HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկում չեն գնահատում սեփական հնարավորությունները. բնակչության հույսը պաշտոնյաների բարեկամեցողությունն է (տեսանյութ)

Ապրիլի 4-ին Արարատի մարզի Նարեկ համայնքում կայացավ համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող  հողերի վարձակալության մրցույթ, որտեղ կարելի է ասել, պարտվողներ չեղան՝ բացառությամբ 1-2 դեպքի: Այդ եզակի դեպքերն էլ ձեւական բնույթ էին կրում:

Մրցույթի մասնակիցներն արդեն գիտեին, թե ով որ հողատարածքն է վարձակալելու: Մեկ հողակտորի համար «պայքարողները» երկուսն էին: Քանի որ երկուսն էլ  հող վարձակալելու նպատակ ունեին, պայմանավորված գալիս էին մրցույթին եւ  կոնկրետ հողատարածքի վրա աչք ունեցողն ընդամենը 5000 դրամանոց մեկ քայլ էր կատարում, իսկ «մրցակիցը» հրաժարվում էր հողատարածքից: Հաջորդ հողակտորի վարձակալության մրցույթի մասնակիցները դարձյալ նույն անձինք էին, այս անգամ էլ մեկ քայլով հաղթող էր ճանաչվում նախորդում «պարտված» մասնակիցը: Արդյունքում, գյուղացիները մեկ կրակոցով որսում էին երկու նապաստակ՝ ոչ ոք առանց հողի չէր մնում:

Մրցույթի ընթացքում գրանցվեց 1-2 դեպք, երբ մրցութային քայլը մեկից ավել եղավ: Պատճառը ոչ թե մրցակցությունն էր, այլ մասնակցի անտեղյակությունը, ով իրական մրցակցության բացակայության պայմաններում բարձրացնում էր վարձավճարը: 1-2 դեպք էլ եղավ, երբ մրցույթին մասնակցողն առանց հողի տուն վերադարձավ: Այս դեպքում էլ պատճառը ձեւական մասնակցությունն էր: Որպեսզի մրցույթը համարվեր կայացած, պետք է դրան մասնակցեին մեկից ավելի անձինք: Վարձակալության նպատակ ունեցող մասնակիցն իր հետ բերում էր ազգականին, քանի որ վերջինս հող ունենալու ցանկություն չուներ, նույնիսկ մեկ քայլ չէր անում եւ, արդյունքում, իրական հավակնողը մեկնարկային գնին 5000 դրամ ավելացնելով ձեռք էր բերում հողամասը:

Մրցույթի էր ներկայացվել գյուղնշանակության 8 հա եւ առանձին 1.94 հա ջրովի վարելահող՝ համապատասխանաբար 1հա-ի մեկնարկային գինը՝ 200 հազար եւ 150 հազար դրամ արժեքով: Մրցույթի էր դրված նաեւ 1.2 հա պտղատու եւ խաղողի այգիներ՝ 1 հա-ի մեկնարկային գինը 220 հազար դրամ, 15 հա անջրդի վարելահող՝ 1 հա-ը՝ 5000 դրամ, եւ պետական սեփականություն համարվող 2630 հա արոտ, խոտհարք՝ 1հա-ի մեկնարկային գինը 1000 դրամ:

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ համայնքի տարածքում գտնվող բոլոր վարելահողերի համար հայտեր եղել են, ինչը չի կարող ասել արոտների ու խոտհարքների դեպքում: Վերջիններով այնքան էլ հետաքրքրվողներ չկան: Համայնքապետի խոսքով՝ ապրիլի 4-ին կայացած մրցույթից ակնկալում են համայնքային բյուջեն ավելացնել մոտ 2.2 մլն դրամով, ինչը ծախսվելու է համայնքի ընթացիկ խնդիրները լուծելու համար:

Եթե մրցույթը մրցակցային ու իրական լիներ

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը (լինի շարժական, թե անշարժ) մրցույթով կամ աճուրդով վաճառելու, վարձակալության տալու իմաստն այն է, որ համայնքային բյուջե հնարավորինս մեծ գումար մտնի: Եթե Նարեկում իրական մրցակցություն լիներ, եւ մասնակիցները հենց այդ մրցակցությունով պայմանավորված բավարարվեին ոչ թե մեկ 5000 դրամանոց քայլով, այլ սակարկեին, ապա ամենայն հավանականությամբ համայնքային բյուջե կմուտքագրվեր ոչ թե 2,2 մլն, այլ շատ ավելի մեծ գումար, մանավանդ Նարեկում խնդիրների պակաս չի զգացվում, եւ գումարը ծախսելու շատ տեղ կա: Հիմա ստիպված են բավարարվել ընթացիկ ծախսերով եւ հույսները դնել պետական միջոցների վրա, քանի որ սեփական եկամուտներով լուրջ ներդրումների մասին խոսք լինել չի կարող:

Նարեկ գյուղը գտնվում է Արտաշատի տարածաշրջանի վերջնամասում, կտրված է ու մոռացված: Համայնքապետը թվարկում է առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները՝ ոռոգման համակարգի, խմելաջրի ու կոյուղու ցանցի, գյուղամիջյան ճանապարհների, մանկապարտեզի ու դպրոցի վերանորոգում:

Գյուղի խնդիրների մասին տեղյակ են հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարածքային կառավարման նախարարն ու Արարատի մարզպետը: Գարուշ Հակոբյանն անձամբ է նամակներ ուղարկել նրանց եւ օգնություն խնդրել:  Նա պատմեց, որ գարնան եւ աշնան անձրեւների ժամանակ գյուղը սրտատրոփ սպասում է, որ մեծ ավերածություններ են լինելու: Պատճառն այն է, որ հեղեղատարը որոշ հատվածներում այնքան է լայնացել, որ քանդել է ոչ միայն դաշտամիջյան ճանապարհները, այլեւ 4-5 մետր մտել է մարդկանց հողերի մեջ:

Այդ հեղեղատարի վրա կամուրջ է կառուցված, որը գյուղի աջ ու ձախ կողմերը միացնում է իրար: Աջ հատվածում է գտնվում 350 հա սեփականաշնորհված հողամաս: Հեղեղի ժամանակ մարդիկ չեն կարողանում անցնել կամուրջով եւ իրենց հողերը մշակել, որը կարող է մի քանի օր տեւել: Բացի այդ, սելավաջրերը շրջանցելով կամուրջը նոր հուն են բացել: Հեղեղատարով է անցնում ոռոգման ջրի փակ խողովակաշարը, որից օգտվում են աջ հատվածի հողատերերը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ հեղեղների դեպքում այդ խողովակաշարը կվնասվի եւ իրենց հողամասերը կջրազրկվեն:

Խմելու ջրի խողովակաշարը եւս հեղեղատարով է անցնում եւ այն նույնպես վնասվելու վտանգի տակ է: Համայնքապետն ասաց, որ անձամբ է թակել պաշտոնյանների դռները, սակայն մինչ օրս արդյունք չկա:

Գրեթե ամբողջությամբ քայքայվել է ոռոգման ցանցը: Կիսախողովակները շարքից դուրս են եկել եւ այլեւս հնարավոր չէ ճաքերը փակել, ինչն էլ բերում է ջրի 60-70% կորուստի: Գյուղն ամբողջությամբ ոռոգվում է պոմպերի օգնությամբ, սակայն հաճախ է լինում, որ մայր ջրանցքը ցամաքում է եւ պոմպերն ի զորու չեն լինում ջուր վերցնել: Ոռոգման ջրի «վայրիվերումներն» են պատճառը, որ գյուղացիների մի մասը հրաժարվում են հող մշակելուց:

Նարեկում գյուղնշանակության հողերը 700 հա են, որից մշակվում է միայն 450 հա-ը, այն էլ՝ ոչ լիարժեք: «Այսօր ավելի լավ է խմելու ջուր չունենամ, քան ոռոգման: Մարդը, եթե եկամուտ ունենա, խմելու ջուրը տարաներով էլ կբերի, բայց որ ոռոգման ջուր չկա, նշանակում է եկամուտ էլ չկա ու գյուղացին կանգնում է փաստի առաջ: Մոտ 300 հա հող հենց ոռոգման ջրի պատճառով չի մշակվում: Այն հողերն էլ, որ մշակվում են, թերի են ոռոգվում: Եթե նորմալ ոռոգման պայմաններում գյուղացին ասենք՝ պիտի ստանա 1 տոննա ծիրան, մեր գյուղում ստանում են 600-700 կգ»,- նշում է Գարուշ Հակոբյանը:

Գյուղի հողերից մոտ 480 հա-ն ընկած է գերնորմատիվների տակ, ինչը նշանակում է, որ օգտագործած 1.4 լիտր ոռոգման ջրի դիմաց գյուղացիներից պետք է գանձեն 1 լիտրի արժեքը: Համայնքապետն ասում է, որ իրենց համայնքում այդ կանոնը չի գործում եւ գանձումներն արվում են օգտագործած բոլոր խորանարդ մետրերի համար, ինչը գյուղացու վրա թանկ է նստում: 

Գարուշ Հակոբյանը նշեց, որ Կառավարության աջակցությամբ ոռոգման ջրի ինքնահոս համակարգ է անցկացվում գյուղում: Համայնքապետն ասում է, որ եթե «արտառոց դեպքեր չլինեն, պետական բյուջեն ճեղքվածք չտա», մի 4-5 տարի հետո ինքնահոս ջուր կունենան, ինչը որոշ չափով կթեթեւացնի նարեկացիների բեռը: «Եթե դա էլ չարվի, գնալով մեր վիճակը կբարդանա»,- ավելացնում է համայնքապետը:

Նարեկում ծրագրել են վերանորոգել կամուրջը եւ հանգստյան գոտի հիմնել: «Ժողովուրդ են, բա մի այգի չլինի՞, որ մարդիկ նստեն, զբաղվեն, մի խաղահրապարակ չլինի՞ երեխաների համար»,- նշում է համայնքապետը: 

Ինչ վերաբերում է սելավաջրերից տուժած կամուրջի վերանորոգմանը, ապա Գ. Հակոբյանի ասելով՝ եթե իրեն 10 մլն դրամ հատկացնեն կամուրջն ամբողջությամբ կվերանորոգի: «Բայց, եթե պետության սահմանած կարգով լինի, ինձ պետք է լինելու 50 մլն դրամ, որ մրցույթ հայտարարեմ, նախագիծ-նախահաշիվ լինի, դրանց համար ավելացված արժեքի հարկ վճարվի, դրանք լրիվ ծախսեր են»,- նշում է Գարուշ Հակոբյանը:

Գյուղի հաջորդ խնդիրը դպրոցն է: Նարեկի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1980-ական թվականներին: Համայնքապետի խոսքերով՝ կառուցման օրվանից դպրոցը երբեւէ չի հինանորոգվել: Կոսմետիկ միջամտություններ եղել են, բայց հիմնանորոգումն անխուսափելի է: Փոխվել է տանիքի մի մասը, բայց զգալի մասը դեռ մնացել է: Վերանորոգման կարիք ունի նաեւ դպրոցի մարզադահլիճը: Պարկետներն ամբողջությամբ քանդվել են եւ երեխաները պարապմունքներն անցկացնում են բետոնի վրա: Պատուհանները նույնպես փոխված չեն, ինչն անհնար է դարձնում ձմռան ամիսներին կայուն ջերմություն ապահովելը, մանավանդ, որ դպրոցում լոկալ ջեռուցում չկա եւ դասասենյակները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գարուշ Հակոբյանն ասում է, որ հանրապետության նախագահի հանձնարարականով մինչեւ 2014թ. ավարտը ոչ մի դպրոց չպետք է առանց ջեռուցման մնա, բայց իրենց գյուղում այս ուղղությամբ ոչինչ չի արվում:

Գարուշ Հակոբյանը պատմեց, որ շատ պահանջելուց հետո, պետական բյուջեից  9-10 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզի մի հատվածը վերանորոգելու նպատակով, սակայն դա էլ բավարար չէ: Մանկապարտեզ է հաճախում 53 երեխա: Պահանջարկ կա, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում խմբերն ավելացնել: Մանկապարտեզը նախատեսված է 4 խմբի համար, բայց կարողանում են պահել միայն երկուսը: Գումարների սղության պատճառով մեկ ամսով կրճատել են նաեւ մանկապարտեզի աշխատանքները: Եթե նախկինում երեխաները մանկապարտեզ հաճախում էին 7 ամիս, ապա այս տարի նախատեսվել է 6 ամիս:

Համայնքապետը նշեց, որ մանկապարտեզում բուժսպասարկողի հաստիքը պարտադիր է, սակայն նման հաստիք չեն պահում, որովհետեւ գումար չունեն: Ըստ նրա՝ 10 մլն 700 հազար դրամ համայնքային բյուջեից է հատկացվում մանկապարտեզին, 900 հազար դրամն էլ վարձավճարներից է գոյանում: Գ. Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր երեխայի ամսական վարձավճարը կազմում է 3000 դրամ: Եթե նույն ընտանիքից երկու երեխա է հաճախում մանկապարտեզ, ապա զեղջեր են արվում՝ յուրաքանչյուրի համար վարձավճարը սահմանելով 2500 դրամ: Սակայն ծնողներից այս գումարն էլ չեն կարողանում ամբողջությամբ գանձել եւ մնում է համայնքապետարանի վրա:

Վիճակն այնքան է սրվել, որ նամակով կրթության եւ գիտության նախարարին տեղեկացրել են մանկապարտեզից հրաժարվելու մասին՝ առաջարկելով պետական հովանավորություն: ԿԳ նախարարությունից պատասխանել են, թե երեխաները մանկապարտեզի փոխարեն կարող են հաճախել նախակրթարան, ինչն այնքան էլ գյուղացիների սրտով չէ: Մանկապարտեզին նարեկցիները վերաբերում են ամենայն լրջությամբ, քանի որ գյուղի միակ լուսավոր կետն է: Նարեկում ոչ մշակույթի տուն կա, ոչ երգի ու պարի խմբակներ: Երեխաների միակ ուրախությունը մանկապարտեզն է: Ավելի ճիշտ, գյուղում մշակույթի տուն կա, սակայն այնտեղ է տեղակայված համայնքապետարանը եւ շենքն իր նպատակին չի ծառայում:

Գյուղում խնդիրները շատ են եւ Գարուշ Հակոբյանը դոտացիան կրկնապատկելու խնդրանքով անցյալ տարի նամակներ է ուղարկել նաեւ պատկան մարմիններին: Ըստ համայնքապետի՝ դոտացիան տրվում է գյուղի խնդիրները հոգալու, ոչ թե մանկապարտեզ պահելու համար: Մանկապարտեզը պետք է համայնքի բյուջեի հաշվին գործի, բայց քանի որ բյուջեն չի բավարարում, ստիպված դոտացիայի գումարներն են օգտագործում:

Նրա խոսքերով՝ հողի հարկերը կազմում են 4-5 մլն դրամ, 3 մլն դրամն էլ գույքահարկն է, իսկ դոտացիան՝ 14 մլն դրամ է կազմում: «Այդ գումարով գյուղում ոչ մի աշխատանք չենք կարողանում իրականացնել: Գլխավոր ճանապարհը շատ անբարեկարգ է: Նախկինում փոշի ու խիճ է լցվել փոսերը փակելու համար ու թեթեւ քամու դեպքում ամբողջ գյուղը փոշու մեջ կորում է: Նամակներով խնդրել եմ, որ կենտրոնական հատվածից գոնե մինչեւ դպրոց ասֆալտապատում իրականացվի, որպեսզի երեխաները ցեխի մեջ չկորեն: Խոստացել են, որ կաջակցեն: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից պատասխանել են, որ ֆինանսական միջոցներ լինելու դեպքում բարձրացված խնդիրը հաշվի կառնեն»,-ասում է Գ. Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter