HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սյունիքում ու՞մ հողերում են թաղվել հանգուցյալները. հարցը հուզում է նաեւ ոստիկանությանը

Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի բնակիչ Հենրիկո Մարգարյանի հայտարարության հիման վրա ոստիկանության Կապանի բաժնում այս տարվա փետրվարին ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութություն) հարուցվել է քրեական գործ:

Հ. Մարգարյանն իր ներկայացուցիչ, փաստաբան Արշավիր Խալափյանի միջոցով 2013 թ. սեպտեմբերին հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն իր հողամասի հարեւանությամբ կատարում է հուղարկավորություններ՝ խախտելով սանիտարահիգիենիկ նորմերը: Քաղաքացին խնդրել է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ իր հայտարարությանը: Քննիչը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել: Վերջինիս կայացրած որոշումը դեկտեմբերին բողոքարկվել է Սյունիքի մարզի դատախազություն, ինչի արդյունքում էլ փետրվարին քրեական գործ է հարուցվել:

Սյունիք համայնքում հուղարկավորությունները նաեւ մի շարք դատական գործերի պատճառ են դարձել: Համայնքապետը ապօրինի հուղարկավորություններ կատարելու համար մեղադրում է գյուղացիներին, իսկ վերջիններս՝ համայնքապետին:

Սամվել Սարգսյանը 2013 թ. օգոստոսին հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ մի քանի գյուղացիների՝  հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին:

Ըստ հայցի՝ գյուղացիները հողն օգտագործում են ոչ նպատակային նշանակությամբ, կազմակերպել են հուղարկավորության ծառայություն եւ հողը շահագործում են որպես մասնավոր գերեզմանատուն:

Համայնքապետը դատարանով պահանջում է համագյուղացիներից Աշոտ Ղուկասյանին եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող 0,6910 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հարկադիր դադարեցնել, քանի որ նրանք իրենց հողամասի տարածքում հուղարկավորություն կատարելու թույլտվություն են տվել: Աշոտ Ղուկասյանը չի ընդունում, որ գերեզմանը իր հողի տարածքում է, ավելին նա մեղադրում է համայնքապետին, որ վերջինս է կարգ խախտել ու թույլ է տվել, որ գերեզմանոցը մոտենա իր հողի սահմաններին:

«Ես իրեն 5-6 տարի առաջ զգուշացրել եմ, որ իմ վարելահողերի կողքը գերեզմաններ չտեղադրի եւ հողս չփչացնի: Դաշտում առաջ ցորեն էի ցանում, հիմա արդեն չեմ կարողանում ցորեն ցանել, խոտ եմ ցանում, բայց այդ խոտն էլ չեն առնում, որ տեսնում են գերեզմանին կպած է: Ինձ տարել դատի է տվել՝ վախացնելով, թե իմ հողը կվերցնի ձեռքիցս, ու կմնամ առանց հող: Իմ վարելահողի վերեւի հատվածում երկու գերեզմանոց կա, որը իմ հողի մեջ չի, ու հիմա ասում է, թե ես եմ թույլ տվել ու հողս դարձրել եմ գերեզմանոց»,- ասում է Ա. Ղուկասյանը:

Ըստ նրա՝ գերեզմանների հարեւանությամբ իր հողամասում շինություններ ունի, լուրջ ներդրումներ է արել, սակայն գերեզմանների պատճառով այդ ամենի արժեքը նվազել է, եւ հողն այլեւս իր նպատակին համապատասխան չի կարողանում օգտագործել:  

Դատարանում հայտնված գյուղացիներից Մարտին Մարտիրոսյանն էլ ընդդեմ համայնքապետի վարչական դատարան է հայց ներկայացրել՝ նրանից պահանջելով տրամադրել տեղեկություններ: Վերջինս փաստաբան Ա. Խալափյանի միջոցով հարցում է ուղարկել համայնքապետ Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ, թե 2000 թ.-ից սկսած Սյունիք գյուղական համայնքի տարածքով անցնող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի աջ կողմում քանի գերեզմանատեղ է հատկացվել, համայնքի տարածքում գործող գերեզմանատներում ընտանեկան գերեզմանների կազմակերպման համար անվճար եւ վճարովի հիմունքներով քանի քառակուսի մետր հողատարածք է տրամադրվել: Համայնքապետը պատասխանել է, թե Սյունիք համայնքում կատարվում են գերեզմանների գույքագրման աշխատանքներ, ինչի հետեւանքով այդ հարցերին չի կարող պատասխանել: Դրանից հետո քաղաքացին դիմել է դատական պաշտպանության:

Այս տարվա մարտի 13-ին Մարտին Մարտիրոսյանի հայցը բավարարվել է, եւ դատարանը պարտավորեցրել է համայնքապետ Սամվել Սարգսյանին նրան տրամադրել վերը նշված հարցերի վերաբերյալ տեղեկություններ: Համայնքապետը դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան:

Նշենք, որ Սյունիքի գերեզմանատանը հուղարկավորություններ կազմակերպում են այլ համայնքների բնակիչները: 2013 թ. հոկտեմբերի 29-ին համայնքի ավագանին որոշել է, որ համայնքի բնակիչներին 12 քմ հողատարածք տրամադրվում է անվճար հիմունքներով, իսկ ավելին լինելու դեպքում՝ 1 քմ-ի համար 5000 դրամ: Այլ համայնքի բնակիչների համար գերեզմանի տարածք տրամադրվում է բացառապես վճարովի հիմունքներով՝ 1 քմ-ը՝ 5000 դրամ:

Սեփականության իրավունքից զրկվելու վտանգի առաջ կանգնած է նաեւ Մարտին Մարտիրոսյանը: Համայնքապետը նրան եւ նույն հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող մորը եւս մեղադրում է, որ իրենց հողամասում հուղարկավորություններ են կատարել:

«23 տարի առաջ, երբ Սամվել Սարգսյանը դեռ գյուղապետ չէր, 6-հեկտարանոց դաշտը ըստ ծխերի բաժանել են մարդկանց, ունենք սեփականության իրավունքի վկայական: Արդեն 5 տարի է՝ դիմում ենք նրան, որ մեր հողամասերը փչացնում ես, չի կարելի, բայց չի արձագանքում, հիմա մեզ է դատի տվել, այն դեպքում, երբ մեր հողամասում որեւէ հուղարկավորություն չի կատարվել, հանգուցյալները թաղված են գյուղացիների հողերից դուրս»,- ասում է Մ. Մարտիրոսյանը:

Հենրիկո Մարգարյանի որդին՝ Գագիկ Մարգարյանն էլ պատմեց, որ բազմիցս հայրը զգուշացրել է համայնքապետին իրենց հողամասի սահմաններին չմոտեցնել գերեզմանոցը, սակայն Սամվել Սարգսյանը նրա պահանջը չի կատարել: Գագիկի պատմելով՝ մոտ չորս տարի առաջ իրենց հողում հացահատիկ են ցանել, ցանք են կատարել նաեւ արդեն գերեզման դարձած հողում, սակայն հիմա հողը ամայի է՝ չեն մշակում:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 4-րդ հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա: Սակայն ներկայում Սյունիք գյուղում այդ հեrավորությունը պահպանված չէ, ինչն ընդունում է նաեւ համայնքապետ Սարգսյանը:

«Քրեական գործը ես եմ հարուցել: Դեռ քրեական գործ չի, ստուգվում է, նախաքննություն է գնում: Նրանց գրածների մեջ ոչ մի օրինական հիմք չկա: Երեւանում Թոխմախ գյոլի գերեզմանի անմիջապես կողքը շինություններ են, տակը տնամերձեր են, սեփական տներ: Եղել եմ Աբովյանի շրջանի Մայակովսկի գյուղում, ճանապարհն է, 1.20 մետր մայթ է, տակը գերեզման է, կողքն էլ բնակելի շենք` իր տնամերձով: Եթե իրենց ասածը հիմք ունի, ուրեմն Հայաստանի բոլոր համայնքապետներին պիտի դատեն: Բարձրանանք Լեռնաձոր համայնք, գյուղապետն ասում է՝ պատուհանս բացում եմ, տակը գերեզման է, Վաչագանում դպրոցից 10 մետր հեռավորության վրա է գերեզմանը, իսկ վարելահողից հեռավորությունը մի մետր էլ չկա»,- նշում է Սյունիքի համայնքապետը:

Նրա ասելով՝ կենտրոնական գերեզմանը կառուցվել է 1958 թ.-ին, իսկ նախկին գերեզմանը եղել է գյուղի կենտրոնում, որը տեղափոխվել է ավելի վերեւ: «Կառավարության 2006 թ. որոշումը, որն ուժի մեջ է մտել 2007 թ.-ին, մենք չենք ստացել, պետք չի եղել, չենք ստացել, այսինքն՝ մենք չենք հետեւել: Այո, նոր օրենքով չի ապահովվում հեռավորությունը: Օրենքին ծանոթացել եմ 2013 թ.-ին: Ճիշտ է, որ օրենքը կա, պիտի տեղյակ լինեմ, բայց ինձ տեղյակ չեն պահել: Դա էլ իմ փաստաբաններն են ասել, որ նման օրենք կա, ժամանակին խնդիրը պիտի լուծվեր»,- հավելում է համայնքապետն՝ այդպես էլ չմանրամասնելով, թե իրեն ով պետք է ուղարկեր կառավարության որոշումը:

Ինչ վերաբերում է մի քանի գյուղացիներին սեփականության իրավունքից զրկելու պահանջին, համայնքապետը նշեց, թե նրանց կանչել ասել է, որ գերեզմաններն անօրինական են, պիտի հանվեն, վերջիններս էլ պատասխանել են, թե հողն իրենցն է, ուզում են գերեզման սարքել:  Գյուղացիները հերքեցին, որ նման խոսակցություն է եղել, ավելին, մատնացույց արեցին, որ գերեզման սարքողը հարեւանությամբ ֆերմա կամ այլ շինություններ չէր կառուցի, ներդրումներ չէր անի: Մարտին Մարտիրոսյանն ասում է, որ ամեն ինչ սկսվել է համայնքապետից: Եթե վերջինս գերեզմանի տարածքը չընդլայներ եւ հանգուցյալներին իրենց հարեւան չսարքեր, ապա գյուղացիները իրենց հողամասերի վերեւում էլ հուղարկավորություններ չէին կազմակերպի:

«Մարդիկ տեսել են, որ գյուղապետն առաջ է գալիս, նրանք էլ այդ ուղղությամբ մեր հողամասերի մոտ են հուղարկավորություններ կազմակերպել»,- նշում է նա:

Համայնքապետն էլ ասում է գյուղացիներն իրեն նեղ վիճակի մեջ դնելու համար են տարբեր ատյաններում դատական հայցեր ներկայացրել, որոնք հիմնավոր չեն: Նրա խոսքերով՝ այդ տարածքը դեռեւս 2011 թ. ապրիլի 28-ի կառավարությամ որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ տրամադրվել է Քաջարանի կոմբինատին:

«Ես հլը որոշել էի կոմբինատին խնդրել, որ այդ հատվածը չքանդի, այդ գերեզմաններն իրացման տակ են ընկնելու: Իրենք իրենց համար են պատասխան տալու, ես էլ՝ իմ համար: Ես չեմ ասում, որ ես անպարտ եմ, ես ճիշտ եմ եւ այլն: Եթե ես սխալ եմ, իմ սխալի համար պատասխան եմ տալու, թող դատեն»,- նշում է համայնքապետը:

Նա մեղադրում էր նաեւ գյուղացիների շահերը պաշտպանող փաստաբան Արշավիր Խալափյանին: Համայնքապետի կարծիքով՝ փաստաբանն է գյուղացիներին «դուխ տալիս»:

«Ես ամեն ինչ գիտեմ, մեր Կապանում ինչ կատարվում է, ես գիտեմ, ես լավ ինֆորմացիա ունեմ, գիտեմ, թե ով ինչ է անում: Հեսա էսօր էգուց այդ փաստաբանին շարքերից հանելու են, ձայնագրություններ կան, ուր որ պետքն է արդեն ուղարկվել է»,- ասում է Սամվել Սարգսյանը:

Արշավիր Խալափյանի շուջ ծագած աղմուկին արդեն անդրադարձել ենք: Երբ Սյունիքում էինք, այդ ժամանակ փաստաբանների պալատը դեռ կարգապահական վարույթ չէր հարուցվել փաստաբանի նկատմամբ, սակայն համայնքապետը վստահաբար պնդում էր, որ նրան զրկելու են փաստաբանի արտոնագրից:

Մեկնաբանություններ (6)

HASMIK
Arshavir Xalapyan@ Kapan qaxaqi miak ardar pastabann e ,aydpisi mardik mer orerum ayd isk patcharov char lezuner@ varkabekum en nra anun@
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի ընթերցողներ - այս պահին իմ նկատմամբ կատարվում է facebook-յան դիվերսիա: Այսինքն՝ facebook-ում հայտնվել է «Varaz Syuni» անունով մեկ այլ ԿԵՂԾ պրոֆիլ՝ իմ պրոֆիլի նույն նկարներով: Այս ԿԵՂԾ «Varaz Syuni»-ին կոմենտներ է գրում և միացել է օրինակ «Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան խմբին: ԻՍԿԱԿԱՆ Varaz Syuni ֆեյսբուքյան պրոֆիլը (այսինքն՝ ես) այս պահին ունեմ 176 ընկեր և 9 հետևողներ (followers): Հետո՝ ես կոմենտ գրում եմ (հիմնականում) «Հետքում» և «Առավոտում» ու ՄԻՇՏ նույն email հասցեից,որը վաղուց հայտնի է այս թերթերին: Խնդրում եմ, եղեք ուշադիր/զգոն,մինչև այս հարցը լուծվի ՖԲ-ի հետ: Շնորհակալություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(3) -Եթե կոնկրե՛տ փաստեր ունեք, մեյդան բերեք: Ավելի լավ է կենտրոնանաք Կապանի միակ «արդար» նոտարուհի Վիեննա Հայրապետյանի արածների վրա:
Կարեն Կարապետյան
Միանշանակ պիտի զրկեն արտոնագրից, բա ինչ պիտի անեն... բոլոր փաստաբանների պատիվը ոտնատակ է արել.... Նույնիսկ ավելին կասեմ, որ դա միակ ձայանգրությունը չի և նմանատիպ այլ տեսաձայնագրություններ էլ կան, և երևի շուտով կհայտվեն համացանցում, թե ինչպես է այդ կոչեցյալը այլ քաղաքացիներից և այլ պաշտոնյաներից իր բողոքների դիմաց կաշառքներ պահանջում նմանատիպ ձևով՝ թղթի վրա գումարները գրելով... 10.000 ԱՆՄ դոլար.... 1.000.0000 դրամ.... 25.0000 ԱՄՆ դոլար և այլն....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մինչև հիմա ամբողջ Կապան քաղաքը մի հատ ՔԱՂԱՔԱՅԻՆ գերեզմանատուն չունի: Ինչու՞: Բա սա նորմա՞լ է: Մարդիկ ստիպված թաղում են կատարում հարակից գյուղերում,որոնք հաճախ տասնյակ կմ.-եր քաղաքից հեռու են: Իսկ էն մարդը, որ փող չու՞նի (այս ճանապարհների համար): Սյունիքի տարածքի 7.7%-ը (350 քառ.կմ) տվել են մի ՕՏԱՐ,հայրենի հողը թունավորող հանքի («Դանդի Փրեշս մեթալս Կապան»),բայց մի կտոր «հող չկա՞»,որ քաղաքային գերեզմանատուն ծառայի: Եվս մի ապացույց,որ Կապանը,մինչև այսօր, «ղեկավարվում» է ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կողմից. սա դեռ շատ մեղմ ասած: .........................................Մյուս խնդիրն այն է,որ առաջ գեղեցիկ ու անհատական գերեզմանաքար էին տեղադրում գերեզմանին,իսկ հիմա երկար ու ռաբիզ պատեր են սարքում դրա փոխարեն,որը շատ ավե՛լի մեծ տարածք է գրավում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ փաստաբան Արշավիր Խալափյանը ո՛չ մի անօրինական քայլ չի արել և ոչ ոք իրավունք չունի իրեն «փաստաբանի շարքերից հանել»: Ձայնա-տեսագրությունը իմ ասածը լիովին հաստատում է:.................... Երկրորդ՝ ԱՊՇԵԼ կարելի է,որ՝ «տարածքը դեռեւս 2011 թ. ապրիլի 28-ի կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ տրամադրվել է Քաջարանի կոմբինատին»: «Հանրային գերակա շահ»-մասնավոր հանքի համա՞ր:........................ Երրորդ՝ Սյունիքի այս գյուղապետ Սամվել Սարգսյանի դեմ անմիջապես քրեական գործ պիտի սկսել՝ օրենքը/նորմերը խախտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter