HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խայտառակություն Երևանի կենտրոնում. Սոֆի Դևոյանի և պարսկահայերի տան ապագա «մանսարդը» զրկելու է հարևան տները արևից

Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքը դեռևս 2009 թվականին մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ, ինչպես սեպ խրվելով փոքր սեփական տների մեջ, ամբողջովին փակում էր նրանց լույսը:

Պարզվել է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երևանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյան Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):

Արա Սուքիասյան Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը` մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):

Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչնեի համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տներ այլևս չի թափանցում արևը: Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:

Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի` Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»:

Շենքի հարևանությամբ ապրող բնակիչները պահանջում են քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը:

Խնդրում ենք լրագրողներին ևս հետևողական լինել այս հարցում:

Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter