HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Պապյանի սպանության գործով վկաների դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մարտի 18-ին եւ 19-ին շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով Գեւորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների հոր՝ Հակոբ Թոսունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանին սպանության գործով որպես վկա Նոնա Սպարտակի Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է կեղծ ցուցմունք տալ և օժանդակել է առանձին պաշտոնատար անձանց՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:

Դատական նիստին որպես ամբաստանյալներ ներկա էին նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ովքեր մեղադրվում էին Գրիգոր Պապյանի սպանության գործով ապացույցներ կեղծելու մեջ: 

Դատարանը լսեց վկաներ Միհրան Գրիգորյանին և Անդրանիկ Սաֆարյանին, որոնց տված ցուցմունքները չէին համապատասխանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին:

Նոնա Հարությունյանի նախկին ամուսնու՝ Անդրանիկ Սաֆարյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքը հակասում էր նախաքննության ընթացքում տված 2 ցուցմունքներին: Դատախազ Արման Հակոբյանի միջնորդությամբ  հրապարակվեց նախաքննության ընթացքում Ա. Սաֆարյանի տված ցուցմունքը: «Թե ինչու չէր պատմում այն, ինչ գրել է նախորդ երկու ցուցմունքներում» դատախազի հարցին վկան պատասխանեց, որ չէր հիշում:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նաև հարցրեց, թե դատական նիստում հրապարակված ցուցմունքներից որը կարող է դատարանը հիմք ընդունել, վկա Ա. Սաֆարյանը  պատասխանեց` վերջինը:

 Հ. Թոսունյանի պաշտպան Վահագն Մանուկյանը հայտարարեց, որ ապացույցների գնահատման շրջանակներում պետք է հաշվի առնվեն նաև վկա Անդրանիկ Սաֆարյանի սկզբնական ցուցմունքները, քանի որ կատարվածի վերաբերյալ պակաս կարևոր չի նաև վկայի առաջին խոսքը: Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, դատարանը չհասցրեց լսել վերջին վկային՝ Գարիկ Կոստանյանին:

Մարտի 19-ի դատական նիստին դատարանը պետք է լսեր ևս 4 վկայի, սակայն ներկայացել էին երկուսը՝ Մարինե Հայրապետյանն ու Սևակ Սաֆարյանը: Վկա Մարինե Սաֆարյանի տված ցուցմունքը չէր համապատասխանում նախաքնությանն փուլում նրա տված ցուցմունքին, որը  դատախազ Ա. Մանուկյանի միջնորդությամբ հրապարակվեց: Իսկ թե ինչու չէր համապատասխանում, Մ. Սաֆարյանը պարզաբանեց, որ տարիներ են անցել և լավ չէր հիշում: Նախաքննության ընթացքում ինքն է գրել ցուցմունքը, ոչ ոք չի թելադրել: Մարինեն դատարանին հայտնեց, որ, ճանաչելով Նոնա Հարությունյանին, չի հավատում, որ Հակոբը կամ Գարիկը սպառնացել են նրան: 

«Նման հակասական և ոչ արժանահավատ ցուցմունքների արդյունքում ես արդեն մեկ տարի յոթ ամիս գտնվում եմ անազատության մեջ: Ես համոզված եմ, որ չկա որևէ հիմնավոր փաստ ինձ մեղադրելու համար, և  մենք դրանում համոզվում ենք այս և այլ դատական նիստերում»,- հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter