HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան 

Սկիզբը 

1919 թ. հոկտեմբերի 29-ին, ցերեկվա ժամը 2-ին, Զաբուղի ձորն է մտնում ադրբեջանական զորքերի մի սպա 30 հեծյալ ասկերներով: Նա պահանջում է Զանգեզուրի Տեղ գյուղից ներկայացուցիչներ: Ուղարկվում են երեք մարդ: Սպան նրանց հանձնում է ռուսերեն գրված մի թուղթ և առաջարկում երեք օրվա ընթացքում պատասխանն ուղարկել Ավդալար:

Թուղթը գրված էր ադրբեջանական զորքի առաջավոր ջոկատի պետի կողմից և ուներ հետևյալ բովանդակությունը:

«Ես, առաջավոր ջոկատի պետս, գտնվում եմ Ավդալարում: Խնդրում եմ հաղորդել ինձ` կամենո՞ւմ եք ապրել խաղաղ, ճանաչելով Ադրբեջանի իշխանությունը, թե՞ մտադիր եք պատերազմել: Ձեր պատասխանը ես պիտի ուղարկեմ մեր գեներալին:

Առաջավոր ջոկատի պետ ռոտմիստր Իբրահիմբեկով»:

Զանգեզուրցիներն այդ լակոնիկ երկտողը թողեցին անպատասխան:

Դրանից յոթ օր հետո, նոյեմբերի 5-ին, գեներալ Շիխլինսկին, կենտրոնացնելով զորքերը երեք կետերում, անցավ հարձակման Զանգեզուրի դեմ: Բախումը տեղի ունեցավ Գորիսի հյուսիսակողմի շրջանում, Խոզնավար գյուղի, Քաչալ-դաղի և հարակից բարձրությունների մատույցներում:

Առաջին օրը ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել Խոզնավար, Բայանդուր և Տեղ գյուղերը և Քաչալ-դաղ լեռը:

Միաժամանակ ադրբեջանական ուժերը ճակատից շարունակում էին հարձակումը Գորիսի ուղղությամբ:

Չնայելով, սակայն, հակառակորդի գերազանց ուժերին և գործ դրած գերմարդկային ջանքերին` հայ մարտիկները կարողացան մեծ արիությամբ և տոկունությամբ դիմանալ թշնամու բոլոր կատաղի գրոհներին և հաջորդ օրը, նոյեմբերի 6-ին, անցնել հակահարձակման ամբողջ ճակատի վրա:

Չորսօրյա արյունահեղ կատաղի մարտերից հետո թշնամու կանոնավոր զորամասերը ջախջախվեցին և դուրս մղվեցին իրենց գրաված բոլոր դիրքերից:

Թյուրքերի հեծյալ Ղարաբաղյան երկրորդ գունդը, որը գործում էր նրանց զորքերի ձախ թևում, Կոռնիձոր գյուղի մոտ, գրեթե ամբողջովին ոչնչնչացվեց զանգեզուրցիների կրակով:

Մեծ կորուստներ կրեց նաև քրդական հեծյալ ջոկատը: Թշնամուց վերցվեց 13 գնդացիր, 1 թնդանոթ, 150 գերի, շատ ռազմամթերք, հացի և շաքարի մեծ պաշար[1]:

Թողնելով պատերազմի դաշտում բազմաթիվ վիրավորներ և սպանվածներ, որոնց մեջ կային նաև ռուս սպաներ, ադրբեջանական զորքի մնացորդները նահանջեցին դեպի Ղարաբաղ, որտեղ կողոպտում և սպանում էին ճանապարհին հանդիպած հայ անպաշտպան գյուղացիների` Զանգեզուրում կրած իրենց ամոթալի պարտության վրեժը առնելով նրանցից:

Գեներալ Շիխլինսկու զորքերի գործողությունների հետ միաժամանակ սկսել էին գործել նաև Շարուրի և Նախիջևանի ապստամբ մուսուլմանները, որոնք միանալով Դարալագյազի նախապես կազմակերպված զինված մուսուլմաններին, օսմանցի Խալիլ-բեկի առաջնորդությամբ հարձակվել էին Դարալագյազի հայկական  Սուլթանբեկ, Փաշալու և այլ գյուղերի վրա, նպատակ ունենալով կտրել Դարալագյազը Զանգեզուրից և հաջողության դեպքում հարվածել Զանգեզուրի պաշտպաններին թիկունքից[2]:

Բայց Խալիլ-բեյը, հանդիպելով Դարալագյազի հայերի կազմակերպված հակահարվածին, անհաջողություն էր կրել ու պատճառ դարձել մուսուլմանական շատ գյուղերի ավերման: 

***

Զանգեզուրի վրա հարձակվելու Ադրբեջանի նախապատրաստությունները չէր կարող գաղտնի մնալ վրացական կառավարությունից: Վերջինս, նկատի ունենալով, որ Զանգեզուրի դեպքերը կարող են բախման առիթ ծառայել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մի գրությամբ, ուղղված երկու հանրապետությունների Վրաստանի դիպլոմատական ներկայացուցիչներին, առաջարկում էր կանխել դեպքերը Զանգեզուրում: Նա խորհուրդ էր տալիս խաղաղությամբ և համաձայնությամբ լուծել տերիտորիալ վիճելի հարցերը, «այլապես, - գրում էր արտաքին գործերի մինիստր Գեգեչկորին, - քաղաքակիրթ աշխարհի առաջ ցույց կտրվի, որ Անդրկովկասյան հանրապետություններն ինքնուրույն քաղաքական կյանքի համար կենսունակ չեն»[3]:

Բայց կարելի՞ էր անկեղծ մղումներից բխած համարել վրաց կառավարության այս դիպլոմատական «բարի-հարևանական» դեմարշը: Իհարկե, ոչ: Մի՞թե կարելի էր մոռանալ 1918 թվի վերջին տեղի ունեցած այն բռնի տերիտորիալ զավթումները, որ հենց ինքը` վրաց կառավարությունը կատարեց Լոռում և Ախալքալաքում, հակառակ Հայաստանի կառավարության առաջարկության` «տերիտորիալ հարցերը լուծել խաղաղությամբ և համաձայնությամբ»:

Հայաստանի հանրապետական կառավարությունը Զանգեզուրի դեպքերից առաջ,  1919 թ. նոյեմբերի 20-ին Ադրբեջանի կառավարությանը նույնպես առաջարկել էր գումարել հայ-ադրբեջանական կոնֆերանս` լուծելու վիճելի տերիտորիալ հարցերը:

Բայց Ադրբեջանի կառավարությունը ձգձգել էր պատասխանը: Միայն Զանգեզուրում պարտություն կրելուց հետո` նա դարձավ «խաղաղասեր»:

1919 թ. նոյեմբերի 23-ին Թիֆլիսում համաձայնություն կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի մինիստրների միջև հետևյալի մասին.

1. Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են դադարեցնել տեղի ունեցող ընդհարումներրը և այլևս չդիմել զենքի իրար դեմ:

2. Երկու կողմերը համաձայնվում են բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:

3. Համաձայնվում են ռեալ միջոցների դիմել կանոնավորելու դեպի Զանգեզուր տանող ճանապարհները:

4. Որոշվում է դեկտեմբերի 2-ին Բաքվում գումարել հայ-ադրբեջանական կոնֆերանս, որը դեկտեմբերի 10-ին պիտի շարունակի իր աշխատանքը Թիֆլիսում:

5. Զանգեզուրը առաջվա պես կառավարվում է Ազգային խորհրդի կողմից:

Համաձայնությունը ստորագրել են Խատիսյանը և Ուսուբբեկովը[4]:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարները չէին դադարում գործել նենգաբար ու ամեն տեսակի մեքենայություններով աշխատում էին իրագործել իրենց զավթողական նկրտումները:

Համաձայնությունից մի քանի օր հետո Բաքվում հրատարակվող պաշտոնական «Азербайджан» թերթի  նոյեմբերի 30-ի համարում  հրապարակվում է ներքին գործերի մինիստրի որոշումը` համարել Զանգեզուրի գավառի բոլոր բնակիչներին Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներ[5]: Իսկ արտաքին գործերի մինիստրի օգնական Խան-Տեկինսկին գաղտնի հրահանգ է պատրաստում Զանգեզուրի շրջան ուղարկելու համար օսմանցի սպաներ և ասկերներ` կազմակերպելու տեղական մուսուլմաններին` հարվածելու Զանգեզուրին թիկունքից, երբ ադրբեջանական զորքերը նոր փորձ կանեն հարձակվելու Զանգեզուրի վրա:

Այս փաստերն ինքնին խախտում էին նոյեմբերի 23-ի համաձայնությունը և ավելորդ դարձնում նախատեսված կոնֆերանսը` խորամանկ, խարդախ, նենգ միջոցներով քաղաքականություն վարող այնպիսի մի պետության հետ, ինչպիսին մուսավաթական Ադրբեջանն էր, որը պատրաստ էր ամեն անգամ դրժելու պայմանագրերով և առանձին համաձայնագրերով հանձն առած պարտավորությունները:

Ավելորդ չենք համարում այստեղ հիշատակելու ևս մի երկու փաստ, իբրև մուսավաթական ղեկավարների նենգ գործելակերպի բնորոշ նմուշներ:

Զանգեզուրում խայտառակ պարտություն կրելուց հետո անմիջապես Ադրբեջանի կառավարությունը հայտնում է Անդրկովկասի  բարձրագույն կոմիսարի տեղակալ Ռեյին (ամերկյան գնդապետ), որ Զանգեզուրի հայերը բոլշևիկներ են և ճնշում են մուսուլմաններին, որ Հայաստանն այնտեղ զորք է պահում և այլն[6]:

Միաժամանակ այդ կառավարությունը բողոքում է Բաքվի անգլիական ներկայացուցչին Հայաստանի կառավարության դեմ, որ իբրև թե Հայաստանն է թուրքերի վրա հարձակումներ կազմակերպողը:

Անգլիական ներկայացուցիչը, որը, իհարկե, հակամետ էր հավատալու Ադրբեջանի սուտ բողոքներին, Ուորդրոպի (անգլ.) և Ռեյի միջոցով պահանջեց Հայաստանի կառավարությունից «դադարեցնել հարձակումները թյուրքերի վրա»:

Շատ բնորոշ է Հայաստանի կառավարության 1919 թ. նոյեմբերի 14-ի այդ առթիվ Թիֆլիսի իր ներկայացուցչին հղած հետևյալ հեռագիրը.

«Միսս Արմեն Եվանգուլյանին.

Ուորդրոպի և Ռեյի հեռագրերը` դադարեցնելու ռազմական գործողությունները Զանգեզուրում և Դարալագյազում, մեծ զարմանք առաջ բերին:

Մենք չէ, որ հարձակվել ենք, այլ Ադրբեջանը, մենք միայն պաշտպանվում ենք:

Խնդրվում է շտապ հայտնել (Ուորդրոպին և Ռեյին), որ մենք կատեգորիկ կերպով խնդրում ենք նրանց երաշխավորել մեզ (Ադրբեջանի) հարձակումներից և մաքրել Դարալագյազը և Զանգեզուրը թուրքերից, ուղարկելով իրենց ներկայացուցիչներին, որոնք տեղում կհամոզվեն, թե ճշմարտությունը որի կողմն է ...»[7]:

Մի փաստ ևս:

1919 թ. հոկտեմբերի վերջերին, հենց այ օրերին, երբ գեներալ Շիխլինսկին և Սուլթանովը զբաղված էին ադրբեջանական գնդերը հապճեպ դեպի Զանգեզուրի մատույցները փոխադրելով, Ադրբեջանի կառավարությունը, թաքցնելու համար դաշնակիցների անդրկովկասյան ներկայացուցիչներից իր ագրեսիվ մտադրությունները Սյունիքի նկատմամբ, բողոքում է Բաքվի անգլիական ներկայացուցչի միջոցով գլխավոր կոմիսար Ուորդրոպին, որ իբրև թե Հայաստանը զորքեր է փոխադրում Զանգեզուր Ադրբեջանի վրա հարձակվելու համար:

Այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, իր ներշնչումը ստանալով Թալեաթի արյունարբու զինակիցներ Նուրի, Խալիլ, Քյազիմ և Էնվեր փաշաներից, կարողանում էր դաշնակիցների աչքի առաջ իր պանթուրքական նվաճողական պլանների իրագործման համար ոչ միայն բացահայտ հարձակումներ կազմակերպել հայերի դեմ և անգամ կոտորածներ սարքել, այլև իր կատարած բոլոր չարագործությունների հանցանքը շուռ տալ և բարդել հայերի վզին` մեղադրելով նրանց մուսուլմանության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունների մեջ:

Հարկավոր է մի անգամ ևս շեշտել, որ այդ չարագործությունները և դիվանագիտական նենգ խաղերը հաջողվում էին Ադրբեջանին միայն նրա համար, որ նա վայելում էր Բաքվում և Թիֆլիսում նստած անգլիացիների հովանավորությունը, ճիշտ այնպես, ինչպես մեր օրերի «սոցիալիստական», «եղբայրական» Ադրբեջանը ճզմում է իր բռում հայկական Ղարաբաղը, օգտվելով մուսուլմանական աշխարհի նոր բարեկամների հովանավորությունից ... 

16. Զանգեզուրի դեպքերից հետո իրադրությունը Ղարաբաղում սկսում է կրկին բարդանալ 

Կարելի էր ենթադրել, որ Զանգեզուրում պարտություն կրելուց հետո Ադրբեջանի կառավարությունը, ելնելով իր կենսական պետական շահերից, այնքան շրջահայաց և հեռատես կգտնվեր, որ Ղարաբաղի հետ մեծ դժվարություններով ձեռք բերված «համաձայնությունը» լուրջ գնահատելով, կաշխատեր այդ ազատասեր և ըմբոստ լեռնաստանում կարգ և հանգստություն պահպանելու համար կիրառել մեղմ, բարեկամական քաղաքականություն:

Բայց Ադրբեջանի քաղաքագետներն այդքան խելացի չգտնվեցին: Նրանք առհասարակ տրամադիր կամ, ավելի ճիշտ, ընդունակ չէին քաղաքակիթ և խաղաղասեր երկրների պետականության սկզբունքներով վարելու ներքին քաղաքականությունը:

Շարունակելով հետևել օսմանցի հայակերների թելադրանքներին, Ադրբեջանի ղեկավարները նորից սկսեցին դիմել ահաբեկման և ջարդերի քաղաքականության:

Հայերի առաջ փակվեցին դարձյալ բոլոր ճանապարհները: Ամբողջ սահմանակից շրջաններում տնտեսական բոյկոտ հայտարարվեց Ղարաբաղի հայության դեմ:

Ուժեղացավ երկրում անիշխանությունը:

Խանքենդ ավանում և Ասկերանում տեղավորված զորամասերի ասկերները, գողերը և ավազակներն օրը ցերեկով կողոպտում էին խաղաղ բնակիչների տները, սպանում կանանց, տղամարդկանց ու երեխաներին: Իսկ դրա դեմ իշխանությունները միջոցներ ձեռք չէին առնում, հանցավորները չէին պատժվում:

Մի քանի օրերի ընթացքում Խանքենդում, Ասկերանում և Շուշի-Եվլախ խճուղու վրա Ադրբեջանի զորքերը և կազմակերպված բանդաները կոտորեցին 400-ից ավելի անմեղ հայերի:

Ադրբեջանի ներքին գործերի մինիստր Հաջինսկին 1920 թ. հունվարի 24-ի իր գաղտնի գրությամբ հրահանգեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովին կազմակերպել «տեղական մուսուլման բնակչությունից պարտիզանական ջոկատներ օգնելու զորամասերին»[8]: Եվ կարճ ժամանակամիջոցում ժողովվեցին Ղարաբաղում քրդերից ու թյուրքերից բաղկացած խոշոր բանդաներ օսմանցի սպաների ղեկավարությամբ:

Ադրբեջանի կառավարությունը, նրա գործակալները և առանձին պաշտոնյաներն ու հիմնարկությունները վարում էին բացահայտ խտրական քաղաքականություն: Հայը դարձել էր իրավազուրկ, իսկ մուսուլմանն ամեն իրավունքներից օգտվող:

Սուլթանովը 1928 թ. փետրվարի 19-ին Ղարաբաղի Ազգային խորհուրդից պահանջեց վերջնականապես հպատակվել Ադրբեջանի իշխանությանը և թույլ տալ զորքերը մտցնել գյուղական շրջանները:

Նպատակը պարզ էր. պայմաններ ստեղծել զինաթափելու Ղարաբաղը և ապա ջարդերի միջոցով ոչնչացնելու կամ վտարելու հայ տարրը իր հայրենիքից և բնակեցնել Ղարաբաղը թյուրքերով[9]:

Ազգային խորհուրդը պատասխանեց Սուլթանովին, որ ինքն իրավասու չէ լուծելու նման հարցերը և մերժեց այսպիսով օգոստոսյան համաձայնությունը ոչնչացնող նրա լկտի պահանջները:

Վերստին նոր ժողովրդական համագումար հրավիրելու անհրաժեշտություն ծագեց, մի համագումար, որը պիտի ամփոփեր իր նախորդի կնքած համաձայնության տխուր արդյունքները և հայտարարեր ի լուր աշխարհի, որ հայը թուրքական ցեղերի ձեռքի տակ, լինի այդ Թուրքիայում, թե Ադրբեջանում, մատնված է ֆիզիկական ոչնչացման, ասիմիլացիայի կամ բռնի վտարման իր հայրենիքից: 

***

Ղարաբաղում կրկին ծայր առած բռնությունները նորից մեծ զայրույթ առաջ բերին տեղական հայ բնակչության և Ղարաբաղից դուրս հայ հասարակայնության շրջաններում:

Տեղի ունեցող սպանությունները և բռնությունները ոչ միայն Ղարաբաղում, այլև Գանձակում և նրա լեռնային մասի հայկական գյուղերում, Նախիջևանի հայերի կոտորածներն ու գյուղերի հրդեհումը, 1919 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Ագուլիսի անողոք կոտորածը օսմանցի սպաների ղեկավարությամբ, անտարակուսելի դարձրին, որ տակավին շարունակվում են դավերը Անդրկովկասի հայության գոյության դեմ և պիտի շարունակվեն, քանի որ հայ ժողովուրդը պաշտպանություն չի գտնում ոչ ոքի կողմից:

Սպասում էին, որ անգլիացիները կհեռանան Անդրկովկասից և նրանց փոխարինելու կգան իտալացիները կամ ֆրանսիացիները, որից հետո դաշնակիցների քաղաքականությունը հայերի նկատմամբ թերևս կփոխվի դեպի լավը:

Բայց ապարդյուն հույսեր էին դրանք:

Ընդհուպ մինչև Անդրկովկասի խորհրդայանացումը այնտեղ պատասխանատու պոստերում շարունակեցին մնալ անգլիական բարձրաստիճան զինվորականները:

Մնում էր հայության համար փրկության մի ելք, որ Հայաստանը ինքը մոբիլիզացներ իր սուղ միջոցները, միացներ ժողովրդի ջանքերը` ապահովելու հայ բնակչության գոյությունը գեթ այն գավառներում, որոնք սահմանակից կամ մոտ էին Հայաստանին և ուր հայությունը կազմում էր հոծ բազմություն:

Այդպիսին էր հայկական Ղարաբաղը, որը բացի հայաշատ լինելուց, իր աշխարհագրական դիրքով ուներ և ունեցել է մեր պատմական անցյալում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանության համար կենսական ռազմագիտական նշանակություն: Եվ քանի նա շարունակեր մնալ Ադրբեջանի ճիրաններում, ոչ միայն նրա 200 հազարից ավելի հայ բնակչության կյանքը, այլև Հայաստանի հարավ-արևելյան գավառները և բուն իսկ Հայաստանի գոյությունը պիտի շարունակեր մնալ սպառնալիքի տակ:

Այդ համոզումը ամրապնդվեց ոչ միայն հակահետախուզության միջոցով ձեռք բերված, այլև Զանգեզուրի դեպքերի ժամանակ սպանված և գերի ընկած մուսուլման սպաների մոտ գտնված մի շարք կարևոր փաստաթղթերով, որոնք լիովին բացահայտում էին ադրբեջանական ղեկավարների շատ հեռու տանող նվաճողական պլանները, որոնց իրագործման համար հայկական Ղարաբաղը պիտի ծառայեր իբր պլացդարմ:

Մեզ արդեն ծանոթ գեներալ Սուլկևիչը վատ ռազմագետ չէր, որպեսզի հասկանար, թե ինչ մեծ նշանակություն ունի Ղարաբաղը Հայաստանի համար: Հենց դրա համար էլ նա նախազգուշացնում էր Ադրբեջանի ղեկավարներին, որ «Հայերը Ղարաբաղի մշտական կորուստի հետ հաշտվել չեն կարող և անկասկած պիտի ձգտեն օգտագործել ամեն հնարավորություն կորցրածը ետ բերելու համար»:

Ղարաբաղը, իհարկե, դեռ Հայաստանի համար կորած չէր: Ադրբեջանին չէր հաջողվել տակավին իր ավերիչ թաթը վերջնականապես դնելու Ղարաբաղի վրա: Սուլթանովը դեռևս չէր համարձակվում զորք մտցնել Ղարաբաղի գյուղական շրջանները, բացի Շուշուց և Շուշի-Ասկերան խճուղու նեղ շերտի սահմաններում եղած երկու կետերից, որ հաջողվել էր նրան միայն անգլիացիների ակտիվ աջակցությամբ:

Սուլթանովը մի վարանոտ փորձ արեց Ջրաբերդի (Ջիվանշիրի) շրջանի հայ բնակչության անջատ համաձայնությունն առնել` զորք մտցնելու Ավան-Յուզբաշյանի կալվածքը` Մարգուշևան: Սակայն 1920 թ. փետրվարի 11-ին այդ շրջանի հայկական գյուղերի 86 ներկայացուցիչները հավաքվելով Մարտակերտում, միաձայն որոշում ընդունեցին մերժել Ադրբեջանի այդ պահանջը, «որը խախտում էր 7-րդ համագումարի հետ կնքված համաձայնության 16-րդ կետը»:

Այդ մերժումից հետո Ադրբեջանը Ջրաբերդի սահմանում կենտրոնացրեց նոր ուժեր: Զորքերի նոր համալրումներով ուժեղացվեցին նաև Ասկերանի, Խանքենդ ավանի, Շուշու և Ղարաբաղի սահմանակից կետերի` Կարիագինոյի, Ջեբրայիլի և Աղդամի զորամասերը:

Զորքերի այդ կենտրոնացումները, հարկավ, բարի նպատակներ չէին հետապնդում և ժողովուրդն այդ լավ հասկանում էր: Գրգռումը և տագնապը ժոովրդի մեջ հասավ ծայրահեղ չափերի: Տղամարդիկ առանց զենքի տնից չէին հեռանում:

Հայաստանի կառավարությունը, որ տեղյակ էր Ադրբեջանի ձեռնարկումներին և Ղարաբաղում ստեղծված ծանր դրությանը, ժամանակը հասունացած համարեց զբաղվելու Ղարաբաղի վերամիավորման հարցով:

Դաշնակից պետությունների ներկայացուցիչների շրջանում դժգոհությունների առիթներ չստեղծելու համար` որոշվեց գործել անաղմուկ:

Տեղական ուժերը կազմակերպելու համար պիտի Ղարաբաղ ուղարկվեին սպայական կազմից ձեռնահաս մարդիկ: Ապա բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո հարմար մոմենտին պիտի ապստամբություն բարձրացվեր Ադրբեջանի դեմ, որից հետո «Զանգեզուրի զորքերը պիտի մտնեին Ղարաբաղ բնակչության ազատելու և Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար»[10]:

Աշխատանքի կազմակերպման ընդհանուր ղեկավարության համար 1919 թ. նոյեմբեր ամսի վերջերքին Զանգեզուր գնաց Դրոն` ընդարձակ լիազորություններով: Նրան առաջադրված էր առաջին հերթին հոգալ`  երկրային կայուն կապ ստեղծելու Զանգեզուրի և Ղարաբաղի միջև:

Այդ խնդիրն իրագործելու համար Դրոյի տրամադրության տակ էր դրված էքսպեդիցիոն զորամաս, բաղկացած մեկ համահավաք գումարտակից, այրուձիի մեկ էսկադրոնից, որը հետո պիտի վերածվեր Ղարաբաղում տեղական ուժերով դիվիզիոնի, և մի դասակ լեռնային հրետանի:

Կազմակերպվեց զորամասի շտաբ կապիտան Միրիմանյանի գլխավորությամբ, որին տրվեց բեռնակիր ռադիոկայան:

Այդ էքսպեդիցիոն զորամասը պիտի կազմեր մի տեսակ կորիզը` Զանգեզուրի զինված ուժերի[11]:

Ադրբեջանին արդեն հաջողվել էր օսմանցի զինվորական հրահանգիչների միջոցով կազմակերպել Ագարա գետի հովտի մուսուլման բնակչությունից բազմաթիվ լավ սպառազինված և մարզված ջոկատներ, որոնք զինված էին նաև գնդացիրներով[12]:

Այնուամենայնիվ, Դրոյի առաջին խնդիրը` ապահովել տերիտորիալ հաստատուն կապ Զանգեզուրի և Ղարաբաղի միջև, իրագործվեց հաջողությամբ[13]:

Հենց այդ ժամանակ էլ Ղարաբաղ անցան կազմակերպչական աշխատանքների համար նշանակված մարդիկ: Դրանց մի մասը անցավ Զանգեզուրից, իսկ մի մասն էլ Բասարգեչարից դեպի Ղարաբաղ տանող ուղիներվ (Քյալբաջարով):

Դրոն 1919 թ. դեկտեմբերին մեկնեց Երևան Զանգեզուրի և Ղարաբաղի զորքի և բնակչության համար հաց և փամփուշտ ուղարկելու[14]: 

17. Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը 

Ադրբեջանի կատեգորիկ պահանջը` վերջնականապես ենթարկվելու իր իշխանությանը և այդ հողի վրա երկրում շարունակվող բռնությունների և ահաբեկման քաղաքականությունը` ստիպեցին Ղարաբաղի ազգային խորհրդին 1920 թ. փետրվարի 28-ին հրավիրել ժողովրդական համագումար`  քննելու ստեղծված դրությունը և ելք որոնելու երկիրը ծանր ճգնաժամից դուրս բերելու համար:

Համագումարի վայր թեեւ նշանակված էր Շուշին, սակայն այնտեղ հավաքվել էին Դիզակի և Ջրաբերդի շրջանների որոշ մասերից եկած 8-10 բոլշևիկ և ոչ-բոլշևիկ պատգամավորներ միայն: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը, բաղկացած 96 պատգամավորից, որոնք եկել էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի շրջաններից, գտնելով, որ անհնարին է գեներալ-նահանգապետ Սուլթանովի ազդեցության ոլորտում նորմալ աշխատանքը և չի կարելի երաշխավորված համարել պատգամավորների անձի անվտանգությունը, նպատակահարմար համարվեց Շուշու փոխարեն հավաքվել Շոշ գյուղում, իբրև միանգամայն ապահով և հանգիստ վայր համագումարի աշխատանքների համար:

Քաղաքում ապրող մի քանի բոլշևիկ և էսէռ կոչված անձնավորություններ, որոնք իրենց շատ լավ էին զգում նահանգապետ Սուլթանովի իշխանության ստեղծած կոշմարային մթնոլորտում, Շուշում հավաքված փոքրաթիվ պատգամավորներին չթողեցին գնալ Շոշ գյուղը մասնակցելու համագումարի աշխատանքներին, այլ նրանց միջոցով շարունակում էին պահանջել, որ համագումարը տեղի ունենա քաղաքում: Նպատակը ակներև էր` փաթաթել համագումարի վզին իրենց կապիտուլիանտական նկրտումները և այդպիսով պառակտում առաջ բերելով ժողովրդի մեջ` իրագործել Ղարաբաղը Սուլթանովի ոտքերի տակ փռելու իրենց հանցավոր մտադրությունը:

Սակայն պատգամավորների բացարձակ մեծամասնությունը մնաց անսասան իր որոշման մեջ և շարունակեց աշխատանքը Շոշ գյուղում:

8-րդ համագումարի աշխատանքը, որ տևեց մինչև մարտի 4-ը, կլանեց ամբողջովին նախորդ համագումարի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված համաձայնության աղաղակող ոտնահարումների փաստերի քննությունը, այլև հայերի դեմ գործված բռնությունների, անիրավությունների և անլուր ոճիրների բազմաթիվ դեպքերի արձանագրումը, դեպքեր, որ տեղի ունեին ամենուրեք, ուր մոլեռանդ մուսուլմանը կարող էր թյուրք իշխանությունների աչքի առաջ անպատիժ կերպով բռնանալ հայի վրա և նույնիսկ կողոպտել ու սպանել նրան:

1920 թ. մարտի 4-ին համագումարը միաձայն ընդունեց հետևյալ հուշագիրը երկրի քաղաքական դրության վերաբերյալ, ուղղված դաշնակից պետությունների և Անդրկովկասի հանրապետությունների ներկայացուցիչներին:

«1919 թ. օգոստոսի 15-ին Ղարաբաղի հայության ներկայացուցչությունը 7-րդ համագումարում մանրամասն քննելով Ղարաբաղի քաղաքական վիճակը, կանգնած էր այն իրավական հողի վրա, թե վիճելի երկրամասերի այս կամ այն պետության վերջնականապես կցելու խնդիրը կապված  է վեհաժոովի որոշումից և հետևապես իզուր արյունահեղության տեղիք չտալու և հարևան ժողովրդի հետ խաղաղ կենակցելու համար անհրաժեշտ է կյանքի այնպիսի ճանապարհ գտնել, որ երկու ժողովուրդներն էլ հանգիստ ու համերաշխ ապրեն:

Այդ հիման վրա Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ որոշ համաձայնոթւյան գալով, մշակեց 26 կետից բաղկացած ժամանակավոր համաձայնության մի կանոնագիր: Հայ ժողովրդի ներկայացուցչությունն այն հույսն ուներ, թե այդ համաձայնությամբ երկու ժողովուրդներն էլ հաշտ ու համերաշխ կկենակցեն առանց իրար վնասելու և կառավարությունն էլ (Ադրբեջանի) առանց աչառության երկու ժողովուրդներին համահավասար վերաբերմունք ցույց կտա և կարգ ու կանոն կպահպանե:

8-րդ համագումարի Շոշ գյուղում հավաքված պատգամավորները, դժբախտաբար, ստիպված ենք մատնանշել այն տխուր և միանգամայն ցավոտ հանգամանքը, որ համաձայնություն կայացնելուց հետո մինչև այսօր Ադրբեջանի կառավարությունը ոչ մի կարգ ու կանոն չկարողացավ պահպանել Ղարաբաղում, այլ, ընդհակառակը, առիթ եղավ անիշխանության: Անցյալում ոչ մի ժամանակ հայերը զոհերով և թե տնտեսական այնքան կորուստներ չեն կրել կրել, որքան համաձայնությունը կայանալուց հետո, շնորհիվ կառավարության աչառու քաղաքականության և թուլության:

Ակնհայտնի մարդասպաններն ու գողերը օրը-ցերեկով սպանում, թալանում են խաղաղ ժողովրդին և դրա դեմ ոչ մի միջոց ձեռք չի առնվում, մեղավորները մնում են անպատիժ: Կանոնավոր բանակի ասկերները թալանում են խաղաղ ժողովրդի տները, կոտորում տղամարդկանց, կանանց ու երեխաներին:

Ավերված հայկական գյուղերի բնակիչները մինչև այսօր էլ թափառում են այս ու այն գյուղերում և Ադրբեջանի կառավարությունը, հակառակ իր խոստման, դրանց չի բնակեցրել իրենց վայրերում:

Ժամանակոր համաձայնության ամենագլխավոր կետերը միանգամայն խախտված են Ադրբեջանի կառավարության կողմից:

Առաջին կետը պարզ ասում է. «Երկու կողմերն էլ ընդունում են այս ժամանակվոր համաձայնությունը, մինչև այս խնդրի որոշումը խաղաղարար կոնֆերանսում, որի որոշումը հավասարապես պարտադիր է երկու կողմերի համար»: Մինչդեռ Ղարաբաղի ժամանակավոր գեներալ-նահանգապետն իր սույն տարվա (1920 թ.) փետրվարի 19-ի նո. 1927 գրությամբ, ուղղված Շուշու Ազգային խորհրդին, հայտնում է հետևյալը.

«... Այնուհետև, ծրագրի (համաձայնության) առաջին կետում, Ղարաբաղի քաղաքական հարցի վերաբերյալ, խնդրում եմ քննության առնել հետևյալ սկզբունքային հարցը` Ղարաբաղի Ադրբեջանի մեջ վերջնականապես մտնելն իբրև նրա անխզելի տնտեսական մաս»:

Բացի դրանից, Ղարաբաղի ժամանակավոր գեներալ-նահանգապետ Սուլթանովը սույն տարվա փետրվարի 14-ին Ղարաբաղի Ազգային խորհրդի, իր խորհրդին կից հայ անդամների և հայ ինտելիգենցիայի ներկայացուցիչների պաշտոնական խորհրդակցության մեջ պարզ կերպով արտահայտվեց այն մտքով, որ «(դաշնակիցների) կոնֆերենցիա այլևս գոյություն չունի, և մենք ինքներս պիտի դուրս գանք այս աննորմալ վիճակից»:

Այս խոսքերից պարզ հասկանալի է, որ Սուլթանովը մինչև իսկ ոչ մի արժեք չի տալիս վեհաժողովի որոշումներին, որին մենք, երկու կողմերս էլ, ժամանակավոր համաձայնությամբ պարտավորվել ենք ենթարկվել, հետևապես նա (Սուլթանովը) խախտում է մեր համաձայնության հենց առաջին կետը:

Համաձայնության 7-րդ կետում ասված է. «Ազգամիջյան բնույթի բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կիրառվել կյանքում, առանց նախապես խորհրդի քննության ենթարկվելու»: Մինչդեռ փետրվարի 19-ի դրությամբ ժամանակավոր գեներալ-նահանգապետ Սուլթանովը Ազգային խորհրդին առաջարկում էր քննության ամենագլխավոր պրինցիպիալ հարցեր` Ղարաբաղի վիճակը կապել ընդմիշտ Ադրբեջանի հետ: Նախ Ազգային խորհրդին չէ վերապահված ոչ մի քաղաքական հարց քննելու իրավունք և երկրորդ, համաձայն 7-րդ կետի, այսպիսի սկզբունքային խնդիրը նախ պետք է քննության առնվի նահանգապետին կից խորհրդում և ապա առաջարկվի համագումարին, հետևապես խախտված է համաձայնության նաև 7-րդ կետը:

Համաձայնության 15-րդ կետը հետևյալն է. «Զինվորական մասերը տեղավորվում են Շուշում և Խանքենդում խաղաղ ժամանակի կազմով»: Բայց ամբողջ վեց ամսվա ընթացքում այդ կետը չի պահպանված: Զանգեզուրի դեմ երկու անգամ արշավելու ժամանակ թե´ Խանքենդի և թե´ Շուշի են մտել մի քանի գնդեր, որոնք եկել էին Գանձակից, Բաքվից, Զաքաթալայից, մեծ հուզում առաջ բերելով Ղարաբաղի ժողովրդի մեջ:

Զանգեզուրից վերադարձող զորքը մինչև իսկ Մազի-կամուրջի վրա սպանել է մոտ 15 հայ աշխատավոր գյուղացիների և երկու ուսուցչի:

Համաձայնության 16-րդ կետում ասված է. «Ղարաբաղի, այսինքն Շուշու, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառների լեռնային շրջանում, ուր բնակվում են հայեր, զինվորական մասերի յուրաքանչյուր տեղափոխություն կատարվում է նահանգապետի խորհրդի անդամների 2/3-ի համաձայնությամբ: Այս կետը ևս հիմնովին խախտված է, սկսած 1919 թ. հոկտեմբեր ամսից մինչև այժմ: Ադրբեջանը հոկտեմբեր ամսին դեպի Զանգեզուր մոտ 12 հազար զորք է անցկացրել Ասկերանից, Խանքենդուց և Շուշուց, առանց նույնիսկ խորհրդի անդամների կարծիքը հարցնելու: Մինչդեռ այդպիսի մի կարևոր խնդիր պետք է քննության առնվեր (նահանգապետին կից) խորհրդում և որոշվեր ձայների 2/3-ի համաձայնությամբ:

Բացի դրանից Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես առաջարկել է Ազգային խորհրդին և Ջիվանշիրի (Ջրաբերդի) հայությանը ` Ավան-Յուզբաշյանի կալվածքում զորք կենտրոնացնելու իր մտադրության մասին, մի հանգամանք, որ միանգամայն խախտում է ամբողջ ժամանակավոր համաձայնությունը:

Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը, քննության առնելով Ղարաբաղի ներկա քաղաքական վիճակը և մանրամասն ծանոթանալով բոլոր վերոհիշյալ փաստերի հետ, հանգեց հետևյալ եզրակացության. 

8-րդ համագումարի բանաձեւը Ղարաբաղի քաղաքական դրության վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը (բաղկացած 96 պատգամավորներից` Գյուլիստանի, Ջիվանշիրի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի շրջաններից), որ տեղի ունեցավ Շոշ գյուղում 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը, մանրամասն և բազմակողմանի քննության առնելով Լեռնային Ղարաբաղի ներկա քաղաքական դրությունը, գտնում է, որ 7-րդ համագումարից հետո (22 օգոստոսի 1919 թ.) Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության գլխավոր կետերը: 8-րդ համագումարը, համաձայն ժողովրդի տված մանդատի, հետևյալ որոշումները կայացրեց.

ա. Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար խախտել է Ղարաբաղի ժամանակավոր համաձայնության գլխավոր կետերը:

բ. 1920 թ. փետրվարի 22-ին Խանքենդում, Ասկերանում և Շուշի-Եվլախ տրակտի վրա կառավարության զորքերի և ագենտների ձեռքով ակնհայտի նպատակով կոտորել են մի քանի հարյուր հայերի, թալանել Խանքենդ ավանի հայերի բնակարանները:

գ. 8-րդ համագումարը հաստատ մնալով 7-րդ համագումարի որոշումներին և երկուստեք ստորագրված ժամանակավոր համաձայնության, մինչև վեհաժողովի վերջնական որոշումը Ղարաբաղի և առհասարակ Անդրկովկասյան հանրապետությունների սահմանների վերաբերյալ, պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «ժամանակավոր համաձայնոթւյան» կետերի ամբողջական կիառումը կյանքում:

դ. Վճռականապես բողոքում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ Խանքենդում, Ասկերանում և Շուշի-Եվլախ տրակտի վրա տեղի ունեցած անլուր կոտորածի առթիվ և կոչ է անում կուլտուրական աշխարհի խղճին` վերջ տալու Ադրբեջանի կառավարության նման քաղաքականությանը:

ե. Հայտնում է, որ դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանն իր կյանքի ու պատվի պաշտպանության համար դիմել համապատասխան միջոցների:

զ. Միաժամանակ ութերորդ համագումարը կոչ է անում Ադրբեջանի թյուրք գյուղացիությանն իր բողոքի ձայնը միացնելու Լեռնային Ղարաբաղի հայության բողոքին, ինչպես նաև դիմում է անում մամուլին:

է. Որոշում է այս բանաձևի պատճենն ուղարկել դաշնակից պետությունների Անդրկովկասի ներկայացուցիչ Հասկելին, դաշնակից պետությունների դիվանագիտական և զինվորական ներկայացուցիչներին, Անդրկովկասյան երեք հանրապետություններին և Ղարաբաղի ժամանակավոր գեներալ-նահանգապետին: 

Նախագահ Ղարաբաղի հայության 8-րդ համագումարի`  Դ. Առաքելյան[15]

1920 թ. մարտի 5»:

8-րդ համագումարի այս դիմումի հիման վրա Հայաստանում և Վրաստանում ապրող ղարաբաղցիների հայրենակցական միությունների նախագահներ Ա. Բաբալյանն և պատմաբան Լեոն ներկայացնում են մի հուշագիր, հիմնվելով համագումարի ներկայացրած փաստերի վրա, դաշնակից պետությունների Անդրկովկասյան ներկայացուցիչներին` Օ. Ուորդրոպին, գնդապետ Հասկելին, մայոր դ' Նոնանկուրին, գնդապետ Գաբբին, հելլենական ներկայացուցչին, այլեւ Վրաստանի արտաքին գործերի մինիստր Գեգեչկորուն և Հայաստանի մինիստր-նախագահին, որի մեջ խնդրում են «հայտնել դաշնակիցների բարձր շրջաններին` ճնշում գործադրելու Ադրբեջանի շովինիստական շրջանների վրա, վերջ տալու Ղարաբաղում սկսված ավանտյուրային, որը կարող է վերջանալ կատաստրոֆայով»:

Խնդրվում էր նաև հեռացնել Ադրբեջանից օսմանյան թուրքերի գործակալներին, «որոնք խանգարում են հանգիստ ապրել երկու ժողովուրդներին»: Պահանջում են Ադրբեջանից անհապաղ վերականգնել օգոստոսի 22-ի համաձայնությունը:

Դիմումի մեջ վստահություն էր հայտնվում, որ դաշնակից պետությունների բարձր ներկայացուցիչները ձեռք կառնեն պետք եղած միջոցները[16]:

Ապարդյո´ւն ջանքեր ...

1958-1961թ.թ.[17] 

 (Շարունակելի)



[1] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 179-180:

[2] ՀՊՊԿԱ, ֆ. 227, գ. 3, թ. 2-5:

[3] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 11-12:

[4] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 80:

[5] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 126:

[6] Նույն տեղում, թերթ 280:

[7] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թերթ 280:

[8] Ադրբեջանի ՍՍՌ Պետ. արխիվ, գործ 157:

[9] Թյուրքօզացիայի այդ պլանը, ինչպես տեսանք, գոյություն ունի և գործադրվում է առայժմ մեծ հաջողությամբ նաև «սոցիալիստական» Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Զանգեզուրի սահհմանակից քրդական շրջաններում:

[10] ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, թ. 18-19:

[11] Նույն տեղում:

[12] Նույն տեղում:

[13] Նույն տեղում:

[14] ՀՊՊԿԱ, ֆ. 45, թ. 20:

[15] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 29-35:

[16] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 175-176:

[17] Երկրորդ մասը շարադրված է Ա և Գ մասերից առաջ, արխիվային փաստաթղթերին ծանոթանալուց անմիջապես հետո:

Մեկնաբանություններ (1)

Հ. Գեղամյան
Գոյություն ունի՞ արդյոք այս հույժ կարևոր ուսումնասիրությունն այլ լեզվով կամ լեզուներով, թե այն միայն հայերեն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter