HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային վիճակագրական ծառայությունը պարզաբանում է

2014 թ. ապրիլի 11-ի «Խառնաշփոթ ՏՏ ոլորտի վիճակագրությունում» խորագրով Սամվել Ավագյանի հոդվածում զետեղված մի շարք տեղեկությունների կապակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) սույնով ներկայացնում է որոշակի պարզաբանումներ:

1. ՀՀ ԱՎԾ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի վիճակագրության համար 2001թ.-ին, և առայսօր, «պատասխանատու առանձին ստորաբաժանում» չի ստեղծվել, հետևաբար լուրը չի համապատասխանում իրականությանը:

2. Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալներում հստակեցում մտցնելուն, ապա, ինչպես իրավացիորեն նշել է հոդվածագիրը, վերջին պարբերությունում, ՀՀ ԱՎԾ-ն առաջնորդվում է ՄԱԿ-ի ուղեցույցներով և մեթոդաբանական ստանդարտներին համապատասխան  (Manual for the Production of Statistics on the Information Economy  UNCTAD, United Nations Publication, 2007):

Համաձայն հիշատակված ձեռնարկի` խնդրո առարկա ոլորտի տնտեսավարող սուբյեկտները զբաղված են ինչպես ապրանքների և ծառայությունների թողարկմամբ, այնպես էլ առևտրով: Իրականում թողարկված ապրանքները և ծառայությունները կրում են բազմակի նշանակություն: Դրանք իրենց բնույթով կարող են դասվել ոչ միայն զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին, այլև` հեռահաղորդակցությանը: Օրինակ, համակարգիչներ արտադրող կազմակերպությունը որևիցե կերպ չի կարող բնութագրել թե իր կողմից արտադրված համակարգիչների որ մասն է վերագրվելու զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին, որ մասը` հեռահաղորդակցությանը (անգամ նույն համակարգիչը որ չափով է տեղեկատվական տեխնոլոգիայի կամ հեռահաղորդակցության գործիք):

Դա պարզելու համար հարկ է իրագործել հատուկ նպատակային (ֆոկուս) հետազոտություն այդ համակարգիչները օգտագործողների շրջանում: Առանց նման հետազոտության պաշտոնական վիճակագրությունը վարվում է համախմբման ավելի բարձր աստիճանով` ըստ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի, որի տարեկան թողարկումը (առանց ԱԱՀ-ի) Հայաստանում 2012թ.-ին  կազմել է 213,9 մլրդ. դրամ, իսկ 2013 թ.-ին` 234.4 մլրդ. դրամ:

3. Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, համապատասխան որի, «Ըստ Բ. Ենգիբարյանի` վիճակագրական ծառայությունն  իրենց տվյալները չի հերքում և ընդունում է, որ ոլորտի լիարժեք հաշվառում ի զորու չէ իրականացնել», ապա հարկ է նշել, որ պարոն Բ. Ենգիբարյանի խնդրանքով 2012 թ.-ին  ՀՀ ԱՎԾ նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում պարոն Բ. Ենգիբարյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդականի հետ, որոնք հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (ՁԻՀ) ավարտել է Հայաստանի ՏՏ ոլորտի  2011 թ.-ի  հետազոտությունը, որն այդ հանդիպումից հետո մոտակա օրերին նախապատրաստվում էր հրապարակման, այդ իսկ պատճառով այդ հանդիպմանը հիշատակված հետազոտությունը չէր ներկայացվել: Այդ հանդիպմանը պարոն Բ. Ենգիբարյանը հայտնեց, որ իրենց հաջողվել է բացահայտել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկությունների ամբողջական ցանկ, ինչի արդյունքում հետազոտության տվյալներն ամբողջական են ստացվել: Այդ բանավոր հայտարարության հիման վրա ՀՀ ԱՎԾ նախագահը և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ պարոն Գ. Անանյանը գոհունակությամբ  նշել են, որ դա նշանակում է, որ 2010 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ ԱՎԾ նախագահի, ՁԻՀ-ի տնօրենի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի, Էլ. բովանդակության ասոցիացիայի նախագահի և Եռաչափ մոդելավորման միության նախագահի կողմից  «ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վարչական ռեգիստրի կայացման նպատակով սկզբնական տեղեկությունների էլեկտրոնային հավաքագրումը կազմակերպելու մասինշ» ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրված հուշագրի (պատճենը կցվում է) գործողությունը մտնում է կիրառական փուլ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ հուշագրով նախատեսված էր, որ հիմնադրամը ստանձնել էր ՀՀ-ում ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման պատասխանատվությունը:

Ի պատասխան` պարոն Բ. Ենգիբարյանի կողմից հայտնվեց պատրաստակամություն տրամադրելու տեղեկություններ հիմնադրամի կողմից նոր հայտաբերված կազմակերպությունների անվանումների և հասցեների վերաբերյալ, ինչը մինչ այդ էլ արվում էր պարբերաբար և շարունակական է առ այսօր: Սակայն, նա միաժամանակ նշեց, որ հիմնադրամի տեղեկատվական շտեմարանում առկա ոչ բոլոր կազմակերպություններից ոչ բոլոր ցուցանիշներն է իրենց հաջողվել հավաքագրել: Այդ մասին վկայություններն, ինչպես հետագայում պարզվեց, (երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրվեց 2011թ.-ի հետազոտության հրապարակումը, տե′ս այստեղ) առկա էին նաև 2011թ-ի հետազոտության «Մեթոդաբանություն» բաժնում, որտեղ «Տեղեկատվություն և տվյալներ» խորագրով ենթաբաժնում շարադրված է հետևյալը. «Հետազոտությունը պատրաստելիս մենք առաջնորդվել ենք հարցազրույցների ժամանակ ոլորտի ներկայացուցիչներից ստացած տեղեկություններով: Չնայած մենք վստահ ենք, որ այդ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկություններն ու տվյալները հիմնականում հուսալի են, այդուհանդերձ ոչ բոլոր ընկերություններն են տրամադրել մեզ անհրաժեշտ տեղեկությունները: Քանի որ որոշ դեպքերում մենք ընդհանրապես չունեինք որևէ ստույգ տվյալներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր կատարել տարբեր ցուցանիշների մոտավոր հաշվարկ` հիմնվելով ունեցած տեղեկությունների վրա:

Այսպիսով, տվյալների բացակայության, իսկ որոշ դեպքերում անհուսալիության պատճառով այս հետազոտությունը մասամբ հիմնված է մեր հաշվարկների և վերլուծության վրա: Այնուհանդերձ, ելնելով ոլորտում ունեցած մեր փորձից, այլ հետազոտություններում և հրապարակումներում կատարված հաշվարկներից և այլ աղբյուրներից` վստահ ենք, որ Հետազոտությունը ներկայացնում է ոլորտի բավականին ճշգրիտ պատկերը, դրա հիմնական միտումներն ու հատկանիշները, այդ թվում նաև հեռանկարները»:*

Իսկ «Ելակետային դրույթներ և գնահատման ու հաշվարկման մեթոդներ» խորագրով ենթաբաժնում նշված է. «Ոլորտի հասույթի հաշվարկը հիմնված է ընկերությունների աշխատակիցների քանակի, աշխատավարձի միջին մակարդակի, ինչպես նաև ոչ աշխատավարձային ծախսերի և շահութաբերության համապատասխան մարժայի վրա, քանի որ հայտնի չէին ընկերությունների հասույթի ստույգ տվյալները»…«Ոլորտի աշխատուժի քանակը հաշվարկվել է ելնելով մեկ ընկերության աշխատողների միջին քանակից, քանի որ ոլորտի ընդհանուր աշխատողների ստույգ թիվը հայտնի չէ»:*

Նույն «Մեթոդաբանություն» բաժնի «Ոլորտի հետազոտության նկարագրություն» խորագրով ենթաբաժնում նշված է. «Սույն հետազոտությունը հիմնված է 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՁԻՀ-ի կողմից կատարված հարցման արդյունքների հիման վրա: Հարցմանը մասնակցել են երեք հիմնական խմբեր` ծրագրային ապահովման և ՏՏ խորհրդատվության ոլորտի ընկերություններ, ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններ և ՏՏ մասնագիտություններին առնչվող հիմնական ԲՈՒՀ-ի ֆակուլտետներ: Ուսումնասիրությունն ընդգրկել է ոլորտի զարգացման և աճի համար կարևոր մի շարք բնագավառներ, որոնք են` գործարար և իրավական կարգավիճակը, հասույթը, կրթությունը, աշխատուժը, արտահանումը և այլն: Ուսումնասիրությունը ներառում է նաև տեղեկություններ 2003-2010թթ. ՁԻՀ-ի կողմից նախկինում կատարված հետազոտություններից:

 2011թ. հարցումը ընդգրկել էր ծրագրային ապահովման և ՏՏ խորհրդատվության բնագավառի և ինտերնետային կապի ծառայություն մատուցող 230 ընկերություն և առաջատար ԲՈՒՀ-երի ֆակուլտետներ ՏՏ մասնագիտություններով»:*

Նույն` «Հայաստանի  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ 2011թ. հետազոտություն» փաստաթղթում զետեղված են բազմաթիվ ցուցանիշներ, այդ թվում` մակրոտնտեսական, որոնք էապես տարբերվում են պաշտոնական ցուցանիշներից: Օրինակ`«Հիմնական տնտեսական ցուցանիշները»* խորագրով  2012թ-ին հրապարակված աղյուսակում հղում կատարելով ՀՀ ԱՎԾ-ին` հրապարակված է, որ 2009թ.-ին նախորդ տարվա նկատմամբ ՀՆԱ-ն նվազել է 19.7 տոկոսով (երբ իրականում` 14.1 տոկոսով), իսկ սպառողական գների ինդեքսը (միջին տարեկան սղաճը) նույն թվականին կազմել է -5.1 տոկոս (երբ իրականում `+3.4 տոկոս ) և այլն:

Եթե վերը հիշատակված հանդիպման ժամանակ, կամ այլ կերպ ՀՀ ԱՎԾ-ին կարծիքի տրամադրված լիներ խնդրո առարկա հետազոտության արդյունքներն ամփոփող փաստաթուղթը, ապա գեթ մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ-ի կողմից առաջարկություն կկատարվեր դրանք ճշգրտելու: Չէ ո±ր 2012 թ.-ին 2009 թ.-ի ՀՆԱ-ի շարժընթացի տեմպը հայտնի էր: Մյուս կողմից, մեթոդաբանական իմաստով հասկանալի չէ «հայտնի չէին ընկերությունների հասույթի ստույգ տվյալները» արտահայտությունը, երբ հայտնի էին բոլոր ընկերությունները: Հետևաբար, տվյալների հավաստման կամ հերքման հարց չի քննարկվել:

Այդուհանդերձ, ՀՀ ԱՎԾ-ն հուսով է, որ տվյալ դեպքում առկա է ընդամենը թյուրըմբռնում և ակնկալում է, որ ՁԻՀ-ն  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հնարավորություն կունենա, ինչպես նշված է հոդվածում, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորինս արագ ձևավորել ՏՏ ոլորտի կազմակերպությունների վարչական ռեգիստր, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ ԱՎԾ-ին գործողության մեջ դնելու վերը հիշատակված բազմակողմ հուշագրի 4-րդ կետով նախատեսված գործառույթի իրագործումը, այն է` փորձարկել այդ վարչական ռեգիստրի տվյալները և հետագայում անցում կատարել տեղեկատվության այդ աղբյուրի օգտագործմանը, ինչպես դա արվում է տնտեսապես զարգացած երկրների մեծամասնությունում (վիճակագրական ծառայությունների կողմից վարչական ռեգիստրների օգտագործման ամենաբարձր աստիճանը Հյուսիսային Եվրոպայի երկրներում է, Դանիայում այն կազմում է 95 տոկոս): Իսկ դեզագրեգացված ցուցանիշների շտեմարանների (վարչական ռեգիստրների) ձևավորումը բխում է հենց վարչական լիազորություններից, և ոչ թէ վիճակագրական նպատակներից, որոնք բնութագրվում են ագրեգացման ավելի բարձր աստիճանով:

 ՀՀ ԱՎԾ մամուլի քարտուղար Հայկ Գրիգորյան      



* էջը նշված չէ, քանզի «հետազոտություն» փաստաթուղթն ընդհանրապես էջակալված չէ:

Մեկնաբանություններ (1)

ՏՏ մասնագետ
հագելիս, ձեր մեթոդաբանությունից ավելի խճճվեցի: կարևոր չի, որ ՀՆԱ-ն սխալ են տվել, դուք ցույց տվեք, ինչի՞ ՁԻՀ-ն ու ձեր տվյաները չեն համընկնում, կոնկրետ ինչը չեք հաշվում, որ ՁԻՀը հաշվում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter