HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու Կառավարությանը, այլ ոչ թե դատախազությանը

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ՎՊ-ի վերջին ուսումնասիրությունների արդյունքները։ Առաջին և կարևորագույն հարցը, որ անդրադարձավ ՎՊ նախագահը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործումն էր և թույլ տրված ապօրինությունները (տես հոդվածը՝ Վերահսկիչ պալատն առաջարկում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից )։ Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են միայն պայմանագիրը, վերլուծել են այն, և փորձել են հասկանալ, թե արդյոք պայմանագրային պարտավորությունները կատարվել են, թե ոչ։ Իսկ մնացած նյութերը հետևանք են պայմանագիրը չկատարելուն։ «Կարծում եմ, տվյալ դեպքում ՎՊ խորհուրդը շատ ճիշտ է վարվել, որ առայժմ դնում է լիցենզիոն պայմանագրի շարունակելու խնդիրը, հանքավայրի հետագա շահագործման հետ կապված խնդրի վավեր կամ անվավեր լինելու հարցը»,- ասաց Ի. Զաքարյանը։ Իշխան Զաքարյանը նշեց, որ ընդերքը պետությանն է և յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտելի է, բայց թե ինչու այդ դատապարտելի արարքի մասին դատախազություն նյութերը չեն ուղարկել, պարզաբանեց. «Ես չեմ թաքցնում, որ այս ուսումնասիրությունները շարունակում ենք, և չեմ էլ ուզում բացառել, որ մի օր էլ կարող է որոշակի այլ ինֆորմացիաների կուտակման դեպքում մենք ուղարկենք նաև դատախազություն։ Առայժմ մենք բավարարվել ենք նրանով, որ դրել ենք միայն խնդիրը՝ լիցենզիոն իրավունքից զրկելու և այլ խնդիրներին անդրադառնալու հարցը»։ Թե ովքեր են այս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող հանքի իրական տնօրինողները, Իշխան Զաքարյանը չցանկացավ մանրամասնել՝ խնդրելով ՎՊ նախագահին սուբյեկտիվ դաշտ չտանել։ «Դուք պատկերացրեք՝ ես սկսեմ անուններով խոսել։ Իհարկե շատ միամիտ կլինի, որ կարծեք, որ մենք որոշակի անուններ չգիտենք կամ գիտենք։ Եթե սկսեմ խոսել անուններով, ազգանուններով, հայրանուններով, վաղը, մյուս օրը գիտե՞ք ինչ կստացվի, ցանկացած մեր հրապարակում, ցանկացած իմ հանդիպումը ձեր հետ կգնա դեպի սուբյեկտիվ դաշտ, և ինչ գնահատական ասես՝ կտաք»,- ասաց Ի. Զաքարյանը։ Նա հավելեց, որ իրենք միայն կատարում են օրենքով իրենց վերապահված գործողությունները։ Նախկինում հանքի շահագործման ստուգումներ կատարվել են, թե ոչ, ՎՊ նախագահը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ չեն եղել, բայց մենք այս երեք տարվա մեջ որևէ ստուգող այլ կազմակերպության նյութերի վրա չենք հենվել»։ Իշխան Զաքարյանը խոստացավ, որ ցանկացած հանքավայր ուսումնասիրվելու է շատ խիստ և ներկայացվելու է հանրությանը։ Իսկ ՎՊ-ի 2011 թ.-ի գործունեության տարեկան ծրագրում դեռևս ուսումնասիրվելու է ընդերքն ու դրա օգտագործման օրինականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter