HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարեգործը տուն է կառուցում անապահով ընտանիքի համար

Սոնա Սարգսյանն ու նրա երեք դուստրերն արդեն 7 տարի է ապրում են վագոն տնակում: Նրանք հարմարվել էին այդ պայմաններին ու երբեք չէին էլ երազում, որ մի օր տուն կունենան, որ ձմռանը տնակի երկաթյա սառը պատերի փոխարեն կունենան քարե պատեր, ամռանը ավելի հով կլինի իրենց սենյակներում, իսկ երեխաները չեն դժհոգի տնակում վազվզող միջատների ու սողունների առկայությունից: Սոնան ամուսնացել է 1992 թվականին ու ամուսնու` Տիգրանի հետ մեկ տարի անց մեկնել են Ռուսաստան: Այնտեղ ունեցել են սեփական տուն, հողամաս, անասուններ ու լավ են ապրել: Տիգրանը շինարար է եղել ու կարողացել է իր աշխատանքով ընտանիքը պահել: Երեք աղջիկներն էլ` 16 տարեկան Մարիամը, 15- ամյա Լյուբան եւ 10 տարեկան Կարինեն ծնվել են Ռուսաստանում: 2003 թվականին թոքի քաղցկեղից մահացել է Տիգրանը ու Սոնան կարողացել է վաճառել միայն անասունները եւ այդ գումարով աղջիկների հետ միասին տեղափոխվել է Հայաստան: Ռուսաստանում ունեցած տունն ու հողամասերը այդպես էլ թողել են անտեր, քանի որ ամուսնու մահից հետո փաստաթղթերի հետ կապված դժվարություններ են եղել ու Սոնան չի կարողացել դրանք կարգավորել: Արդեն Հայաստանում ձեռքի տակ եղած գումարով վագոն-տնակ է գնել ու Էջմիածնում հայրական տան դիմաց, գլխավոր փողոցներից մեկի մայթեզրին փոքր հողակտորի վրա տեղադրել է տնակը: 240 քմ հողը նվիրատվության կարգով հատկացրել է Էջմիածնի քաղաքապետարանը: Տարածքը ցանկապատված չի եղել, նույնիսկ զուգարանը փողոցի վրա է եղել, իսկ հարեւաններից մեկը օգտվելով ցանկապատ չլինելու հանգամանքից «բիսետկա» է կառուցել զուգարանից քիչ հեռու: Տարածքը դարձել է փողոցի տղամարդկանց համար նարդու ու շախմատի խաղատեղ: Սոնայի մեկ այլ հարեւանն էլ միշտ անցնելով այդ փողոցով նկատել է տնակի տեղի անհարմարությունը եւ որոշել է իր միջոցներով ցանկապատել տարածքը, որ գոնե օտար մարդիկ չներխուժեն ընտանիքին բաժին հասած տարածք: Իր ցանկության մասին նա ասել է Սոնային: Մեկ ամիս անց այդ հարեւանը, որն իր անունը չի ցանկանում հրապարակել, Սոնային է հանձնում մի փաստաթուղթ. «Շատ ուրախացանք, որ մեր տարածքը ցանկապատվելու է: Հետո որոշ ժամանակ անց մոտեցավ ինձ ու մի փաստաթուղթ տվեց, հետո տեսա որ տան հատակագիծ է, ոչ թե պարիսպի:  Մենք չէինք սպասում, սա անսպասելի լուր էր իմ ու երեխաներիս համար: Հիմա երջանիկ ենք, որ կապրենք նորմալ պայմաններում, որը երբեւիցէ չենք տեսել Հայաստանում ու նույնիսկ չենք էլ երազել, որ նորմալ տուն կունենանք»,- «Հետքին» պատմում է Սոնան: Բարեգործը չի ցանկանում անունը հիշատակել, քանի որ նրա պարզաբանմամբ` իր անունը նշելով կկորի բարեգործություն անելու բուն իմաստը: Նրա աղջիկները Սոնայի երեխաների ընկերուհիներն են եղել ու հաճախ են խաղացել տնակում: Անապահով ընտանիքի համար տուն կառուցելու գործում մեծ է եղել նաեւ երեխաների գործոնը, քանի որ նրանք պատմել են իրենց հայրիկին, թե ինչ անմխիթար պայմաններում են ապրում իրենց ընկերուհիները: Տուն կառուցողի աղջիկներից մեկի հետ ավելի մտերիմ է Կարինեն: Նա պատմեց, որ ընկերուհին երբեք իրեն չի ասել, որ հայրը տուն է կառուցելու իրենց համար: «Բայց հիմա, որ արդեն կառուցում են,  շատ է ուրախացել, ասում է, որ ամեն օր կգա մեր տուն խաղալու»,- ասում է Կարինեն: Նա արդեն պատկերացնում է, թե ինչպես է լինելու իր սենյակը: Կարինեն նախընտրում է, որ իր սենյակի պատերը լիեն վարդագույն կամ կապույտ, վարագույրները նույպես պատերի գույնով է պատկերացնում: Վագոն-տնակի անմիջական հարեւանությամբ արդեն կիսով չափ կառուցվել է տունը, պատերը կանգնած են, իսկ ամբողջ շենքը պատրաստ կլինի հավանաբար եկող տարի: Նորակառույց տունն ունենալու է մեկ հյուրասենյակ, 2 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց, միջանցք եւ պատշգամբ: «Ես չգիտեմ թե ինչպես եղավ, որ մեզ համար տուն են կառուցում: Երբեք նրան չեմ դիմել օգնության համար, որովհետեւ հույս էլ չունեինք, որ ինչ որ մեկը կհայտնվեր ու մեզ կօգներ»,- ավելացնում է Սոնան: Սոնան արդեն վագոն- տնակը վաճառելու մասին գրություն է փակցրել տնակի պատին: Նրանք ուզում են օր առաջ ազատվել այն տնակից, որտեղ անցկացրել են իրենց կյանքի  7 տարիները: Ընտանիքն արդեն մեկ շաբաթ է Սոնայի քրոջ տանն է ապրում եւ սպասում են իրենց նոր տանը: Տիկնոջ ասելով, ինքը երբեք չի աշխատել` զբաղվել է տան գործերով, ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է եղել ամուսնու վրա: Հիմա արդեն 3 անչափահաս երեխաներին պահելու համար Սոնան ստիպված է աշխատել: Կայուն աշխատանք չունի ու որոշակի գումարի դիմաց մաքրում է քաղաքի մեծահարուստների տները: Խնամողին կորցնելու համար թոշակ ու նպաստ երեխաները ստանում են, սակայն դա կազմում է 60 000 դրամ: «Ամեն ինչ չեմ առնում ուտելու, հագուստի համար, որ կարողանամ ծայրը ծայրին հասցնեմ, հակառակ դեպքում ամսվա կեսին գումար չենք ունենա: Դժվարությունները շատ-շատ են, որովհետեւ շուտով երեխաներս դպրոց են գնալու ու գումար է անհրաժեշտ, բայց չեմ ուզում մտածմունքներով ինձ ու երեխաներիս ծանրաբեռնեմ, ուզում եմ թեթեւ անցնի այս փուլը: Աստված մեծ է մի բարի դուռ կբացվի»,- նշում է Սոնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter