
Ավելի քան 1000 լուսանկար եւ 90 ժամ տեսանյութ արցախյան պատերազմի մասին
40-ամյա Հակոբ Պողոսյանը, 1990-1994 թթ. մասնակցելով արցախյան պատերազմին, միայն մեկ անգամ է գործի դրել զենքը: Հակոբը լուսանկարիչ է, ղարաբաղյան շարժման վավերագրողներից մեկը:
Պատերազմի դաշտում նրա անցած ուղին բավականին երկար է. Երասխավան, Նոյեմբերյան, Իջեւան, Գորիս, Գետաշեն, Հադրութ, Ղարադաղլու, Կրկժան, Մալիբեյլի, Խոջալու, Աղդամ, Շուշի...
Այս ուղին նա անցել է Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակի, Ռոմիկի, Բորիսի, պարսկահայ Հարմիկի, Շահեն Մեղրյանի, Սասուն Միքայելյանի, Վիտյա Այվազյանի «Խալդ», Հակոբ Հակոբյանի «Մալաթիա», «Արաբո» ջոկատների հետ` ֆոտոխցիկով ու տեսախցիկով վավերացնելով հիշարժան պահերը, այդ թվում` մարտական գործողությունները: Այժմ Հ. Պողոսյանի արխիվում ավելի քան 1000 լուսանկար ու 90 ժամ ընդհանուր տեւողությամբ 25 հատ տեսաժապավեն կա:
Տեսաժապավեններից մեկում Շուշիի ազատագրումն է:
«Մայիսի 8-ն էր: «Հ1-ից» Մհերյան Բաղդիկը, Սիմոնյան Գագիկն ու ես հետ էինք գալիս Հադրութի շրջանի Էդիլլու գյուղից. գնացել էինք նկարահանումների,- պատմում է Հակոբ Պողոսյանը:- Ճանապարհին հայտնեցին, որ գործողություն է պատրաստվում դեպի Շուշի, բայց մայիսի 7-ին արդեն սկսվել էր Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ գրոհը: Բաղդիկն ասաց. «Ես գնամ Երեւան, Էդիլլուի նյութերը տամ, որ եթեր գնա»: Ես ու Սիմոնյան Գագիկը չգնացինք: Շոշ գյուղի մոտ տեղակայված էր հրամանատարական կետը. այնտեղ էին Կոմանդոսը, Գեորգի Պետրոսյանը, գեներալ Դալիբալթայանը: Ես գնացի այնտեղ ու հետո Արարատի տղաների հետ մտա Շուշի: Տղաները Ղազանչեցոց եկեղեցու մոտ էին հավաքվել, ոչ ոք դեռ ներս չէր մտել, եկեղեցին «գրադի» արկերով էր լցված, դրա պատճառով էլ մոմերը պատերին էին վառում: Այդ ժամանակ կամերան միացրի ու ներս մտա, հետեւիցս գոռացին, թե ականապատված է, բայց կամերան չանջատեցի, դեպի խորանը գնացի: Այդ պահին Արարատի ջոկատի տղաներից մեկն անցավ կամերայի դիմացով ու խորանի վրա առաջին մոմը վառեց: Այդ պահը նկարեցի: Հետո տղաները ներս եկան, սկսեցին մոմ վառել ու Կոմիտաս երգել: Պարգեւ սրբազանն ու Զորի Բալայանն էլ եկան, սրբազանը պատարագ մատուցեց: Մի քիչ ուշ Ամարասի Արթուրը ներս մտավ: Հիմա այդ կադրերը հեռուստատեսությամբ շատ են ցույց տալիս. պատարագն ընթացքի մեջ է, բոլորը կանգնած են, Արթուրն էլ չոքած լացում է...
Հետո Երեւան ճանապարհեցինք Ջանհասան-Քյոսալարի գործողության ժամանակ զոհված տղաներին. հիմնականում Գյումրիի ջոկատից էին: Առաջինը իմ ու Սիմոնյան Գագիկի կադրերը եթեր գնացին «7 օր» հաղորդաշարով: «Հայլուրը» հունվարին փակվել էր: Հետո նյութերը հեռարձակվեցին «Հատե տի» հաղորդաշարով («հատե տի» Ղարաբաղի բարբառով նշանակում է «այ այդպես)»:
Հակոբի լուսանկարները տպվել են «Ազատամարտ», «Ազգ», «Եթերում է Երեւանը» թերթերում: Դրանք ու տեսանյութերը հիմնականում եղել են Խոջալուի, Շուշիի, Հադրութի, Շահումյանի կռիվներում արված կադրեր: Նրա պատմելով` դեռ խորհրդային տարիներին` պատերազմի սկզբնական շրջանում, իրենց հրացաններով ճակատ եկած տղաները չէին ցանկանում նկարվել` վախենալով խորհրդային իրավապահների հետապնդումներից:
Լուսանկարիչը պատմում է, որ զենք վերցրել է 1992-ի Խոջալուի եւ Շուշիի գործողությունների ժամանակ, բայց չի օգտագործել: Միակ դեպքը եղել է 1993-ի մարտի 27-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում: Այդ օրվա նկարահանումն ամենավտանգավորն է եղել Հ. Պողոսյանի կյանքում:
Հայկական ուժերը պետք է ազատագրեին Քելբաջարը: Շահումյանի պարտիզանական ուժերին հրահանգ էր տրված դիվերսիոն գործողություններով թույլ չտալ, որ Շահումյանի կողմից ադրբեջանցիները հավելյալ զորախումբ ուղարկեն դեպի Քելբաջար` հայերին դիմագրավելու համար:
«Շահեն Մեղրյանը ռացիայով ինֆորմացիա ստացավ, որ Շահումյանից դեպի Սարսանգի ջրամբար տանող ճանապարհը պետք է փակվի, քանի որ Քելբաջարի ուղղությամբ գործողություն է սկսվել: Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը Շահենին կանչեց Երեւան, հանձնարարական տվեց. մեր նպատակն էր օգնել Ղարաբաղի ճակատին փակել ճանապարհը, ինչը պիտի արվեր ժայռեր պայթեցնելով եւ թշնամու մեքենաները շարքից հանելով,- պատմում է Հակոբ Պողոսյանը:- Մարտունիից հանվել էին Մոնթե Մելքոնյանի ջոկատները, Մարտակերտում Նորայր Դանիելյանն էր, բոլոր ուժերը կենտրոնացվել էին Մարտակերտի ուղղությամբ, որպեսզի մտնեն Քելբաջար: Ղարաբաղի հետախուզությունից ինֆորմացիա ստացվեց, որ Տոնաշենում 10-15 հոգանոց մի պահակակետ կա: Պետք էր գրավել գյուղը, բայց ոչ թե պահել, այլ ուղղակի, հակառակորդին չեզոքացնելով, իրականացնել դիվերսիոն գործողությունները: Մարտի 27-ի առավոտյան ժամը 5:15 հասանք գործողության վայր, մի 30 րոպե ուսումնասիրեցինք տարածքը: Հարկավոր էր պայթեցնել այն տունը, որտեղ, ըստ հետախուզության, հակառակորդն էր: Տունն անտառից հեռու էր մոտ 100 մետր: Այդ ժամանակ դեռ քնած էին, շարժ չկար, միայն պահակներից մեկը իջավ, ջուր վերցրեց, ու վերջ: Մենք մոտեցանք երկու կողմից, երրորդ խումբը` Շահեն Մեղրյանի գլխավորությամբ, պետք է մտներ գետի կողմից: Շահենն ասաց. «Ինձ հետ արի», ես էլ պատասխանեցի, թե «10 հոգի են, մենք էս կողմից ենք խփելու, դուք էլ կմիանաք, էլի»: Լույսը բացվելուն պես մերոնք մոտ 20 մետրից խփեցին նռնականետով: Չկպավ, անցավ տան վրայով: Ներսից կրակոցներ սկսվեցին մեր ուղղությամբ: Կողքի երկու տներից էլ սկսեցին կրակել, փաստորեն, երեքում էլ զինվորներ կային: Մոտ 1 ժամ տեւեց մարտը: Նահանջել չէր լինի, որովհետեւ այդ դեպքում մյուս կողմից եկող տղաներն էլ էին կրակի տակ ընկնելու, պետք էր պահել, որ նրանք հասցնեին շրջանցել: Ես նկարում էի, երկու հոգի դիմացս զոհվեցին, մեկը` հենց կադրիս մեջ, ուզեի-չուզեի` պիտի ավտոմատն օգտագործեի... Կասետը հանեցի, կամերան թողեցի այդտեղ, հետո վերցրի: 4-5 հատ գնդակ էր կպել կամերային: Վարդանը, Սաքոն, Հայկը զոհվեցին, չորսս վիրավորվեցինք»:
Տոնաշենից հետո Հակոբը եւս մեկ անգամ վիրավորվել է Ֆիզուլիում` 1993-ի սեպտեմբերին...
Լուսանկարիչը 1984-2003 թթ. աշխատել է Պետական (այնուհետ` Ազգային, Հանրային) հեռուստատեսությունում: Հիմա լուսանկարչատուն ունի, հիմնականում զբաղվում է լուսանկարչությամբ: Տեսանյութերով օգնել է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ստեղծմանը, հիմա էլ շարունակում է կադրեր տալ տարբեր հաղորդաշարերի: Բայց ամենակարեւորը արխիվի պահպանումն է, ինչը մեծ ֆինանսներ է պահանջում:
«Զենիթով» արված լուսանկարներն ու VHS ֆորմատի ժապավենները թվայնացնել է պետք: Սակայն լուսանկարիչն ասում է, որ կադրերը մաքրելը, վերականգնելը շատ թանկ հաճույք է անհատի համար: Նրա ասելով` իր նյութերն օգտագործող հեռուստաընկերությունները թվայնացնում են միայն ժապավեններից իրենց անհրաժեշտ կադրերը, որոնք էլ հետո տալիս են իրեն DVD-ի վրա: Վերջինս, սակայն, հուսալի չէ, բացի այդ` ինքն էլ կարող է առանց մեծ ծախսերի VHS-ը դարձնել DVD: Ամեն դեպքում լուսանկարիչը երբեւէ չի փորձել որեւէ մեկին դիմել. «Ինքս եմ DVD-ների, եւ հիմնականում MINIDV-ների վրա անցկացնում, բայց դրանց որակն ու հուսալիությունն այն չէ: Ելքը DVCAM-երի վրա անցկացնելն է, սակայն դրա մեկ ժամը 150 դոլար կկազմի: Ճիշտը երեւի համակարգչի հիշողության սարքի` վինչեստրի վրա անցկացնելն է, բայց դա էլ կապված է ծախսերի հետ»:
Անցյալ տարի լուսանկարիչը անհատական ցուցահանդես կազմակերպելու նպատակ ուներ, ինչը չստացվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Նույն ֆինանսների բացակայությունն է խանգարում ավելի քան 1000 լուսանկարների մշակմանն ու թվայնացմանը: Ամեն դեպքում, դրանցից մոտ 300-400-ն այսօր արդեն մշակված են համակարգչի միջոցով:
Հ. Պողոսյանի նկարներից մի քանիսը ցուցադրվում են «Մայր Հայաստան» թանգարանում եւ Ռազմական ինստիտուտում, երեք նկար էլ գտնվում է Ստեփանակերտի թանգարանում:
Մոտ ապագայում Հակոբը պատրաստվում է շարք պատրաստել անտեսված ազատամարտիկների մասին, որոնք հիմա մեկուսացած են հասարակությունից, ապրում են սարերում, կան նաեւ անօթեւան դարձած, աղքատության եզրին հայտնված տղաներ: «Բոլորը հիմա գեներալ են դարձել. նրանցից այն կողմ մարդ չեն տեսնում»,- եզրափակում է Հակոբ Պողոսյանը:
Տես նաեւ՝ Շուշի, 9 մայիս 1992
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել