
Դատարանը պարտավորեցնում է հերքում տպագրել արդեն գոյություն չունեցող թերթում
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Սուսաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ ներկայումս լույս չտեսնող «Հայք» թերթի խմբագրության և նախկինում այդ թերթի (այժմ` «Ժողովուրդ» օրաթերթի և «lragir.am» կայքի) թղթակից Արման Գալոյանի և Սվետլանա Առաքելյանի:
Հիշեցնենք, որ Սուսաննա Բաղդասարյանը պահանջում էր հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում երկրորդ պատասխանողի ( Սվետլանա Առաքելյանի) հեղինակած «Սպանության հետքերով» հոդվածում հրապարակված, հանգուցյալ որդու հիշատակը պղծող, բարի համաբավն ու անունն արատավորող տեղեկությունները:
Համաձայն վճռի՝ Սվետլանա Առաքելյանը պարտավոր է հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված «Սպանության հետքերով» խորագրով հոդվածում Հայկ Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Հայք» թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Հերքում» խորագրի ներքո: Սակայն նշեցնք, որ «Հայք» թերթն այլևս լույս չի տեսնում:
Դատարանը ապացուցված է համարել, որ հոդվածում Սվետլանա Առաքելյանի տրամադրած տեղեկատվության բառացի շարադրանքն է զետեղվել հոդվածում: Ընդ որում` տեղեկատվությունը մեջբերվել է որպես ուրիշի ուղղակի (Սվետլանա Առաքելյանի) խոսք` չակերտների մեջ: Այսինքն` հոդվածում առկա է հղում սկզբնաղբյուրին , և այդ պայմաններում պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրող Արման Գալոյանը, այլ Սվետլանա Առաքելյանը` որպես թերթի միջոցով արատավորող տեղեկություններ տարածող:
Մեկնաբանել