
Աճո՞ւրդ, թե՞ մրցույթ. կազմակերպիչն էլ չգիտեր, թե ինչ է անցկացնելու
Առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ կառուցելու նպատակով Արտաշատի քաղաքապետարանում ապրիլի 29-ին աճուրդով պետք է օտարվեր համայնքային սեփականություն հանդիսացող 113.3 քմ եւ 42 քմ մակերեսով հողատարածքներ:
Աճուրդի կազմակերպիչ Ալիկ Իսրայելյանը պնդում էր, որ այդ օրը աճուրդ չունեն, մրցույթ է: Թերթում հրապարակված հայտարարությունը տրամադրեցինք նրան: Մի քանի րոպե ուսումնասիրելուց հետո նա ասաց. «Ոնց որ մեր ու ձեր ունեցած թերթերը նույնը չեն»: Ալիկ Իսրայելյանը շարունակում էր պնդել, որ աճուրդ չունեն: «Կարեն, Պողոսյան, հլա արի»,- բղավում էր Իսրայելյանը՝ դիմելով քաղաքապետարանի Ճարտարապետության, քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Պողոսյանին: Վերջինս եկավ եւ պնդեց, որ ապրիլի 29-ին քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել:
Աճո՞ւրդ, թե՞ մրցույթ. մի քանի րոպե տեւած «բանավեճից» հետո պատասխանատուները փորձեցին դուրս գալ անհարմար վիճակից եւ հնարավորինս ցույց չտալ իրենց անտեղյակությունը: «Հա, էլի, ասում եմ աճուրդ է: Կիրակի օրը մրցույթ է եղել, հիմա էլ երկու լոտով աճուրդ է: Երկուսի համար էլ հայտ չի ներկայացվել, աճուրդը չի կայանալու»,- հայտարարեց Ալիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ աճուրդի անցկացման ժամին՝ ժամը 11:00-ին, հանձնաժողովը նիստ կգումարի, կարձանագրեն, որ հայտ չի եղել եւ արձանագրություն կկազմեն: Սպասեցի մինչեւ ժամը 11:30-ը, սակայն հանձնաժողովն այդպես էլ նիստ չգումարեց ու արձանագրություն չկազմեց:
Արձանագրություն չէր կազմվել նաեւ ապրիլի 27-ին անցկացրած 24,8 քմ հողամասը մրցույթով սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով տրամադրելու եւ գյուղնշանակության 0,45 հա հողամասը աճուրդով օտարելու համար: Ալիկ Իսրայելյանն ասաց, որ արձանագրությունները կկազմեն 10 օրվա ընթացքում:
Նշենք, որ աճուրդների մասին խոսելու ժամանակ, երկու անգամ Ալիկ Իսրայելյանը ընդհատեց զրույցը եւ մտավ քաղաքապետի մոտ, հավանաբար, իր ասելիքը ճշտելու համար: Ընդ որում, Ա. Իսրայելյանին խնդրեցինք ուսումնասիրման նմատակով տրամադրել նախորդ տարվա աճուրդների արձանագրությունները, որի համար նախապես գրավոր դիմում էինք ներկայացրել: Նա այս հարցով էլ քաղաքապետի մոտ մտավ, որից հետո պատասխանեց. «Եկեք այս ամենին պաշտոնական տեսք տանք: Գրավոր հարցում ուղարկեք քաղաքապետի անունով, կպատասխանենք»:
Ա. Իսրայելյանը փորձում էր համոզել, որ մեր փնտրած տեղեկությունները կարող ենք պահանջել նոտարական գրասենյակներից կամ կադաստրից: Բացի այդ, անցկացված աճուրդների մասին էլ ասաց, որ տեղեկատվությունը բաց է մինչեւ աճուրդը կայանալը, դրանից հետո տեղեկատվության հոսքը կարող է սահմանափակվել: «Մարդը գնել է այդ տարածքը, կարող է չի ուզում, որ իմանան ինչ գնով է գնել, քանի քայլ է արել: Ես նաեւ պիտի ճշտեմ գնորդից, թե նա համաձայն է, որ իր տվյալները ձեզ տանք, թե` չէ»,- ավելացրեց կազմակերպիչը:
Ինչ վերաբերում է ապրիլի 27-ի եւ 29-ի մրցույթին եւ աճուրդներին, տեղեկացնենք, որ ապրիլի 27-ը կիրակի էր՝ ոչ աշխատանքային օր եւ խիստ կասկածելի է, որ այդ օրը աճուրդ կայանար: Մինչդեռ, աճուրդը կայացել է եւ հաղթող է եղել, իսկ ապրիլի 29-ին, երբ մենք հետաքրքրվեցինք աճուրդով, արդեն ասվեց, որ հայտեր չեն ներկայացվել: Կասկածելի էր նաեւ այն, որ աճուրդի կազմակերպիչը տեղյակ չէր, թե ինչ է լինելու այդ օրը՝ աճո՞ւրդ, թե՞ մրցույթ:
Ապրիլի 27-ի աճուրդին 4500 քմ գյուղնշանակության հողատարածք է օտարվել: Ալիկ Իսրայելյանն ասաց, որ երկու քաղաքացի էին հայտ ներկայացրել, եւ այն ավարտվել է երեք քայլով: Հողամասի մեկնարկային գինը եղել է 2 մլն 16 հազար դրամ: Աճուրդի կազմակերպիչը հավաստիացնում էր, որ իրենք մեկ քայլով աճուրդներ չեն ունեցել, իսկ դրանք սովորաբար ավարտվում են 3-5 քայլով: Փոխարենը եզակի են դեպքերը, երբ մասնակիցները երկուսից ավել են եղել: Ըստ Իսրայելյանի՝ օտարվող տարածքները փոքր են, մեծ տարածքներ չունեն եւ մասնակիցները գրեթե գիտեն, թե որ տարածքը ով է վերցնելու:
Քաղաքապետարանի Ճարտարապետության, քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Պողոսյանն էլ ասում էր, որ Արտաշատ քաղաքի հողատարածքների զգալի մասը գնահատվել է որպես 7-րդ գոտի: «Թե' ներդրումների, թե' գործարարների առումով Արտաշատը հարմար չէ, ոչ էլ բնակչության թիվը կարելի է համեմատել Երեւանի հետ: Տարածքներն էլ փոքր են, այդ իսկ պատճառով մարդիկ հետաքրքրություն չեն ցուցաբերում: Մեզ մոտ տարածքները գրավիչ չեն: Հողի թանկությունը դեռ մի կողմ, խոսքը ներդրումային ծրագրերի մասին է: Մարդը պիտի նպատակ, ծրագիր, հեռանկար ունենա, որ մի բան կառուցի»,- նշում է Կ. Պողոսյանը:
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետարանում այդպես էլ աճուրդի մասին հայտարարություն չգտանք: Ալիկ Իսրայելյանը հավաստիացնում էր, թե հայտարարություն եղել է, պարզապես շուտ են հանել ցուցատախտակից:
Մեկնաբանել