
Շնորհակալություն «Օրանժին» մարդկանց աչքերը բացելու համար
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» կլոր բանտից
Ուրախացել էի՝ իմանալով, որ իմ «Դեպի ցմահ Ազատություն» ստեղծագործությունը «Օրանժ» գրքի մրցույթի առաջին փուլից հետո ընդգրկվել է երեք լավագույն պատմվածքների մեջ: Առանձնապես չտխրեցի, երբ ասացին, որ վերջին փուլում պատմվածքին ձայն չեն տվել: Սակայն հետո պարզվեց, որ ոչ թե ժյուրիի անդամները չեն քվեարկել իմ ստեղծագործության օգտին, այլ պարզապես «Օրանժի» ղեկավարությունը պարտադրել է ընդհանրապես բացառել այդ պատմվածքը: Իսկ դա բացատրվել է, թե ինչ-որ կոմերցիոն հաշվարկներից ելնելով՝ ձեռնտու չէ մրցանակ տալ ցմահ բանտարկյալին: Նախ այսուհետ կխնդրեմ նման մրցույթ հայտարարելիս նշվի, թե արդյոք խտրական վերաբերմունք ունեն ճաղերից այն կողմ գտնվողների հանդեպ, թե ոչ: Եթե այդպես է, ուրեմն թող նշվի, որ դատապարտված են ոչ միայն բանտարկյալները, այլև նրանց ստեղծագործությունները: Թող նշվի, որ դատապարտյալներին արգելվում է մասնակցել գրական մրցույթների:
Մահվան տանը հայտնվելուցս հետո, առաջին յոթ տարիներին չեմ ստեղծագործել, կարդում էի՝ ինչ ձեռքս էր ընկնում, որ չխենթանայի: Հետո սկսեցի գրել, գրում էի սկզբում միայն ինձ համար: Երևի նպատակը նույնն էր, որ չխելագարվեի փակ խցում 24 ժամ: Հետո, տարիներ հետո միայն կարողացա ձեռագրերս ուղարկել Ողջերի աշխարհ: Ես գրող չեմ, գրողական ամբիցիաներ չունեմ: Պարզապես ուզում էի չապրածս գարունների, անարդար արդարադատության մասին պատմել մարդկանց: Բայց հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էի գրածներս ուղարկում Ազատություն: Ես իմ ստեղծագործություններին ուզում էի ազատություն ու կյանք տալ:
Եվս մեկ անարդարություն: 20 տարեկանից հետո այնքան շատ եմ տեսել անարդարություն, որ թվում է՝ պիտի կոփված լինեի: Չեմ կոտրվում բազում անարդարություններից, բայց զարմանում եմ: Բայց չզարմանաք, որ հիմա շնորհակալություն ասեմ «Օրանժին»: Շնորհակալ եմ նրա համար, որ մարդկանց ցույց տվեց անարդարության մեխանիզմը: Այն, ինչի մասին բղավում եմ 18 տարի անընդմեջ: Այս մրցույթն ակամա ցույց տվեց, թե ինչպես կարելի է մարդուն զրկել արդարության իր իրավունքից, թե ինչպես են կայացվում Հայաստանում դատավճիռները:
Չլիներ «Հետքի» համառությունը պարզելու ճշմարտությունը, չլիներ լրագրող և իրավապաշտպան Վահան Իշխանյանի (ով առանց ինձ անձամբ ճանաչելու դեռ 4 տարի առաջ, կարդալով իմ «Իրական պատմություն» պատմվածքը, անտարբեր չանցավ ճակատագրիս կողքով ու այժմ էլ չհանդուրժեց կատարված անարդարությունը) և մյուս քաղաքացիների սրտացավությունը, չասեր իրականության մասին հայագետ Արծվի Բախչինյանը, կանցներ կգնար այս պատմությունը: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչեր են տեղի ունենում մեր դատարաններում: Դատավորներին նշանակում է երկրի նախագահը: Ինչպիսի հրահանգներ ստանում են դատավորները, այնպիսի դատավճիռներ էլ կայացնում են: Որպես կանոն, այդ դատավճիռների հետևում կա՛մ կոմերցիոն շահն է, կա՛մ քաղաքական բաղադրիչը:
Պատկերացնո՞ւմ եք՝ 18 տարի առաջ Լևոն Տեր Պետրոսյանի ապարատից ի՞նչ հրահանգ է ստացվել, ինչպե՞ս է կայացվել իմ մահապատժի դատավճիռը: Հիմա մի պահ պատկերացրեք, որ մահապատժի դատավճռի հեղինակ դատավոր Զինավար Ղուկասյանը ունենար Արծվի Բախչինյանի համարձակությունը և այսօր խոստովաներ, որ ստիպված է ենթարկվել «վերևից» եկած հրահանգին: Պատկերացրեք նաև, թե քանի անմեղ մարդիկ կան մեր բանտերում, քանի քանիսն են դատապարտվել հրահանգներով, կոմերցիոն շահերով, անարդար դատավճիռներով: Հենց վերջերս Ճապոնիայում արդարացվեց կես դար բանտում անցկացրած մի մարդ, իսկ նրան դատապարտած դատավորը խոստովանեց, որ դեռ այն ժամանակ գիտեր, որ այդ մարդն անմեղ է: Դատավորը ներողություն խնդրեց: Չեմ կարծում, թե մեզ մոտ նման դատավորներ գտնվեն, քանի որ, որպես կանոն, խոշոր գումարներ են վերցնում հրահանգներին ենթարկվելու դիմաց և մինչև կյանքի վերջ կլռեն:
Այժմ պատրաստվում եմ հանձնել քննություն՝ Հայաստանի պետության և իրավունքի պատմություն առարկայից: Իմացա, որ առաջնորդվելով Մխիթար Գոշի «Դատաստանագրքով», միջին դարերում դատավորը դատավարության վերջում պարտվող կողմին կանգնեցրել է իրենից ձախ, իսկ հաղթողին՝ աջ կողմում: Միանգամից հիշեցի, որ մեր դատարաններում դատախազը նստում է աջ կողմում, իսկ փաստաբանն՝ իր պաշտպանյալի հետ՝ ձախ: Կարծում եմ, որ դարերի խորքից եկած ավանդույթն այսօրվա Հայաստանում պահպանվել է այն տեսքով, որ մեղադրող դատախազն ի սկզբանե հաղթող է ճանաչվում:
Անկախ նրանից, որ կապիտալիստական հասարակարգում գերագույն արժեքը շահույթն է, կան արժեքներ, որ փողով չես գնի: Ինչքան եմ ուրախանում, հուզվում, որ Հայաստանում դեռ կան արդարության նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ և պատրաստ են գործանական քայլերով ցույց տալ իրենց դիրքորոշումը:
Տեղեկացա, որ սրտացավ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա, որ ցանկություն են հայտնել տպագրելու իմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը ու նվիրելու ինձ: Ակցիայի նպատակն է ցույց տալ թե՛ «Օրանժին», թե՛ իշխանություններին, որ չի կարելի թաղել գեղարվեստական ստեղծագործությունը՝ զրկել նրան Ազատությունից, միայն նրա համար, որ հեղինակը ֆիզիկական անազատության մեջ է:
Հ.Գ. «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում միշտ եմ ունեցել Աստվածաշունչ: Ողջ այս պատմությունն ինձ հիշեցրեց Աստվածաշնչի այրի կնոջ լումայի մասին պատմությունը, որտեղ Հիսուսը տեսնելով, թե ինչպես մի աղքատ այրի կին 2 լումա գցում տաճարի գանձանակի մեջ, իր աշակերտներին ասում է. «Նա բոլորից շատ դրամ գցեց, որովետև մյուսներն իրենց ավելորդ գումարները գցեցին, մինչդեռ նա, չնայած իր չքավորությանը, գցեց ինչ որ ուներ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել