HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Երբ երկրում ԱԱԾ-ի տեղը «Царская Охранка» է

Հայաստանի «ամենալուռ» և հանրության աչքերին քիչ երևացող կառույցներից մեկը Ազգային անվտանգության ծառայությունն է:

Եվ դա մի մարմին է, որը առաջին հերթին կոչված է պաշտպանել մեր հանրության շահերը արտաքին սպառնալիքներից` հիմնականում հետախուզության և հակահետախուզության միջոցով: Սակայն որքանո՞վ է այդ կառույցը գործում:

Քեսաբ

Օրերս հայության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի լրջագույն հարց` Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերի կողմից հարձակման տակ հայտնված սիրիական Քեսաբում բնակվող մեր հայրենակիցների հարցը:

Միանգամից աղմուկ բարձրացվեց և Քեսաբ մեկնեց հայկական պատգամավորական պատվիրակություն: Պատգամավորական խումբը նաև իրականացրեց փաստահավաք գործունեություն, որի արդյունքների մասին Հայաստան դառնալուն պես կզեկուցեն երկրի բարձրագույն իշխանություններին:

Ու թեև հայ պատգամավորների այդ գործունեությունը ողջունելի է, թույլ տվեք հարցնել, թե ինչու Թուրքիայի դեմ այդ փաստահավաք գործունեությունը չի իրականացնում ԱԱԾ-ն:

Ինչու՞ ԱԱԾ-ն հետախուզական աղբյուրներ չունի Սիրիայից, ուր հայերը պարբերաբար դառնում են իսլամիստների գրոհների զոհը… Ինչու՞ ԱԱԾ-ի փոխարեն դա պիտի անեն ԱԺ պատգամավորները:

Ռամիլ Սաֆարով

2012 թվականին Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնում Ռամիլ Սաֆարովին: 

Թեև այդ գործարքին դեմ էին թե Հայաստանի, և թե Հունգարիայի հասարակությունները, ու այն ակնհայտորեն հակասում էր Հունգարիայի շահերին, միևնույնն է, դա տեղի ունեցավ:

Հետագայում պարզվեց, որ արտահանձնման վերաբերյալ բանակցությունները բավականին երկար են տևել: Բացի այդ, դեպքից օրեր անց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Հետք»-ում հրապարակեց մի քանի հետազոտություններ, որոնք ջրի երես հանեցին արտահանձնման հետ կապված գործընթացի բազմաթիվ մութ կողմեր:

Սակայն, Հայաստանի արտաքին հետախուզությունը չկարողացավ նախապես տեղեկանալ արտահանձնման մասին (դա կկանխեր արտահանձնումը): 

Ավելին, թեև դեպքից հետո խորհրդատվության ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենին ասաց «Գորիկ Գուրգենիչ, Ձեր համար առանձին հանձնարարական ունեմ», գործընթացի մութ կողմերը ջրի երես հանեց ոչ թե ԱԱԾ-ն, այլ Ստյոպա Սաֆարյանը:

Այսինքն, Ադրբեջանից եկած ինֆորմացիան մի փորձառու վերլուծաբանը կարողացավ ավելի լավ վերլուծել, քան ԱԱԾ-ն (եթե ԱԱԾ-ն դա արած լիներ, ապա դա կհրապարակվեր Ադրբեջանին էլ ավելի վատ դրության մեջ դնելու համար):

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

2011 թվականին Ադրբեջանը 155 կողմ ձայնով դարձավ Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհդի անդամ` 2 տարով:

Այդ օրերին Երևանում մեծ աղմուկ բարձրացավ: Շատերը պնդում էին, որ Բաքուն կաշառել է բազմաթիվ լոյալ պետությունների պատվիրակներին: Եվ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի վարկը այդքան էլ բարձր չէ, ապա այդ վարկածը բավականին ծանրակշիռ է:

Տարբեր երկրների հետախուզական մարմինները կարողանում են ջրի երես հանել իրենց թշնամիների գաղտնի «սև» պլանները: Օրինակները բազմաթիվ են: Վերջինը երեկ էր, երբ Youtube-ում հայտնվեց Թուրքիայի կողմից Սիրիայի վրա հարձակվելու համար սադրանք կազմակերպելու քննարկման ձայնագրությունը` Ահմեդ Դավութողլույի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Սակայն երբ Նյու Յորքում ադրբեջանական պատվիրակությունը ռեստորաններում հանդիպում էր այլ երկրների պատվիրակությունների հետ և, հավանաբար, պայմանավորվում էր կաշառքի գնի մասին, մեր ԱԱԾ-ն չկարողացավ այդ բազմաթիվ հանդիպումներից ու հանցավոր գործարքնրից որևէ մեկի հետքը գտնել (տեսանկարահանել, լուսանկարահանել, կամ ձայնագրել)… Համոզված եմ, որ անգամ չփորձեց, թեև դա կկանխեր Ադրբեջանի ընտրվելը ու էականորեն կհարվածեր այդ երկրի վարկին:

Այդ ամենի փոխարեն

Թշնամիների դեմ պայքարելու և ազգային անվտանգությունը ապահովելու փոխարեն մեր հայրենի ԱԱԾ-ն շատ պրոֆեսիոնալ կերպով իրականացնում է այլ գործառույթներ, ինչպիսիք են ընդդիմադիրներին գաղտնալսելը, մարդկանց գլխին «փողերի լվացման» գործեր սարքելը և այլն:

Այս ամենի ֆոնին հարց է ծագում, թե ինչպես ճիշտ կլինի անվանել կազմակերպությունը` Ազգային անվտանգության ծառայություն, թե «Ցառսկիյ Ախռանկա» (Царская Охранка-ն ռուսական կայսրությունում ընդդիմադիրներին հալածելու համար պատասխանատու մարմինն էր): 

 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պատասխանը պարզ է. որովհետև ԱԱԾ-ն էլ իրականում ղեկավարվում է ռուսական ՖՍԲ-ի կողմից: Ոչ ոք դեմ չէ,որ Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենա: Բայց ո՛չ վասալացում՝ ԱԶԳԱՅԻՆ շահիդ հաշվին:
ret
esqan veracakan. ? isk inchi e dzez tvum,te AAC i informaciayi masin duq kam menq petq e imananq? taxapetarana. haaa erevi danielin petqa zekucen amen informacia u zekucel en vor informacia chka. aveli lava du gna gaishnik nkari
Սամվել
Պրոբլեմներ շատ կան, բայց Ամստերդամից խելոք մտքեր կարան ասեն միայն հիմարները, մանավանդ ՖՍԲ ի անունը տալուց և ուղեղ ունենալու պայմաններում կարելի է հասկանալ, որ աշխարհի ամենահզոր ծառայության վասալը կլիներ արտակարգ հզոր մեկը, որը ցավոք չկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter