HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանգառը արգելող օրենսդրություն, կամ փողի թալակ վարորդների համար

Բագրատ Խաչատրյան 

Ամեն ինչ սկսվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները գրառող տեսախցիկների կիրառումից: Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնը սկսեց միլիոնավոր վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ արձակել և հանձնել հասցեատերերին: Մի մասն էլ ինձ բաժին հասավ, 2013 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2014 թվականի հունվարի 23-ը, այսինքն երկու ամսվանից քիչ ժամանակահատվածում, ստացել եմ ընդհանուր առմամբ չորս որոշում, որից երեքում արձանագրված էր, թե իբր «կանգառ եմ կատարել կանգառն արգելված վայրում»:  Չորս որոշումն էլ լիովին անհիմն էին և բողոքարկվել են իմ կողմից: Երկուսը արդեն իսկ բեկանվել են Ճանապարհային ոստիկանության պետ պարոն Ա. Գալստյանի կողմից` մի դեպքում «որոշումը տեխնիկական վրիպակի արդյունք է» մեկնաբանությամբ, մյուս դեպքում` «իրավախախտման փաստի առկայությունը համարվել է կասկածելի, ինչը մեկնաբանվել է հօգուտ Ձեզ» ձևակերպմամբ:  

Մյուս երկու վերադասության կարգով դիմում-բողոքները չեն բավարարվել, և այդ կապակցությամբ հարկադրված եմ եղել դիմել ՀՀ Վարչական դատարան, որն իմ հստակ հիմնավորված հայցադիմումները ընդունել է վարույթ և նշանակել դատաքննություններ ս.թ. ապրիլի 18-ին և 22-ին:

Նախ նշեմ, որ «կանգառն արգելված վայր» հասկացողությունը կարելի է օգտագործել դիցաբանությունում կամ էպիկական ժանրի հերոսական ուղղվածություն ունեցող վեպերում, իսկ երբ խոսքը գնում է ճանապարհային երթևեկության մասին, և, առավել ևս, երբ անձի նկատմամբ կայացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ապա պետական մարմինը պարտավոր է հիմնավորել, թե գործող ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների կոնկրետ որ կետի պահանջներն են խախտվել:

Բողոքարկված և մերժված որոշումներից մեկը հետևյալի մասին էր` ինձ պատկանող տրանսպորտային միջոցը ավելի քան երկու ժամ կայանել էի Երևանի Հանրապետության փողոցի մայթեզրի մոտ: Վարչական ակտում Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոնի տեսուչը  չգիտես ինչու նշել է, թե իբր կատարել եմ կանգառ և ոչ թե կայանում, այն էլ` Խանջյան / Սայաթ-Նովա խաչմերուկի հատվածում,  միաժամանակ կցել է իրավախախտումն ընդհանրապես չբնորոշող հետևյալ նկարը:

Ուսումնասիրելով ծածկագրի տակ թաքնված տեսանյութը, պարզվեց, որ  իմ ավտոմեքենան պատկերված է հետիոտնային անցում գծանշանից մոտ 1 մետր անց: Մի՞թե չի կարելի որոշման մեջ հստակ անվանել ենթադրվող իրավախախտումը և մատնանշել, թե երթևեկության կանոնների կոնկրետ որ կետն են համարել խախտված:

Մի՞թե չի կարելի ճիշտ նշել կայանման վայրը և ներկայացնել իր լիազորությունը հաստատող իրավական հիմքը:  Մի՞թե չի կարելի կցել այնպեսի լուսանկար, որը առանց անհատական ծածկագրի տակ թաքնված տեսանյութի դիտման էլ կարտահայտի ենթադրվող իրավախախտման բնույթը: Օրինակ` այսպիսի նկար (քաղված է այդ նույն տեսանյութից): Այլ կերպ ասած, նման անորակ և թերի կազմված որոշումները, իմ կարծիքով, ի սկզբանե չեն կարող հիմք հանդիսանալ վարչական տույժ նշանակելու համար:

Ինչևէ, ծանոթանալով տեսանյութին, ենթադրել եմ (և դա հետագայում հաստատվել է), որ արձանագրություն կազմելիս Ճանապարհային ոստիկանությունը նկատի է ունեցել կանոնների IX գլխի (ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ) 84-րդ (Կանգառն արգելվում է`) հոդվածի 4-րդ կետը, որով արգելվում է կանգառն «հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում»:  Սակայն այս կետն ուղղակիորեն հակասում է 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետի i) ենթակետի պահանջներին, որոնք հստակ ձևակերպված են ինչպես` Ճանապարհի երթևեկելի մասի վրա ցանկացած կանգառը կամ կայանելն արգելվում է հետիոտների համար նախատեսված անցումներում, հեծանվորդների համար նախատեսված անցումներում և երկաթուղային գծանցերում:

Մինչդեռ, ՀՀ սահմանդրության 6-րդ հոդվածի համաձայն, «Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»: Նույնն է սահմանված նաև ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ  5-րդ հոդվածի 3-րդ կետով` Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:

Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ և նրա դրույթները 2006 թվականի փետրվարի 8-ից, հանդիսանալով իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, ենթակա են անվերապահ կատարման և գործում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անմիջականորեն: Սակայն Ճանապարհային ոստիկանությունը հաշվի չի առել իմ դիմումում նշված այս հանգամանքը և, անտեսելով վավերացված միջազգային պայմանագիրը, մերժել է իմ բողոքը:

Պարզվում է, որ կանոնների 84-րդ (Կանգառն արգելվում է`) հոդվածի 4-րդ կետը միշտ չէ որ հնչել է ներկայիս ձևով, այն այդպիսինն է դարձել  2011 թվականի դեկտեմբերի 15-ի  №1798-Ն ՀՀ կառավարության որոշման «կ.» կետի շնորհիվ խմբագրվելու հետևանքով, այն է` 84-րդ կետի 3-րդ ենթակետը «եզրի» բառից հետո լրացնել «կամ որևէ արգելքի» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «մինչև 5 մ դրանցից առաջ» բառերը փոխարինել «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերով:  Զարմանալին այն է, որ այս մեկ «կ.» կետով երկու անօրեն փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության կանոններում: Մեկի մասին քիչ վեր արդեն ասվել է, այն ուղղակիորեն հակասում է վավերացված միջազգային պայմանագիրի դրույթներին և այդ կապակցությամբ ս.թ. մարտի 19-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին:

Մյուս փոփոխությունն ավելի խայտառակ իրավիճակ է ստեղծում: Փաստացի, 84-րդ հոդվածի 3-րդ կետը իր մեջ ներառում է բազում սահմանափակումներ, մասնավորապես, նրանցից մեկը կարելի է ընկալել որպես` Կանգառն արգելվում է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է:  Հիմա տեսնենք, թե այս պարագայում ինչ իմաստ է կրում արգելք բառը: Ըստ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի №955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ հոդվածի, արգելք հասկացությունը նշանակում է` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից:  Այսինքն՝ քամուց, կամ կողքից ընթացող մեքենաներից ճոճվող կողմնակի առարկան, օրինակ փայտը, կամ սարքին և չվնասված տրանսպորտային միջոցը, որը վարորդի ինքնակամության, կամ վառելիքի վերջանալու պատճառով գտնվում է երթևեկելի մասի վրա արդեն չի՞ գնահատվում որպես արգելք: Եվ այդ երբվանի՞ց է ճանապարհի ծածկույթի վնասվածքը համարվում անշարժ օբյեկտ: Կամ ի՞նչ է նշանակում «և այլն» հասկացությունը, օրինակ` անձրևաջրի մի փոքրիկ կուտակումը հանդիսանո՞ւմ է արգելք, թե՝ ոչ:

Օրենսդիր փաստաթղթի նման ձևակերպումները ակնհայտ անհեթեթություն է, և Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կարող են մեկնաբանվել ի վնաս վարորդին:

Կա մեկ զարմանալի հանգամանք ևս, ներկայումս Երևան քաղաքի փողոցների վճարովի ավտոկայանատեղերի, այսպես կոչված «կարմիր գծանշումներով» տարանջատված հատվածների և հետիոտնային անցումների միջև հեռավորությունը հաճախ կազմում է 1-2 մետր: Ստացվում է` վճարովի ավտոկանգառներում կայանելիս կարելի է խախտել Ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մյուս դեպքերում` ո՞չ: Սա, իմ կարծիքով, միանշանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթների խախտում է, այն է` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ օրենսդրությամբ վճարովի ավտոկայանատեղերի համար որևէ առանձնահատուկ մոտեցում սահմանված չէ:

Մոտենանք հիմնական հարցերից մեկին…  ի՞նչ անհրաժեշտություն կար նման փոփոխություններ կատարելու համար: Ի՞նչ նպատակ կարող էին հետապնդել այս երկու փոփոխությունները: Պատասխանը միակն է` արվել է ամեն ինչ, որպեսզի իրավական դաշտում ստեղծվի խառնաշփոթ և հնարավոր լինի անգամ օրենքի յուրաքանչյուր տառին հետևող անձանց նկատմամբ կայացնել վարչական տույժեր և անհիմն նշանակել դրամական տուգանքներ: Վառ օրինակ են հանդիսանում իմ նկատմամբ կայացված և այնուհետ բեկանված կամ դեռ դատարանի վարույթում գտնվող բազմաթիվ որոշումները:

Ստեղծված իրավիճակը ներկայացրել եմ նաև ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին (2014 թվականի փետրվարի 13-ի նամակով), այդ թվում տեղեկացրել եմ, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների և ղեկավարության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով խախտվում են ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իմ իրավունքները, հասցվում է նյութական և բարոյական վնաս, հարկադրված եմ լինում ժամանակ կորցնել բազում անհիմն մեղադրանքները բողոքարկելու համար, միաժամանակ խնդրել եմ անդրադառնալ ստեղծված իրավիճակին, սահմանել անհրաժեշտ հսկողություն, ի վերջո՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել մեղավոր անձանց նկատմամբ: Ստացել եմ հետևյալ պատասխանը ` «Հարգելի պարոն Խաչատրյան, Ձեր կողմից դիմումում նշված, նախկինում   Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումների հետ կապված Ձեր բողոքները բավարարվել են  և ստացել համապատասխան իրավական կարգավորում, ինչի համար էլ դրանց կրկին անգամ անդրադառնալը նպատակահարմար չէ, իր հերթին Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը մշտապես գտնվում է ՀՀ ոստիկանության պետի հսկողության տակ»:

Նման պատասխանը ակնհայտ արդարացնում է Ճանապարհային ոստիկանության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով լիովին անհիմն նշանակված դրամական տուգանքները և թևավորում այդ ծառայության աշխատակիցներին գործել նույն ոճով, այսինքն` շարունակել կայացնել ոչնչով չհիմնավորված և թերի կազմված վարչական տույժեր: Այս մոտեցումն էլ ունի իր բացատրությունը, մեկը կբողոքարկի, իսկ տասն էլ հնազանդ կմուծեն: Անտեսելով իմ կողմից հիշատակված Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի նորմերը, միևնույն պատասխանի մեջ ներառում են նաև «պարզաբանում»,  թե  Ճանապարհային ոստիկանությունը շատ արդարացի է կայացրել իմ նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, քանի որ ղեկավարվել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի №955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ (Կանգառն արգելվում է`) հոդվածի 4-րդ կետով: Կարծում եմ սա միտումնավոր է արված` չէ՞ որ նրանք պարտավոր են իմանալ` եթե Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ նախատեսվածը հակասում է վավերացված միջազգային պայմանագրի դրույթներին, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը: Ուստի, քաջ գիտակցում են, որ Ճանապարհային ոստիկանությունը իմ նկատմամբ որոշում կայացնելիս պարտավոր էր ղեկավարվել ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված և նեկայումս գործող Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի նորմերով, այլ ոչ թե հիմնվեր ՀՀ օրենսդրությանը հակասող ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի №955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ (Կանգառն արգելվում է`) հոդվածին:

Եվ երկրորդ հիմնական հարցը` մինչև ե՞րբ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի գործունեության մեջ շարունակելու է տիրել ամենաթողության մթնոլորտը, մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել ճանապարհային ոստիկանության կամայականությունները:  Ինչո՞ւ է ճանապարհային ոստիկանության գործունեության հիմքում դրված վարորդներին կեղեքելը, և ոչ թե ժողովրդին ծառայելը: Ինչո՞ւ հարևան Վրաստանում ճանապարհային ոստիկանը կարող է լինել արդար և հանրության կողմից հարգված, իսկ մեր երկրի քաղաքացիները ինչպես կանոն ատելությամբ լի են այդ ծառայության աշխատակիցների նկատմամբ:

Նույն հարցին ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի նիստին անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես նա ասել է` Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ…

Հուսանք, որ վարչապետի հնչեցրած հանձնարարականը հղի է այս ոլորտի մեծ և շուտափույտ բարեփոխումներով: Այնպիսի բարեփոխումներով, որոնց հետևանքով կվերանա Ճանապարհային ոստիկանության օգտագործումն որպես հանրությանը գրպանահատող գործիք:

Իմիջիայլոց կոնվենցիայի հայերեն տեքստում էլ կան անհամապատասխանություններ անգլերեն բնագրի հետ, որի հարցը նույնպես բարձրացրել եմ վարչապետին ուղղված իմ նամակում:

Օրենսդրական բարելավումները և օրենքի գրագետ կիրառումը զգալի կթեթևացնեն, թե՛ ճանապարհային ոստիականության բողոքները քննող հանձնաժողովի կամ պաշտոնատար անձանց գործունեությունը, թե՛ վարչական դատարանի գործունեությունը, որն առանց այդ էլ շատ ծանրաբեռնված է:

Մեկնաբանություններ (15)

Տիգրան
Հարգելի Բագրար, այսօր ինձ կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու մասին տուգանգի ծանուցում է եկել, ֆիքսել են Սայաթ-Նովա Տերյան խաչմերուկի սարքերը Տիկնիկային Թատրոնի մոտ, սակայն կանգառն արգելող նշան չի եղել:Հոդված 124-ի 21-րդ մաս:Ուզում եմ բողոքարկել, ինչ խորհուրդ կտաք?
Arsen
Հարգելի Բագրատ, իմ հետ կատարվել է նույնը և ցանկանում եմ բողոքարկել: Որ խնդրեմ կարո՞ղ եք ինձ բողոքարկման դիմումի տեքստը ուղարկել։
Դանիել Իոաննիսյան
Բավականին պրոֆեսիոնալ ուսումնասիրություն է: Բանն այն է, որ Հայաստաի ոստիկանների 90 տոկոսը չգիտեն միջազգային պայմանագրերի գոյության և դրանց գերակայության մասին:
NY
Ну это еще ничего, вот нам пришел штаф,за то что, мы не застраховали машину, 2013 году, в то время как машину угнали 10 лет назад, и уголовное дело прекращено
Karen
Ճիշտ է Բագրատը գրել: Նույն հիմքերով ես ել ունեմ մի քանի բողոքարկված որոշում վարչական դատարանում: Ավելացնեմ նաև, որ տեսանակարահանման միջոցներով տուգանքներ նշանակող կենտրոն կոչվածը Վարչական իրավախախտումների օրենսգրքով վարչական տույժ կիրառելու լիազորությամբ պարզապես օժտված չէ: Самозванцы они:) без рода и без пленеми:) Այդ մասին ավելի մանրամասն դատարանում: Կարեն
Hermine
Հարգելի Բագրատ, ճիշտն ասած ես ել եմ ստացել տուգանման որոշում, նույն կերպ Սայաթ Նովա և Նալբանդյան խաչմերուկում կայանելու համար և անկեղծ ասած ուզւմ էի ճշտել թե ինչքանով է դա օրինական: կարող եմ բողոքել դրա դեմ?
Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Ավելացնեմ` շատ կուզենայի իմանալ (անուն առ անուն) թե ովքեր են ՀՀ կառավարության 2007 թվականի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի №1798-Ն որոշման նյութերը նախապատրաստողները, և ներկայումս ինչ պաշտոններ են զբաղեցնում: Չէ՞ որ առանց այդ ուղղումների էլ երթևեկության կանոնները հակասում էին Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետի i) ենթակետի պահանջներին, քանի որ «Կանգառն արգելվում է հետիոտնային անցումների վրա և մինչև 5 մ դրանցից առաջ» բառերը բխում են Ժնևյան 1971 թվականի մայիսի 1-ի Եվրոպական համաձայնագրով կատարված լրացումներից: Հայաստանը ինչ-ինչ պատճառներով չի վավերացրել նշված Եվրոպական համաձայնագիրը, (ի դեպ ընդհանուր առմամբ 72 երկիր է վավերացրել Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայի դրույթները, որից միայն 35-ն են վավերացրել Ժնևյան 1971 թվականի մայիսի 1-ի Եվրոպական համաձայնագրով կատարված լրացումները), ուստի պարտավոր է իր օրենսդրությունը դարձնել Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համահունչ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Փոփոխություններ կատարելուց հետո երթևեկության կանոնների IX գլխի (ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ) 84-րդ (Կանգառն արգելվում է`) հոդվածի 4-րդ կետը պետք էր ձևակերպել հետևյալ կերպ` «Կանգառն արգելվում է հետիոտնային անցումների վրա», արվել է ճիշտ հակառակը, ավելացվել է անհեթեթ, տրամաբանությանը հակասող և երթևեկության անվտանգությանը ոչնչով չնպաստող պահանջ: Շատ հետաքրքիր է, թե ո՞ւմ նախաձեռնությունն է եղել նման ձևով վարորդներին մոլորության մեջ գցելը: Շատ հետաքրքիր է, ի վերջո ի՞նչ պատիժ են կրելու նման ձևով օրենսդրությունը խեղաթյուրողները:
ASHOT Ukraina
Et txen tsrarneri u posti tsarajutjunneri vra hastat aveli shata tsakhsel, qan nshanakvats tuganqi gumarna. Tenas inchija arel? Djvar te Galstjani nkatmamb anznakan tshnamutjun uni. Mnuma ardarutjan koxmnakic linely. Halala qez akhper jan! Aj erb et Bagrati nmanneri tivy kavelana, ay et vakht karoxa Hajastanum mi ban pokhvi u menqel nakhyntrenq veradarnal hajreniq.
Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Հարգելի Հերմինե, ուղղակի համադրեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ վավերացված 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի պահանջները ՀՀ սահմանդրության 6-րդ հոդվածին հակասող ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի №955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների հետ: Սա Ձեզ պատասխան օրինականության վերաբերյալ, իսկ ինչ վերաբերվում է բողոքարկմանը, ապա, իհարկե, կարող եք, եթե տուգանք նախատեսող վարչական ակտի իրազեկման հաջորդող օրվանից անցել է ոչ ավելի, քան 2 ամիս:
Элина, Иордания
ASHOT Ukraina, я не думаю что от этого зависит наше возвращение на Родину, но то что народ уже не хочет мириться с беззаконием, это неоспоримый факт. Снимаю шляпу перед Хачатряном за его гражданскую позицию. Вот только, что-то изменится или нет, это пока что вилами на воде написано. Даже в таком вопиющем случае, власти, скорее всего, не откажутся от своей кормушки.
փաստաբան
Բացի հոդվածում նշված հիմնավորումներից, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների ԲՈԼՈՐ վարչական վարույթներն ապօրինի են : Այդ տեսակի վարչական վարույթն իրականացվում է ՀՀ օրենքի համաձայն, որի 1-ին հոդվածի 4-րդ մասը սահմանում է. : Այդ հիմքով, հետևաբար, այդ տեսակի վարչական վարույթը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, որոնք, գործնականում, էկրանի հետևում նստած չի կարող կիրառել: Զուտ վարչական վարույթի օրինականության տեսակետից, միանաշանակ ԲՈԼՈՐ տուգանքի որոշումներն ապօրինի են: Կան այլ թերություններ, որ այդ տեսակի վարչական վարույթները, իրավական իմաստով, խոցելի են դարձնում, սակայն անձամբ համոզված եմ, որ ՀՀ ոչ մի վարչական դատարան համարձակություն չի ունենան վերոնշյալ հիմքերով տուգանքի որոշումն անվավեր ճանաչելու վճիռ կայացնելու համար: Դա կնշանակեր պարզապես փակել ոսկու հանքը: Թե հանքի տիրոջը ով պետք է սա բացատրի, ա’յ դա ես չգիտեմ…
Karen
ապրիլի 8-ին 12:00 և 12:30 իմ հայցերով արդեն իսկ նիստեր են նշանակվել, ցանկացողները կարող են միանալ
Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Հոդվածի սկզբնական տարբերակում ես նշել էի, որ ՏՄՀԽԱ կենտրոնի տեսուչները իրենց որոշումներում մատնանշում են որպես իրենց լիազորությունը հաստատող իրավական հիմք վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ըստ որի նույն օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների գործերը քննում են ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ավագ տեսուչները և տեսուչները: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային ոստիկանության կանոնադրության 8-րդ կետով հստակ և սպառիչ թվարկված են ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, այն է՝ հաշվառման-քննական և ճանապարհապարեկային ծառայության (գումարտակ, վաշտ, դասակ, խումբ) ստորաբաժանումները, որոնք տեղակայվում են Երևան քաղաքում և մարզերում, իսկ «Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն» անվանումը կրող կառույցը չի համարվում ճանապարհային ոստրկանության տարածքային ստորաբաժանում: Այսինքն` ՏՄՀԽԱ կենտրոնի վարչական ակտերը կայացվում են դրա լիազորությունը չունեցող կառույցի լիազորություն չունեցող պաշտոնատար անձանց կողմից: Սակայն կրճատեցի այդ մասով, քանի որ ես էլ եմ համոզված, որ որևէ դատավոր այս հանգամանքը որպես վարչական իրավախախտման որոշումն անվավեր ճանաչելու հիմք ինչ-ինչ պատճառներով չի ընդունի:
Հակոբ Ղավազյան
տես ՎԴ/0339/05/14 վարչական գործը ըստ հայցի ՃՈ և ըստ իմ հակընդդեմ հայցի `ոչ իրավաչափ վարչական ակտը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին :Շատ դեպքերում վարչական ակտի հասցեատեր ճանաչված անձինք կատարելով ակտի պահանջը և տարիներ հետո մոռանալով վերոհիշյալ ակտի գոյության մասին հայտնվում են փակուղու մեջ քանի,որ չեն պահպանում վճարման անդորագրերը կամ այլ փաստաթղթեր, ուստի իմ խորհուրդը Ձեզ` պահպանեք դրանք տասը տարի և կլինեք պաշտպանված, իսկ ոչ իրավաչափ պահանջների դեմ պայքարեք նույն օրենքով ինչը ուզում են Ձեզ հրամցնել սխալ մեկնաբանմամբ: Հարգանքով `Հ.Ղավազյան
Պողոս
ժողովուուուուուրդ իսկ փորցելե՞ք չխաղտել, թե լեզվին տալը ավելի հեշտա: Հազիվ ենք պրծել ետ հաբռգած ջիպերից ու անկուշտ գաիշնիկներից: Քանի կար օրենք եիք ուզում, իսկ հենց ստացաք - չեք դիմանում ու ինչ ասես հնարում եք մենակ թե վայրենության հետ գաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter