HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են շնչում Հրազդանում

Հեռուստալրագրողը համառորեն կրկնում է. 
- Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքի օդը մաքու՞ր է: 
- Մաքուր է, մաքուր,- կարճ կապում է զրուցակիցը` պատասխանից ակնհայտորեն խուսափողի փութկոտությամբ:

- Ձեզ չի՞ անհանգստացնում ահա այն ծխնելույզներից վերեւ գոյացած գորշ ամպը (ձեռքով ցույց է տալիս Հրազդանի ցեմենտի գործարանի եւ ՋԷԿ-ի կողմը): 


Պատասխանողը սառն ու անտարբեր հայացքով նայում է չորս բոլորը, ապա դեմքին հազիվ նշմարելի դառն ժպիտով պատասխանում.

- Ուզում եք, որ պետությունը հոսանք չունենա՞: Պետությունը ցեմենտ չունենա՞...

- Իսկ պետության մարդիկ առողջություն չունենա՞ն:

Այսպիսի ըմբռնող ու «պետականասեր» քաղաքացիներ ունեցող երկրի ղեկավարները պիտի ամեն ինչ անեն, որ երկրի գլխավոր հարստություն համարվող մարդկանց առողջությունը երբեք չվտանգվի: Չէ՞ որ՝ «Մարդն է ամենաթանկ կապիտալը»:

Սակայն վերամբարձ դատողություն անելու փոխարեն փորձենք հանդիպել արդյունաբերական այս երկու հսկաների ղեկավարների հետ եւ հնչեցնել մի պարզ նախադասություն. «Ի՞նչ են շնչում Հրազդանում»:

Նախ` հարցը տալուց առաջ hարկավոր է մոտենալ նրանց, եթե դա մեզ հաջողվի:

Ինչպես ասում են` այս օբյեկտ մուտք գործել չի կարող հավքն իր թեւով, օձն իր պորտով: Ստիպված դիմեցինք գրավոր: Գլխավոր տնօրենի տեղակալ Ս. Ն. Պրովկինը մեր դիմումին պատասխանեց` «ՀրազՋԷԿ»-ը հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտ է, եւ արտադրական գործունեության հետ կապ չունեցող անձանց գտնվելը խիստ արգելված է»:

Ցեմենտի գործարանի տնօրենի հետ հանդիպելն անհույս է. ռուսի ասած «զավտրան» երբեք չես տեսնի:

Մի պահ թողնենք նրանց իրենց տեղերում, քանզի ճշմարտությունը պահանջում է ասել, որ այս ամենի համար պատասխան տվողները միայն նրանք չեն, այս վիճակը ամենեւին էլ նրանց օրով չի ստեղծվել: Այն ունի նախապատմություն:

Հրազդանի տարածաշրջանը (Ծաղկաձորը, Հանքավանը) մի ժամանակ համարվում էր առողջարանային գոտի, այստեղ էին հանգստանում հանրապետության պիոներիան, հովեկները, առողջարաններում բուժվում Միության տարբեր ծայրերից եկող հիվանդները: Հետո այս վայրում կառուցվել սկսվեց արդյունաբերական հսկա Լեռնաքիմիականը, որը պիտի ունենար 12 գործարաններ:

Բոլորը ցնծության մեջ էին:

Դրանցից միայն մեկը՝ ցեմենտի գործարանը հասցրին կառուցել: 70-ականների կեսերին լույս աշխարհ ընկան այն ժամանակների համար անսովոր անձինք եւ համոզեցին, որ Լեռնաքիմիականը աղետ է այս տարածաշրջանի համար, քանի որ առողջարանային գոտին կվերածվի մահվան թագավորության: Լեռնաքիմիականը փակվեց:

Բոլորը դարձյալ ցնծության մեջ էին:

Լեռնաքիմիականից մնաց միայն ցեմենտի գործարանը, որն, ինչպես պարզվեց հետագայում, 12 գործարաններից ամենավնասակարն էր: Այստեղ կառուցվեց նաեւ մեկ ուրիշ հսկա` ՊՇԷԿ-ը, որի մթնոլորտային արտանետումները, գիտնականների հավաստմամբ, ավելի վտանգավոր են, քան ցեմենտինը:

Ցնծությունը շարունակվում էր:

«Փառք ՍՄԿԿ» կարգախոսը ճակատին շարունակվում էին կառուցվել ՊՇԷԿ-ի նոր բլոկները: Հասան մինչեւ 5-րդին: Կուսակցության կանխատեսումներն այն ժամանակ անքննելի էին, բոլորը կողմ էին, դեմ չկար: Հիմա այդ մասին խոսելն անիմաստ է, մանավանդ որ փոխվել են կարգերը, փոխվել են բարքերը, եւ ամենակարեւորը՝ պատմության անիվը հետընթաց չունի:

Վերադառնանք մեր օրերը: Ցեմենտի գործարանը եւ ՊՇԷԿ-ը իրողություն են (վերջինս հիմա կոչվում է ՀրազՋԷԿ), դրանց դեպի երկինք միտված ծխնելույզներն այսօր էլ ցեմենտափոշի եւ ծծմբային հիդրիտներ են շաղ տալիս շրջակա միջավայրի եւ մարդկանց վրա: Եթե դրանք նախկինում պետական սեփականություն էին, եւ շատ հաճախ հանուն պետական կարիքների անտեսվում էին բնապահպանության շահերը, ապա այսօր ոչ մի տրամաբանության, մարդասիրության ու հայրենասիրության կանոնների մեջ չի տեղավորվում այն իրողությունը, որ գոյություն ունի այս տարածաշրջանում: Այսօր այդ արդյունաբերական հսկա-մոնստրները մասնավոր սեփականություն են, ցեմենտի գործարանը պատկանում է հայ մի մեծահարուստի, վաղը մեկ ուրիշին կպատկանի, ՀրազՋԷԿ-ի սեփականատերը ռուսական կազմակերպությունն է: Մեր նպատակը չէ նոր սեփականատերերին զրկել իրենց բիզնեսի շահույթներից: Թող հարստանան, աճեն ու բարգավաճեն, բայց ոչ մեր բնության ու մարդկանց առողջության հաշվին: Հիմա նրանք պիտի մեզ հասկանան, որ մենք այլեւս համբերելու տեղ չունենք: Եթե ուզում են արտադրություն կազմակերպել, ապա չպետք է մտածեն միայն գերշահույթներ կորզելու մասին, բարի լինեն իրենց շահույթներից հատկացնել արտադրական թափոնների վնասազերծման, շրջակա միջավայրի առողջացման համար:

Լրագրողը հարցնում է մանկաբույժին.

- Ինչպիսի՞ն է մանկական հիվանդությունների դինամիկան (աճողակարգը) մեր քաղաքում:

- Անցած տարվա համեմատ այս տարի մոտ 200-ով ավելացել է:

- Գուցե պատճառն ահա այն սմոգն է, փոշու ամպը:

Բժշկուհին մի պահ զգաստանում է, ապա ավելացնում.

- Չեմ կարծում: Պատճառը հարբուխն է եւ մրսածությունը:

Լսելով բժշկուհուն` կարելի է կարծել, թե Երկիր մոլորակը հետզհետե մթնոլորտային սառը շերտեր է մտնում: Մինչդեռ գիտնականները պնդում են, որ մարդու առողջության վրա մթնոլորտի աղտոտման ամենաուժեղ ազդեցությունը առաջ է գալիս սմոգի փուլում, երբ թոքային եւ սրտանոթային հիվանդությունների թիվը կտրուկ աճում է, առաջանում են հարբուխային համաճարակներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը 2005-ի մայիս ամսվա օդային ավազանի դիտարկման նպատակով Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Ալավերդու եւ Արարատի 13 դիտակայանների միջոցով վերցրել է օդի 3893 փորձանմուշ, որոշվել է մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը: Ի դեպ, պատկերը գրեթե չի փոխվել 2006-ի եւ 2007-ի տվյալներում: Մենք հակված չենք անվերապահորեն ընդունելու այդ տվյալները, հնարավոր է, որ դրանցում, մեղմ ասած, սուր անկյունները հարթված են:

Երեւան քաղաքում փոշու սահմանային թույլատրելի արտանետման նորմերը գերազանցվել են 2,7 անգամ, ծծմբի երկօքսիդինը՝ 2,6, ազոտի երկօքսիդինը՝ 3,3, ազոտի օքսիդինը՝ 1,2, օզոնինը՝ 1,8 անգամ:

Հրազդան քաղաքում փոշու թույլատրելի նորմը գերազանցվել է 3 անգամ:

Երեւան քաղաքի պարագայում ամեն ինչ հասկանալի է: Ի դժբախտություն մեզ, մեգապոլիսի հավակնություն ունեցող մեր մայրաքաղաքը վաղուց հեռացել է քաղաքաշինության եւ բնապահպանական տարրական նորմերից: Երեւանում տրանսպորտային թունավոր գազի արտանետումները նվազեցնելու մասին խոսելն այսօր կարծես անիմաստ է դառնում: Վերջերս հեռավոր Ալյասկայից ժամանած ամերիկացի մեր գործընկերը շշուկով ասաց՝ «Երեւան քաղաքից մի տեսակ հոտ է գալիս»: Մենք այդ հոտը չենք զգում, աշխարհ ման եկած լրագրողը զգացել էր:

Ինչ վերաբերում է Հրազդանին, ապա այստեղ, ինչպես տեսաք, փոշու միջին ամսական քանակը ամենաբարձրն է հանրապետությունում, թույլատրելի նորմը գերազանցվել է երեք անգամ: Անցած տարվա տվյալներով, այդ նորմը հուլիս, օգոստոս ամիսներին գերազանցվել է 5,8 անգամ: Եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքը գտնվում է բարձրլեռնային գոտում, որտեղ առհասարակ թթվածնի քանակը նվազ է, քան հարթավայրում գտնվող Երեւանում, ապա ստացվում է, որ մենք տագնապալի վիճակում ենք հայտնվել:

Ցեմենտի գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերի մեծ մասը ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել է: Էլ չենք ասում, որ ամեն պահի այդ զգայուն սարքավորումները կարող են շարքից դուրս գալ` կապված տեխնոլոգիական գործընթացի շեղումների հետ: Ճիշտ է. գործարանի տարբեր արտադրամասերում տեղակայված են օդի եւ ծխագազերի չոր մաքրման սարքեր` այսպես կոչված ցիկլոններ, սակայն դրանց մեծ մասը, մեզ հասած տեղեկություններով, չի գործում:

Աներկբա է, որ մեր քաղաքի օդի ավազանի հիմնական աղտոտիչների` ցեմենտի գործարանի ու ջերմաէլեկտրակայանի դեմ մեր ուժերով պայքարը կնմանվի հողմնաղացների հետ դոնկիխոտյան մենամարտի:

Հասկանալի է, որ այս երկու հսկաներն ունեն իրենց բիզնեսի շահերը, ինչո՞ւ պիտի շահագրգռվեն բնապահպանական ծախսեր անել, երբ մանավանդ չկա բնապահպանության գործի համար ոչ հասարակական պահանջարկ, ոչ էլ ժամանակին պետական պատշաճ մոտեցում է եղել: Սա է ապացուցում, որ տարիների ընթացքում պատկերը գրեթե չի փոխվում:

Պետական մոտեցման առումով գուցե փորձեն մեզ առարկել բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, ասելով, որ հենց այդ գործի համար է ստեղծված մարզային տեսչությունը: Ճիշտ է միանգամայն, այդպիսի տեսչություն կա եւ գտնվում է Աբովյան քաղաքում: Այսինքն՝ մեր քաղաքի օդի մաքրությանը հետեւում են Աբովյան քաղաքից, այդ հետեւողները, պարզ է, մեզ հետ չեն շնչում նույն օդը, մեզ հետ չեն հիվանդանում շնչուղիների նույն «պնովմոկոնիոզ» կամ «սիլիգոզ» հիվանդությամբ, ինչը որոշ մասնագետներ նույնիսկ «հրազդանյան» հիվանդություն են անվանում:

Հարց է առաջանում` մի՞թե Աբովյանից տեսչության աշխատողները երբեւիցե չեն գալիս Հրազդան: Գալիս են իհարկե: Մեզ հասած տվյալներով՝ նրանք Հրազդանում տուգանքներ են նշանակում բնությունը եւ շրջակա միջավայրը աղտոտողներին, օրինակ՝ «Աղբյուրակ» խորովածանոցի տիրոջը տուգանել են 100 հազար դրամ, որ խորովածի մանղալների ծուխը աղտոտել է մթնոլորտը: Իսկ թե ի՞նչ տուգանքների են արժանացել Հրազդանի ցեմենտի գործարանը եւ ՀրազՋԷԿ-ը, հայտնի է մեկ իրենց, մեկ էլ աստծուն, հասարակությունը, ինչպես միշտ, անտեղյակ է մնում:

Տուգանքը՝ տուգանք, սակայն եթե անգամ դրանք եղել են, ապա առաջին հերթին պիտի ուղղվեին հենց այդ տարածաշրջանի շրջակա միջավայրի առողջացմանը եւ բնակավայրի բարելավմանը: Մինչդեռ հրազդանցիները եթե մինչեւ այժմ ունեին ՀրազՋԷԿ-ի վնասակարությունը արդարացնող ինչ-որ սփոփանք, այն է՝ ցրտաշունչ լեռնային գոտում գտնվող քաղաքը ձմռանը ջեռուցվում էր ՀրազՋԷԿ-ի պաղարանների էժանագին ջերմաէներգիայով, ապա վերջին տարիներին դրանից էլ զրկվեցին: ՀրազՋԷԿ-ը բնակիչների ջեռուցման պարտքի դիմաց Հրազդանի քաղաքապետարանից գումարներ եւ հողատարածքներ ստանալուց հետո կենտրոնական ջեռուցումը մեկընդմիշտ դադարեցրեց:

Մի նուրբ դիտարկում եւս. ՀՀ բնապահպանության նախարարության վերոհիշյալ տեղեկության մեջ նշվում էր միայն Հրազդան քաղաքի օդի մեջ եղած փոշու մասին, իսկ ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, ազոտի օքսիդի, օզոնի մասին՝ լռություն ամենեցուն:

Բնապահպանության նախարարությանը թողնենք Երեւանում: Վերադառնանք մեր քաղաք, որտեղ գտնվում է մարզպետարանի բնապահպանության բաժինը: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այս բաժնի ֆունկցիաները օր օրի պակասում են: Այդ դեպքում ավելորդ չի՞ դառնում նրանց` միայն համակարգող գործառույթ իրականացնող գոյությունը:

Բնապահպանության բաժին կա նաեւ քաղաքապետարանում, որը այս հարցերի ամենասրտացավ եւ շահագրգիռ կողմը պիտի լիներ, եւ մեզնից առաջ իրենք պիտի այս հարցը բարձրացնեին եւ լուծումներ պահանջեին, ինչի ականատեսը երբեւիցե չենք եղել:

Մեր մարզում գործում է նաեւ սանէպիդ ծառայություն: Փորձեցինք նրա միջոցով պարզել, թե կարո՞ղ ենք ամենօրյա տեղեկություն ստանալ Հրազդան քաղաքի օդի, ջրի մաքրության վերաբերյալ: (Ի դեպ, ցեմենտի գործարանի հովացման համակարգերի օգտագործած կեղտաջուրը թափվում է Մարմարիկ գետը, որը Հրազդան գետի վտակն է):

Պարզվեց մի զավեշտալի իրողություն. սանէպիդ ծառայությունը պարտավոր է տարվա մեջ միայն մեկ անգամ խմելու ջրի անալիզ կատարել, իսկ օդի բաղադրության որոշողները իրենք են՝ ՀրազՋԷԿ-ը եւ ցեմենտի գործարանը: Կարծես թե նույնն է, երբ հավանոցին պահակ են կարգում... աղվեսներին:

Առավել զարմանալին մեկ այլ փաստ է: Հանրապետությունում գործում են բազում բնապահպանական հասարակական կազմակերպություններ, որոնք պետական հովանավորությունից բացի ստանում են նաեւ դրամաշնորհներ: Մի՞թե երբեւիցե նրանց մտքով չի անցնում հետաքրքրվել նաեւ այն օդի բաղադրությամբ, որը շնչում են մարդիկ, կենդանական աշխարհը:

Իմ ընդդիմախոսները կհարցնեն` որտեղի՞ց հասարակական կազմակերպություններին այդքան լաբորատոր սարքավորումներ, չափիչ սարքեր: Ցանկության դեպքում այդ հարցը անլուծելի չէ: Նախ` պետությունն ինքը պիտի աջակցի, պայմաններ ստեղծի վերահսկողություն իրականացնելու համար: Արտասահմանյան շատ երկրներում քաղաքացիները իրենց գրպանում կարող են ունենալ չափիչ սարքեր, որոնցով հսկողության տակ են պահում մթնոլորտի աղտոտիչներին, էլ չենք խոսում դրամաշնորհներով զինված բնապահպանական հասարակական կազմակերպությունների մասին, որոնք, կազմելով քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչներ, կոչված են հենց այդ նպատակի համար:

Այս հարցում պակաս դեր չունեն ԶԼՄ-ները: Ամեն օր լրատվության միջոցներն իրենց պարտքն են համարում տեղեկություններ տալ մթնոլորտային տեղումների մասին, որ մարդիկ հանկարծ անձրեւի տակ չընկնեն, կարկուտի հարվածներ չկրեն: Մի՞թե պակաս կարեւոր չէ, որ մարդիկ իմանան, թե այդ օրը ինչ քանակի վտանգավոր ծծմբային հիդրիտներ կամ կապարի փոշու հատիկներ են օդի հետ իրենց թոքեր ներթափանցում: Ինչպես ասում են՝ անձրեւից փախչողը հաճախ կարկուտի տակ է ընկնում:

Այսպես հերթով քննադատության սլաքները մեկից մյուսին ուղղելով, մենք, իհարկե, գլխավոր պատասխանողին չենք գտնի: Ընդամենը կհաստատենք այն պարզ ճշմարտությունը, որ եթե պատասխանատուները մի քանիսն են, ուրեմն ոչ մեկն իրեն պատասխանատու չի զգում: Մինչդեռ կա այդ հարցի ամենակարճ պատասխանը՝ հասարակությանը տեղեկատվություն տրամադրել օդի, ջրի մաքրության վերաբերյալ: Ես նոր բան չեմ ասում եւ ոչ էլ նոր Ամերիկա եմ հայտնագործում: Ընդամենը հիշեցնում եմ ՀՀ երկու օրենքների` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին»: Վերջինս ընդունվել է 2003-ի հոկտեմբերի 22-ին նախագահ Ռ. Քոչարյանի ստորագրությամբ, որի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ յուրաքանչյուր պետական մարմին անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւերով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել հանրության առողջությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը: Եթե այդ օրենքը գործեր, իսկ օրենքներն ստեղծվում են միայն այն նպատակով, որ գործեն, ապա Ապարանում այդքան մարդ չէր թունավորվի, ի դեպ, նույնը տեղի է ունեցել տարիներ առաջ նաեւ Հրազդանում, եւ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն բանը չի կրկնվի մեկ այլ տեղ: Մեր ղեկավար այրերը հաճախ են խոսում եվրոինտեգրման մասին եւ շարունակ մոռանում պետության եւ օրենքի առջեւ իրենց պատասխանատվության եւ այն մասին, որ եթե օրենք են մշակել, ուրեմն պիտի տեր կանգնեն այդ օրենքին: Առաջին հերթին խոսքս վերաբերում է արդարադատության նախարարությանը, որի նախկին նախարարին, մեզ հասած տեղեկություններով, չգիտես ինչու, այս օրենքը դուր չէր եկել, եւ չէին մշակվել այդ օրենքի գործառության մեխանիզմները: Գուցե նո՞րը կանդրադառնա այս հարցին:

Շատ հաճախ մեր իմաստուն այրերից լսվում է այսպիսի պատասխան, թե օդի ու ջրի մասին տեղեկատվության հաճախակի հրապարակումը խուճապ կարող է առաջացնել մարդկանց շրջանում: Եվրոպայում, անգամ Ռուսաստանում օդի եւ ջրի մաքրության մասին ամենօրյա տեղեկատվություն է հրապարակվում եւ ոչ մի խուճապի կամ տագնապի փաստ չի արձանագրվել: Մինչդեռ օրը ցերեկով եւ անգամ կեսգիշերին մայրաքաղաքի, ոչ միայն մայրաքաղաքի, ռեստորաններում ինչ-որ մեկի ծննդյան օրվա առթիվ պայթող հրավառության կրակահերթերն ու տրաքտրաքոցներն իրապես խուճապի եւ տագնապի զգացողություն են առաջացնում:

Կա նաեւ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք: Ծաղկաձորը պետք է դառնա հանրապետական տուրիզմի կենտրոն: Մինչդեռ Ծաղկաձորում անտառային ծածկույթը տարեցտարի իր տեղը զիջում է էլիտար դղյակներին ու շինություններին: Տուրիստներին, անշուշտ, շքեղ դղյակներով չես զարմացնի, եւ դրանց համար չէ, որ նրանք գալիս են Ծաղկաձոր: Այդ որ տուրիստը կցանկանա շնչել փոշու կամ թունավոր գազերի սահմանային նորման եռակի գերազանցող օդ, նրանք, համոզված ենք, տեսնում են փոշու ամպը, նաեւ իրենց գրպաններում ունեն օդի բաղադրությունը որոշող սարքեր ու միջոցներ, տեղնուտեղը կստուգեն, եւ Ծաղկաձորը տուրիստական կենտրոն դարձնելու փուչիկը իսկույն կպայթի:

Բնապահպանությունը մեզ համար ռազմավարական կարեւոր ծրագիր է, այն աստիճան կարեւոր, ինչպես հայրենիքի պաշպանության, ազգային անվտանգության ռազմավարական ծրագիրը, եւ երբեք էլ չի կարելի թողնել միայն պետական չինովնիկի հույսին, որը կարող է երբեմն հանուն իր կարիերայի զոհաբերել անգամ համընդհանուր ազգային ու համամարդկային շահերը: Աշխարհի բոլոր ծայրերում էլ չինովնիկները նման են իրար:

Վերջին ժամանակներս հրազդանցիները մի հետաքրքրական դիտարկում են արել. պարզվում է՝ ցեմենտի գործարանը շաբաթ եւ կիրակի օրերին երբեմն չի աշխատում, ենթադրում են, որ այդ օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանգստանալու է գալիս Ծաղկաձոր:

Ճիշտ է, հիմա երկրում սառույցը հալվելու նշաններ են երեւակվում, կյանքի խոցելի երեւույթների դեմ ոչ միայն սկսել են բարձրաձայն խոսել, այլեւ գործել: Սակայն այս ամենը ժամանակի ընթացքում կրկին կդառնա դարձ ի շրջանս յուր, եթե չձեւավորվի ամենօրյա եւ մշտական հասարակական հսկողություն ու հասարակական պահանջարկ: Սա է միակ ճիշտ ուղին:

Մնացական Հարությունյան, «Հրազդան» թերթի խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter