HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուսը շարունակո՞ւմ է դիմադրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Դեռեւս ապրիլի 18-ին հրապարկված «Սպասելի հետաձգված անդամակցություն Մաքսային միությանը» վերլուծության մեջ կասկածի տակ էի առել ապրիլի 29-ին պետության ղեկավարների մակարդակով Մինսկում գումարվելիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը: Մինչեւ մայիս այդ պայմանագրի պատրաստ լինելու մասին ոչ միայն տասնյակներով պաշտոնական հայտարարություններ էին հնչել 2013թ. դեկտեմբերի 24-ից ի վեր (երբ հաստատվեց Հայաստանի «ճանապարհային քարտեզը»), այլեւ տրոյկայի նիստի նախաշեմին, ըստ որում՝ հայտարարելով, որ դրա ընթացքում Հայաստանի միանալու փաստաթուղթ կստորագրվի, եւ որ այդ նիստին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ բավական երկիմաստ եւ զգուշավոր հայտարարություն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը. «Բանն այն է, որ ընթացիկ տարվա մայիսին Մաքսային միության երկրները պլանավորում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը, որպեսզի այն սկսի գործել 2015թ. հունվարից: Այդ առումով աշխատանքային խմբերի բանակցությունների արդյունքում ապրիլի 29-ին Մինսկում նախագահները կգնահատեն Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» պահանջների կատարումը եւ կորոշեն, թե ի՞նչ պայմանագիր կստորագրի Երեւանը եւ ե՞րբ: Այսինքն, Հայաստանը կմիանա Մաքսային միությա՞նը, թե՞ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին: Այստեղ շոշափվում են իրավաբանական ընթացակարգերի հարցեր: Մեր նպատակն է՝ պատրաստ լինել երկու դիպաշարերից ցանկացածին, որպեսզի իրավաբանական վակումի մեջ չհայտնվենք»:

(Նախկին հոդվածներից մեկում գրել ենք, որ ապրիլի 3-ին՝ վարչապետի հրաժարականի օրը արդեն պարզ էր դարձել, որ Հայաստանը չի միանա Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, որքան էլ մարտի 5-ին նման խոստում էր տվել ՌԴ նախագահ Վ.Պուտինը):

Այնուհետեւ, ապրիլի 17-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ չնայած բարդ խնդիրներով ընթացող բանակցություններին, ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: Քիչ անց նա ստիպված եղավ հերքել ինքն իրեն, հայտարարելով, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին, իսկ ապրիլի 29-ին չի նախատեսվում դրա ստորագրումը. «Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 25-ին տեղի կունենա մեր աշխատանքային խմբի եւ երեք հանրապետությունների [Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի – Ս.Ս.] ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում՝ ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները»: Նախարարի խոսքերով՝ այդ հանդիպման արդյունքներից կախված աշխատանքային խումբն իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի տրոյկայի նիստին, որի «ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել կապված ինչպես պայմանագրի նախապատրաստման, այնպես էլ ժամկետների հետ»:

Ծավալուն հոդվածաշարով արդեն առիթ ենք ունեցել անդրադառնալու Հայաստան-Մաքսային միություն առանցքով առկա խնդիրների թնջուկին ու բոլոր տեսակի ռիսկերին, որոնք մինչ օրս անլուծելի են մնացել: Առանց դրանք լուծելու էլ գործընթացը չի հանգում իրավապայմանագրային հիմքի ձեւակերպմանը: Սակայն ոչ պակաս ուշագրավ են Մաքսային միության եռյակի՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ առկա խնդիրները՝ կապված թե’ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի շուրջ ընթացող ոչ դյուրին բանակցությունների, թե’ Հայաստանի անդամակցության խնդրի հետ:

Դրանք, բարեբախտաբար, հավելյալ ռիսկեր են ստեղծում Հայաստանի «եվրասիական ինտեգրացիայի» համար: Ինչպես նշել ենք, ներքին տնտեսական ու արտաքին քաղաքական գործոնները հավասարապես կարեւոր դեր են խաղում այդ գործընթացի դանդաղեցման գործում: Սակայն, որքան էլ ներքին տնտեսական գործոնները օբյեկտիվորեն պաշտոնական Երեւանին ետ պահեն ռիսկերին ընդառաջ գնալուց, այս անգամ էլ արտաքին դերակատարները իրենց վրա վերցրեցին պայմանագրի ստորագրման հետաձգման պատասխանատվությունը:

Ռուսաստանը քաջալերում է, իսկ Սերժ Սարգսյանը չի՞ մասնակցում տրոյկայի նիստին

Մինչեւ տրոյկայի նիստը՝ ապրիլի 28-ին Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը հայտարարեց, թե Հայաստանն ամբողջովին ավարտել է Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումները. «Գործնականում մենք ամբողջ ծավալով ավարտել ենք ճանապարհային քարտեզով նախատեսված այն 267 միջոցառումները, որոնք փուլ առ փուլ իրականացնում էր Հայաստանը՝ Մաքսային Միության օրենսդրության պահանջներից ելնելով»: Նրա գնահատմամբ՝ «Հայաստանի կողմից արագ, որակով ու պրոֆեսիոնալ կատարված աշխատանքը Մաքսային միությանը միանալու ճանապարհին, «ոչ միայն հարգանք, այլեւ ինչ-որ չափով հիացմունք է առաջացնում»:

Թերեւս իր հարցազրույցում Մաքսիմ Սոկոլովը որեւէ բառ չասաց ամիսներ շարունակ իրենց լուծումը չգտնող երեք խոշորագույն խնդիրների/ ուղղությունների մասին (900 «զգայուն» ապրանքատեսակների մաքսադրույքներ, մաքսային տրանզիտի եւ վարչարարություն սխեմաներ, պայմանագրում դրանց արտացոլման ձեւերը), որի պատճառով էլ Հայաստանի միանալու պայմանագիրը չի պատրաստվում:

Չնայած արդեն այդ պահի դրությամբ Հայաստանի «տպավորիչ առաջընթացին» եւ «բոլոր 267 միջոցառումներն ամբողջ ծավալով ավարտելուն», այդուհանդերձ, ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու հաջորդ օրը Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նախապես հայտարարվել էր: Նախօրեին մեկնաբանելով դա, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը վստահեցրեց, թե Հայկական կողմն իրականացնում եւ իրականացնելու է իր բոլոր քայլերը համաձայն Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ համաձայնեցված Ճանապարհային քարտեզի. «Հետայսու էլ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»:

Տրոյկայի նիստի օրակարգի երկու գլխավոր հարցերից առաջինը ավարտական փուլ թեւակոխած Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ընթացքի քննարկումն էր, երկրորդը՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապահային քարտեզի» միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի քննարկումը, բայց ոչ երբեք պայմանագրի ստորագրումը (ինչպես կանխատեսել էինք ապրիլի 18-ի վերլուծության մեջ, երբ դեռ օրակարգը հրապարակված չէր): Հենց նիստի օրը մեկնաբանելով դրան Հայաստանի նախագահի չմասնակցելու փաստը, նրա մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտնեց, թե «նախագահ Սարգսյանը գտնվում է Երեւանում եւ շարունակում է աշխատել իր սովորական աշխատանքային օրակարգով»:

Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ հավելեց . «Դեռ չհանդիսանալով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ՝ Հայաստանը չի մասնակցում այսօր Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ըստ օրակարգի՝ նախատեսված է, որ գագաթաժողովին Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներին կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը»:

Մինսկը հակադրվում է Մոսկվային եւ առարկո՞ւմ Հայաստանի անդամակցությանը

Ինչպես տեղականում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջից, տրոյկայի նիստի արդյունքում պետությունների ղեկավարները իրենց կառավարություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «հանձնարարեցին մոտ ապագայում ավարտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի բոլոր նյուանսների մշակումը, որպեսզի փաստաթուղթը մայիսի 29-ին Աստանայում ներկայացվի «տրոյկայի գագաթաժողովի» ստորագրմանը»:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրին, ապա հաղորդագրության համաձայն՝  «փաստաթուղթը պատրաստ կլինի մինչեւ մայիսի 1-ը եւ պետությունների ղեկավարների քնարկմանը կներկայացվի Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա Աստանայում, մայիսի 29-ին»:

Ուշագրավ է, որ այս երկրորդ հարցի կապակցությամբ հավելյալ հայտնվում է, թե «նախագահները հավանություն տվեցին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման՝ մինչ օրս կատարված աշխատանքին: Մասնավորապես, ճանապարհային քարտեզի 126 կետերից, որոնք պետք է կատարված լինեն մինչեւ փաստաթղթի ստորագրումը, 111-ը կատարված են, իսկ 15-ը ներառվում են Մաքսային միությանը/Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու բուն պայմանագրի մեջ»:

Ակնհայտ է, որ ի տարբերություն տրոյկայի նիստի նախօրեին ռուս պաշտոնյայի արած հայտարարության, թե Հայաստանը գործնականում ամբողջ ծավալով ավարտել է ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր 267 միջոցառումները, պաշտոնական Մինսկը ուղղակի հակադրվում է Մոսկվային, հիշատակում է 126 կետ, որից կատարված է 111 կետը:

Հիշեցնենք, որ նախկինում Բելառուսի նախագահը պնդել էր, որ Հայաստանը կարող է Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալ միայն պարտավորությունները 100 տոկոսով կատարելու դեպքում: Այս անգամ էլ Տրոյկայի նիստը հյուրընկալած Մինսկը չի խորշում ակնարկել դրա մասին: Խոսելով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շուրջ Մոսկվա-Աստանա-Մինսկ բանակցությունների խրթին հարցերից, Ալեքսանդր Լուկաշենկոն մասնավորապես թափանցիկ ակնարկներով սահուն անցում է կատարում Հայաստանին ու հանդիմանանք ուղղում Մոսկվային. «Թե որքանով արդյունավետ կլինի միությունը, դրանից կախված է նաեւ այլ երկրների համար նրա գրավչությունը: Սակայն ինքը միությունն էլ պետք է մեծ ամբողջականություն ձեռք բերի իր ընդլյանումից: Մենք պաշտպանում ենք առանց հատուկ պայմաններ եւ կարգավիճակ տրամադրելու փաթեթային սկզբունքով նոր անդամներ ընդունելու նպատակահարմարության մասին դիրքորոշումը, եթե խոսենք նոր անդամների մասին: Համարում եմ, որ դա արդար կլինի նախեւառաջ մեր երկրների հանդեպ, որոնք ամբողջովին անցել են ինտեգրացիոն գործընթացի բոլոր էտապները, ապրել են այդ տառապանքը: Ի դեպ, բոլոր նախագահներն էլ հենց այդ լույս ներքո հայտարարել են. պատրաս՞տ ես, անցե՞լ ես «ճանապարհային քարտեզը», խնդրեմ, մենք քննարկում ենք Միասնական տնտեսական տարածք քեզ ընդունելու հարցը: Սակայն ոչ մեկ թիկունքից չի հրում: Բոլոր գրաֆիկները մենք ինքներս ենք սահմանում: Սակայն, ինձ թվում է, ինտեգրացիան վերածել գործընթաց հանուն գործընթացի այն սկզբունքին հանգույն, թե կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ մասնակցությունը, ապա ես կարծում եմ, մեզ դա պետք չէ»:

Այդպիսով, Բելառուսը բացահայտ հայտարարեց, որ դեմ է Հայաստանին հատուկ կարգավիճակ ու արտոնություններ տալուն, ինչպես Երեւանին դա խոստացել է Մոսկվան դեռեւս 2012թ.-ից սկսած, որ ինքը կողմ է միայն դիմորդ երկրներին փաթեթային սկզբունքով ընդունելուն, այսինքն՝ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելուց հետո միայն, դեմ է երկրների ձեւական անդամակցությանը, որը իրենց երկրներին եւ միությանը օգուտ չի բերելու եւ արդար չի լինի իրենց հանդեպ, նաեւ դեմ է թիկունքից որեւէ երկրի հրելուն, ինչպես անում է Մոսկվան՝ փորձելով արագացնել Երեւանի միացումը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին: Մինսկը ակնարկում է, որ գրաֆիկ սահմանելն իրենց ձեռքին է եւ կարող են տեղափոխել ժամկետներ:

Նախորդ վերլուծության մեջ անդրադարձել էի, որ ապրիլի 20-21 Մինսկում իր պաշտոնակցին հանդիպելու եւ հետխորհրդային տարածքում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության ու արտաքին քաղաքականության մեջ երկկողմ հարաբերությունները քննարկելու մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնարավորություն ուներ Երեւանի համար «հետախուզելու» ՄՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ Բելառուսի տրամադրությունները Տրոյկայի հիշյալ նիստից առաջ Թերեւս հենց այդ ժամանակ էլ ավելի պարզ դարձած լինի Սերժ Սարգսյանի համար, որ Մինսկում ոչինչ չի սպասվում եւ Հայաստանի հարցով իր առարկություններում Բելառուսը անդրդվելի է, ուստի՝ կարելի է նաեւ Մինսկ չմեկնել:

Հայաստանի իշխանամերձ աղբյուրն էլ Regnum գործակալությանն է փոխանցում, թե Սերժ Սարգսյանի չմեկնելը եւ Հայաստանի պայմանագրի հետաձգումը կապված է ղարաբաղյան խնդրով Ղազախստանի դիրքորոշման հետ: Սակայն, դրանով հանդերձ, հայտարարված նոր ժամկետը՝ մայիսի 29-ը ամենեւին չի նշանակում, թե այդ օրը պայմանագիրը ստորագրվելու է:

Ինչպես նախկինում, այժմ էլ հիմնական խնդիրները մնում են չլուծված, որքան էլ ռուսական կողմը փորձի Մինսկին համոզել, թե «ճանապարհային քարտեզի» բոլոր կետերը կատարված են, իկս չկատարվածները կարող են ներառվել բույն պայմանագրի մեջ: Իսկ դրանց կատարումն այս շրջանում նշանակելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից համատարած գնաճ խթանելը՝ առանց «անվտանգության բարձիկի», կամ Եվրասիական տնտեսական միությունից ստանալ արտոնություն դա չանելու համար, որպեսզի Բելառուսը հանի իր առարկությունները:

Մի խոսքով՝ փակուղիներ բոլոր կողմից: Մինչդեռ Երեւանը ժամանակ ունի. սահմանադրորեն կառավարության ձեւավորման, ծրագրի ներկայացման ու ԱԺ-ում դրա հաստատման առավելագույն ժամեկտը մայիսի 28-ն է...Իսկ հաջորդ օրը Աստանայում ամեն ինչ ավարտված կլինի: Իսկ Մաքսային եռյակի միջեւ այլ խնդիրներին, բայց այս անգամ՝ կապված ստեղծվելիք Եվրասիական միության կարգավիճակի, մաքսային նոր պայմանակարգի հետ, կանդրադառնանք հաջորդիվ:

Մեկնաբանություններ (4)

art
ay mard mez shat petqa maqsayim miyutun
Ed
Inchi miangamic chek ancnum bun nyutin? 5-6 tog kardaluc heto, aylevs cankutyun chi linum ayn sharunakel.
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Ed, եթե ցանկություն չի մնում կարդալու, նշանակում է հոդվածը ձերը չէ: Ես մերկապարանոց հայտարարություններով նյութ գրող «վերլուծաբաններից» չեմ: Հատուկ եմ տեղադրում սկզբնաղբյուրները եւ մեջբերումները, որպեսզի ընթերցողը ինձ ստուգելու հնարավորություն ունենա եւ ինքն էլ համաձայնի վերլուծության թեզի հետ:
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Վաչե, միանամայն համաձայն եմ ձեր մեկնաբանության հետ: Դրա առաջին մասում գրված դիտարկամն մասին շատ անգամներ եմ գրել, որ Մոսկվայի հետապնդած նպատակներից մեկը միրջազգային մակարդակում Հայաստանի գրավչությունը նվազեցնելն է որպես պետություն: Իսկ եվրասիական ինտեգրացիա կոչվող ծուղակը ստեղծված է Հայաստանին եվրաինտեգրումից ու այլ հարաբերություններից ետ պահելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter