HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության ապօրինությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Լիլիթ Պետրոսյանը, Տաթև Վարդապետյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ Սիրվարդ Մամիկոնյանը և Հասմիկ Հովհաննիսյանը:  

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ս. թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները և սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Այդ հրապարակումների համաձայն՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանը բռնության ամենակոպիտ ձևեր է կիրառում` անպատվելով, ծեծելով երեխաներին ու անընդհատ հիշեցնելով նրանց ծնողների անբարոյական վարքի մասին: Երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար, ներկայացվում է զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցել: Դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի մեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին:

Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային  գործերը:

Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ  հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել: Տնօրենի համախոհ–հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով միաժամանակ զբաղեցնելով մի քանի հաստիք այլ անձանց անվամբ՝ բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից:

Տնօրենի դեմ մի քանի բողոք է ուղարկվել նախարարություն, որի աշխատակիցները նամակի հետքերով գնացել են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռացել: Նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը տնօրենը իմացել է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողը դաժան հոգեբանական ճնշումների է ենթարկվել: Տնօրենը ամենուր հայտարարում է, որ «ունի նախարարի դաբրոն, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»:

Նամակը հրապարակվել է [email protected] հասցեից: Հրապարակումից անմիջապես հետո Նարե Սահակյանին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը՝ փորձելով ճշտել՝ նա է արդյոք ուղարկել բաց նամակը, թե ոչ: Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակի հերքումն է տարածել, որը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.diplomat.am/news/2014-04-04-1037:

Ճնշման է ենթարկվել «Հետքի» լրագրողուհին: Դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մնացականյանը տնօրենի հետ վերջին օրերին ունեցած վիճաբանությունից հետո նույն գիշերը սրտի սուր նոպա է ունեցել և այդ օրվանից չի կարողացել դպրոց մտնել: Հանդիպումներ են եղել հաստատության աշխատակիցների և երեխաների հետ, ովքեր հաստատել են նշված փաստերը: Մի քանի աշխատակիցների, ովքեր ևս հաստատել են վերը նշվածը, հարցման է ենթարկել նաև դիմողների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փոխնախարար Բերիկյանը երկու օր հետո այցելել է հաստատություն, ժողով անցկացրել աշխատակիցների հետ՝ ճնշում գործադրել, որ խոստովանեն, թե ով է ուղարկել նամակը: Նա հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երկու անգամ նույնաբովանդակ բողոքներ են եղել, սակայն իրավախախտում չի հայտնաբերել: Հավանաբար հենց Բերիկյանի հրահանգով է, որ տնօրենը հարկադրել է ուսուցիչներին ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը հաստատել է, որ նրանք չեն ուղարկել նամակը: Դեպքից հետո երեխաներին ամեն կերպ կաշառում են, և վերջիններս հնարավոր բոլոր ձևերով հրաժարվում են ձայնագրություններում իրենց ասածներից: 

Հարց է առաջանում՝ ինչու են երեխաները հրաժարվում իրենց ասածներից, և ինչու են նրանք այժմ այդպես պաշտպանում տնօրենին, և դա հենց այն ժամանակ, երբ նրանց հետ խոսել է Բերիկյանը: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնողները վստահ են, որ նա կարող է պաշտպանել երեխաներին և թույլ չտալ, որ գործիք դառնան մի խումբ «վայ պաշտոնյաների» ձեռքում: Բացի այդ՝ չնայած մամուլի հրապարակման հետ կապված նյութեր է նախապատրաստվել, որևէ քննություն չի իրականացվել, ու հետաքննիչն անգամ չի հարցաքննել հաստատության աշխատակիցներին:

Տեղեկացնում են Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնից: 

Մեկնաբանություններ (2)

Armen Aghamalyan
Hamazayn em ayn pasti het vor chanachelov tikin Gayanein arden erkar tariner u angam chimanalov vor na inch vor hastatutyan tnoren e amenayn aznvutyamb asum em vor irakanum na hoyakap,kirt,graget u hay knojn vayel hamest u arzhanapativ kin e ...chem havata erbeve vor na karx e inch vor mekin ,namanavand ir sanerin enpes koptac kam cecac lini inchpes nerkayacnum en lragroxnern..haskacek mi ban vor ayo karox e kopit linel u da erevi te anrhrazhest e exel anapahov erexaneri het ashxateluc...gnacek et lkstvac,andastirak,poxocic ekac,hay avandakan @ntaniki modelic shat heru gtnvox,u etpesi cnoxneric cnvac,mecacac u tesac Erexaneri het porcek aranc kopit linelu asxatel...lini naxarar,poxnaxarar te ov 2 orn kpaxni uxaki ..enpes vor karelie haskanal te inch xavi,inch dastarakutyun stacac,inch @ntanikneric durs ekac erexaneri het e asxatel'erkar tariner ..hamozvac em vor et erexanern kpatasxanen amenavejin xoskerov u anbaro ararknerov um uzenas ...voch meki nyardern erkatic chen,u tnorenin el nuynpes..karox e ev mi pokr borbokvel,ev aptakel xratakan...menk mer erexanerin chenk aptakm mite? Ete anum en enpesi mi ban vor glxumt angam chi karox texavorvel..kareli e xosel,haskacnel,bacatrel,bayc Kyankum linum en paher erb xoskern avelord en linum isk mi pokr aptakn texin...ov mezanci kashxater et erexaneri het miayn jan u jigyarov?enpes vor mi sarkek chanjin Pix hargeli lragroxner u porcek mer irakanutyan mej nerkayanal'vor mer petutyunn shat Demokratakan u orenki enpesi erkira vor nman banern uxaki antuylatreli en...porcek bacel verin esheloneri kuxnyanerum katarvox Anorinakanutyunern ...
Siranush
Չեմ կարողանում մի բան հասկանալ, ոնց են կարողանում լավ մարդկանց հանդեպ էսպիսի բաներ ասեն, ճանաչում եմ անձամբ, ուղղակի խնդրանք տվյալ լրագրողին ու մնացած բոլորին, մի պղծեք լավ արժեքներ ունեցող մարդկանց անունը....Մի տեսակ ճղճիմ եք ձեզ հետո զգալու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter