
Սպասում էին դուրս գայինք, որ կրակեին ու պրծնեին մեզանից
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Ի՞նչ կաներ Ձեզանից յուրաքանչյուրը՝ լինելով իմ տեղում, լինելով դատական սխալի զոհ (իհարկե, Աստված չանի): Կարծում եմ՝ անընդհատ կմտածեիք այստեղից դուրս գալու, ելքեր փնտրել-գտնելու մասին: Մեր ձայնն այս պատերից դուրս չէր գալիս: 2004 թ-նն էր՝ մահապատիժը նոր էր փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Վե՛րջ, մեզ փակել էին քարե դագաղի մեջ: Գործերի վերանայման ոչ մի հույս, սխալ դատավճռի բեկանման և ոչ մի փորձ: Ազատության իրավունքը խլել են ինձնից, իսկ ազատության ձգտելու իրավունքը ոչ մի օրենքով չի սահմանափակվում: Ազատության ձգտումն այնքան բնական է, որքան թթվածին շնչելը:
18 տարի ինձ պահում են 4 պատի մեջ մի հանցանքի համար, որ ես չեմ կատարել: Եվ բնական է, որ փակ տարածությունից դուրս գալու միջոցներ եմ փորձում գտնել: Արդեն պատմել եմ խցակցիս՝ Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մոտ եկած պաշտոնյայի մասին: Դրանից հետո Սողոմոնն ասաց, որ այլևս սպասելու բան չկա, որ չի հավատում ոչնչի ու ոչ մեկի: Անցանք գործի:
…Ուշադիր նայում էի դռան վերևի՝ ժամանակին օդափոխության համար բացված անցքին, որը փակված էր աղյուսներով ու ճաղավանդակով. մտածեցի` կարո՞ղ է մարդու մարմինը անցնել այդ անցքով: Եթե ամեն ինչ ստացվեր, դա միայն խցից դուրս գալու հնարավորություն կտար, իսկ առջևում դեռ շատ արգելքներ կային, որոնք պետք էր հաղթահարել` իհարկե, առանց ընդհարվելու բանտի աշխատակիցների հետ:
Մի քանի օր անց ճաղավանդակը հաջողվեց պոկել, լուծեցինք նաև աղյուսների հարցը. անցքը քողարկեցինք, ճաղավանդակն էլ ամրացրեցինք տեղում, սպասում էինք մութն ընկնելուն, որ խցից դուրս գայինք: Երբ զբոսանքից վերադարձանք, օրվա սմենի պետը մտավ խուց, աջ ու ձախ նայեց.
-Հը՞, էսօ՞ր եք փախնելու:
«Ա՛յ քեզ բան, նրանք ամեն ինչ գիտեն, թո՛ւ»,-մտածեցի ես, բայց փորձեցի շփոթությունս ցույց չտալ, ժպտալով պատասխանեցի.
-Չէ՛, էսօր կարդալու բան կա, գիրքը վերջացնեմ, մի քանի օրից նոր կփախնենք:
Սողոմո՛նն էլ, ե՛ս էլ, աշխատողնե՛րն էլ ծիծաղեցինք, իրար հաջողություն ասացինք, խցի դուռը փակվեց: Երբ ոտքերի ձայները հեռացան, մոտեցա Սողոմոնին.
-Վե՛րջ, ամեն ինչ գիտեն:
- Ոչ մի բան էլ չգիտեն… մի քանի ժամից դուրս կգանք,- ինչպես միշտ՝ շատ հանգիստ ասաց Սողոմոնը (իրար հետ մենք ռուսերենով էինք խոսում, նա հայերեն լավ չգիտի՝ ծնված ու մեծացած լինելով Բաքվում, հետո էին ընտանիքով տեղափոխվել Գորիս ապրելու, սկսվել էր պատերազմը):
-Չե՞ս հասկանում` սպասում են դուրս գանք, որ կրակեն ու պրծնեն մեզանից,- նայում եմ Սողոմոնի աչքերին ու մտածում՝ միգուցե պայմանավորվածությո՞ւն ունի հետները…
- Մհե՛ր, եթե ուզում են մեզ սպանեն, ուրեմն ինչի՞ սմենի պետը նախազգուշացում արեց: Հումոր արեց, համընկավ իրավիճակի հետ, էդքան բան,-վերջապես, ծանր լռությունից հետո խոսեց Սողոմոնը:
Երբ մութն ընկավ, լուսամուտից տեսանք, որ ի տարբերություն մյուս օրերի` երկու հսկիչի փոխարեն` հինգ աշխատակից կա, մի քիչ էլ՝ քեֆները լավ: Նրանք եկան առաջին հարկ: Մենք էլ պիտի իջնեինք առաջին հարկ և այնտեղից դուրս գայինք արգելագոտի:
- Ի՞նչ կասես, Սողոմոն, սա էլ ուղղակի համընկա՞վ:
- Խնդիր չի, ոչ ոք մեզ չի նկատի, հանգիստ եղիր:
Սողոմոնի տարօրինակ անտարբերությունը այս զուգադիպություններին լուրջ անհանգստացրեց ինձ: Արագ որոշեցի.
- Էսօր մենք դուրս չենք գա, վե՛րջ, կընտրենք այլ եղանակ, օրն էլ ես կորոշեմ:
Սողոմոնն ակնհայտ դժգոհ էր իմ որոշումից:
Հիշում եք՝ այն մրջյուններին, որոնց հավաքել էի զբոսախցից ու շաքարաջրի շնորհիվ բազմացրել էի Գորիսի բանտի մեր խցի պատի մեջ: Ահա մրջյուններն էլ ճանապարհ էին բացել մեզ համար՝ փխրացնելով հաստ պատը: Գիշերն անցավ, առավոտյան, ամենօրյա ստուգումից հետո, ձեռքի տակ եղած ինքնաշեն գործիքներով սկսեցինք քանդել արդեն փուխր պատը:
Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, որի մասին կպատմեմ հաջորդ անգամ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել