HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «ԲՀԿ-ն պետք է կողմ քվեարկեր կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքին»

Ազգային ժողովն օրերս երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների մասին կառավարության կողմից ներկայացված նախագիծը, համաձայն որի` այն քաղաքացիները, ովքեր հրաժարվում են մասնակցել համակարգին, պետք է դիմում գրեն գործատուին:

ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակն էլ, ինչպես հայտնի է, առաջարկում էր հակառակը. նրանք համարում էին, որ դիմում պետք է գրեն այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են մասնակցել համակարգին, բայց կառավարության համար այս տարբերակն անընդունելի մնաց:

«Հետք»-ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու էր իրենց համար անընդունելի ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկած տարբերակը: «Մենք առաջարկ ենք ներկայացրել, այո, որ ովքեր ուզում են հրաժարվել, թող դիմում գրեն: Իսկ իրենք ասում են՝ ոչ, ով ուզում է, թող նա դիմի: Այս նախագիծը, որը մենք բերել ենք, հարցը լուծում է այս կարճ հատվածում, իսկ գլխավոր փաթեթը, որը կբերենք մինչև սեպտեմբերի 30-ը, կլինի բոլոր հարցերի պատասխանը»,- պատասխանեց նա:

Քանի որ Հ. Աբրահամյանի խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող խմբակցությունը, որը քառյակի մաս է կազմում, ձեռնպահ էր քվեարկել օրենքի նախագծին, տեսակետներ հնչեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» կաշկանդված է այսուհետ դեմ քվեարկել կառավարության կողմից ներկայացվող օրինագծերին:

Սակայն Հ. Աբրահամյանը հավաստիացրեց, թե խնամիական կապերը չեն կարող խոչընդոտել:

«Ոչ, կաշկանդված չեն (նկատի ունի ԲՀԿ-ն.-հեղինակ): Բայց ես կարծում եմ, որ իրենք պետք է կողմ քվեարկեին օրենքի նախագծին: 6 առաջարկ են արել, որից 5-ը ընդունել ենք, դրա համար պետք է կողմ քվեարկեին»,- ասաց վարչապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter