HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան-ԱՄՆ ծավալվող դրաման. Վաշինգտոնի մտահոգությունները

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

«ԱՄՆ քաղաքականության մտահոգություններն ու դեսպան Ուորլիքի ուղերձը» վերլուծության մեջ նշել էի, որ մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի ուղերձը, ի թիվս սրված արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրների,  կապ ունի նաեւ «Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խորքային պրոցեսների հետ, որոնք շատ առումներով ամբողջությամբ չգիտակցված են մնում անգամ այդ երկրների ներքին դերակատարների կողմից: Իսկ դրանք տեսանելի եւ վտանգավոր հակաարեւմտականություն կամ դրա ներուժ են պարունակում»:

Մայիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի տված հարցազրույցը հաստատեց, որ Վաշինգտոնի եւ Բաքվի հարաբերություններում լուրջ տեղաշարժեր կան: Դեսպանի մտքերը չեն կարող հայաստանյան քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին անտարբեր թողնել դրամատիկ կերպով զարգացող այդ իրադարձությունների հանդեպ, հատկապես, երբ այդ ամենին առնչվող ոչ ծավալուն հարցազրույցում չափազանց շատ տողատակեր ու ենթատեքստեր կան:

ԱՄՆ դեսպանի տված հարցազրույցում հայտնված մտահոգությունների բնույթը, սրությունը, հնչեցված սպառնալիքները, թերեւս, ինչ-որ առումով աննախադեպ են: Դրանք վերաբերում են երկու խնդրի՝ Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուսաստանի «ղրիմաուկրաինական» քաղաքականության լույսի ներքո:

Թերեւս, այդ սրության պատճառներից կարող է լինել այն, որ Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է վերջին շրջանում Բաքվի ակնհայտ հակաարեւմտյան քաղաքականության ու քայլերի պատճառով: Կամ էլ՝ իսկապես տարածաշրջանում ԱՄՆ շահերի համար ռիսկերը չափազանց մեծացել են, եւ նա այլեւս հարկադրված է իր դիվանագետների միջոցով առանց երկիմաստությունների կոշտ գնահատակններ տալ ու ուղերձներ հղել հասցեատերերին: Հնարավոր է, որ դրանք առկա են միաժամանակ:

Դեսպան Մորնինգսթարի խոսքին ազատություն է տալիս նաեւ այն հանգամանքը, որ երեք ամսից նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է, հետեւաբար հեռացող դիվանագետը կարող է այդ ամենի մասին խոսել բաց տեքստով. «Մենք ուշի-ուշով հետեւում ենք Ադրբեջանում վերջին իրադարձություններին: Հատկապես՝ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներին ու ձերբակալություններին: Այդ թեման մեր համար միշտ առաջնահերթ է եղել: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ է հաստատում միայն ժողովրդավարական երկրների հետ»:

Փաստացի, դեսպանը Բաքվին հիշեցնում է, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորությունը, Ադրբեջանի հանդեպ Վաշինգտոնի հետաքրքրությունը ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի ժողովրդավարության աստիճանից: Եւ եթե ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի ժողովրդավարությամբ, ապա դա նշանակում է, որ վտանգված է նաեւ երկուսի «սերտ հարաբերությունների» հեռանկարը:

ԱՄՆ դեսպանը, ի դեպ, Ադրբեջանի հանդեպ իր երկրի տնտեսական շահագրգռությունների մասով եւս մեկ ուշագրավ հայտարարություն է անում` հերքելով, թե Վաշինգտոնը մշտապես շահագրգռված է եղել կասպիականի նավթով, ինչի համար էլ զոհաբերել ու զոհաբերում է այդ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը. «Դա այդպես չէ: Մենք չենք պատրաստվում Ադրբեջանից նավթ ու գազ գնել: Մենք պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Ռուսաստանի մենաշնորհը Եվրոպայի գազային շուկայում»:

Այս հայտարարությունը, թերեւս, այդքան կարեւոր չլիներ, եթե հարավարեւելաեվրոպական տարածաշրջանում ԱՄՆ մտահոգությունները պայմանավորված լինեին միայն եվրոպական գազային շուկայում Ռուսաստանի մենաշնորհային քաղաքականությամբ: Ռուսական խողովակաշարերը շրջանցող հարավկովկասյան նավթագազային առկա ծրագրերում (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղ) Ադրբեջանն օգնել է ԱՄՆ-ին այդ խնդիրը լուծելու հարցում: Թերեւս, բացառություն կարող է լինել «Նաբուկո» ծրագիրը, որի հարցում Բաքուն տեսանելի խաղեր տվեց արեւմտյան շահերի դեմ: Հետեւաբար, ուրիշ ի՞նչ խնդրի հետ է կապված ԱՄՆ-ի մտահոգությունը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կտրվածքով, եթե նրան Բաքվի նավթն ու գազը պետք չեն:

Ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն ընդդեմ ո՞ւմ

Առաջադրված հարցադրման կապակցությամբ ուշագրավ է դեսպան Մորնինգսթարի արած մեկ այլ հայտարություն. «Ադրբեջանը դեռեւս չի բախվել ներխուժման հետ, սակայն, հնարավոր է, ապագայում բախվի: Այդ խորապատկերին ես շատ հետաքրքիր եմ համարում Վլադիմիր Պուտինի անցած տարվա այցը Բաքու: Շատերն այդ այցը մեկնաբանում են իբրեւ նախագահական ընտրություններում բացահայտ աջակցություն Իլհամ Ալիեւին, սակայն ես հակված եմ կարծել, որ դա Ադրբեջանի անկախության ճանաչում է եւ համագործակցության կոչ: Ես չգիտեմ Պուտինի մտադրությունները, սակայն չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ»:

Հարց է ծագում. եթե դեսպանը ինքը հակված է կարծել, թե Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի անկախությունը եւ նրան համագործակցության կոչ է անում, ապա, այդ դեպքում ի՞նչն է նրան մտահոգում, ո՞վ է ներխուժման վտանգ ներկայացնում, եւ այդ ի՞նչ դիպաշարով է Ռուսաստանը հասնելու Իրանի հետ ընդհանուր սահման ունենալուն: Համաձայնեք, խոշորագույն եւ ազդեցիկ երկրի դեսպանի կողմից այդպիսի արտահայտությունը խոսում է գրեթե սահմանների վերաձեւման վտանգի մասին, որը ծառացել է Ադրբեջանի առջեւ, այն աստիճան, որ Ռուսաստանը դառնա Իրանին սահմանակից պետություն: 

Ինչպե՞ս: Ո՞վ է սպառնում «տեղափոխել» այդ սահմանները: Հայաստա՞նը: ԱՄՆ դեսպանը դժվար թե խոսի բացառապես Երեւանից կամ Ստեփանակերտից եկող ռազմական վտանգի մասին: Նրանք դա անել չեն ցանկանում, չեն կարող, ավելին՝ հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Իրանի հետ իրենց սահմանը պահպանելու գերխնդիր ունեն, որը այդուհանդերձ ռուս-պարսկական չէ: 

Միգուցե դեսպան Մորնինգսթարն ակնարկում է հայկական կողմի ձեռքերով Կրեմլի միջնորդավորված պատերա՞զմը, որը կարող է հրահրվել՝ Երեւանին դրդելով ղրիմյան դիպաշարով ճանաչել ԼՂՀ-ը, ինչը կբերի Ադրբեջանի ռազմական հակազդեցությանը եւ վերջապես ռուսական զորքի «խնդրված» ներկայությանը մինչեւ ադրբեջանա-իրանական սահմանը: Այս վարկածը առաջին հայացքից ավելի իրական է թվում, քան նախորդը, հատկապես երբ մայիսի սկզբին ռուսալեզու «Նոյեվ կավչեգ» թերթին տված աղմկահարույց հարցազրույցում Ղրիմի նախադեպի մասին խոսել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Ղրիմի հանրաքվեի արդյունքը վերականգնեց ռուսական պետության պատմական ամբողջականությունը, ձեր կարծիքով, կարո՞ղ է Ղրիմը նախադեպ դառնալ Ղարաբաղի համար» հարցին դեսպան Վոլինկինը պատասխանել էր. «Գիտեք, բավական դժվար է այդ հարցին պատասխանելը: Հավանաբար, հարկավոր է ելնել նրանից, որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք: Եւ հարցը, թե կարող է արդյո՞ք նա (ազգը-Ս.Ս.) ինքնորոշվել, կարող է արդյո՞ք անկախություն ստանալ, կախված է կոնկրետ պատմական պայմաններից: Չէ՞ որ Ռուսաստանը չէր ձգտում նրան, որպեսզի ցանկացած եղանակով վերադարձներ Ղրիմը: Պարզապես, այս պահին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ անհնար էր, որպեսզի ռուսաբնակ Ղրիմը ղեկավարվեր բենդերականների, ֆաշիստական տարրերի կողմից: Մենք օգնության եկանք մեր ռուս եղբայրներին: Այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսել, թե ի՞նչ եւ ինչպե՞ս կլինի: Այդուհանդերձ, նախադեպ կա»,-ոչ միանշանակ պատասխանել էր դեսպանը:

Որքան էլ ղրիմյան դիպաշարից հետո Երեւանը եւ Ստեփանակերտը պաշտոնական կամ կիսապաշտոնական հայտարարություններով, դիրքորոշումներով ու խորհրդանշական քայլերով ԼՂՀ-ն ու Ղրիմը դնեն մեկ հարթության վրա, միեւնույն է, նրանք բազմիցս նշել են, որ կարեւորը ԼՂՀ-ի միջազգային, այսինքն՝ այլ պետությունների կողմից ճանաչումն է, ինչպես դա տեղի ունեցավ Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ անգամ՝ Ղրիմի դեպքում: Այսինքն, Երեւանը ԼՂՀ-ն կճանաչի միայն մեկ դեպքում. երբ Մոսկվայի հետ պայմանավորվածություն ունենա, որ դրան կհաջորդի վերջինիս ճանաչումը: Իսկ Մոսկվան Ադրբեջանին կորցնելու որեւէ իրական շահագրգռություն չունի, եւ Ռուսաստանի դեսպանն էլ հստակ չի ասում, թե այդպիսի բարենպաստ հանգամանքներ առկա են Ղարաբաղի համար, ինչպես Ղրիմի դեպքում էր: Նա ավելի շատ շարունակում է արդարացնել Մոսկվայի քայլերը ուկրաինական ճգնաժամի այդ դրվագի մասով: Վերջապես, Երեւանը իրեն դժվար թույլ տա դա անել` տեսնելով, թե ինչ պատժամիջոցների տակ է հայտնվել Ռուսաստանի նման խոշոր, ինքնաբավ պետությունը:

Հետեւաբար, դեսպան Վոլինկինի այս հայտարարությունը լավագույն դեպքում կարող է գնահատել իբրեւ Բաքվին սարսափեցում ղարաբաղյան խնդրով, քան թե տեսանելի եւ իրական հեռանկար, ուստի ռուս-հայկական պայմանավորվածության թեզն էլ հօդս է ցնդում, եւ դա ամենեւին չի պատկերանում որպես «Ադրբեջանի տարածք ներխուժում», որի մասին խոսում է դեսպան Մորնինգսթարը:

Կարծեք թե Իրանը նույնպես Ադրբեջանի վրա հարձակվելու եւ սահմանները Ռուսաստանին մոտեցնելու մտադրություններ չունի, այդ մասին հայտարարություններ չի արել, իսկ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկայիս բնույթը նման եզրակացությունների հիմք չեն տալիս: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները անընդմեջ ավետում են այս կամ այն ոլորտում ադրբեջանա-իրական տնտեսական որեւէ նոր նախաձեռնության, ընդհուպ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան առանցքի ակտիվացման մասին, որը գրգռում է ԱՄՆ-ին, Հայաստանին:

Եւ վերջապես, ԱՄՆ դեսպանի հարցազրույցի օրը՝ մայիսի 17-ին, Ադրբեջանին ու Հայաստանին ղարաբաղյան խնդրով օգտակար լինելու մասին Թեհրանի շահագրգռության ու միջնորդական առաքելության առաջարկ արեց Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսին Փաքային: Նա միտք հնչեցրեց, թե որեւէ ռազմաքաղաքական բլոկի չմիանալու շարժումը կարող է դրականորեն ազդել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա. «Կարծում եմ, որ օգտագործելով տարածաշրջանում Իրանի քաղաքական իմիջը եւ նրա նախագահությունը Չմիանալու շարժման մեջ, կարելի է ազդել տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»:

Ղարաբաղյան հակամարտությունն այդ կազմակերպության ատյան տեղափոխելու համար Իրանի դեսպանն, անշուշտ, իր հիմնավորումը կառուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբից Ադրբեջանի հայտնի դժգոհության վրա, մասնավորապես, որ այդ կառույցը «անցած 20 տարիներին ապացուցել է, որ շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»: Դեսպանի այդ մեղադրանքը կարող ենք ուղղված համարել ոչ միայն Մինսկի խմբի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, այլեւ Ռուսաստանի համանախագահներին:

Վերջապես, Իրանի դեսպանը Բաքվին, անուղղակիորեն նաեւ հայկական կողմին առաջարկեց «կազմել ճանապարհային քարտեզ եւ մեծ պլան, որը կարտացոլի հակամարտության պայմաններն ու տարաձայնությունները», որով «հնարավոր կլինի կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերել եւ հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ նորարարություն մտցնելով միջնորդական գործունեության մեջ»: Առաջին անգամ չէ, որ Իրանը ղարաբաղյան խնդրով միջնորդական առաքելության առաջարկ է անում: Նա նման մի հնչեղ առաջարկ արել էր դեռեւս վաղ 90-ականներին՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսը, երբ հակամարտության կողմերը թեւակոխել էին ռազմական առճակատման լրջագույն փուլ: Սակայն այս անգամվա հայտարարությունն ուշագրավ է դառնում ներկայիս քաղաքական համատեքստում:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ին ամենեւին չի կարող դուր գալ ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի շրջանակներից հանելու եւ Չմիանալու շարժման կազմակերպություն տեղափոխելու իրանական նախաձեռնությունը: ԱՄՆ-ը դրան դեմ է այնքան, որքան դեմ է ԼՂ խնդրի նկատմամբ Ղրիմի նախադեպի կիրառմանը:

Որքան էլ տրամագծորեն հակադրվեն Ադրբեջանում ԱՄՆ եւ Իրանի դեսպանների ասածները, այդուհանդերձ, դրանք ավելի շատ խնդիրը կողմերի միջեւ փոխզիջումներով լուծելու եւ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու մասին են, քան թե այն վտանգելու: Ճիշտ հակառակը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միտքն է անուղղակիորեն վերաբերում հարցը միակողմանի լուծելուն, որքան էլ այն հաճելի լինի հայկական կողմի համար, սակայն դրանից բխող հետեւանքներով, այն է՝ մինչեւ ատամները զինված Բաքուն ձեռքերը ծալած չի նստի ու Կիեւի նման հետեւի տարածքի «խաղաղ» անջատմանն ու մայր հայրենիքի հետ վերամիավորմանը: 

Միաժամանակ, նկատելի է, որ թե́ ԱՄՆ, թե́ Իրանի դեսպանը մտահոգություն ունեն այն առումով, որ ինչ-որ բան սողում է դեպի ղարաբաղյան հակամարտությունը: Եւ եթե ԱՄՆ դեսպանը ասում է, թե չի կարծում, որ Իրանն ու Ռուսաստանը կցանկանան ընդհանուր սահման ունենալ, ինչն անուղղակի փաստում է նաեւ Իրանի դեսպանն իր հարցազրույցով՝ առաջարկելով այլ կառույցի հովանու ներքո, նորարարական միջնորդությամբ եւ խաղաղ կարգավորման բանակցային գործընթաց, դա նշանակում է, որ «սողացող վտանգի» թիկունքում նրանք տեսնում են Ռուսաստանին ու զգուշանում դրանից: 

 Քաղաքական ներխուժման գործա՞րք

Կրկին վերադառնալով դեսպան Մորնինգսթարի արտահայտած մտքին, թե «ապագայում Ադրբեջան ներխուժելու» «խորապատկերին» «հետաքրքիր է համարում Վլադիմիր Պուտինի անցած տարվա այցը Բաքու», որն ավելին է, քան «նախագահական ընտրություններում բացահայտ աջակցությունը Իլհամ Ալիեւին» եւ, հնարավոր է, կապ ունի նրա այլ մտադրությունների հետ, չնայած «համագործակցության ու անկախությունը ճանաչելու կոչին», ստիպում է մտածել Ռուսաստանի այլ բնույթի (ոչ ռազմական եղանակով) ներխուժման մասին:

Եթե դեսպանի ակնարկած ռուս-ադրբեջանական պայմանավորվածության արմատները գնում են 2013թ. աշուն, ապա արժե նկատել, որ այդ ժամանակ Ղրիմի խնդիր չկար, եւ Իլհամ Ալիեւը իր տարածք «ռուսական ներխուժման» համար Մոսկվային կարող էր տրամադրել այլ խողովակներ: Իհարկե, չթերագնահատենք նաեւ ղրիմյան զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ապակայունացման վտանգ ստեղծելու առումով: Սակայն, եթե դեսպանի ակնարկով «համագործակցությունը» կնքվել է դրանից առաջ, դրա մեջ չեն կարող ներառվել Ղրիմի նախադեպի տարրեր: Լավագույն դեպքում այն կարող է ունենալ Ղարաբաղը կամ նրա որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձելու հարցում ռուսական աջակցության որոշ ակնարկներ կամ խոստումներ:

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիեւի վարչախումբը իրավամբ անհանգստացած էր իր նորահայտ ընդդիմախոսից՝ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մտավորական, գրող եւ կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովից, ով հուլիսի 2-ին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից առաջադրվեց որպես միասնական թեկնածու: Մտահոգված դեռեւս չգրանցված թեկնածուի՝ իր հասցեին հնչեցրած կոշտ քննադատություններից ու հայտարարություններից, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել Ռուսաստանից քարոզարշավի մեջ մտած Իբրահիմբեկովի թեկնածությունը նրա ռուսաստանյան քաղաքացիության պատճառով: Դրա արդյունքում օգոստոսի 24-ին ընդդիմադիր հիշյալ դաշինքը առաջադրեց Ջամիլ Հասանլիին:

Անկախ այդ փոփոխությունից եւ մրցակցի հնարավորություններից` Ալիեւի վարչախումբն այդ ամենի թիկունքում տեսնում էր ռուսական հովանավորչություն եւ մտահոգված էր դրանով: Հետեւաբար, նախագահական ընտրությունների նախաշեմին Բաքու այցելած Վ. Պուտինի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւին հետաքրքրող խնդիրներից մեկը, անշուշտ, եղել է դա: Դժվար չէ կռահել, որ մյուս հարցը կարող էր լինել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եւ եթե Վ.Պուտինը խոստացել էր բավարարել Ալիեւի խնդրանքը՝ «ճանաչելով նրա անկախությունն ու համագործակցության կոչ արել», ապա դրա դիմաց պետք է վճարեր նաեւ Ալիեւը:

Եւ այստեղ է, որ կարծեք թե երեւում է հարցի պատասխանը. Ալիեւը Պուտինին կամ խոստացել է երկրի արտաքին վեկտորի փոփոխություն, օրինակ` միանալ եվրասիական ինտեգրացիային, ինչը քիչ հավանական է, եւ անցած ամիսներին այդպիսի դրամատիկ տեղաշարժեր չդիտվեցին, կամ համաձայնել է Ռուսաստանի հետ միասին տորպեդահարել արեւմտյան, տվյալ դեպքում՝ ամերիկյան շահերը կամ թույլ տվել նրան ներխուժել Ադրբեջան, սակայն՝ ոչ թե աշխարհագրորեն, այլ քաղաքական խողովակներով:

Դժվար չէ կռահել, թե ինչի մասին է խոսքը՝ Ալիեւին ընդդիմախոս հակառուսական տարրերի չեզոքացում, արեւմտամետ ակտիվիստների լռեցում եւ իշխանության բուրգում արեւմտամետ կողմնորոշմամբ խմբի դուրս մղում: Իսկ այդ մասին Ալիեւի հետ գործարք միայն Ռուսաստանը չէ, որ կնքել է: Նույն հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերը միանգամայն համընկան, իսկ Ալիեւն էլ բավարարեց առաջադրված բոլոր պահանջները: Անցած ամիսներին եւ շաբաթներին դիտված զարգացումներն էլ, թերեւս, ապացուցեցին այդ թեզը, որն առայժմ ոչ թե «ռուսական» ներխուժման, այլ «ամերիկյան դուրսմղման» մասին է: Թերեւս, դեսպան Մորնինգսթարը բարձրաձայնում է, թե դա հաջողելու դեպքում ո՞վ է զբաղեցնելու «սուրբ» տեղը...

Շարունակելի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter