
Տեխզննության բացակայության մասին
Բոլոր վարորդներս ամեն տարի մասնակցում ենք մի տարօրինակ արարողության` այցելում ենք բանկ և մոտ 8000 դրամ վճարի դիմաց ստանում ավտոմեքենայի տեխզննության կտրոն: Ապա այն փակցնում ենք մեքենայի դիմապակուն:
Եթե ԱՊՊԱ-ի պայմանագիրը կնքելիս գիտենք, թե դրա իմաստը որն է, իսկ մեքենայի գույքահարկը վճարելիս հասկանում ենք, որ այն հարկ է, որը պիտի վճարվի, ապա նույնը չի կարելի ասել տեխզննության կտրոնը գնելու մասին:
Ինչպես է գործում
Ըստ մոտ 5 տարի առաջ ընդունված կարգերի` վարորդը պարտավոր է տեխզննության կտրոնը գնել բանկից, ապա գնալ տեխզննության ցանկացած կայան: Այստեղ մեքենան զննում են և սարքին լինելու դեպքում կտրոնի վրա դնում են կնիք (դրոշմ): Ապա կտրոնը փակցվում է դիմապակուն, որպեսզի ՃՈ տեսուչները տեսնեն, որ երթևեկող մեքենան գտնվում է տեխնիկապես անվտանգ վիճակում:
Իսկ տեխզննության կտրոնի համար վճարված գումարը փոխանցվում է այն կայանին, որտեղ մեքենան անցել է զննությունը:
Սակայն, այս պրոցեսը իրականությունից հեռու է: Սովորաբար, վարորդները բանկից հետո անգամ չեն այցելում տեխզննության կայաններ, այլ միանգամից կտրոնը փակցնում են դիմապակուն, իսկ ՃՈ տեսուչները ուշադրություն չեն դարձնում կտրոնի վրա դրոշմի առկայությանը:
Այս դեպքում կտրոնի համար վճարված գումարը մնում է բանկին (իմիջիայլոց, դա` շնորհիվ Տիգրան Սարգսյանի հեղինակած փոփոխության):
Առավել բարեխիղճ վարորդները բանկից հետո այցելում են տեխզննության կայաններ: Սակայն վերջիններս առանց որևէ զննություն անելու կտրոնի վրա դնում են դրոշմը: Նրանք գիտեն, որ եթե զննություն անեն, կվանեն առանց մեծ մոտիվացիայի իրենց այցելած վարորդին:
Ավելին, երբ տեխզննության կայանի աշխատակցին վարորդն ինքն է խնդրում մեքենայի որևէ մաս զննել (ինչը նա պարտավոր է անել անկախ վարորդի կամքից), պարզվում է, որ զննության համար նախատեսված սարքեր չունեն:
Այսինքն, թեև բոլորս վճարում ենք տեխզննության վճարը, այդ գումարը կամ բանկում է կորում, կամ տեխզննության կայանում, իսկ մեքենան մնում է չզննված:
Հարցի կարևորությունը
Շատերին թվում է, որ հարցը այդքան էլ կարևոր չէ: Սակայն արևմտյան երկրների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ որքան խիստ է երկրում տեխզննությունը, այնքան քիչ են վթարները:
Ավելին, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, տեխզննությունը այն աստիճան խիստ է, որ երբեմն մարդիկ ստիպված են հին մեքենան փոխարինել նորով, որպեսզի կարողանան անցնել հայտնի TUF-ը (Գերմանիայում մեքենաների տեխզննությունը այդպես է կոչվում):
Հայաստանում տեխզննության բացակայությունն ակներև է ցանկացած մարդու համար, ով երեկոյան դուրս կգա փողոց, քանի որ բազմաթիվ մեքենաներ երթևեկում են առանց լույսերի (կամ թերի լույսերով), ինչը հաճախ հանգեցնում է ողբերգական վթարների:
Բացի այդ, մեր երկրում կա ավանդույթ, որ վարորդները այնքան են բարձրացնում մոտահար լույսը (ближний свет), որ այն արդեն փաստացի դառնում է հեռահար (дальний): Այդ պատճառով հաճախ մեզ «քոռացնում են» դիմացից եկող անգամ մոտահար լույսով մեքենաները: Տեխզննության առկայության դեպքում վարորդները ստիպված կլինեն լույսերը պահել նորմայի սահմաններում:
Այսպիսով, ճիշտ աշխատող ղեկ ու արգելակման համակարգեր, ստանդարտներին համապատասխանող լույսեր և մի շարք այլ հարցեր այժմ թողնված են վարորդի պատասխանատվությանը: Իսկ եթե վարորդն անպատասխանատու է, ապա նա վտանգում է իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքը… պետության լուռ համաձայնությամբ:
Լուծումը
Ստեղծված իրավիճակում, երբ մարդկանցից գումար են գանձում, իսկ տեխզննություն չեն անում, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
Ակնհայտ է, որ հարցը, որից կախված է երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, չի կարող թողնվել միմյանց և բանկերի հետ մրցող մասնավոր կազմակերպություններին, այլ պետք է վստահվի պետական մի մարմնի այնպես, ինչպես համարյա ամբողջ աշխարհում է (և մինչև 2000-ականները ՀՀ-ում):
Եթե տեխզննությունն իրականացնի ճանապարհային ոստիկանությունը, ապա այն առնվազն կգործի: Միգուցե վատ, միգուցե կոռուպցիայի դրսևորումներով, բայց կգործի: Վարորդները կգան ՃՈ կայաններ և ստիպված կանցնեն տեխզննությունը:
Առավել ևս, որ այս տարիներին ՃՈ-ում բազմաթիվ փոփոխություններ են եղել, կոռուպցիայի լուրջ նվազում է գրանցվել:
Իսկ մինչ այդ, շարունակելու ենք անհայտ ծառայության համար բանկերում վճարել գումար, անհասկանալի բանի մասին վկայող մի թուղթ փակցնել դիմապակուն և երթևեկել փողոցներով, ուր կան մեր կյանքը վտանգող բազում անսարք մեքենաներ:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել