
Փաստաբանին գաղտնի ձայնագրել են ու հրապարակել «Youtube»-ում
Օրեր առաջ «Youtube»-ում է հայտնվել՝ «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» նկարագրությամբ մի ձայնագրություն: Փաստաբան Արշավիր Խալափյանի եւ «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ ԶԼՄ-ներում, ինչը նաեւ հիմք հանդիսացավ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Տարածված ձայնագրությունից հասկացվում է, թե իբր Խալափյանը փորձել է կաշառք վերցնել Կույումջյանից: Ըստ Ա. Խալափյանի՝ ձայնագրության հեղինակը հենց Աշոտ Կույումջյանն է: Նրանք հանդիսանում են Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 բազմաբնակարան շենքի համասեփականատերեր:
Որպես քաղաքացի (հարցումներն ուղարկել է որպես քաղաքացի, ոչ թե փաստաբան) Արշավիր Խալափյանը Կապանի քաղաքապետից տեղեկատվություն է պահանջել եւ պարզել, որ Աշոտ Կույումջյանը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում իրականացնում է ապօրինի շինարարություն: Տեղեկանալով, որ Ա. Խալափյանը շարունակում է հարցումներ ուղարկել Կապանի քաղաքապետին, Կույումջյանի կողմից նախաձեռնված բանակցությունների ընթացքում փաստաբանին առաջարկվում է խնդիրը լուծել «գործնական դաշտում»:
«Ծանոթ լինելով Աշոտ Կույումջյանի զբաղեցրած պաշտոնին եւ կերպարին եւ մեղմ ասած ջերմ հարաբերություններ չունենալով նրա հետ, բնականաբար առաջին հերթին կարճատեւ զարմանք ապրեցի, բայց այնուամենայնիվ ընդունեցի բանակցությունների առաջարկը եւ բավարար սուր զգացողություններ ապրելուց եւ մարդաճանաչողության ոլորտում գործնական փորձ ձեռք բերելուց հետո Աշոտի համար անսպասելի ձեւով խաղն ընդհատեցի: Նախատեսելով այս թատերախաղը, Աշոտը թերագնահատեց իմ համեստ գիտելիքները, մտքով անգամ չանցկացնելով, որ ի սկզբանե խաղում եմ, փորձեց մի կրակոցով երկու նապաստակ խփել՝ ավարտին հասցնել բաղձալի ավտոտնակի շինարարությունը եւ արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը: Դրանից հետո անցավ բացահայտ գրոհի եւ սկսեց շանտաժ անել, հայտարարելով, որ մեր հանդիպումները տեսաձայնագրված են եւ կտարածի, եթե ես չհրաժարվեմ կատարվող ապօրինի շինարարության հարցերով զբաղվելուց: Ի հավաստումն իր սպառնալիքների լրջության իր համախոհներից մեկի միջոցով ինձ փոխանցեց 01.05.2014թ. հանդիպման տեսաձայնագրությունը՝ մոտ 30 րոպե տեւողությամբ: Տարբեր մարդկանց միջոցով հանդիպումներ փնտրելով եւ ստանալով բացասական պատասխան, օրեր առաջ տարածեց արդեն մոնտաժված տեսանյութը, որտեղ ակնհայտորեն խեղաթյուրված են փաստերը»,-«Հետքի» հետ զրույցում պատմում է փաստաբան Խալափյանը:
Նրա խոսքերով, տարածված ձայնագրությունում Աշոտ Կույումջյանը ներկայացել է որպես կառուցապատվող հողամասի սեփականատեր, իսկ ինքը, հանդես չգալով որպես փաստաբան, ներկայացվել է գործով զբաղվող փաստաբան եւ Հակակակոռուպցիոն կենտրոնի Սյունիքի համակարգող, այդպիսով նպատակ ունենալով գործի էությունից անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ պաշտոնատար անձ եւ հանրային ծառայող չհանդիսացող եւ այդ գործով որպես փաստաբան հանդես չեկող քաղաքացին փորձել է կաշառք վերցնել իրենից:
«Կույումջյանի բացահայտ եւ թաքնված խորհրդատուները, մոռացել են նրան բացատրել, որ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու նրանց փորձը կանխավ դատապարտված է: Տեղի ունեցածից հետո ես վստահ չեմ, որ Աշոտ Կույումջայնը մեր միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցները գաղտնի կերպով չի ձայնագրել»,-ասում է Ա.Խալափյանը:
Նրա փաստաբան Սուզաննա Խչեյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պատմության արմատներն ավելի խորքային են եւ տանում են դեպի վերջին տարիներին մարզում՝ մասնավորապես Կապանի տարածաշրջանում Ա. Խալափյանի կողմից վարվող մի քանի աղմկահարույց գործեր, որոնցով փաստաբանը լուրջ խնդիրներ է առաջացրել հասարակությունում որոշակի դիրք եւ հեղինակություն ունեցող, նյութապես ապահովված անձանց համար: Մասնավորապես, Կապանի տարածաշրջանի գյուղերից մեկում համայնքապետի կողմից կատարված ապօրինությունների մասին բարձրաձայնելը եւ նույն գյուղի մի խումբ բնակիչների շահերը հետեւողականորեն պաշտպանելը:
Խալափյանի փաստաբաններ Սուզաննա Խչեյանը եւ Անի Թորոսյանը նշեցին, որ քիչ թե շատ իրավաբանությունից հասկացող մարդը պետք է տեղեկացներ Կույումջյանին, որ իր արարքում առկա են հանցակազմի հատկանիշներ: Նա առնվազն խախտել է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջները՝ առանց անձի համաձայնության կատարել է ապօրինի գաղտնի տեսաձայնագրություն, այնուհետեւ տարածել դրանք:
«Այսինքն, կատարվել է անձնական գաղտնիք համարվող տեղեկությունների՝ առանց թույլտվության եւ համաձայնության հավաքելուն, պահելուն, օգտագործելուն եւ տարածելուն ուղղված գործողություններ, քանի որ տեսաձայանագրել կարելի է կամ անձին տեղեկացնելու եւ թույլտվություն ստանալու դեպքում կամ համապատասխան որոշման հիման վրա»,- նշում է Սուզաննա Խչեյանը:
Նրանց խոսքերով՝ այս հիմնավորումներով առաջիկայում հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին:
Մեկնաբանություններ (29)
Մեկնաբանել