HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության թնջուկը. ինչու է փոխնախարար Բերիկյանը պաշտպանում տնօրենին

Բյուրեղավանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվող ապօրինությունների մասին բաց նամակից հետո «Հետքն» օրեր շարունակ փորձում էր պարզել՝ արդյոք նամակում տեղ գտած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Նամակում հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանը մեղադրվում էր ֆինանսական ապօրինությունների եւ երեխաների հանդեպ բռնություն գործադրելու մեջ։ Հաստատության որոշ աշխատակիցներ մեզ տեղեկացրին, որ տնօրեն Գայանե Մարգարյանը աշխատողներից մի քանիսի անուններով լրացուցիչ պարտավորություններ է գրանցում, հետո վերցնում այդ աշխատակիցների բանկային քարտերը, բանկոմատից հանում գումարներն ու, ըստ իր հայեցողության, աշխատավարձ բաժանում:  

«Հետքի» հետ զրույցում Գայանե Մարգարյանը հաստատեց, որ իր մոտ են եղել աշխատակիցներ Յուրա Օսիպյանի, Ժենյա Օսիպյանի, Նինա Համբարձումյանի բանկային քարտերը, որոնցով փոխանցվում են աշխատավարձերը։ «Վեց ամիս հետո բերել, հետ եմ տվել, ասել եմ՝ ընկերներ, ձեր քարտերը վերցրեք, ես հազիվ իմ, իմ տղայի քարտից եմ հանում։ Չեն կարողանում իրենք հանեն, էլի։ Օրինակ՝ իմ խնամի Գարիկի քարտն էլ եմ ես հանում, աշխատավարձը բերում ստեղ, տալիս իրեն։ Հիմա դա էլի մոտս չի, միայն իմ քարտն ա ինձ մոտ ու իմ տղայի քարտը։ Չէին կարողանում հանել, անգրագետ մարդիկ են, էլի, բիձա մարդիկ են ստեղ։ Լարիսան քի՞չ է տվել, Մակարյան Գոհարը, Արաքսին քի՞չ են տվել, թե` առ տար, ստեղ չի աշխատում, Աբովյանից հանի, բեր։ Իսկ հիմա խնդրում եմ գնացեք, հերթով հարցրեք, տեսեք` իրենց քարտերն իրենց մոտ չի՞»,- ասում է Գայանե Մարգարյանը։

Տնօրենը հերքեց, սակայն, որ աշխատավարձերից պահումներ է անում. «Չէ, ես բերում, իրենց փողը տալիս եմ: Հիմնավորեք»,- նշեց նա:

Հաստատության նախկին աշխատակից, այս ուսումնական տարվանից թոշակի անցած Էթերի Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ անցել է թոշակի, սակայն 42 օրվա վերջնահաշվարկ ստանալու փոխարեն իրեն փոխանցվել է 24 օրվա գումար. «Ես զանգեցի, ուզեցի իմանալ` ինչու, բայց ինքը չպատասխանեց։ Ասացին՝ այստեղ չէ, հետո էլի զանգեցի, կրկին չպատասխանեց։ Ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ ինչու մեկ ուրիշը պետք է ստանար 42 օր արձակուրդային, իսկ ես՝ 24 օր։ Ես այդ գումարը չեմ ստացել, այո, թող գա, իրեն էլ ասեմ։ Դա կեղծել հնարավոր չէ»,- ասաց Էթերի Խաչատրյանը։

Սխալ վերջնահաշվարկ անելը տնօրեն Գայանե Մարգարյանը եւս չհերքեց. «Սպասուհիների վերջնահաշվարկը մենք հաշվել ենք 24 օրով, բայց սպասուհին համարվում է խնամքի աշխատող, պետք է լիներ 42 օր։ Դա մեզ մի ամիս առաջ ասացին։ Վերջնահաշվարկը որ արդեն եկավ, Էթերիին մենք պետք է տայինք 42 օր։ Փառանձեմն (հաշվապահը- հեղ.) ասաց` Մարգարյան, Էթերիին ոնց որ 10 օր պակաս ենք տալիս։ Ասացի` այ մարդ, լավ է, տենց էլ հաշվի, թող գնա։ Ու էդ 10 օրը, ճիշտ է ասում, պակաս ենք տվել, բայց կորած չի։ Եթե պետք է, եթե դա է էդպես մտահոգում, թող փոխանցի, գնա։ Իսկ որ Խաչատրյան Էթերին մեծ կին էր, շաբաթ օրերը չէր գալիս, ներկա էի դնում, քանի տենց շաբաթ օրվա գումարներ եմ ես տվել Էթերիին։ Բա ինչի՞ դա չի ասում»,- պարզաբանում է տնօրենը։

Բաց նամակում նշված էր նաեւ 9 անուն, ովքեր գրանցվել են, աշխատավարձ են ստացել, սակայն երբեք չեն եղել հաստատությունում։ Այս անձանցից եւ ոչ մեկին հաստատության աշխատակիցները չէին ճանաչում։ Այդ ցանկում տեղ գտած մարդկանցից առաջինը՝ Նաիրա Բարայանը, հաստատության տնօրենի հարսն է, գրանցված է որպես մանկական կոլեկտիվի կազմակերպիչ։ Գայանե Մարգարյանը նշում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ վերջինս գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում. «Իրար հետեւից ֆիզարձակուրդ գնաց, մի երեխան 1,5 տարեկան է, հետո երկրորդը գնաց»,- պարզաբանում է տնօրենը։ 

Հաստատության գրադարանավարուհին, սակայն, նշում է, որ ֆիզիոլոգիական արձակուրդ գնալուց առաջ էլ նման անուն-ազգանունով աշխատակցի իրենք չեն հանդիպել:

«Ես արդեն 44 տարի է, ինչ աշխատում եմ այս հաստատությունում։ Նման անուն-ազգանունով մարդու չեմ ճանաչում, այն էլ` կազմակերպիչ։ Երեխաների բոլոր միջոցառումները ես եմ կազմակերպել։ Եթե Նաիրա Բարայան անունով մանկական կոլեկտիվի կազմակերպիչ ունենայինք, կարծում եմ, գոնե կճանաչեի»,- նշում է գրադարանավարուհի Վալենտինա Միխայելյանը։

«Գոյություն չունեցող աշխատակիցների» ցանկի երկրորդ տեղում հաստատության տնօրենի տղայի՝ Մհեր Քոչարյանի անունն է, ով, ըստ տնօրենի, մոտ մեկ տարի աշխատել է որպես շենքը հսկող տեսուչ կամ «պաժառնիկ», սակայն 2012թ. մայիսի 15-ի նրա ազատման հրամանում վերջինիս ազատել են մարմնամարզության հրահանգիչի պարտականություններից։

Երրորդ տեղում տնօրեն Մարգարյանի ամուսինն է՝ Մերուժան Քոչարյանը, ով, աշխատակիցների պնդմամբ, արդեն 3 տարի է, ինչ գտնվում է Գերմանիայում։ Սակայն նրա ազատման հրամանը տրվել է 2012թ. հուլիսի 2-ին։ Մերուժան Քոչարյան աշխատակցին հաստատությունում եւս չեն ճանաչում, գիտեն միայն, որ տնօրենի ամուսինն է, ով Գերմանիայում է գտնվում։ Իսկ տնօրեն Մարգարյանը հավատացնում է, թե վերջինս աշխատել է գիշերօթիկում եւ երկրից մեկնել է 2012-ի հուլիսի 17-ին։  

Հաստատության անհայտ աշխատակիցների թվում է նաեւ Սուսաննա Դաշտոյանը, ով, ըստ տնօրենի, 3-4 ամիս է աշխատել, որից հետո տեղափոխվել է նոր աշխատանքի՝ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության հարցերի նախարարություն. «Ինքը հիմա սոցապում է, կարող եք գնալ, նկարել, մարդը կենդանի... ինքն էլ իր գումարը ստացել է, էստեղ ոչ մի գումարի գրպանում չի եղել»,- ասում է տնօրենը։ 

Մարինա Պավլովա անունով աշխատակցին, ում նույնպես աշխատողները չեն ճանաչում, աշխատանքից ազատման հրաման է տրվել 2013թ. նոյեմբերի 29-ին, սակայն այդ ընթացքում վերջինս գտնվել է Հայաստանից դուրս։ Գայանե Մարգարյանը բացատրում է, թե Մարինա Պավլովան արձակուրդի ընթացքում է հեռացել երկրից, հետո զանգել, խնդրել է իրեն ազատել աշխատանքից։

Ցանկում տեղ գտած անուններից Դիաննա Դադայանը, ով հաստատության հաշվապահի հարսն է, նույնպես ֆիզիոլոգիական արձակուրդում է՝ կրկին երկու անգամ անընդմեջ։

Տնօրենը նախ հերքում է երեխաներին ծեծելու փաստը, հետո՝ հաստատում

«Հետքը» զրուցել է հաստատության մի քանի երեխաների հետ, ովքեր պատմել են, որ տնօրեն Մարգարյանը «առանց մեզ լսելու, բոլորի ներկայությամբ անմեղ տեղը խփում է»: Երեխաների հետ զրույցը չենք հրապարակում, սակայն այդ զրույցի մասին իմացել են տնօրեն Մարգարյանը եւ նույնիսկ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Նրանք առանձնազրույց են ունեցել երեխաների հետ, ինչից հետո նույն երեխաները մի քանի անգամ ստիպված են եղել տարբեր կերպ փոխել իրենց կարծիքը՝ նշելով, թե «լավ է արել՝ խփել է»:

Հաստատություն մեր այցելության առաջին օրը Գայանե Մարգարյանին հարցրինք, թե ինչու է բոլորի ներկայությամբ խփել երեք աղջիկների, նա պատասխանեց. «Չէ, չէ, ո՞վ է ձեզ ասել։ Չի եղել նման բան։ Չէ, չի եղել»։ Երկրորդ օրն արդեն Գ. Մարգարյանը հաստատեց, որ մի քանի անգամ դաստիարակչական ապտակ է հասցրել երեխաներին. «Թե ես ինչի պիտի էրեխեքի հետ գործ ունենամ, որ մի հատ էլ խփեմ։ Ինչի պետք է դայակն իր տեղում չլինի, որ երեխան էլ ուզի պատուհանից թռնի, որ հլա ես էլ առավոտ շուտ զայրանամ կամ ինչ անեմ։ Առավոտ շուտ մեղր ու կարագ եմ ուտում, որ գալիս եմ էստեղ. կոկորդս էլ էդ ա... Էլ չեմ անի, տենց կողքներովն անցնելիս՝ բացի ջանից, ջիգյարից, սիրելիս, հարգելիս... ինչքան էլ զայրացած լինեմ»,- ասաց տնօրենը։

Գիշերօթիկ հաստատության փոխտնօրեն Լարիսա Մնացականյանը նշում է, որ խփելը միակ վնասը չէ, որ հասցվում է երեխաներին: Նրանք ամեն օր ենթարկվում են բարոյահոգեբանական ճնշման եւ արժեհամակարգի խաթարման: «Վերջին դեպքերից հետո երեխաների մոտ լարվածություն կա. երեխաներին կաշառելը հակամանկավարժական արարք է, դատապարտելի է: Երեխաները գիտեն, թե աշխատողների միջեւ ինչպիսի հարաբերություններ են, նրանց ապակողմնորոշում են, թե ում հետ կարելի է լավ խոսել, ում հետ՝ վատ: Հաստատության տնտեսագետի հետ միասին երեխաներին ստախոսություն են սովորեցնում, լրտեսություն անել, թե ով ուր գնաց, ում հետ խոսեց: Նույնիսկ աշխատողները միմյանց հետ զգուշավոր են շփվում, քանի որ Մարգարյանը հետեւում է»,- նշում է փոխտնօրենը:

Երեխաներին կաշառելու փորձերին ականատես է եղել նախկին ավագ դաստիարակ, այժմ՝ մարմնամարզության հրահանգիչ Արմենուհի Մնացականյանը. «Երեխաներին ես էի տանում դպրոց, հետ բերում: Դասերի երկրորդ ժամից ասացին՝ երկու աղջիկների ընկեր Մարգարյանը կանչում է: Ես թույլ տվեցի, եկան հաստատություն ու էլ չվերադարձան: Երբ ես եկա, հարցրեցի` աղջիկներ, բա ինչո՞ւ հետ չեկաք, դաս էր ձեզ համար: Կողքից մի տղա երեխա, ով միշտ շատ բարյացակամ է եղել իմ նկատմամբ, ասաց՝ լավ են արել, որ չեն եկել. ով որ պետք է, գիտի: Երեխաներից երկուսն էլ մոտեցան ինձ, թե՝ գիտեք, բոլորին փող է տալիս, որ ես էլ գնամ ուզեմ, ի՞նչ կլինի»,- ասում է Արմենուհի Մնացականյանը:

Փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն անձամբ է փորձում պարզել, թե ով է բաց նամակի հեղինակը

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն կատարած վերջին այցելության ժամանակ տնօրեն Գայանե Մարգարյանը մոտեցավ եւ ասաց. «Բերիկյանն (Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,- հեղ.) է զանգել, վերցրեք հետը խոսեք։ Կամ ձեր համարն է ուզում, ձեզ զանգի»։ Հեռախոսահամարը փոխանցելուց վայրկյաններ անց հեռախոսազանգ ստացա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանից։ Վերջինս փորձում էր ճշտել, թե ինչու եմ երկրորդ անգամ գնում Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց։ Պարոն Բերիկյանին խնդրեցի ավելի ուշ զանգահարել, րոպեներ անց նա կրկին զանգահարեց եւ ասաց. «Ձեր ասած մի քանի րոպեն վաղուց անցավ, հիմա ինձ բացատրեք, թե ինչու եք...»։

Ավելի ուշ, երբ զանգահարեցի Ֆիլարետ Բերիկյանին, նա խոսակցությունը սկսեց այսպես. «Ահ, զանգեցի՞ք վերջը... Ես ուզում էի հետաքրքրվել, էն որ փոխտնօրենի տանը դուք գիշերօթիկ դպրոցի մեր երեխաների հետ ինտերվյու եք վերցրել, նկարել. էդ էպիզոդով եմ հետաքրքրվում։ Ես խոսել եմ էդ երեխաների հետ, բանից պարզվեց՝ այդ երեխաներին կանչել եք էնտեղ ու հարցաքննել»։ Պարոն Բերիկյանին բացատրեցի, որ երեխաներին չենք հարցաքննել, երեխաներն իրենց կամքով են եկել եւ պատմել ծեծի մասին։ «Չէ, դուք չեք հարցաքննել, բոլորով, մյուսներով»,- պատասխանեց Ֆ. Բերիկյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է փոխնախարարն անձամբ զանգում լրագրողին եւ փորձում հաշիվ պարզել, եւ կամ ինչո՞ւ է շահագրգռված՝ արգելելու լրագրողի մուտքը հաստատություն, նա պատասխանեց. «Դուք ձեր տված հարցերի մեջ շանտաժ տեսնո՞ւմ եք։ Եթե դուք ասում եք, որ ես հետաքրքրված եմ, ապա դա տարրական շանտաժ է։ Ես հիմա հեռախոսով այդ թեմաներով ընդհանրապես չեմ ուզում խոսել, խնդրեմ, կարող ենք հանդիպել, եւ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ես չեմ ասել՝ երկրորդ անգամ ինչու եք եկել, ես ասել եմ` ինչ խնդիր կա, որ եկել եք։ Իսկ ընդհանրապես, քանի անգամ ուզում եք, կարող եք գալ։ Եւ պարզունակ շանտաժներ չփորձեք ինձ անել, եղա՞վ, այդ շանտաժները արդեն 40 տարի է՝ անցել ենք»,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը։

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին բաց նամակից ժամեր անց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնապես հերքեց բաց նամակում եղած տեղեկատվությունը՝ նշելով. «Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ (6-18 տարեկան) երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրականացվում է որակյալ հմտություններ և կարողություններ ունեցող աշխատակազմի կողմից: Հաստատությունում տիրում է համերաշխ մթնոլորտ, սաներն իրենց զգում են ապահով՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ»: Այսինքն՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բաց նամակի հետքերով դեռեւս հանձնաժողով չկազմած, իրողությունը չճշտած՝ արդեն իսկ հերքել էր նամակում նշված փաստերի իսկությունը։

«Հետքը» հանդիպեց փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին, ով հարցին, թե արդյոք գնացել են նամակի հետքերով եւ ինչ են հայտնաբերել, պատասխանեց. «Նամակի հետքերով գնացինք, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մեր աշխատակիցները 4 օր մանրակրկիտ ուսումնասիրել են, ես ինքս էլ այնտեղ եղել եմ, զրուցել եմ երեխաների հետ: Ես ունեմ իմ տեսակետը, ուղղակի վերջնական վերդիկտը ներկայացնելիս…այնտեղ մեր մոնիտորինգի արդյունքներում հիմնականում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց փոխնախարարը:

Պնդմանը, որ նամակում եղած փաստերը ստուգելու արդյունքում նույնիսկ մենք խախտումներ ենք արձանագրել, Բերիկյանը պատասխանեց. «Անստորագիր նամակ է, ես ընդհանրապես անստորագիր նամակներին ընթացք չեմ տալիս: Այստեղ բացահայտ զրպարտություն է գրված, գրված է կոլեկտիվի անունից: Ես հանդիպել եմ իրենց, կոլեկտիվի անդամներից 59-ից 58-ը ստորագրել են, որ իրենք բացարձակ կապ չունեն այդ նամակի հետ»,- ասում է Ֆիլարետ Բերիկյանը:

Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն անձամբ է ստանձնել անանուն նամակի հեղինակի ինքնությունը ճշտելու գործը։ Նույն օրը նա զանգահարել է խնամքի կենտրոնի աշխատակից Արմենուհի Մնացականյանի աղջկան՝ Նարե Սահակյանին եւ փորձել պարզել, թե արդյոք ինքն է նամակն ուղարկել. «Նախ ինձ զանգեց մայրս, ասաց, որ սոցապ փոխնախարարը քո համարն է ուզում, տա՞մ, թե՞ ոչ։ Ես ասացի՝ իհարկե տուր։ Մի քանի րոպե անց ինձ զանգեց փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ասաց [email protected] էլ. հասցեն ձե՞ր հասցեն է, այդ հասցեից առավոտյան 7։10 նամակ է գնացել լրատվամիջոցներին։ Պատասխանեցի, որ ինքն ինձ հակաօրինական հարց է տալիս, քանի որ ինձ նման հարց տալու իրավունք ոչ ոք չունի, որովհետեւ դա իմ անձնական հասցեն է, եւ ես ում ուզում, ինչ ուզում՝ ուղարկում եմ։ Ես կողքից լսում էի նաեւ Գայանե Մարգարյանի ձայնը, ով գրեթե հուշում էր, թե ինչ հարցնի ինձ փոխնախարարը։ Հակաօրինական բառից հետո պրն Բերիկյանն ասաց՝ աղջիկ ջան, ես քեզ չեմ հարցաքննում, ես ուղղակի ուզում եմ իմանալ՝ դո՞ւք եք ուղարկել նամակը, թե՞ ոչ։ Եւ ես պատասխանեցի, որ նման հարցը հակաօրինական եմ համարում, պետական պաշտոնյան իրավունք չունի ինձ իմ անձնական էլեկտրոնային հասցեի վերաբերյալ նման հարց տալ։ Ինքը դեռ շարունակում էր, թե այդ տոնով ինձ հետ մի խոսի, ես ուղղակի անջատեցի հեռախոսը»,- պատմում է Նարե Սահակյանը։

Նամակի հրապարակման հաջորդ օրը գիշերօթիկում հրավիրած ժողովում փոխնախարար Ֆ.Բերիկյանը փորձել է պարզել` ով է նամակի հեղինակը: «Ժողովի հիմնական նպատակը ոչ թե ճշտելն էր, թե արդյոք ապօրինություններ կատարվում են հաստատությունում, այլ թե ով է ուղարկել նամակը։ Եւ մենք մի քանի աշխատողներով նշեցինք, որ չգիտենք՝ ով է նամակի հեղինակը, բայց այդ նամակում նշված կետեր կան, որոնց հետ համամիտ ենք։ Բերիկյանը կրկին փորձում էր հասկանալ՝ ով է ուղարկել նամակը։ Նա նույնիսկ ասաց, որ «սա 37 թիվը չի, որ անանուն նամակներ եք գրում։ Հիմա թող նամակի հեղինակները կանգնեն ոտքի»։ Ասաց նաեւ, որ գրողին պիտի բռնենք ու պատժենք»,- պատմում է գիշերօթիկ հաստատության մարմնակրթության հրահանգիչ Արմենուհի Մնացականյանը։

Ֆիլարետ Բերիկյանն ասաց, թե ինքը նման բան չի ասել. «Աշխատակիցները բացահայտ զրպարտում են, որովհետեւ նման բան ցանկացած ողջամիտ մարդ չէր կարող ասել: Ես ասում եմ` պարզելու ենք՝ ով է գրել, եթե իրենց գրած փաստերը չհամապատասխանեն իրականությանը, իրենց գրածի համար, թերեւս, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»,- ասաց փոխնախարարը:

Հ.Գ. Բյուրեղավանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն այցելության երկրորդ օրը տնօրեն Գայանե Մարգարյանը փորձեց խոչընդոտել իմ մուտքը՝ նշելով. «Գնացեք, ես թույլ չեմ տալիս մտնեք հաստատություն, նախարարությունից ինձ ասել են՝ մինչեւ գրություն չբերեն, չթողնեք մտնեն»։ Իմ պնդմանն ի պատասխան, թե ոչ ոք իրավունք չունի արգելել լրագրողին՝ տեղեկատվություն ստանալու, տնօրենը փորձեց ձեռքերով դուրս հրավիրել մեզ։ Ես խնդրեցի նրան չդիպչել ինձ, ինչին տնօրենն արձագանքեց. «Ես ձեզ չեմ դիպչում, ես ձեզ ի՞նչ իրավունք ունեմ դիպչեմ»։

Մինչ ես կբարձրանայի 3-րդ հարկ, որտեղ աշխատակիցներն են գտնվում, տնօրեն Մարգարյանն անընդհատ զանգեր էր կատարում։ Երբ սենյակներից մեկում զրուցում էի դաստիարակների հետ, մոտ 60-անց մի տղամարդ (որին հետո տնօրենը ներկայացրեց որպես Սերգեյ Պետրոսյան՝ երեխաներից մեկի հայրը, «կանտուզիա ստացած», «գիժ») բացեց սենյակի դուռը եւ հարցրեց. «Ո՞ւր ա էդ լրագրողը»։ Ես ներկայացա, պատասխանեց. «Հա՞, եղավ» ու դուրս գնաց։ Քիչ անց նույն տղամարդն ինձ հանդիպեց միջանցքում, ագրեսիվ ձեւով մոտեցավ, քաշեց ուսիցս, թե` «արի էս կողմ, ասեմ»։ Ես պատասխանեցի, որ ոչ մի տեղ չեմ գնա, թող ինքը ներկայանա եւ բացատրի հարձակման նպատակը։ Տղամարդը հետաքրքրվեց, թե արդյոք ինձ հետ մի տղա չկա, որ «հարցերը լուծի»։

Երբ տնօրեն Մարգարյանից հարցրի, թե ինչպես է տղամարդն իմացել, որ հաստատության երրորդ հարկում լրագրող կա, եւ ո՞ւմ թույլտվությամբ է նա մուտք գործել շենք, փորձել հրել եւ սպառնալ ինձ, վերջինս պատասխանեց. «Ես ի՞նչ գիտեմ, մի րոպե ասեմ, եկել ա, ասում ա` ի՞նչ խնդիր կա Մարգարյան, ինչո՞վ օգնեմ։ Առ, 100 հազար տամ, ես էլ ասել եմ՝ թող ստեղից դուրս արի։ Ասել եմ՝ վերեւում լրագրող կա, գնա իրեն ասա՝ քո երեխային ո՞նց ենք պահում. լա՞վ, թե՞ վատ։ Թե Սերգեյն ով ա, որ Սերգեյին կանչեմ. խի ուրիշ մարդ չկա՞, նրա տեսքին նայի»,- ասաց Գայանե Մարգարյանը։ Հարցին, թե ուրիշ մա՞րդ էլ կա, որ պիտի սպառնա, տնօրենը պատասխանեց. «Վայ, չէ, բա Սերգեյն ով ա, որ ես Սերգեյին կանչեմ։ Խի ես ինչ ա, էդքան բա՞ն եմ...Ես ինքս, վերջ, ուրիշ մարդ էլ չկա»։

Մեկնաբանություններ (4)

նենե
Ուզածդ գյուղի դպրոցը ստուգե՛ք ու կտեսնեք՝ ինչքան աշակերտներ կան բարձր դասարաններում գրանցված,քաղաքի բնակիչներ ,ու դպրոց չեն հաճախում ։Հնարավոր է ,երկրից էլ բացակայողներ լինեն։
Siranush
Ես էդպես էլ չեմ կարողանում ընկալեմ մի բան, Բյուրեղավանը հիմա այնքան վատ վիճակումա, ավելի լավ կլիներ հենց քաղաքապետին հեռացնեին, այլ ոչ թե տվյալ դպրոցի տնօրենին...
Սոսե
Կարդում ես ու գալիս նույն եզրահանգմանը. Ձուկը գլխից է նեխած...Այո, գրեթե այս նույն վիճակն է շատ հիմնարկներում ու հաստաություններում, մեկում մի քիչ շատ , մեկում մի քիչ պակաս: Հայ հասարակությունը բջիջ առ բջիջ մատնվել է ճգնաժամի ու դեռ վերջը չի երևում...
Սոսե
Չեմ հասկանում , ինչպես է լինում , որ մեր երկրում բարձր պաշտոններում հայտնվում են այսպիսի անգութ, շահամոլ և արկածախնդիր մարդիկ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter