HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կումայրի արգելոց թանգարանը առաջիկայում կունենա նոր վարչական շենք

Յուլիա Գրիգորյան

«Հաշվառվում եւ անձնագրավորվում են «Կումայրի արգելոց-թանգարանի» պատմական հուշարձան հանդիսացող շինությունները: Իրական թիվը պարզելուց հետո եզրակացություն կտրվի դրանցից յուրաքանչյուրի վիճակի մասին»,- ասում է «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Տեր-Մարգարյանը:

Շուրջ 9 ամիս է՝ կազմակերպությունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2000թ.-ից՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Ներկայումս կազմակերպության 4 հոգանոց անձնակազմը սկսել է թանգարանի պահպանման եւ վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների նախագծումը եւ ֆինանսական դոնորների հայթայթման հնարավոր տարբերակների մշակումը. «Մեր առաջնային խնդիրն է վերջիվերջո հասկանալ, թե ինչ է մնացել քաղաքում, ինչ ենք կորցրել եւ ինչը դեռ կարելի է փրկել կամ գոնե մինիմալ ծախսերով պահպանել՝ հետագա սերունդների համար»,- նշում է Ս. Տեր-Մարգարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ իրենց ձեռքի տակ եղած պետական ցուցակով, թանգարանն ունի տեղական եւ հանրապետական նշանակության 1100 հուշարձան, բայց այս թիվը նույնպես ճշտման կարիք ունի, քանի որ նախկինում թանգարանի տարածքում եղել է 1600 հուշարձան: Ըստ Ստեփան Տեր-Մարգարյանին՝ մի կողմից երկրաշարժի հետեւանքով է տեղի ունեցել հուշարձանների կորուստ, մյուս կողմից՝ շենքերի քանդման ու ձեւափոխման հետեւանքով՝ այդ նույն տարածքի որոշ շենքեր հաշվառված են մեկ միավորի ներքո: Եւ անհրաժեշտ է դրանք առանձնացնել, քանի որ յուրաքանչյուրն ունի ճարտարապետական իր յուրահատկությունը:

«Կումայրի արգելոց-թանգարանը», գործելով նախորդ դարի 80-ականներից, ունեցել է հնագիտական արշավախումբ, կատարել պեղումներ, այդ թվում՝ «Սեւ ղուլի» տարածքի պեղումները: Արդյունքում բացահայտվել է, որ բնակավայրն ունի 5000 տարվա պատմություն: Անցած տարիներին կազմակերպվել են տարբեր ցուցահանդեսներ, սակայն այսօր թանգարանը չունի անգամ վարչական շենք եւ ժամանակավորապես գործում է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում:

Օգոստոսից վերսկսելով գործունեությունը՝ թանգարանը մշակույթի նախարարության եւ օտարերկրյա հովանավորների աջակցությամբ ստեղծել է տուրիստական ուղեցույցեր, որոնց օգնությամբ զբոսաշրջիկն առանց ուղեկցության կարող է շրջել արգելոցում: Թանգարանը դեռեւս չունի ճարտարապետներ, սակայն ծրագրում են մի քանի ուսանողների ճարտարագիտական կրթություն ստանալուց հետո վերցնել աշխատանքի:

Նախատեսված է կենտրոնական այգու տարածքում եղած շինություններից մեկը վերականգնել՝ ճարտարապետական դպրոց հիմնելու նպատակով: Շենքի վերականգնման հարցերով զբաղվող անգլիացի ճարտարապետները կժամանեն մայիսին, նրանք պիտի հոգան նաեւ ֆինանսավորման ծախսերը: Նախատեսված է ճարտարապետական դպրոցին կից կամ նույն հաստատությունում հիմնել նաեւ «Կումայրի թանգարան-արգելոցի» վարչական շենքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter