ-ինը: Բայց, միեւնույն է, մենք չկարողացանք այն տիրապետել նույնիսկ հարկադիր կատարողների միջոցով, քանի որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանն անընդհատ ստեղծում էր խոչընդոտներ»,- ասում է «Նաիրիտ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի նախագահ Լաուրա Մանգասարյանը: Վերջինիս խոսքերով` հարկադիրներն արդարացել են, թե «չեն ուզում մտնել մատի ու մատանու արանքը»: «Նման բան չկա. մենք միշտ էլ կողմ ենք եղել, որպեսզի նրանք տեղափոխեն իրենց գույքը, անգամ նման խնդրանքով գրություններ ենք գրել: Պարզապես ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում արվի. թող հստակ գույքագրում լինի, հետո նոր տանեն: Հակառակ դեպքում` թույլ չենք տա, որ հարկադիր կատարողը մտնի պահեստ, մոտավորապես, իր պատկերացմամբ որոշի, թե որ գույքն ում է պատկանում,- ասում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության պետ Արմեն Աբովյանը եւ մանրամասնում,- տեսեք` պահեստում կա 2 ավտոամբարձիչ` մեկը մեր բալանսում, մյուսը` ԲԲԸ-ի, մեկը լավն է, մյուսը` ոչ: Հարկադիրները եկել էին, որ դրանցից մեկը տանեն: Ասացի` շատ լավ, տարեք, բայց ո՞րը: Ասացին` «չէ, սենց չի լինի, պետք է գույքագրում արվի» ու թողեցին գնացին»: Ա. Աբովյանի խոսքերով` մինչ խնդիրը կլուծվեր, իրենց հայցով պայմանավորված` դատարանի որոշմամբ արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա, եւ հարցը մնացել է առկախ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, ի դեմս գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի, դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան` պահանջելով «Նաիրիտ» ԲԲԸ-ից հօգուտ ՓԲԸ-ի բռնագանձել մոտ 54 միլիոն դրամ` իբրեւ անհիմն հարստացման գումար: 2008 թ. օգոստոսի 11-ին դատարանը վճռել է, որ ԲԲԸ-ն 2001 թվականից, ապօրինի օգտագործելով գործարանի պահեստները, ձեռք է բերել անհիմն խնայողություններ, եւ որպես արենդավճար հիշյալ գումարը պետք է հանձնի ՓԲԸ-ին: «Հետո մենք կարողացանք ապացուցել, որ նախ` 2001-ին «Նաիրիտ գործարանը» գոյություն չուներ եւ չէր կարող վարձավճար պահանջել 7 տարվա համար, իսկ իրենց օրոք ԲԲԸ-ն անընդհատ փորձել է գույքը դուրս բերել, բայց գործարանը թույլ չի տվել»,- ասում է ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի նախագահը: 2008 թ. նոյեմբերի 20-ին վերաքննիչ դատարանը առաջին ատյանի 54 միլիոնը բռնագանձելու մասով վճիռը բեկանել է` որոշման մեջ հատուկ ընդգծելով, որ «նույնիսկ գործարանի կողմից դատարան ներկայացված թղթավարությունից երեւում է, որ 2008-ի ընթացքում ԲԲԸ-ն բազմիցս դիմել է ՓԲԸ-ին` իր գույքը տեղափոխելու համար, սակայն նման հնարավորություն չի ստացել: Ավելին` նույնիսկ էկոնոմիկայի փոխնախարարը գրությամբ ԲԲԸ-ին խոստացել է խնդրի լուծման հարցում նախարարության միջամտությունը»: 2003 թ. սկսվել է «Նաիրիտ» ԲԲԸ-ի լուծարային գործընթացը, որի ընթացքում ԲԲԸ-ն աստիճանաբար վաճառել է իր որոշ ակտիվները` անավարտ շենք-շինությունները, եւ մարել պարտքերի որոշակի մասը: ՓԲԸ-ն այս անգամ մտել է դատարան` խնդրելով պարտավորեցնել ԲԲԸ-ին իր սեփականությանը հանձնել ԲԲԸ-ի կողմից օտարված հիշյալ շինությունները: Գործարանը, վկայակոչելով Կառավարության 2000 թ. դեկտեմբերի թիվ 875 որոշումը, նշել է, որ ԲԲԸ-ն, ժամանակին հիմնելով իր իրավանախորդ «Նաիրիտ 1»-ը, վերջինիս կանոնադրական կապիտալում պետք է ներդներ ոչ միայն քիմիական գործարանը, այլեւ դրա հետ տեխնոլոգիապես կապված բոլոր շենքերն ու շինությունները, մինչդեռ ԲԲԸ-ն դրանք օտարել է: Դատավոր Տիգրան Պետրոսյանը, ինչպես Լաուրա Մանգասարյանն է ասում, «դիմելով ինքնագործունեության` իր խաղը խաղացել է»: Վճռի պատճառաբանական մասում նա նշել է, թե, այո, ԲԲԸ-ն իր պարտավորությունները պատշաճ չի կատարել, հիշյալ տարածքներն, իրոք, պետք է հանձնվեին ՓԲԸ-ին, բայց քանի որ դրանց գնորդները բարեխիղճ ձեռքբերողներ են, հայցը չի կարող բավարարվել: «Նաիրիտ» ԲԲԸ-ն վերաքննիչ դատարանից խնդրել է, առանց վճիռը բեկանելու, վերացնել դատավոր Պետրոսյանի վճռի պատճառաբանական մասը: Սակայն վերաքննիչը ոչինչ չի փոխել: Ուշագրավն այն է, որ գործարանն իր հերթին վերաքննիչից պահանջել է ոչ թե բեկանել առաջին ատյանի վճիռը, որով մերժվել էր իր հայցը, այլ ուղղակի խնդրել է ուժի մեջ թողնել այն եւ չընդունել ԲԲԸ-ի բողոքը: Պատճառը, ըստ Լաուրա Մանգասարյանի, շատ պարզ է. դատավոր Պետրոսյանի կայացրած վճռի պատճառաբանական մասի շարադրությունը «գործարանի տնօրեն Վ. Մելքոնյանին չի զրկել պետական ԲԲԸ-ի ունեցվածքին տիրանալու ախորժակից»: «Նաիրիտ գործարանը» 2008-ի վերջին կրկին դիմել է դատարան` հիմա էլ պահանջելով «Նաիրիտ» ԲԲԸ-ին պարտավորեցնել գործարանին հանձնել դեռեւս չօտարված օբյեկտները` մոտ 151,5 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Դատավոր Խաչիկ Բաղդասարյանը 2009-ի հունվարի 23-ին հայցը բավարարել է, սակայն մայիսի 6-ին վերաքննիչ դատարանն այն բեկանել է: Իր որոշման մեջ վերաքննիչը նշել է, որ 2001-ի փետրվարին ԲԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատվել է «Նաիրիտ 1»-ում ներդրվող գույքի ցանկը, իսկ 2001-ի հունիսին «Նաիրիտ 1»-ի եւ ԲԲԸ-ի միջեւ կնքվել է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանագիր, որի բովանդակությունից հետեւում է, որ «Նաիրիտ 1»-ում պետք է ներդրվեր միայն ԲԲԸ-ի բաժնետերերի ժողովի որոշմամբ նախատեսված գույքը: «Այն հանգամանքը, որ պայմանագրում հիշատակված է նաեւ Կառավարության թիվ 875 որոշումը, դեռեւս չի նշանակում, որ հանձնման ենթակա գույքի կազմում պետք է ընդգրկվեր ցանկացած գույք, որը տեխնոլոգիապես կապ ունի քիմիական գործարանի հետ: Գործարանն ընդամենը հղում է կատարել այդ որոշման վրա, բայց որեւէ կերպ չի ապացուցել, որ վիճահարույց գույքը պետք է ներդրվեր իր կանոնադրական կապիտալում: Բացի այդ, կողմերի հետագա վարքագիծը նույնպես վկայում է, որ իբրեւ բաժնետոմսերի դիմաց ներդրվող գույք նրանք ի նկատի են ունեցել բաժնետերերի ժողովի որոշմամբ սահմանված գույքի կազմը, քանի որ նրանց միջեւ կնքված փոխադարձ ճշտումների եռակողմ համաձայնագրով` կողմերը փաստել են, որ գույքի ներդրման հետ կապված պարտք ու պահանջ միմյանց նկատմամբ չունեն»,- արձանագրել է վերաքննիչ դատարանը: Վերաքննիչը նաեւ փաստել է, որ Կառավարության որոշմամբ ներդրվող գույքի սպառիչ ցանկ չի սահմանվել, ուստի «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից անավարտ շինությունները գործարանին հանձնելու պարագայում կխախտվի ԲԲԸ-ի սեփականության իրավունքները, քանի որ տվյալ հանձնումը կդիտվի որպես հավելյալ ներդրում, որի դիմաց ԲԲԸ-ն բաժնետոմսեր չի ստացել: Հատաքրքիրն այն է, որ վերաքննիչը միաժամանակ նշել է, որ գործարանը ժամանակին չի արձագանքել իր իրավունքների ենթադրյալ ոտնահարմանը եւ խախտել է հայցային վաղեմության ժամկետը` նման պահանջ ներկայացնելով միայն 2008-ին: Չնայած այս ամենին` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, ընդդեմ «Նաիրիտ» ԲԲԸ-ի, նորից հայցով դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիմնվելով դատավոր Տիգրան Պետրոսյանի վճռի պառճառաբանական մասի վրա` գործարանը նշել է, որ ԲԲԸ-ի կողմից օտարված տարածքներն իրենց չեն հանձնվել միայն այն հիմնավորմամբ, որ դրանց գնորդները բարեխիղճ ձեռքբերողներ են: «Հիմա եթե այդ տարածքները տեր ունեն եւ դրանք անհնար է մեզ հանձնել բնեղենով, մենք իրավունք ունենք պահանջելու վնասների հատուցում: Որովհետեւ եթե նույնիսկ այդ շինությունները չօգտագործեինք արտադրական նպատակներով, դրանք, որպես գույք, իրենց ինքնարժեքով կլինեին մեր բալանսում»,- ասում է ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության պետ Արմեն Աբովյանը: Ըստ նրա` կա մեկ այլ կարեւոր խնդիր եւս. «Ինձ մասնագետներն ասել են, որ «Նաիրիտ գործարանից» ցանկացած օբյեկտ պետք է լինի 1000 մ հեռավորության վրա` անվտանգության նկատառումներից ելնելով: Սովետական Միությունից եկած այս նորմատիվները գործում են նաեւ այսօր: Իսկ վաճառված տարածքները գործարանից հեռու են ընդամենը 20 մետր»: «Նաիրիտ գործարանը» հաշվարկել է, որ ԲԲԸ-ն, օտարելով հիշյալ գույքը, իրեն հասցրել է 320 մլն դրամի վնաս: Դատավարության ընթացքում գործարանը, ելնելով լիցենզավորված կազմակերպության շուկայական արժեքներով կատարած գնահատումից, ավելացրել է հայցապահանջը` գումարի չափը հասցնելով մոտ 1 մլրդ 25 մլն դրամի: Այնուհետեւ դրանից հանել է գնորդների կողմից վճարված հողի կադաստրային արժեքը եւ պահանջել «Նաիրիտ» ԲԲԸ-ից բռնագանձել մոտ 884 մլն դրամ` որպես վնասի փոխհատուցում: Դատավոր Արայիկ Կուբանյանը գործարանի հայցը բավարարել է: Այս տարվա մարտի 3-ին այն ուժի մեջ է թողել նաեւ վերաքննիչ դատարանը: «Այստեղ խոսքը գնում է հարստահարման մասին,- ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը,- Կառավարության որոշմամբ ներդրվող գույքի ցանկ չի սահմանվել, բայց ենթադրենք` օտարված շինությունները, իրոք, պետք է հանձնվեին «Նաիրիտ 1»-ին: Սկսենք նրանից, որ իրավաբանության մեջ կա «քեզ ի՞նչ» սկզբունքը` իրավունքի ծագման խնդիրը: Եթե հարեւանիդ բակում անօրինական լողավազան է կառուցվում, միայն այն, որ կառուցողը շինթույլտվություն չունի, բավարար չէ դատարան դիմելու համար: Որովհետեւ դատավորը հարցնելու է` լավ, քեզ ի՞նչ, քո ո՞ր իրավունքն է խախտվում, եւ եթե դու չասես, հայցդ մերժվելու է: Իսկ այս գործով 2001 թ. ստեղծվողը` «Նաիրիտ գործարանը», դեռ չի եղել, հետեւաբար նրա որեւէ իրավունք չէր կարող խախտվել»: Փաստաբան Զոհրաբյանի ներկայացմամբ` 2001 թ. նորաստեղծ ՓԲԸ-ին` «Նաիրիտ 1»-ին, ցանկով տրվել է 6 մլրդ դրամի գույք, որին համարժեք «Նաիրիտ» ԲԲԸ-ն ստացել է բաժնետոմսեր: «Ընդունենք` ՓԲԸ-ն ճիշտ է ասում` Կառավարության որոշմամբ պետք է հանձնվեր, ասենք, 10 շենք, բայց տրվել է 2-ը` 6 մլրդ արժողությամբ: Հիմա նա չտրվածի արժեքը գնահատել է 884 մլն, դատարանն էլ վճռել է գումարը գանձել «Նաիրիտ» ԲԲԸ-ից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե ինչ-որ բան տալիս ես, դրա դիմաց անպայման պետք է ստանաս բաժնետոմս»,- մանրամասնում է փաստաբանը: «Նաիրիտ» ԲԲԸ-ն հակընդդեմ հայց է ներկայացրել` խնդրելով գործարանի պահանջը բավարարելու դեպքում այդ գումարի` 884 մլն դրամի չափով իրեն տրամադրել համարժեք բաժնետոմսեր: Սակայն երկու ատյաններն էլ հակընդդեմ հայցը մերժել են: Գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter