
Գորիսեցիները վախենում են Սուրիկ Խաչատրյանի դատաստանից. նրանք գերադասում են լռել
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի թեկնածուներին: Նրանք չորսն են՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը, «Վարարակն» ՓԲԸ տնօրեն Արա Բուդաղյանը, ովքեր ՀՀԿ անդամ են, ինչպես նաեւ անկուսակցականներ «Գորիսի ԳԱՄՄԱ» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանն ու «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը:
Վաչագան Ադունցին առաջադրել է հենց հանրապետական կուսակցությունը, իսկ մյուս երեք թեկնածուներն ինքնառաջադրվել են: Այս թեկնածուին սատարում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Կարապետյանին էլ սատարում է գործող մարզպետ Վահե Հակոբյանը:
Գորիսում ընտրողները կաշկանդված են, խուսափում են պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին: Լսելով ընտրություն բառը անմիջապես հեռանում են ասելով, թե իրենք գործ չունեն:
Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներից փորձել ենք հետաքրքրվել, թե ինչ տրամադրվածություն ու սպասելիքներ ունեն քաղաքապետի ընտրություններից: Նրանցից միայն երեքն են խոսել, որոնցից երկուսը հրաժարվեցին իրենց անունը տալ: Նրանք ասում են, թե վախենում են Սուրիկ Խաչատրյանի դատաստանից այդ իսկ պատճառով չեն ցանկանում իրենց անունը հրապարակվի: Գորիսեցիները նշում էին, թե քաղաքում բանդա է գործում եւ վախենում են իրենց կյանքի համար:
Միակ «համարձակը» Վոլոդյա Խաչատրյանն էր, ով իր ընկերոջ հետ զբոսնում էր քաղաքային զբոսայգում: Ընկերը լքեց նրան լսելով ընտրություններին վերաբերող հարցը, իսկ ընտրական գործընթացների մասին խոսելու պատրաստակամություն հայտնած Վոլոդյա պապը, տեսնելով ընկերոջ վախը, սկսեց խուսափել՝ տալով իրարամերժ պատասխաններ: Նախ հայտարարեց, թե նոր քաղաքապետը, ում մոտ մեկ ամսից ընտրելու են, աշխատող մարդ է, հետո հայտարարեց, թե ինքը Գորիսում չի ապրում, ապա խոսքը փոխեց եւ նշեց, թե թեկնածուներից ոչ մեկին չի ճանաչում, սակայն գնալու է ընտրության:
«Մեկին կասեն կընտրեմ: Տան անդամները կգնան, ում ասեն նրան էլ կընտրեմ, էլի»,-ասաց Վալոդյան Խաչատրյանը եւ Արա՜մ, Արա՜մ գոռալով մոտեցավ ընկերոջը, ով փորձում էր հնարավորինս արագ մեզանից հեռանալ:
Խոսեցինք նաեւ թեկնածուների հետ: Վաչագան Ադունցը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի ընտրություններում համաձայնվել է իր թեկնածության առաջադրմանը, քանի որ ինքը կարող է քաղաքապետի պաշտոնում լավ աշխատել եւ ինչ որ բան փոխել: Նա ասաց, որ քաղաքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ունի բավականաչափ աշխատանքային փորձ, ինչն իրեն իրավունք է վերապահում առաջադվել այս պաշտոնում: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ինքը Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է, Վ. Ադունցը նշեց, թե ինքը որեւէ մեկի թեկնածուն չէ եւ իրեն առաջադրել է կուսակցությունը, որին անդամակցում է 1997թ-ից:
Նա 2003թ-ին էլ է ցանկացել քաղաքապետ դառնալ: Այդ ժամանակ ինքնառաջադրվել է, սակայն հանել է թեկնածությունը, քանի որ ՀՀԿ-ն սատարել է գործող քաղաքապետին եւ ինքը կուսակցության որոշմանը դեմ չի գնացել:
Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի կողմից աջակցության խոստումներ ստացե՞լ է, Վաչագան Ադունցը պատասխանեց, թե իրեն սատարում է իր կուսակցության մեծամասնությունը, ղեկավար կազմը, ինչպես նաեւ նախկին ու գործող մարզպետները:
«Առաջադրվելուց առաջ հանդիպել եմ հարգարժան պարոն Վահե Հակոբյանի հետ, ստացել եմ նրա աջակցության հավաստումը նոր դրանից հետո դրել եմ իմ թեկնածությունը: Այնպես, որ ինձ աջակցում են հանրապետական կուսակցության բոլոր ներկայացուցիչները»,-ավելացրեց Վաչագան Ադունցը:
Անուսակցական Տիգրան Կարապետյանը նշեց, թե առաջադրել է իր թեկնածությունը, որովհետեւ ինքն ավելի հստակ պատկերացում ունի քաղաքում ծառացած խնդիրների մասին եւ այն ծրագիրը, որ ներկայացնելու են ընտրողների դատին, իր սուբյեկտիվ կարծիքով, ամենաիրատեսականն է ու ռեալը: Ըստ նրա՝ այդ ծրագիրը հասարակական լայն քննարկում է անցել, հատկապես երիտասարդների շրջանում եւ առանձնացրել են այն խնդիրները, որ հուզում է քաղաքի բնակիչներին: Թեկնածուն հայտարարեց, որ վստահության պակաս եւս չունի եւ կարող է այդ ծրագիրը կյանքի կոչել: Նա այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, պատճառաբանելով, թե քարոզարշավը չի սկսվել եւ այս փուլում չի ցանկանում իր ծրագրերից խոսել:
«Ամենակարեւոր խնդիրը, որ մենք ունենք քաղաքում բարոյահոգեբանական վիճակը փոխելն է: Կարծում եմ սա է մեր թիվ մեկ խնդիրը, մենք ունենք հասարակության տարբեր շերտերի կոնսոլիդացիայի խնդիր, որն ավելի կարեւոր է, քան սոցիալական խնդիրները, աղբահանությունը, լուսավորության հարցը»,-ասում է քաղաքապետի թեկնածուն եւ հավելում, որ քաղաքային իշխանությունների վերջին տարիների վարած քաղաքականությունը հասարակությանը տարբեր մասերի է բաժանել:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ ինքը չի հասկանում այն խոսակցությունները, թե Գորիսի քաղաքապետի ընտրությունները նախկին եւ ներկա մարզպետների «կռիվն» է:
![]() |
![]() |
Տիգրան Կարապետյան | Հրայր Յոլյան |
«Սյունիքն ունի մարզպետ՝ Վահե Հակոբյանը, չկա երկու մարզպետ: Կան Սյունիքի չորս նախկին մարզպետներ եւ կա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որն ըստ իս հստակ կատարում է իր պարտականությունները: Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ասեմ, որ ինձ առաջադրել են Գորիսի քաղաքացիները, համայնքի բնակիչները, իմ ընկերները, երիտասարդությունը ու հավատացնում եմ, որ սա զուտ խոսքեր չեն այլ բազմաթիվ քննարկումների արդյունքում ծնված թեկնածություն եւ որեւէ առնչություն չունի տարածված այն կեղծ լուրերի հետ, որ Սյունիքի մարզպետ Վահե Հոկոբյանն է ինձ առաջադրել»,-ասում է Տիգրան Կարապետյանը եւ հավելում, որ ինքն ու Վահե Հակոբյանը պարզապես ընկերներ են:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ապա Տիգրան Կարապետյանը հայտարարեց, թե նրա հետ «որեւէ հարաբերություն չի ունեցել», քանի որ տարբեր հարթություններում ապրող ու տարբեր աշխարհայացք ունեցող մարդիկ են, ուստի տեսականորեն հնարավոր չէր որեւէ շփում կամ հարաբերություն:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ տարածված լուրերը, թե առաջիկայում հանելու է իր թեկնածությունը եւ միանալու է այլ թեկնածուի: Ըստ նրա՝ միայն այն հանգամանքը, որ իր թեկնածության առաջադրումը եղավ հասարակության լայն շերտերի քննարկման արդյունքում, դա արդեն իսկ պարտավորեցնող է եւ ինքը հազարավոր մարդկանց առջեւ պատասխանատվություն ունի եւ բացարձակ հնարավոր տարբերակ չէ, նույնիսկ քննարկելը, որ իր թեկնածությունը հանելու է:
Հարցին, իսկ եթե Վահե Հակոբյանը խնդրի, Ձեր թեկնածությունը կհանե՞ք, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ոչ»:
Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Հրայր Յոլյանը, 2012թ-ից Գորիսի ավագանու անդամ է: Նա նշեց, որ համայնքի հետ կապված հարցեր է տեսնում, որոնց պատասխանները ճիշտ չեն տրվում, այդ իսկ պատճառով ցանկանում է ղեկավարել համայնքը, որպեսզի այդ հարցերի պատասխանները ճիշտ տրվեն: Թե ինչպիսի հարցեր են ու ինչ պատասխան է ցանկանում տալ թեկնածուն, չասաց. «Չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, գործնականը ցույց կտա»:
Նա որպես առաջնային խնդիր նշեց քաղաքի լուսավորության, աղբահանության, կանաչապատ տարածքների եռապատկման, ծայրամասային փողոցների ասֆալտապատումը եւ այլն:
Այս թեկնածուն եւս նշեց, որ երիտասարդների ու ժողովրդի կողմից է առաջադրվել: «Ցանկացած թեկնածու մտածում է, որ ինքն է հաղթելու, եթե այդպես չմտածի չի առաջադրվի: Երեւի ես կհաղթեմ»,-ասում է Հ. Յոլյանը ավելացնելով, որ ինքը մինչեւ վերջ գնալու է եւ թեկնածությունը չի հանելու: Թեկնածուի խոսքերով՝ Գորիսում թեժ ընտրություններ են սպասվում, բոլոր թեկնածուներն էլ ուժեղ են:
Հրայր Յոլյանը եւս լսել է, որ այս ընտրությունները նախկին եւ ներկա մարզպետների կռիվ է, սակայն ինքը նման բան չի մտածում: «Ամեն մեկն իր համար է պայքարում նաեւ նախկին եւ ներկա մարզպետները»,-նշում է քաղաքապետի անկուսակցական թեկնածուն: Չի բացառվում, որ առաջիկայում նա կուսակցական դառնա: Հ. Յոլյանն ասում է, որ տարբեր կուսակցություններից առաջարկներ ստացել է, սակայն շարունակում է մնալ անկուսակցական:
Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արա Բուդաղյանի հետ խոսել չհաջողվեց: Նրա լրատվության պատասխանատու Ռոբերտ Հակոբյանը տեղեկացրեց, որ թեկնածուն քաղաքում չէ:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել