
Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքի տեսաձայնագրությունը
«Շեկո» մականվամբ Արտյոմ Կարապետյանի սպանության համար մեղադրվող Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի քրեական գործով դատաքննությունն այսօր էլ շարունակվեց դատակոչված վկաների հարցաքննությամբ:
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 23-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի ականատես վկաներից Սոնյա Գարանյանի նախաքննական մարմնին տված ցուցմունքի տեսաձայնագրությունը դատարանում հրապարակելու միջնորդությամբ հանդես էր եկել դատախազ Արմեն Շիրոյանը մարտի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ: Մեղադրողի պնդմամբ՝ քանի որ կար հակասություն վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև, նախ հրապարակվեց Սոնյա Գարանյանի նախաքննական ցուցմունքը:
Սակայն, երբ վկան շարունակեց պնդել, թե ինքը գրել է այն ամենը, ինչ իրեն թելադրել է քննիչը, մեղադրողը միջնորդեց հրապարակել նաև նույն հարցաքննության տեսաձայնագրությունը: Մարտի 19-ին կայացած նիստի ժամանակ մեղադրողի միջնորդությունը բավարարվեց դատավորի կողմից, սակայն տեսանյութը հրապարակել չհաջողվեց՝ համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով:
Այս նիստին կողմերը հնարավորություն ունեցան ծանոթանալու վկայի նախաքննական ցուցմունքին՝ հասկանալու համար արդյոք քննիչն է թելադրել վկային, թե, այնուամենայնիվ, Սոնյա Գարանյանն ինքնուրույն է ներկայացրել կատարվածը:
Տեսանյութում վկան բավական հանգիստ տոնով պատասխանում էր քննիչի հարցերին՝ ներկայացնելով ապրիլի 23-ին՝ ժամը 11-ից 12:30-ի հատվածում, Շիրակացի փողոցում գտնվող «Ցածր գներ» խանութի դիմաց տեղի ունեցած հրաձգության մանրամասներն այն չափով, ինչ չափով, որ ականատես էր եղել: Վկան քննիչին պատմում էր, որ առաջինը սկսել է կրակել սպիտակ գույնի մեքենայից իջած երիտասարդը, թեպետ դատարանում այլ բան էր ասել:
Սոնյա Գարանյանի և քննիչի զրույցից մի հատված. «Շեկի վրա, նիհարավուն կազմվածքով, սպիտակ վերնազգեստով, մոտ 20-21 տարեկան տղա էր մեքենայից իջնողը: Մեքենայից դուրս գալով սկսեց կրակել դիմացի մայթին կանգնած մեքենաների ուղղությամբ, հետո անցավ փողոցը նորից կրակելով: Ես տեսա մի տղամարդու, որ վազում էր աղջիկ երեխայի հետեւից՝ կամ հայրն էր, կամ պապը, չեմ կարող հիմա ասել»:
Վկան սկզբում բանավոր պատմում է այն ամենն ինչ տեսել է, հետո քննիչը սկսում է գրառել՝ ընթացքում հարցերի միջոցով փորձելով ճշտել լսածը: Տեսախցիկի ուղղությունն այդ ընթացքում փոխվում է, և պարզ չէ, թե հետագայում քննողն է շարունակում գրել, թե քննվողը: Հետո կրկին տեսադաշտում հայտնվում են քննիչն ու վկան: Սոնյա Գարանյանն, ով դատարանում պնդում էր, թե վախեցած ու ճնշված է եղել հարցաքննության ժամանակ և չի հիշում, թե ինչ վկայություն է տվել՝ քննիչի հարցին, թե «կարգին տեսքով աղջիկ ես, ինչու՞ չես պսակվում», պատասխանում է, որ պատրաստվում է և հավանաբար մեկ ամսից կամուսնանա, հետո ամենայն մանրամասնությամբ սկսում է քննիչին ներկայացնել իր ընտրյալի հետ ծանոթության, սիրո եւ իր ապագա ծրագրերի մասին:
Վկայի անձնական կյանքի որոշ մանրամասներ լսելուց հոգնած պաշտպանական կողմը միջնորդեց դադարեցնել տեսաերիզի դիտումը: «Ես համարում եմ, որ վկայի կյանքի պատմությունն այս գործի հետ առնչություն չունի: Եթե կան գործին առնչվող այլ հատվածներ, առաջարկում եմ լսել միայն դրանք»,-հայտարարեց Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Սոնյա Գարանյանը հայտարարեց, որ հարցաքննությունից առաջ իրեն հայհոյել են, քննիչն էլ ձեռք է բարձրացրել վրան: «Նախ գրվել է ցուցմունքը, հետո նոր էս նկարահանումն է եղել,- պնդեց վկան,- ես ճնշված եմ եղել, ինչ ասել եմ նախորդ նիստի ժամանակ, դա է ճիշտը: Ես իմ իրավունքները չեմ իմացել, ինձ 4 օր տարել-բերել են, ես չեմ իմացել, որ կարող էի փաստաբան ունենալ, որ զանգելու իրավունք ունեի: Էլի թող շնորհակալ լինեն, որ չեմ բողոքել ինձ վիրավորելու համար»:
Դատակոչված հաջորդ վկան Դավիթ Քոչարյանն էր: Վկան Շիրակացի 125/2 հասցեում գտնվող շինանյութերի խանութի սեփականատերն է: Դեպքի օրը աշխատել է սովորական ռեժիմով, սպասարկել է խանութ գտնվողին հաճախորդին, երբ ներս է մտել մի կին եւ ասել, որ դրսում կրակում են: Վկան լուրը լսելուց միայն կես ժամ անց է կարողացել դուրս գալ:
«Քանի օր մենակ ես եմ աշխատողը, չէի կռնա հաճախորդին թողնեի, դուրս գայի,-բացատրեց Դավիթ Քոչարյանը,- մինչեւ էլ դուրս եկա, արդեն կրակոց-բան չկար, բայց լիքը մարդ կար հավաքված, լիքը ավտոներ»: Վկան պատմեց, որ դրանից հետո իրեն եւ էլի մի շարք մարդկանց տարել են ոստիկանություն: Կոնկրետ իրեն այնտեղ պահել են 12 ժամ: «Իսկ ի՞նչ էին անում, որ այդքան երկար պահել են ձեզ»,- հարցրեց փաստաբան Ալումյանը: «Ոչ մի բան»,- ժպտալով պատասխանեց վկան:
Այս նիստից եւս բացակայում էր տուժող Հարություն Խաչատրյանը՝ քավոր Հարութը, թեպետ պատշաճ կերպով ծանուցվել էր: Տուժողն, ինչպես և նախորդ նիստի ժամանակ, իր բացակայությունը հիմնավորող որևէ տեղեկատվություն չէր տրամադրել դատարանին:
Մեկնաբանել