HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Չկայացած աճուրդներ. արտագաղթն արժեզրկում է գյուղի հողերը

Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքի ասֆալտապատ ճանապարհն ավարտվեց համայնքապետարանի մոտ: Վարորդն արգելակեց մեքենան` ուրախացած, որ չի շարունակելու ճանապարհը: Համայնքապետարանում, ըստ հայտարարվածի, այդ օրը պետք է տեղի ունենար համայնքային սեփականության հինգ տարբեր հողամասերի աճուրդ-վաճառք: Համայնքապետերն այդ աճուրդները կազմակերպում են համայնքային բյուջեն համալրելու նպատակով: Որքան աճուրդի ժամանակ կարողանան «թանկացնել» իրենց ունեցվածքը և բարձրացնել վաճառվող գույքի արժեքը, այնքան համայնքի ֆինանսական միջոցները շատ կլինեն, և հնարավոր է, օրինակ, համայնքապետարանի մոտ ավարտվող ասֆալտը շարունակություն ունենա: Պարզվեց, սակայն, որ աճուրդ-վաճառքները միշտ չէ, որ գյուղը բարեկարգելու հնարավորություն են տալիս. վաճառքի ներկայացված հինգ հողամասերից որևէ մեկի աճուրդն այդ օրը չկայացավ` հայտեր չլինելու պատճառով:

Համայնքապետ Գրիշա Թադևոսյանն ասաց, որ Նոր գյուղում աճուրդների ձախողվելու պատճառը արտագաղթն է:

Հող գնել ցանկացողները, նրա կածիքով, կարիք չունեն համայնքապետարանի կազմակերպած աճուրդներին մասնակցելու, որովհետև կարողանում են ավելի էժան գնել արտագաղթող համագյուղացիներից:

«Հողային օրենսգրքի» համաձայն` աճուրդի կազմակերպիչը (համայնքապետը) հնարավորություն ունի աճուրդի դրված հողամասի գինը սահմանել նույնիսկ մինչև դրա կադաստրային արժեքի 50%-ի չափով (ոչ պակաս): Սակայն, Գրիշա Թադևոսյանի խոսքով՝ գյուղում վաճառվում են դրանից էլ էժան հողամասեր, որովհետեւ գնացողները «չեն նայում գնին, էժան վաճառում են ու գնում»: Վերջին չորս տարվա ընթացքում գյուղից հեռացել է մոտ 120 տնտեսություն՝ ասաց համայնքապետը:

Նոր Գյուղի համայնքապետարանն այս աճուրդի մասին հայտարարություն էր տվել  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Համայնքապետի կարծիքով՝ դա բավարար է, որ աճուրդին մասնակցել ցանկացողները տեղեկանային վաճառվող գույքի մասին:

Համայնքապետարանի ցուցատախտակին աճուրդի վերաբերյալ որևէ հայտարարություն չկար և, չնայած դրան, Գրիշա Թադևոսյանը կարծում էր, որ աճուդների մասին բոլորն էլ տեղյակ են: Համայնքապետի համոզմամբ` նրանք «Հայաստանի Հանրապետություն» կարդում են, իսկ աճուրդին մասնակցելու հայտեր չներկայացնելու պատճառն այն է, որ պարզապես չեն ուզում հող գնել: Այդուհանդերձ, նշենք, որ անցյալ տարի այս համայնքում 10 աճուրդ կայացել է:

Գրիշա Թադևոսյանն արդեն 18 տարի Նոր գյուղ համայնքի ղեկավարն է: Նա երկար խոսեց գյուղի խնդիրների մասին, կարող էր նաև չավարտել. այս գյուղը գրեթե ոչինչ չունի:

Սակայն ֆինանսական միջոցներ գտնելու և խնդիրները նվազեցնելու միջոցը, համայնքապետի կարծիքով, համայնքային գույքի աճուրդ-վաճառքները չեն:

Oրինակ` ճանապարհը մինչև համայնքապետարան ասֆալտապատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջոցներով` նշեց նա: «Տեսնենք, թե էս վիճակի վերջն ինչ է լինելու»,- անորոշ եզրափակեց համայնքապետը:

Գյուղացիներից Սամվել Գրիգորյանը պատմեց, թե ինչ է լինելու գյուղում իր ստեղծած մեծ ֆերմայի վերջը: Նա պատրաստվում է վաճառել անասուններին, որովհետեւ գյուղացիները չեն ցանկանում իր ֆերմայում աշխատել: Նրա ֆերման կաթ է մատակարարում նույն տարածաշրջանում գտնվող «Թամարա» ընկերությանը: Մեկ լիտր կաթ կթելու համար Սամվել Գրիգորյանը աշխատողին վճարում է 15-20 դրամ, ասում է, որ ավել չի կարող, որովհետև «Թամարան» էլ իրենից է էժան գնում կաթը, իսկ գյուղացիներից ոչ ոք չի համաձայնվում այդ վարձատրությամբ աշխատել:

Նոր գյուղի բնակիչների եկամուտը հիմնականում դրսից ուղարկված գումարներն են: Համայնքապետ Գրիշա Թադևոսյանը կարծում է, որ արտագաղթը անհրապույր է դարձնում գյուղն ու գյուղի աշխատանքը: Հինգ հողամասերի համար աճուրդ-վաճառքի հայտարարությունը համայնքապետարանը շուտով նորից կհրապարակի` գնորդ գտնելու հույսով: Աճուրդի հանված բնակելի կառուցապատման հողամասերից երեքի մեկնարկային գինը համանքի ղեկավարը սահմանել է 496,800 դրամ, իսկ մյուս երկուսինը` 621,000 եւ 645,300 դրամ:

Նույն օրը աճուրդ էր նշանակված Կոտայքի մարզի մեկ այլ գյուղում` Նոր Գեղիում:

Աճուրդի կազմակերպիչը՝ համայնքապետ Ֆռոնտիկ Թևոսյանը, աճուրդի հայտարարված ժամին համայնքապետարանում չէր: Հողաշինության բաժնի ղեկավար Արարատ Դավթյանն ասաց, որ նա վատառողջ է, բայց աճուրդը չկայացավ այլ պատճառով.հայտեր չէին ներկայացվել:

Արարատ Դավթյանի խոսքով` իրենք աճուրդի մասին պատշաճ տեղեկացրել են գյուղացիներին:

Թե ինչն է պատճառը, որ աճուրդին որևէ հայտ չի ներկայացվել, նա պատասխանեց, որ վաճառվող հողամասը, հավանաբար, որևէ մեկին չի հետաքրքրել: «Առանձին հողակտոր է, չմշակվող հող է, հարեւաններն էլ չեն ուզում»,- ասաց նա:  

Հայտարարությունը հրապարակվել էր azdarar.am կայքում: Այս կայքում հայտարարությունները հրապարակելը նախատեսված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով: «Անցած տարի մենք մոտ մի քսան աճուրդ ենք արել, մարդիկ մասնակցել են, էլի է եղել, որ հայտեր չեն ներկայացրել, եղել է, որ մի հայտ է ներկայացվել, աճուրդը չի կայացել: Այդ աճուրդի հարցն արդեն կարգավորված ընթանում է մի քանի տարի, նունիսկ մի քանի ստուգումներ են արվել ու թերություն չի հայտնաբերվել»,- ասաց Ա. Դավթյանը:

Այս համայնքապետարանի ցուցատախտակին ևս որևէ հայտարարություն չկար աճուրդի մասին, Ա. Դավթյանի ասելով` հայտարարությունը փակցված է եղել դեռ մեկ ամիս առաջ, սակայն պոկվել է:

Գյուղացիներից Հրայր Մեծոյանը տեղյակ չէր, որ այդ օրը համայնքապետարանում հողամասի աճուրդ-վաճառք պիտի լիներ: Բայց տեղեկանալուց հետո էլ ասաց, որ չի ուզում մասնակցել: «Անկապ հողերն» են աճուրդի դնում` կարծում է նա, և ում որ հողամաս պետք է գյուղում, արդեն ունի:

«Մարդիկ թողում-էթում են ռուսաստանները, բայց որ աշխատես, ստեղ էլ կարաս ապրես,- ասաց 28-ամյա Հրայրը,- բա հող են տվել, մշակի, ապրի»: Շատ են գյուղից գնացողները՝ ասաց նա, եւ պատճառն այն է, որ գիտեն թե այնտեղ «եղ ու մեղր են բաժանում»: «Մի մարդ կար գյուղից, ասում էր՝ Մոսկվա եսիմ ինչեր եմ անում: Մի անգամ գնացինք Մոսկվա հարսանիքի, մտանք մոյկա` տեսանք էդ մարդը ավտո լվացող ա աշխատում: Որ մեզ չտեսավ` գույն տվեց, գույն առավ: Ասի՝ այ տղա, բա ասում էիր՝ ընդեղ օֆիս ունեմ, էս ունեմ, էն ունեմ, բա ո՞ւր ա օֆիսը, ռեզինից սապոգները հագած, ավտո ես լվում»,- պատմեց Հրայրը:

Այգիների և տների վաճառքի հայտարարությունները փակում են գյուղապետարանի պատուհանները

«Ես ավելից վատ եմ զգում, ավելը ցերեկը չեմ բռնում ձեռքս, էրեխեքը ասում են՝ Նինա տոտա, դու ստեղ ի՞նչ ես աշխատում, ասում եմ՝ հսկիչ: Առավոտ շուտ եմ մաքրում, որ էրեխեքը ավլելուց չտեսնեն, էլի»,- ծիծաղելով պատմեց Նինա Խաչատրյանը:

Նա փողոցն էր ավլում. գյուղի քոլեջի հավաքարարն է: Հարցնում եմ՝ ինչո՞ւ հող չի մշակում, համայնքապետարանն էլ էժան հողամաս է վաճառում, գուցե գնի, մշակի, եթե «ավելից վատ է զգում»:

Ասաց, որ ինքը ժամանակին այգիներ է ունեցել, բայց ամբողջը հանձնել է համայնքին: Նինայի տղային սպանել են Ռուսաստանում, դրանից հետո այգի մշակող չմնաց` ասում է նա:

«Էստեղ բրլիանտի զավոդները որ փակին, տղես մնաց անգործ, 29 տարեկան էր, գնաց Ռուսաստան: Կռիվ է լինում, չեչենները հասնում են, դանակով խփում են: Տենց տունս քանդվավ»: Նինան հիմա քոլեջի աշխատավարձով է ապրում, նաև փեսան է օգնում Ռուսաստանից:

«Հողային օրենսգրքի» համաձայն` յոթ օրվա ընթացքում Նոր Գեղիի համայնքապետարանը նորից հայտարարություն կտա նույն հողամասի աճուրդի մասին: Սա Նոր Գեղիի` այս տարվա առաջին աճուրդն է: Աճուրդի է դրված 3-րդ կարգի ջրովի 0.22149հա վարելահող` 176,640 դրամ մեկնարկային գնով:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter