
Ինչո՞ւ են անհետացել 19-ամյա աղջնակի ներքնաշորերը (մաս 2)
Վթար՝ մահվան ելքով, մեղավորը մեկ օր չի ազատազրկվել
7 տարի է՝ Մասիսի բնակչուհի Սաթենիկ Գևորգյանը տարբեր դռներ է բախում, որպեսզի պարզի, թե 2007թ.-ի մարտի 9-ին ինչ է տեղի ունեցել իր միակ դստեր, 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանի հետ: Այդ օրը Սյուզին աշխատանքից տուն չի վերադարձել, իսկ հետո մորը հայտնել են, թե աղջիկը վթարի է ենթարկվել ու մահացել: Նախաքննության այս վարկածն ու դատավարությունը չեն փարատել մոր կասկածները: Նրա համոզմունքով` աղջկա նկատմամբ բռնություն է կիրառվել մահվանից առաջ:
«Եթե նույնիսկ հավատամ իրենց վարկածին, ապա ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ վթարից մարդ է մահացել, իսկ մեղավորը՝ Արարատ Կաֆյանը, մեկ օր նույնիսկ չի ազատազրկվել: Որպես խափանման միջոց դատարանն ընտրել էր ոչ թե կալանքը, այլ գրավը: Դեպքից 3 ամիս հետո էլ դատավոր Ելենա Քոչարյանի թեթև ձեռքով (առաջին լուսանկարում՝ ձախից-հեղ.) մեղավորը դատարանից գնաց տուն: Ապրիլի 20-ին Սյուզին կդառնար 27 տարեկան, իսկ 7 տարի առաջ՝ իր ծննդյան օրը, ես իր մահվան քառասունքն եմ արել»,-ասաց «Հետքի» խմբագրությունը այցելած Սաթենիկը՝ ներկայացնելով քրեական գործի նյութերը:
![]() |
Սաթենիկ Գևորգյանը` Սյուզիի մայրը |
Ըստ մեղադրյալ, 1975 թ-ին Մասիսում ծնված, հետագայում ՌԴ քաղաքացի դարձած Արարատ Կաֆյանի ցուցմունքի` ինքն ընտանիքով դեպքից երեք ամիս առաջ Օմսկից վերադարձել է հայրենի Մասիս: Երեխաներին տարել է դպրոց՝ օգտվելով «Սիգմա» տաքսի ծառայությունից: Այնտեղ էլ ծանոթացել է հեռախոսավարուհի Սյուզիի հետ:
Դեպքի օրը Սաթենիկի դուստրը՝ Սյուզի Գևորգյանը, աշխատանքից հետո հանդիպել է իր դասղեկին՝ Թ. Բաբայանին: Նրան ասել է, որ շուտ տուն պիտի գնա, քանի որ մայրը սպասում է: Իսկ ըստ մեղադրյալ Արարատ Կաֆյանի ցուցմունքի` Սյուզին երեկոյան 9-ի մոտ զանգել է իրեն ու խնդրել տանել հարևան գյուղ ինչ-որ մեկին տեսնելու: Մինչդեռ տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Գևորգյանի պահանջով նախաքննական մարմինը բջջային օպերատորից ստացել է մահացած աղջկա հեռախոսահամարի ելքային ու մուտքային զանգերի բացվածքը (ներկայացվել է դատարան), որտեղ Սյուզիի հեռախոսահամարից Արարատ Կաֆյանի հեռախոսահամարին կատարված զանգ չի հայտնաբերվել: Հակառակը, Արարատի համարից մի քանի անգամ դեպքին նախորդող ժամանակահատվածում զանգեր են եղել Սյուզիի համարին:
Արարատի ցուցմունքի համաձայն` երբ դեպքի օրը իր «Օպել» մակնիշի մեքենայով Սյուզիին տարել է Նորամարգ գյուղ, այնտեղ սպասել են որոշ ժամանակ, սակայն այն մարդն, ում պիտի Սյուզին տեսներ, չի եկել: Հետո մտել են «Քաջ Նազար» խորտկարան, որտեղ մնացել են 30 րոպե ու դուրս եկել ու շարժվել Մասիս:
Ըստ դատավճռի` Կաֆյանը մեքենան վարել է 100 կմ/ժ անթույլատրելի արագությամբ: Կաֆյանի ցուցմունքով` Սյուզին հետդարձի ճանապարհին շեղել է իր ուշադրությունը, որի հետևանքով նա կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ հարվածել հողաթմբին: Ըստ Կաֆյանի ցուցմունքի` Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը վթարից առաջ դուրս է ընկել մեքենայից ու գլխի շրջանում ստացած վնասվածքներից մահացել: Դատաբժշկական փորձաքննության համաձայն` նա մահացել է վթարից 1-2 րոպե անց:
Երբ աներձագդ նաև քննիչ է
Վթարից հետո, ըստ քրեական գործի նյութերի, Արարատ Կաֆյանը շտապօգնություն չի կանչել, փոխարենը կանչել է իր աներձագին՝ Սամվել Անդրեասյանին, ով աշխատում է որպես քննիչ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում:
Հենց քննիչ-աներձագ Սամվել Անդրեասյանն էլ հիվանդանոց է տեղափոխել Այուզիին ու Արարատին: «Բայց դատաբժիշկը գրել էր, որ մահը վրա է հասել ընկնելուց 1-2 րոպե անց, հետևաբար ստացվում է, որ քննիչ-աներձագ Անդրեասյանն արդեն աղջկաս դին է տեղափոխել հիվանդանոց: Ինչ իրավունքով է նա տեղաշարժել դին: Լինելով քննիչ՝ նա փայլուն գիտի, որ չի կարելի դա անել: Ես էլ իրավունք ունեմ կասկածել, որ հենց նրա բարեկամական ջանքերով են կոծկվել կարևորագույն ապացույցներ: Իմ համառ պնդումներից հետո նախաքննության մարմինը, որը նույն Մասիսի քննչականն էր, այսինքն՝ Կաֆյանի աներձագի ողջ ընկերությունը, ստիպված եղավ գոնե ձևական հարցաքննել Սամվել Անդրեասյանին: Հետո նա գալիս էր դատերին, բայց ոչ որպես վկա, այլ որպես աներձագ, չէ՞ որ, իբր, դատում էին իր քրոջ ամուսնուն: Ես պահանջում էի, որ նրան հարցաքննեն դատարանում, բայց անօգուտ: Համարյա համոզված եմ, որ կաշառքով ու ծանոթ-բարեկամական կապերով կոծկեցին այս գործը»,- պատմեց Սաթենիկ Գևորգյանը:
Copy-paste-ով դատավճիռը
Արարատի ու Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, ով լսել է այս գործը, երկու էջանոց դատավճռում երկու սխալ է թույլ տվել: Նախ սխալ է գրված Սյուզիի՝ Սուսաննա Գևորգյանի ազգանունը (դատավճռում նշված է Գրիգորյան), երկրորդ՝ այլ քրեական գործից copy-paste է արված մեկ ուրիշ մեղադրյալի անուն՝ Արթուր Ռաֆիկի Պետրոսյան:
Դատարանում Կաֆյանը զղջացել է տեղի ունեցածի համար ու իրեն մեղավոր ճանաչել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, վթարից վնասվել է Արարատ Կաֆյանի աջ ուսգլխիկը: Քրեական գործի նյութերում կարդում ենք, որ դեպքի օրը 23:30 ստուգվել է Արարատ Կաֆյանի սթափությունը ( թիվ 18 ակտ՝ սթափ), սակայն դատաբժշկական փորձաքննության 13/հ արձանագրությունից երևում է, որ Կաֆյանը հիվանդանոց է ընդունվել 00:30-ին: Հարց. ինչպե՞ս կարող էր ստուգվել վարորդի սթափությունը, եթե նա դեռ հիվանդանոցում չէր:
Սաթենիկը չի հավատում անգամ Արարատի ուսագլխի վնասվածքին, նրա կարծիքով, դա էլ համոզիչ չէ: «Գործի նյութերով էլ գրված է, որ մեքենան ոչ ծառին է հարվածել, ոչ այլ մեքենայի, ուղղակի ստացվում է որ ինքն իրեն վթարվել է: Ես ամբողջովին ծանոթացել եմ քրեական գործին՝ որպես տուժողի իրավահաջորդ, բայց այնտեղ անգամ լուսանկարներ չեմ տեսել»,-ասաց Սաթենիկը՝ «Հետքին» տրամադրելով քրեական գործի պատճենահանված նյութերը (պատճեները Սաթենիկ Գևորգյանին տրամադրել է դատարանը՝ որպես տուժողի իրավահաջորդ):
Եվ կրկին կորած ներքնաշորերի մասին
![]() |
Սյուզին |
Սաթենիկն ու իր 85-ամյա մայրը՝ Արևհատ տատը, պարբերաբար բողոքել են, թե ինչու իրենց չեն տալիս Սյուզիի հագուստը: Մի օր էլ ծեր կինը գնացել է Մասիսի դատարան ու հանդիպել դատավոր Ելենա Քոչարյանին: Խոսակցությունը շորերի շուրջ տաքացել է ու Սյուզիի տատիկը դատավորին ասել է՝ բենզինը կլցնեմ, կվառեմ. «Այդ նախադասության պատճառով մորս վրա ուզում էին մահվան սպառնալիքի հոդված դնեին: 85 տարեկան կնոջը ահաբեկիչ էին դարձնում: Մայրս արդեն չկա, մնացել եմ մեն-մենակ իմ պայքարի հետ…Քննչականից ինձ ասում էին՝ եղբոր տղաներ ունես, չե՞ս վախենում՝ գլխներին գործ սարքենք: Դա արվում էր, որ ես էլ չբողոքեմ, հաշտվեմ, որ վթար է եղել, անզգույշ պատահար ու վերջ: Բայց շարունակում էի բողոքել՝ հույսով, որ մի օր կիմանամ ճշմարտությունը»,-պատմում է Սաթենիկը: Նա աղջկա մահվան գաղտնիքը պարզելու համար տասնյակ բողոքներ, դիմումներ է ուղղել պետական տարբեր ատյաններ, ՀՀ նախագահի աշխատակազմ, սակայն բոլոր գրությունները ուղղորդվել են մեկ կառույցի՝ դատախազություն, որտեղից էլ եկել են պատասխաններ՝ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիռը, այն է՝ 2 տարվա պայմանական ազատազրկում փորձաշրջանով: Իսկ Վճռաբեկ դատարանն առհասարակ վարույթ չի ընդունել բողոքը: «Չեմ վստահում մեր իրավապահներին, մեր դատական համակարգին: Բայց ինչքան էլ ապրեմ, միևնույնն է, պիտի պարզեմ, թե ինչ է եղել իմ երեխայի հետ: Ես գրեթե վստահ եմ, որ վթար չի եղել, այլ բռնություն ու սպանություն»,-ասաց մահացած Սյուզիի մայրը:
Հ.Գ. Քրեական գործն ամբողջությամբ ուսումնասիրելու նպատակով, «Հետքը» դիմել է ՀՀ Դատական դեպարտամենտ: 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանի մահվան հանգամանքներին մանրամասն կանդրադառնանք ողջ քրեական գործն ուսումնասիրելուց հետո:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել